Տաթեւում նոր այգի են հիմնում. Ռուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակվում են - Mediamax.am

545 դիտում

Տաթեւում նոր այգի են հիմնում. Ռուբեն Վարդանյանի ծրագրերը շարունակվում են


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Տաթեւի վանքի շրջակայքում մեկնարկել են նոր պտղատու այգու հիմնման աշխատանքները:

Այգու ստեղծման բարեգործական ծրագիրն իրականացնում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունը՝ նրա գործընկերների, համախոհների, բազմաթիվ անձանց մասնակցությամբ ու աջակցությամբ:

 

«Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալությունից հայտնել են, որ բացի մրգատու ծառերից, այգում կտնկվի նաեւ սոսի՝ Կենաց ծառ՝ որպես մեր ժողովրդի հավատի, հույսի եւ հարատեւության խորհրդանիշ:

 

«Այսօր, երբ մեր գործակալության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում է, ավելի քան կարեւոր է նրա գործի շարունակությունն ու գաղափարների իրագործումը: Այգի հիմնելը Վարդանյանի համար միշտ եղել է բարիք ստեղծելու, նոր սկզբի խորհրդանիշ, այդ պատճառով նախաձեռնվեց այս ծրագիրը: Մենք կարեւոր ենք համարում լայն մասնակցությունը, քանի որ սա ոչ միայն այգի հիմնելու ու ծառ տնկելու մասին է, այլեւ՝ մեր յուրաքանչյուրիս զորակցությունը հայտնելու Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանին եւ մեր բոլոր մյուս հայրենակիցներին»,- ասել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության գործադիր տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանը:

 

Պտղատու ծառերի տունկը կշարունակվի ողջ ապրիլ ամսվա ընթացքում: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ այցելելով գործակալության կայք եւ ձեռք բերել իրենց անվանական ծառը` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը:  

 

Մասնակիցները կարող են ներկա գտնվել նաեւ մայիսին կայանալիք այգու բացման արարողությանը, որի ժամանակ էլ կտնկվի սոսին՝ Կենաց ծառը:

 

Այգին կոռոգվի կաթիլային եղանակով, կպահպանվի տեղի բնակիչների ներգրավմամբ: Ծրագրի իրագործման ընթացքում գոյացած միջոցները կուղղվեն Տաթեւ համայնքի զարգացմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին