«Երեւանի Գինու Օրերի» «հերոսը» հազարամյակների պատմություն ունեցող կարասն է - Mediamax.am

exclusive
1415 դիտում

«Երեւանի Գինու Օրերի» «հերոսը» հազարամյակների պատմություն ունեցող կարասն է


Մերի Բադալյանը
Մերի Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Բորիս Գասպարյանը
Բորիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Արզումանյանը
Արման Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Բադալյանը
Մերի Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մերի Բադալյանը
Մերի Բադալյանը

Առանցքում դնելով գինեգործական պատմական կարասները՝ «Երեւանի Գինու Օրեր» փառատոնն այս տարի կներկայացնի Հայաստանի հազարամյա գինեգործության պատմությունը՝ մասնակիցներին հնարավորություն տալով մտովի տեղափոխվել գինու պատմության արմատներ, շփվել ավելի քան 85 գինեգործական ընկերության հետ՝ առերեսվելով հայկական գինու մշակույթի բազմազանությանը։

 

Արդեն 8-րդ անգամ անցկացվող փառատոնն այս տարի տեղի կունենա հունիսի 7-ից 9-ը՝ նոր բրենդինգով եւ նոր նարատիվով։

 

Մեդիամաքսի հետ զրույցում հնագետ Բորիս Գասպարյանը պատմել է գինեգործության մեջ կարասների նշանակության մասին, Brandon ընկերության տնօրեն Արման Արզումանյանը խոսել է պատմական հիմքով բրենդինգի, իսկ «Երեւանի Գինու Օրեր» փառատոնի համահիմնադիր Մերի Բադալյանն էլ ներկայացրել է փառատոնի զարգացումը եւ պատմել Հայաստանը որպես գինու բնօրրան ներկայացնելու մասին։

 

«Կարասներին նայել նոր պատուհանից»

 

Բորիս Գասպարյան, Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող

 

«Երեւանի Գինու Օրեր»-ի կազմակերպիչները դիմեցին ինձ, որպեսզի խորհրդատվությամբ օգնեմ նոր բրենդինգի հարցում։ Նախապատրաստեցի ինֆորմացիա, որը կարծում եմ, Հայաստանի հնագույն գինեգործությունը փառատոնի հյուրերին կներկայացնի հետաքրքիր ձեւով։ Բրենդինգի համար իմ գործընկերներն ընտրել են գինեգործական կարասները, դրանց միջոցով փորձ է արվում նոր պատուհանից նայել կարասների նշանակությանը, ինչը, կարծում եմ, բավական հետաքրքիր մոտեցում է։

Բորիս Գասպարյանը Բորիս Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարասը մշակութային յուրօրինակ ֆենոմեն է, եթե ավելի լայն նայենք, ապա դրանք նաեւ տնտեսություն են որոշել։ Կարասները ոչ միայն գինիներ արտադրելու, պահելու անոթ են եղել, այլ նաեւ հացահատիկ, մթերք պահեստավորելու միջոց։ Դրանք օգտագործվել են նաեւ տարբեր ծեսերում։ Կա «կարասային թաղում» հասկացություն, Արենիում էլ կան գինու վերաօգտագործված կարասներ։ Դրանք այնքան դժվար են պատրաստվել, որ երբ շարքից դուրս են եկել՝ դրանից դժվար են բաժանվել եւ օգտագործել են հուղարկավորության համար։ Կարասը նաեւ շինարարական կարեւոր դետալ է եղել, օգտագործվել է մեր եկեղեցիների կամարներում, այն կոնստրուկցիային թեթեւություն է տվել եւ արձագանքը մեծացրել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարասը գինու պահեստավորման եւ հնացման լավագույն տարան է։ Այն գինու ստացման տեխնոլոգիաների մեջ էր մտնում, դրանք կամ ամբողջությամբ էին թաղում գետնի մեջ կամ կիսով չափ, կամ թողում էին արեւի տակ՝ ինչպես Կարմիր բլուրում, ավելի բարձր ալկոհոլայնության աղանդերային գինիներ ստանալու համար։ Կարասը կառավարում էր նաեւ գինու հնացման եւ պահպանման ցիկլերը։ Իհարկե, բոլոր դրական կողմերի հետ, այն նաեւ իր խնդիրներն ուներ, ինչպես ամեն ինչում՝ այստեղ էլ խնամքի, հետեւելու կարիք կար։

 

«Կարասը ծիսականացված եւ սրբազանացված տարածք է»

 

Բրենդի տեսանկյունից, եթե զբոսաշրջիկին գինի ենք հրամցնում, ճիշտ կլինի, որ հասկանա նաեւ կարասի իմաստն ու գնահատի դրա պատմությունը, էությունը, իսկ կարասը իսկապես, ծիսականացված եւ սրբազանացված, պարփակված տարածք է։ Հին աշխարհի որոշ փիլիսոփաների պատկերացումներով՝ երկիրը բերանքսիվայր կարասի է նման, այդ պատճառով էլ տեսնում ենք, որ արեգակը մտնում է երկրի մեջ ու դուրս գալիս։ Մերոնք էլ են այդպես մտածել, Արենիում հայտնաբերված գունազարդ կարասի վրա պատկերները նշում են տիեզերքի մոդելը։ Մեզանից 6 հազար տարի առաջ ապրող մարդը տիեզերքի կենտրոնում դրել է արեգակը։ Կոմպոզիցիան պատկերացնում ես, երբ կարասը շուռ ես տալիս։ Այսինքն՝ կարասն ունի նաեւ գաղափարախոսական արժեք։ Միջնադարում էլ կարասին հենց այդ տեսանկյունից են նայել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հին գինեգործ ժողովուրդներ շատ կան, այնպես չէ, որ մենք միակն ենք, բայց բացառիկ ենք նրանով, որ պղնձի-քարի դարից եւ միգուցե դրանից էլ առաջ եղած ավանդույթների շարունակականությունը գալիս է մինչեւ մեր օրեր։ Այլ խնդիր է, որ սկզբնաղբյուրները լավ վիճակում չեն, պետք է վերականգնել, պեղել, բայց կարեւոր է ընդգծել, որ կարասին մեծ ուշադրություն դարձնենք, որովհետեւ այն անցյալից եկող կարեւոր թել է։

 

«Փորձել ենք ճշգրիտ ցույց տալ կարասների ունիկալությունը»

 

Արման Արզումանյան, Brandon ընկերության տնօրեն

 

«Երեւանի Գինու Օրեր» փառատոնի կազմակերպիչների ռեբրենդինգի մի քանի գաղափար ենք քննարկել, արդյունքում կանգ առել համահիմնադիրների առաջարկած տարբերակի վրա։ Փառատոնի լոգոյի գաղափարի հիմքում ի սկզբանե կարասն էր, մեր թիմը ոչ թե զրոյից է աշխատել, այլ վերափոխել է դիզայնը, թարմացրել այն։ Դիզայնը պատրաստելիս՝ հիմքում դրել ենք մոտ 2 տասնյակ նշանակալի կարաս․ ոչ թե ընտրել դրանցից մեկը, այլ ընդհանուր դիզայնը ստացել ենք այդ կարասների «միաձուլմամբ»։ Այսպիսով՝ դիզայնը ներկայացնում է այդ կարասները, որոնք պտտվում են մեկ առանցքի շուրջ, եւ բոլորը հավասարապես են շեշտադրվում։

Արման Արզումանյանը Արման Արզումանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դրանով ուզում ենք ցույց տալ, որ բոլոր կարասներն ունեն իրենց ուրույն նշանակությունը հայ մշակույթի մեջ։ Չկա կարաս, որ առավել շատ է երեւալու փառատոնային օրերին, բայց կա մի կարաս, որ առավել մեծ նշանակություն ունի հայ մշակույթում ու գինեգործության մեջ, այն հայտնաբերվել է Կարմիր բլուրի տարածքում եւ գտնվում է Էրեբունի թանգարանում։

 

Կարասները վկայում են, որ հայերի համար գինեգործությունը չի եղել պարզապես զբաղմունք, դրան որպես բիզնես են վերաբերվել, անգամ դասակարգել են, նշել, թե որ կարասում յուրաքանչյուր տարի քանի լիտր գինի է պահվել։ Կարասները նաեւ մշակույթի պահպանության առումով են կարեւոր դեր ունեցել՝ հրդեհների ժամանակ դրանցում կարեւոր իրեր են պահվել։

Լուսանկարը` Մեդիամաքս

Brandon ընկերությունը նախկինում արդեն պատմական հիմքով բրենդավորման փորձ ունեցել է, բայց այս ծավալի աշխատանք չէինք արել։ «Երեւանի Գինու Օրերի» ռեբրենդինգի համար մեր թիմն ուսումնասիրել է հայ մշակույթն ու պատմությունը, այցելել թանգարաններ, օգտվել հնագիտական նյութերից։ Կազմակերպիչների պահանջն էր նաեւ հնարավորինս ճշգրիտ ցույց տալ ունիկալությունն ու գեղեցկությունը, մի կարասի նախշազարդը չօգտագործել մեկ այլ կարասի վրա։ Մենք ներկայացնում ենք կարասի ուրույն ուրվագիծը, զարդանախշերը, փորձում ենք այնպես շեշտադրել, որ փառատոնի ընթացքում կարասը մնա որպես գլխավոր հերոս։

 

Փառատոնի զարգացումն ու հարեւան պետության՝ «Երեւանի Գինու Օրերը» ստվերելու ջանքերը

 

Մերի Բադալյան, «ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր, տնօրեն

 

«Երեւանի Գինու Օրերի» (ԵԳՕ) իրականացման առաջին երկու տարին քննարկումների եւ գաղափարի բուն իմաստը հասկանալու շրջան էր, մեծ նպատակներ ունեինք, բայց հետո պարզվեց, որ չէինք էլ գիտակցում դրանց մեծության աստիճանը։ Քայլեր կային, որոնք հստակ մշակված էին, բայց փառատոնը ինքը թելադրեց, թե ինչ պիտի անենք։ Երրորդ տարում հասկացանք, թե փառատոնն ինչ ուժ ու արժեք ունի։ Ուժն էլ գալիս է մի քանի ոլորտից եկող մեծ աջակցությունից։ Մեզ հետ համագործակցող ոլորտները սկսեցին հետադարձ կապ պահել, պատմել իրենց արդյունքների մասին: Մեր հարցումների արդյունքում պարզեցինք՝ բոլորը ցանկանում են, որ ԵԳՕ-ն տեղի ունենա տարին 2 անգամ։

Մերի Բադալյանը Մերի Բադալյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

2019 թվականին ավելի քան 50 հազար այցելու ունեցանք։ Հասկացանք, որ եթե մինչ այդ պահը Հայաստանը չի կարողացել ունենալ իրադարձային տուրիզմի թիրախային շատ կարեւոր, հրապուրիչ այցեքարտ, ապա «Երեւանի Գինու Օրերը» կարողանում է զբոսաշրջիկների մեծ հոսք, մեծ մասշտաբով շրջանառություն ապահովել գինեգործների, մասնակից սննդային կետերի, հարակից բոլոր ոլորտների համար՝ հյուրանոցներ, հյուրատներ, զբոսավարների համար։ Այդ ժամանակ որոշեցինք ավելի մեծ շեշտ դնել համաշխարհային մեդիա դաշտերում։ Հսկայական ջանք ու գումար դրվեց 2020 թվականի փառատոնի համար, բայց գարնանը պանդեմիան հաստատվեց Հայաստանում, հետո էլ Արցախում պատերազմ եղավ։

 

Քովիդից ու պատերազմից հետո հովանավորները վախենում էին ներդրումներ անել, բայց 2023-ին փորձեցինք գոնե ֆինանսապես կայացնել փառատոնը, հետո՝ փոփոխություններ անել։ Այս տարի անցկացվելիք 8-րդ փառատոնի համար որոշել ենք մեծ ներդրում անել ռեբրենդինգի, մեսիջի փոփոխության մեջ։ Պատճառը փառատոնի զարգացումն է ու միջազգային հարթակներում տեսանելիությունը, որն էլ հենց մեր հարեւան վրացիներին «ստիպում է» գերակտիվ մարքեթինգային արշավով պետական ռեսուրսն ուղղել ընդդեմ Հայաստանում գինու փառատոն իրականացնող մասնավոր ընկերության։

 

Վերջին տարիներին վրացական կողմի մոտ շատ փոփոխություններ են եղել, իրենց փառատոնը վերանվանեցին «Գինու Օրեր» եւ տեղափոխեցին «Արենիի գինու փառատոնի» օրերին, այս տարի էլ Winexpo Georgia-ն որոշեցին անցկացնել հենց «Երեւանի Գինու Օրերին»։ Արդեն մի քանի ամիս է՝ տարբեր մասնագետներից արձագանք ենք ստանում, որ չեն կարողանում որոշել, թե ուր գնալ՝ Հայաստա՞ն, որտեղ կարելի է մեկ վայրում տեսնել մոտ 80 գինեգործ, թե՞ Վրաստան՝ գինու էքսպոյին, որտեղ հատուկ իրենց համար մշակվել է եռօրյա ծրագրեր եւ հոգալու են հրավիրվածների ծախսերը։

Մերի Բադալյանը Մերի Բադալյանը

 

Վրաստանի քայլերը մեծ խոչընդոտ են մեզ համար, բայց վկայում են մեր զարգացման մասին։ Հարեւան պետության կառավարությունը մտածում է՝ ինչպես խոչընդոտել, որ Հայաստանի գինեգործական կարեւոր իրադարձությունները ստվերվեն։

 

«ԷվենտՏուրան»՝ որպես ընկերություն, ոչինչ չի կորցնում, կորուստը մեր պետությանն է, որովհետեւ մենք ստեղծել ենք գինու փառատոնն ու նվիրել մեր հանրությանը, երկրի գինեգործությանն ու զբոսաշրջությանը։

 

Գնալ պատմական կարասների հետքերով

 

Նոր բրենդինգի անհրաժեշտությունը նաեւ Վրաստանի դրսեւորած քաղաքականության պատճառով էր։ Թվում է՝ փառատոնը ժամանցային ծրագիր է, բայց մենք գիտակցում ենք մեր ուժն ու հասկանում, որ միայն ժամանցային լինելու իրավունք չունենք, հիմա ավելի խորն ենք ուսումնասիրում Հայաստանի գինեգործության պատմությունը՝ հյուրերին նոր մեսիջը ճիշտ հասցնելու համար։ Այսուհետ Հայաստանը ներկայացնելու ենք որպես գինեգործական բնօրրան, որովհետեւ առաջին ամբողջական արտադրական ցիկլով գինեգործարանը հենց մեզ մոտ է հայտնաբերվել։ Զբոսաշրջիկներին կփոխանցենք տեղեկություններ կարասի մեթոդի արտադրության մասին։ Կարասը միշտ էլ եղել է մեր ապրանքանիշի կարեւոր մաս, այս տարի, սակայն, կենտրոնացել ենք խորհուրդների եւ նախշերի վրա։

Լուսանկարը` Մեդիամաքս

Անցյալ տարի Ազգային պատկերասրահը փառատոնի օրերին իր ֆոնդերից հանեց գինուն վերաբերող արտեֆակտները եւ ժամանակավոր ցուցադրություն դրեց։ Այս տարի եւս կաշխատենք թանգարանների հետ, գինին վայելելու փաթեթների մեջ կարասների եւ դրանց գտնվելու վայրի մասին տեղեկություններ կլինեն, որպեսզի հյուրերին փորձենք ուղղորդել դեպի այն թանգարաններ, որտեղ պատմական նշանակության կարասներ կան։

 

Ուզում ենք, որ փառատոնի մասնակիցները թանգարաններ այցելելիս կենտրոնանան ժամանակագրության հաջորդականության ու բազմազանության վրա։ Այլապես տպավորություն է, թե թռիչքով ենք ապրել՝ Տիգրան Մեծ, Մովսես Խորենացի, Ցեղասպանություն, հետո՝ մեր ժամանակներ, իսկ թե ինչ է եղել դրա արանքում, պատմում են թանգարանները։

 

Անի Խչոյան

 

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին