Իրինան՝ սարերում կորած Դարիկի «բուրժուա» տիրուհին - Mediamax.am

exclusive
24882 դիտում

Իրինան՝ սարերում կորած Դարիկի «բուրժուա» տիրուհին


Իրինա Թադեւոսյանը
Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իրինա Թադեւոսյանը
Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իրինա Թադեւոսյանը
Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իրինա Թադեւոսյանը
Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իրինա Թադեւոսյանը
Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իրինա Թադեւոսյանը
Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս


Երկնքի ու երկրի արանքում, երբ հնարավոր է ձեռքով հասնել ամպերին ու հայացքով թափառել անծայրածիր հորիզոնում ու չգտնել, թե որտեղ են հպվում ամպ ու երկիր՝ գտնվում է Դարիկը:

 

- Դարիկը մնաց բնակավայր, ցավոք, էլ գյուղ չդարձավ,- ափսոսանքով ասում է Դարիկի միակ ընտանիքի տանտիրուհին՝ Իրինա Թադեւոսյանը, եւ պատմում գյուղի ու իր ճակատագիրը:

 

Եթե Դարիկից մի քանի հարյուր մետր հյուսիս գնաս, կհասնես Վրաստան, իսկ եթե արեւմուտք՝ Թուրքիա: Նույնիսկ Շիրակի մարզում քչերը գիտեն Դարիկի մասին:

 

Արփի լճի հարեւանությամբ՝ ծովի մակարդակից 2200 մետր բարձրության ալպիական տարածքում, ապրում է միայն մեկ ընտանիք՝ իր անասնաֆերմայով:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երեւանի կենտրոնում բնակվողները երիտասարդական խանդավառությամբ 27 տարի առաջ եկել են ու պատրաստվում են ծերանալ այստեղ: Անասնաբույժ ամուսիններով ալպիական այս բնակավայրն ընտրել են, որովհետեւ լավագույն վայրն է էկոլոգիապես մաքուր սնունդ ստանալու՝ քիմիական նյութերից զերծ գյուղատնտեսությամբ զբաղվելու համար: Երազում էին ստեղծել օրինակելի ֆերմա՝ նոր ցեղատեսակներով ու նոր գյուղատնտեսական տեխնոլոգիաներով:

 

- Արցախյան շարժումը սկսվելուց հետո այս տարածքները լքվեցին ու դրանք տալիս էին անվճար: Ես ու ամուսինս սովորում էինք Երեւանի անասնաբուժական ինստիտուտում: Որոշեց, որ պետք է ֆերմեր դառնա: Եկավ, 20-25 կով առավ:

Իրինա Թադեւոսյանը Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Խմորին կարագի շերտն է քսում Իրինան ու խմորին հալած կարագը քսելու թեթեւությամբ էլ պատմում է, թե ինչպես ադրբեջանցիներից հետո մնացած տարածքը սկսեցին բնակեցնել իրենցով ու աշխատողներով, միայն թե 27 տարիները թեթեւ չեն անցել:

 

- 90-ականներին ֆերմա ստեղծելը բուրժուայի պահվածք էր համարվում, շատերը չէին հասկանում մեզ: Գյուղը թալանված էր, տունը՝ քարուքանդ եղած, ոչ մի պայման չկար ապրելու: Հայկական գամփռներ սկսեցինք բազմացնել, որ մեզ օգնեն պահպանել մեր նորաստեղծ ֆերման: Բայց էն ժամանակ հայ-վրացական սահմանը բաց էր, սահմանային ուղեկալ չկար, ու մեր անասունները գողացան:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Հիմա խիստ հսկում են ժամկետային զինծառայողները, օգնության են հասնել նաեւ նոր տեխնոլոգիաները՝ «հոսանքով չոբանը»: Անասունները ազատ արածում են ունեցած 1300 հեկտարում, գայլը 12-վոլտանոց լարից վախենում է, իսկ անասուններն արդեն սովորել են ու չեն մոտենում էլեկտրական ցանկապատերին:

 

Անասնաֆերմայում աշխարհի տարբեր անկյուններից եկած կենդանիներն են բնակվում՝ հոլանդական կովեր, վիետնամական խոզեր, անգլիական ու ավստրիական ձիեր, տեղական ոչխարներ, հայկական գամփռ ու Վանա կատուներ:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Սկզբում աշխատողները շատ էին: Ընտանիքներով ապրում էին, դպրոց էի բացել երեխաների համար: Հետո սկսեցինք գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաներ ներմուծել: Ճանապարհների վիճակը վատ էր, տարվա 5-6 ամիսն էլ փակ, կաթը մշակելն ու վաճառելը բարդացավ, ու կաթնատու կովերը տեղափոխեցինք այլ վայր: Գրեթե ամեն ինչ սկսեց անել տեխնիկան, մարդկային գործոնը նվազեց, կամաց-կամաց մնացի միայնակ:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Միակ տանտիրուհին էլ առաջարկում է շրջագայությունը Դարիկով: Վանա կատուները, տեսնելով իրենց տիրուհուն, ամեն մեկն ուզում է ուշադրություն գրավել: Վանա կատուն կա՛մ կարող է վերանալ, կա՛մ վերածվել թուրքական տեսակի: Էնդեմիկ այս տեսակին պահպանելու համար էլ Իրինան հիմնում է «Վանա կատուների միությունը» ու սկսում բուծել:

 

- Ինձ հաջողվեց պարտքով գնել 2 զույգ, 90-ականներին 300-400 դոլարով ենք առել, մեծ գումար էր: Հիմա ունեմ 9 մայր ու ձագուկներ: Վաճառելու դեպքում ունեմ պայման՝ պետք է զուգավորվի իմ ունեցած արուի հետ, որ տոհմագիրքը պահպանվի:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Իրինայի ամուսինն էլ՝ Արմեն Խեչոյանը, զբաղվում է հայկական գամփռների տեսակը պահպանելով, որոնք միշտ զգոն հսկում են Դարիկը:

 

Դարիկի նախկին բնակիչների պատմական հետքերը

 

Ինչպես Ամասիա տարածաշրջանի շատ գյուղեր, Դարիկը եւս նախկինում բնակեցված է եղել թուրքական ցեղերով, գյուղն էլ մինչ 1991 թվականը կոչվել է Օքսուզ:

 

Օքսուզը եղել է Կարսի մարզում: 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո Կարսի մարզը միացել է Ռուստատանին, հետագայում Հայաստանի Առաջին Հանրապետության մաս է կազմել: Երբ Կարսի մարզը անցավ Թուրքիային, մարզից միայն Աղբաբայի շրջանը (Ամասիայի եւ Աշոցքի 1000 քմ տարածքը) մնաց Խորհրդային Հայաստանին, բայց այստեղ շարունակում էին ապրել թյուքալեզու բնակիչները, սունի մահմեդականները:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- «Օքսուզ» թուրքերեն նշանակում է որբ, թե ինչու են այդպես անվանել, շատ քիչ տեղեկություններ կան, -նշում է Իրինան ու նաեւ իր ուսումնասիրած ու բացահայտած պատմությունները ներկայացնում: -Ասում են՝ այս սարերի երկայնքով անցել է Պոնտոս տանող ճանապարհը, իսկ ավելի ուշ նշվում է, որ Մետաքսի ճանապարհը եւս անցել է այս տարածքով:

 

Լեգենդի ու պատմության արանքում այժմ քիչ փաստեր են պահպանվել, բայց տարածքում քարերի հիշողության հետքերը տանում են մինչեւ մի քանի հազարամյակ հեռու, երբ այլ հավատալիքներ կային:

 

- Էս վիշապաքարը մենք ենք գտել, պահապանն էլ ես եմ: Ընկած էր գետնին, երեք տարի առաջ մշակույթի նախարարի թույլտվությամբ ու մասնագետների մասնակցությամբ կանգնեցրինք իր նախնական դիրքով: Վիշապաքարը ջրի պաշտամունքին է վերագրվում, բայց այստեղ ջրի ակունք չկա:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Դարիկի տիրուհին ամեն մի քառակուսիում սեփական պեղումներ է կատարում: Պահում գտած ամեն մի խեցու կտոր: Դարիկում լեգենդները շատ են, մի լեգենդ էլ հյուսել են միակ ընտանիքի մասին:

 

Ամասիայում պատմում են, որ Խեչոյան ընտանիքը ոսկի գտնելու հետքերով է հայտնվել այստեղ: Ասում են, թե մոտակա փոքր լճակի հատակում մետաղադրամներ կան: Գյուղապետի սայլերը բեռնված են եղել ոսկով, եզները շուռ են եկել, ու ամբողջ հարստությունը լցվել է ջուրը: Խեչոյան ընտանիքն էլ գտել է այդ ոսկին ու հարստացել:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Բայց երբ աչքիդ առաջ տեսնում ես տանտիրուհու անվերջանալի բանուգործը, կենդանիների նկատմամբ հոգատարությունը, կվադրոցիկլով մի սարից մյուս սարը հասնելը, որ տեսնի, թե որտեղ են անասունները, հասկանում ես, որ ոչ մի ոսկի էլ չկա: Դարիկի ալպիական բնությունն է պարգեւատրել իր ընտանիքին՝ մեծ նվիրման ու անխոնջ աշխատանքի դիմաց:

 

- Ես հոգնում եմ… Երեւի մի քանի կիլոմետր ամեն օր քայլում եմ, ոչ թե ուղղակի եմ քայլում, այլ գնում եմ հավերի մոտ, տեսնում եմ ջուր չկա, էնտեղ շներին եմ կերակրում, էնտեղ՝ կատուներին, ձիերի մոտ եմ գնում, կովերին կթել, պանիր սարքել, անընդհատ ոտքի վրա: Առողջական խնդիրներ ունեմ, բայց թքած էդ ամենի վրա, ես հաճույք եմ ստանում, ես սիրում եմ իմ գործը,- անծայրածիր հորիզոնին նայելով՝ ասում է Իրինան ու ծիծաղում իրենց շուրջ ստեղծած լեգենդի վրա:

Իրինա Թադեւոսյանը Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երեւանից դպրոցականները Դարիկում կով են կթում

 

- Երբ գնեցինք ֆրանսիական կովերի մսատու ցեղատեսակը, մեկ տարի անց Ֆրանսիայից եկան, որ տեսնեն՝ ոնց են ադապտացել պայմաններին ու այնպես ստացվեց, որ իրանց շատ դուր եկավ մեր Դարիկը ու սկսեցին առաջարկել իրենց ընկերներին: Սկսեցի ընդունել արտասահմանցի հյուրերին: Հասկացա, որ ինչ-որ բան չի ստացվում: Ընդունվեցի Ռուս-հայկական համալսարանի տուրիզմի բաժինը, որտեղ շատ բան սովորեցի՝ հաշվապահության, տուրիստի հոգեբանության, մարկետինգի մասին,- երկրորդ մասնագիտության մասին է պատմում Իրինան:

Իրինա Թադեւոսյանը Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

Երեւանից երկու շաբաթով 7-8-րդ դասարանցիները հյուրընկալվում են Իրինային ու կիսում նրա հոգսը: Փոխարենը ճամբարականները սովորում են լսել բնությանը, խոսել բնության հետ, եւ ամենակարեւորը, հարգել բնությունից ստացված բարիքը, որ որպես սնունդ հայտնվում է սեղանին:

 

Դասարանը բաժանվում է երեք խմբի: Առաջին խումբը վաղ առավոտից գնում է գոմ, ձիանոցներ, մաքրում մասնաբաժինները, կերակրում կենդանիներին: Երկրորդ խմբի պարտականությունն էր կերակրել գամփռներին ու կատուներին: Երրորդ խմբին էր հանձնվում խոհանոցը. ճաշի պատրաստում, ափսեների լվացում, խոհանոցի ու տան մաքրություն: Խմբերն ամեն օր փոխվում են տեղերով:

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Գնում են տուն, հետո նամակներ գրում, որ էլ չեն վախենում մկներից, միջատներից, գայլերից: Այսօր մարդկանց կապը բնության հետ շատ է կտրվել: Քաղաքում միշտ պետք է զգաստ ու զգույշ լինեն, իսկ այստեղ հանգիստ է: Նաեւ սովորում են ճիշտ աշխատել: Կովին կթեցին, պետք է կաթը տանեն, ամանը լվանան, գործը հասցնեն ավարտին: Չես կարող կովին ասել՝ «էսօր մեջքս ցավում է, չեմ կթելու»: Գործը սկսեցիր, պետք է ավարտես: Կյանքի օրենքն է:

 

«էս որտե՞ղ եք ապրում, էկել եք սարի քյալլեն»

 

Ճամբարականներից բացի, Իրինան իր հյուրատանն ընդունում է զբոսաշրջիկներին, որոնք հյուրընկալվում են մի քանի օրով.

 

- Դարիկն էնքան հետաքրքրիր վայր է մարդկանց ճանաչելու համար, մարդ կա, գալիս ասում  է, «էս որտե՞ղ եք ապրում, էկել եք սարի քյալլեն»: Չեն հասկանում, եթե հասկանում են, միայն հիանում են, դառնում են քո խենթից, իմ ու Դարիկի լռությունը կիսողը, ու էդ զորքը քիչ-քիչ մեծանում է,- ժպիտով նշում է Իրինան ու գորովանքով նայում իր Դարիկին: Այստեղ են դաստիարակվել նաեւ Արմենի ու Իրինայի երեք որդիները: «Մեր ընտանիքի բոլորի ճակատին գրած է Գյուղինստիտուտ, բոլորն էլ այդ ոլորտում են աշխատում»:

Իրինա Թադեւոսյանը Իրինա Թադեւոսյանը

Լուսանկարը` Կարեն Մկրտչյան/Մեդիամաքս

- Վերջերս մեծ տղաս էր զանգել Համբուրգից, ասում է. «Մամա, շնորհակալություն, էն որ մենք էսպիսին ենք, էն որ կարողանում ենք ցանկացած իրավիճակում կողնորոշվել, այսքան ինքնուրույն ու դիմացկուն ենք, քո շնորհքն է: Ես, Վահանը, Վահագնը, շնորհակալ ենք քեզ»: Հո չէի հուզվել, հո չէի լացում: 31 տարեկան է, երբեք նման բան չէր ասել: Աշխատանքդ այդքան տարի հետո վերադարձավ քեզ, նույն էլ բնությունն է՝ այն, ինչ տալիս ես, վերադարձնում է քեզ, իսկ մեր ընտանիքը մեծ սեր ու նվիրում է տվել Դարիկին:

 

Անահիտ Հարությունյան

 

Լուսանկարները` Կարեն Մկրտչյան (Մեդիամաքսի համար)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին