Ստուրուայի “շնորհակալությունը” հայերին - Mediamax.am

Ստուրուայի “շնորհակալությունը” հայերին
6586 դիտում

Ստուրուայի “շնորհակալությունը” հայերին


Երբ աշխարհահռչակ մոդելյեր եւ դիզայներ Ջոն Գալիանոն հարբած վիճակում հակահրեական արտահայտություններ թույլ տվեց, միջազգային հանրությունը նրան դատապարտեց, իսկ ֆրանսիական արդարադատությունը դատի տվեց, եւ հիմա Գալիանոյին կես տարվա ազատազրկում է սպառնում:

Երբ հռչակավոր կինոռեժիսոր Լարս ֆոն Տրիերը հայտարարեց, որ երբեմն հասկանում է Ադոլֆ Հիտլերին, եւ քսենոֆոբական մի քանի արտահայտություն թույլ տվեց, Կաննի փառատոնը նրան “պերսոնա նոն գրատա” հայտարարեց, եւ չնայած բազմաթիվ բացատրություններին եւ ներողություններին, մեծ է հավանականությունը, որ այդ բոյկոտի հետեւանքները ռեժիսորը դեռ երկար կզգա իր մաշկի վրա:

Երբ վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան “անպատվեց” իր երկրի նախագահ Միխայիլ Սահաշվիլիին`անվանելով նրան հայ, եւ Վրաստանի մշակույթի նախարարությունն նրան արդարացիորեն ազատեց աշխատանքից, Մոսկվա քաղաքի ղեկավարությունը հրավիրեց նրան Ռուսաստանի լավագույն թատրոններում բեմադրություններ իրականացնելու:

Մեր ռազմավարական գործընկերոջ պահվածքն որոշակի “բացատրություն” ունի. Ստուրուան վաղուց արդեն քննադատում է Վրաստանի նախագահին, իսկ Մոսկվայի համար ցանկացած անձ, ով քարկոծում է ոխերիմ թշնամի Սահակաշվիլիին, բարեկամ է: Եվ ռուսների պատկերացմամբ, ռեժիսորին հեռացրել են հենց դրա համար, այլ ոչ թե հայատյաց արտահայտությունների: Սակայն մեր մշակույթի նախարարությունը կարող էր եւ երեւի թե պարտավոր էր որոշակի վերաբերմունք ցուցաբերել վրացի ռեժիսորի եւ Մոսկվայի իշխանությունների պահվածքի հանդեպ:

Մի կողմ թողնենք Ստուրուայի ստեղծագործական ձեռքբերումներն ու նվաճումները: Դրանք ոչ ոք չի վիճարկում, չնայած պետք է ընդունել, որ նա Տրիերից եւ Գալիանոյից հաստատ ավելի հայտնի չի աշխարհում: Խոսենք ռեժիսորի քսենոֆոբական մի քանի արտահայտությունների մասին, որոնք նա արել է վրաց լրագրողների հետ զրույցում: Նախ նա ասել է, որ հասկանում է, թե ինչու է Սահակաշվիլին ատում իր սեփական ժողովրդին. նա հայ է, եւ դա ամեն ինչ բացատրում է: Հետո, երեւի թե փորձելով մեղմել սեփական խոսքը, ասել է, որ հայերի դեմ ոչինչ չունի, պարզապես ցանկանում է, որ Վչաստանի նախագահը վրացի լինի, այլ ոչ թե հայ: Ռեժիսորի մյուս հիմարություններին չանդրադառնամ, առավել եւս որ հաջորդ իր ելույթներում Ստուրուան փորձել է բացատրել, որ հայ ընկերներ ունի եւ հայերին բոլորովին էլ չի ատում: 

Իրականում Ստուրուան միակը չէ Վրաստանում, ով կարծում է, որ այդ երկրի բոլոր դժբախտությունների եւ անհաջողությունների մեղավորը հայերն են: Սակայն մնում է զարմանալ, թե ինչն է ստիպել անվանի ռեժիսորին, ով “բազմաթիվ հայ ընկերներ” ունի եւ ում բազմիցս որպես բարեկամի են ընդունել Հայաստանում, այսպես հրապարակավ հայատյաց հայտարարություններ անել: Չեմ կարծում, որ նա չէր գիտակցում իր ասածների հետեւանքը, իսկ եթե իսկապես չէր հասկանում, թե ինչ էր խոսում, կարող էր հետագայում ներողություն խնդրել հայ ժողովրդից եւ խոստովանել, որ այդ պահին ուղեղը մթագնած է եղել: Իսկ եթե պարոն Ստուրուան ու նրա նմաններն իսկապես կարծում են, թե հայերը չարիք են, ապա ուզում եմ ընդամենը մի քանի փաստ հիշեցնել նրան.

1.    Հին Թբիլիսիում չկա գեթ մի շինություն, որին դիպչած չլինի հայի ձեռքը: Հենց հայերն են ժամանակին կառուցել, շենացրել եւ հարստացրել պատմական Թիֆլիսը, այդ թվում նաեւ այն թատրոնը, որում մինչեւ վերջերս աշխատում էր Ռոբերտ Ստուրուան: Անկեղծ ասած, ինձ շատ ավելի հաճելի կլիներ, եթե հայ ճարտարապետները, արվեստագետները եւ գործարարները ժամանակին իրենց ուժն ու եռանդը Հայաստանում ներդնեին, այլ ոչ թե Թիֆլիսում, Պոլսում կամ Բաքվում, սակայն քանի որ դա արդեն պատահել է, փաստենք. հայերը Վրաստանի պատմության եւ մշակույթի անքակտելի մասն են, եւ աշխարհի ոչ մի ռեժիսոր դա չի կարող հերքել:
2.    Յուրաքանչյուր տարի Հայաստանից Վրաստան է մեկնում մոտ 300 հազար զբոսաշրջիկ, սեւծովյա հանգստավայրերում նրանք տարեկան ծախսում են առնվազն 150 միլիոն դոլար, հենց այդ գումարների շնորհիվ Բաթումը եւ մերձակա բնակավայրերը դարձել են Վրաստանի ամենաարագ զարգացող տարածաշրջանը: Իսկ ընդհանուր առմամբ բեռների տրանզիտից, տուրիզմից, առեւտրից եւ նավահանգիստների օգտագործումից Հայաստանից Վրաստան տարեկան կտրվածքով մոտ մեկ միլիարդ դոլար է հոսում:
3.    Ի տարբերություն Հայաստանի, Վրաստանը պատմականորեն բազմազգ պետություն է եղել, որտեղ ուս ուսի ապրել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ: Անիմաստ է թվարկել, թե որ ազգի որ ներկայացուցիչը որքան օգուտ է բերել մեր հարեւան երկրին. զուտ թվարկումը մի քանի ժամ կտեւի: Վրաստանի հայերն այդ երկրի լիիրավ քաղաքացիներն են եւ, ինչպես եւ վրացիները, ունեն ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Իսկ եթե հետեւենք Ստուրուայի գաղափարին, կստացվի, որ Բարաք Օբաման իրավունք չուներ ընտրվելու ԱՄՆ նախագահ, իսկ Նիկոլա Սարկոզին` Ֆրանսիայի:
4.    Իմ պատկերացմամբ, Աբխազիայի եւ Օսիայի հետ գոնե տարիներ անց երկխոսություն սկսելու միակ նախադրյալը կարող է լինել այն, որ Վրաստանը նրանց որպես հավասարի վերաբերվի: Եթե մեր հարեւաններն իսկապես որդեգրել են եվրոպական արժեքները, ապա ուշ թե շուտ նրանք Եվրոպական Միության օրինակով կբացեն սահմաններն իրենց նախկին համաքաղաքացիների համար եւ կառաջարկեն մոռանալ անցյալի թշնամանքը: Եվ այդ պահին որքան ավելի քիչ լինեն Վրաստանում Ստուրուայի պես մտածող մարդիկ, այնքան ավելի շուտ վրացիները կրկին կտեսնեն Գագրայի ավազե ծովափը:

Իսկ ինչ վերաբերում է միամիտ կամ խորամանկ ռուսներին, համոզված եմ, Ռոբերտ Ստուրուան դեռ կտա նրանց հյուրասիրության պատասխանը: Ինչպես օրերս մեզ տվեց…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին