Քնարիկ Մարտիրոսյան. Պատմությունն ու ժամանակի պահապանը - Mediamax.am

1530 դիտում

Քնարիկ Մարտիրոսյան. Պատմությունն ու ժամանակի պահապանը


Լուսանկարը`


Գրեթե ամեն գիշեր արթնանում եմ նրա հողաթափերի քստքստոցից: Պապս ստվեր դարձած լուռ շրջում է հյուրասենյակով: Երբեմն ինձ թվում է, թե նա ժամանակի պահապանն է և բանալիների կապոցը մեծ երկաթե օղին ամրացած, շրջում է ամբողջ աշխարհով ու փորձում անիմաստ փակված դռները բացել: Երևի մուլտֆիլմում անօգնական ու երազը կորցրած պապիկը զվարճալի է, բայց կյանքում այդպես չէ:

 

- Ժորի՜կ (սիրում է, երբ տատիկի նման եմ իրեն դիմում) դու միտումնավոր ես չէ՞ ինձ արթնացնում:

 

- Կներես, դժվար է ոտքերը բարձրացնելը:

 

- Դարչին-մեխակով թեյ պատրաստեմ, իսկ դու ժամանակի մեքենան միացրու:

 

- Լավ, - գունաթափված աչքերում խորամանկ ժպիտ եմ նկատում:

 

Տեղավորվում եմ բազկաթոռի բռնակին: Նա բացում է սրբության սրբոցը՝ փայտից փոքրիկ սնդուկը, որի մեջ պահում է խտացված ժամանակը: Դողացող կնճռոտ ձեռքերով ջոկջկում սև-սպիտակ, դեղնած, հազվադեպ գունավոր լուսանկարները և սկսում պատմել այդ ակնթարթի հետևում թաքնված պատմությունը:

 

- Այս, իրար կպած հոնքերով, կինն ո՞վ է,- իբր չիմանալով հարցնում եմ:

 

- Մայրս է՝ Նուբարը: Խիստ կին էր: Մեր թաղի խուլիգանները վախենում էին նրանից: Հայրս շուտ էր մահացել՝ ստիպված էր ձագերին պաշտպանել: Իսկ պատերազմը ավելի կոփեց նրան…

 

- Հիշո՞ւմ ես այն:

 

- Հա: Արդեն Արցախում էինք ապրում՝ Չանախչիում: 9 տարեկան էի, երբ սկսվեց: Նույն օրն էլ մանկությունս ավարտվեց: Այնքան էի մեջքիս ծանրություն տեղափոխել, որ մինչ հիմա վերքերի ցավը զգում եմ:

 

- Հետո՞:

 

- Հետո եղբայրս վերադարձավ պատերազմից ու նորից տեղափոխվեցինք Բաքու: Պապս այդ քաղաքի կեսն է կառուցել, հայրս այնտեղ է թաղված: Գնացի բանակ՝ դեսանտնիկ էի, ընդունվեցի համալսարան՝ էներգետիկայի ֆակուլտետ, իսկ հետո Բելիկին հանդիպեցի:

 

- Ո՞րտեղ:

 

- Ընկերներիցս մեկը ծանոթացրեց: Բելիկը նրա կոլեգան էր: Պատրվագ էր գտել ու բերել մեր տան մոտ: Նա իտալացի դերասանուհու էր նման՝ նախշուն նշաձև աչքերով ու բարակ իրանով: Իսկ ես վերանորոգում էի անում՝ կեղտոտ հագուստով ու չսափրված: Միանգամից սիրահարվեցի, բայց նա փնթիներին չէր սիրում: Առաջին ժամադրությանը հետևից նայում էր ինձ ու ափսոսում, որ «դուդոչկա» շալվարով ու ֆրանսիացու շարֆով երիտասարդը իրեն չի սպասում: Պարզվեց հենց իրեն էլ սպասում էի:

 

- Պապի՜, բա սա ի՞նչ նկար է,- փորձում եմ ցրել թախիծը:

- «Արարատ 73»-ի խաղն է: Իմ աչքերով եմ տեսել Իշտոյանի գոլը: Մեկ էլ մորդ ծնվելիս եմ այդպես ուրախացել:

 

- Չեմ հավատում:

- Հա՜: Նա ամեն ինչ փոխեց, ինձ պապա զգացի: Չհասկացա ինչպես մեծացանք: Գրեթե բան չեմ հիշում՝ շատ երջանիկ էինք: Հետո Սումգայիթն էր: Ցնծված էի, բայց չէի հավատում, որ  Բաքու էլ կհասնի: 1988թ դեկտեմբերի 7-ին եկա Հայաստան ու… սարսափելի էր: Հետո տատիկիդ ու քեռուդ հազիվ  փրկեցին Բաքվի ջարդերից: Պատերազմը սկսվեց: Մի քանի տարում ամեն ինչ փոխվեց: Կարծես աշխարհը աստառն ի վեր էին շրջել: Ոչինչ չէինք հասկանում, տո հիմա էլ չենք հասկանում: Մի գլուխ վազում եք ու շտապում, բա ապրե՞լը… Դժվար է ձեզ համար:

 

Տարիներ առաջ, փողոցից բերված շան ձագին թաքցրել էի անկողնուս մեջ: Նկատեց ու կոպիտ տոնով ՛՛հը-հը՛՛ արտաբերեց: Երկուսս էլ դուրս թռանք անկողնուց ու բակ վազեցինք: Պարզվեց երկու սերունդ ինձնից առաջ և մեկն էլ հետո այդ ՛՛հը-հը՛՛-ից սարսափում էր, չնայած ոչ մեկիս մատով չէր կպել: Տատիկի ու քեռու մահվանից հետո նա փոխվեց: Դարձավ ջերմ ու հոգատար, իսկ հիմա մանկանում է՝  խելքը իրենը չէ շոկոլադով կեքսերի համար:

- Գեորգի Վարդանովիչ, ո՞ւմ ես ամենաշատը սիրում:

 

- Քեզ:

 

- Անկեղծ չես:

 

- Չէ, Բելիկս է ժպիտիդ ու աչքերիդ մեջ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին