Գլոբալ Հայաստան - Mediamax.am

Գլոբալ Հայաստան
8391 դիտում

Գլոբալ Հայաստան


Վերջին ժամանակներս ես իմ հոդվածներում եւ հանրային ելույթներում մշտապես կրկնում եմ միեւնույն գաղափարը` աշխատանքի համաշխարհային շուկան դարձել է գլոբալ: Ցավոք, ամեն անգամ տպավորություն է ստեղծվում, որ այս ակնհայտ գաղափարը ոչ մի արձագանք չի ստանում լսարանի մոտ: Ինձ թվում է, որ ինձ պարզապես չեն հավատում: Դա ունի իր լուրջ պատճառները. Հայաստանում մենք դիտում ենք հայկական աշխարհը որպես այլ իրականություններից լիովին կտրված մի բան: Մոտավորապես նույն ձեւով երեխային թվում է, որ այն ամենն, ինչ կատարվում է տանը, ոչ մի կապ չունի դրսում կատարվող երեւույթների հետ:

Սակայն եթե երեխայի համար նման դիրքորոշումը ներելի է, քանի որ նրա փխրուն միտքը դեռ մայրական որովայնի կարիքն ունի, ապա մի ազգի համար, որի մեծ մասն ապրում է իր պետության սահմաններից դուրս (պետության, որն ի վիճակի է ապահովել անվտանգության եւ մեկուսացման գոնե պատրանքը) նման դիրքորոշումն ուղղակի վտանգավոր է:
 
Եվ այսպես, ներկայումս աշխատանքի շուկան չի որոշվում պետության սահմաններով: Սա վաղվա խնդիր չէ, սա արդեն կայացած փաստ է: Դուք կհարցնեք. “Եվ ի՞նչ, ի՞նչ է դա նշանակում մեր բոլորիս համար”:

Պատասխանեմ, բայց նախ կցանկանայի որոշ փաստեր ներկայացնել: Դուք երեւի լսել եք Ուոլ Սթրիթում շարունակվող ցույցերի մասին, որոնք արդեն տարածվել են ուրիշ պետություններ: Դրանք կապված են զարգացած պետություններին բնորոշ տխուր փաստի հետ. այդ երկրներում վերանում է միջին դասակարգը: Միջին դասի մնացած ներկայացուցիչներն ունեն 2 ընտրություն` կամ ներքեւ՝ դեպի աղքատություն, կամ վերեւ՝ դեպի վերնախավ: Անկեղծ ասած, Ուոլ Սթրիթում ելույթ ունեցողները ստիպված ընտրել են իրենց ուղին, եւ այդ ընտրությունն այնքան էլ չի ուրախացնում նրանց: Իսկ նրանք, ում դեմ նրանք հանդես են գալիս, այս ընթացքում իրենց ճանապարհն են հարթում դեպի վեր` ողջ ուժով փորձելով հայտնվել այն դասի մարդկանց շարքում, ովքեր առանց գումար վաստակելու կարող են հարուստ լինել:

Բայց զանգվածաբար աղքատանում են ոչ միայն բնակչության շերտեր, այլեւ ամբողջ պետություններ, որոնք դեռ երեկ համարվում էին հարուստ եւ ապահովված: Ակնառու օրինակ է Հունաստանը: Անխուսափելի դեֆոլտից հետո այս` դեռեւս երեկ ապահովված եվրոպական պետության գրեթե ողջ բնակչությունը կհայտնվի աղքատության շեմին:

Ի՞նչ է կատարվում:

Կատարվում է այն, ինչ պետք է կատարվեր: Չինաստանում, Հնդկաստանում, Բրազիլիայում եւ այլ զարգացող պետություններում աճում եւ ամրանում է միջին դասակարգը: Այս մարդկանց աշխատավարձը դեռեւս 4-5 անգամ նվազ է, քան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում իրենց գործընկերներինը: Սակայն ոչ հարուստ պետություններում այս գումարով կարելի է բարեկեցիկ ապրել, քանի որ կենսական ծախսերն այնտեղ ավելի ցածր են: Բայց չէ՞ որ ընդամենը 15 տարի առաջ այս մարդիկ վաստակում էին 30 անգամ (!) պակաս, քան զարգացած պետությունների իրենց գործընկերներինը: Դեռեւս զանգվածային աութսորսինգի դարաշրջանի սկզբին Հնդկաստանում ծրագրավորողը ստանում էր 100 դոլարից պակաս : Այժմ հնդիկ ծրագրավորողը ստանում է միջինը 700-800 դոլար, եւ սա դեռ սահմանը չէ: Այս գործընթացը կշարունակվի. կրթության որակը եւ, որպես հետեւանք, մարդկանց որակավորումը զարգացող պետություններում կտրուկ աճում է, եւ նրանք ավելի շատ եկամուտ են պահանջում: Հարց է առաջանում` ինչու՞ աշխատողը Եվրոպայում պետք է ավելի շատ աշխատավարձ ստանա, քան նրա գործընկերը Չինաստանում: Առաջ գոնե աղոտ պատասխան կար. ենթակառուցվածքի առկայությունը, փորձի եւ գիտելիքի կուտակումը եվրոպացուն կամ ամերիկացուն հնարավորություն էին տալիս ավելի արդյունավետ լինել: Բացի այդ, զգալիորեն փրկում էր շուկաների մեկուսացումն ու պետությունների պրոտեկցիոնիզմը: Իսկ այժմ այս բոլոր գործոնները գրեթե զրոյացվել են: Զարգացող պետությունները շատ արագ կառուցում են իրենց ենթակառուցվածքները, տնտեսության կտրուկ աճը խթանում է գիտությունը եւ մարդկանց ստիպում կատարելագործել իրենց գիտելիքներն ու հայացքները: Լավ հնդկական համալսարաններում կրթություն ստացած եվրոպացիները խոստովանում են, որ  Հնդկաստանում ավելի դժվար ու բարդ է սովորել, քան Եվրոպայում:
 
Ես, իհարկե, չեմ ասում, որ նույն Ամերիկայում մարդիկ մեկ վայրկյանում կաղքատանան: Սակայն ռեկորդային գործազրկությունն ԱՄՆ-ում կապված է ոչ միայն տնտեսական խնդիրների, այլեւ աշխատատեղի համար նույն գլոբալ մրցակցության հետ:

Այժմ վերադառնանք այն հարցին, թե այս ամենն ինչպես կազդի Հայաստանի եւ նրա ճակատագրի վրա: Եթե ԱՄՆ-ի ամենազոր իշխանությունները չեն կարողանում ոչինչ անել իրենց քաղաքացիներին աշխատանքի գլոբալ շուկայում մրցակցության հետեւանքներից պաշտպանելու համար, ապա Հայաստանի իշխանություններին այս առումով ապավինելն անիմաստ է: Երիտասարդ տղան, ով ապարդյուն փորձում է աշխատանք գտնել Հայաստանում, չպետք է մեղադրի իր երկրին: Իհարկե, կարելի է փորձել աշխատանք գտնել Ռուսաստանի նման օազիսում, որտեղ նավթային եկամուտներն որոշ ժամանակով կարող են հետ մղել խնդիրները, սակայն բոլոր ցուցանիշներով Ռուսաստանում նույնպես կամաց-կամաց վերանում է դեռ չձեւավորված միջին դասը. ավելի է աճում դասակարգային անհավասարության հետ կապված սոցիալական լարվածությունը: Կարելի է աշխատանք գտնել Եվրոպայում, որտեղ ապօրինի ներգաղթողին կառաջարկեն չնչին աշխատավարձ, որն այդ երկրների ներկայիս թանկ կյանքի պայմաններում բավարար չի լինի արժանավայել կյանքով ապրելու համար: Կարելի է աշխատանք գտնել պարտքերի մեջ խրված Ամերիկայում, որտեղ ամբողջ քաղաքներ իրենց սնանկ են հայտարարում եւ որտեղ վաղ թե ուշ պարտքի խնդիրները անխուսափելիորեն կբերեն կենսակերպի կտրուկ անկման եւ նախկին “միջին դասի” ներկայացուցիչների զանգվածային գործազրկության: Բնականաբար, առաջին հերթին կտուժեն ներգաղթողները: Ընդհանուր առմամբ, կարելի է կառչել պատրանքներից, սակայն դա ոչ մի արդյունք չի տա:

Կա երկրորդ այլընտրանքը. հետեւելով չինացիների, բրազիլացիների եւ հնդիկների օրինակին` օգտագործել մեր հնարավոր մրցակցային առավելությունները. սեփական երկրում արժանի ապրելու հնարավորություն, ընդ որում, վաստակելով ավելի քիչ, քան զարգացած պետությունների գործընկերները, բայց միաժամանակ նաեւ ծախսելով ավելի քիչ:

Սակայն միայն ցանկությունը բավարար չէ: Կարեւոր է երկու գործոնի առկայություն: Առաջին եւ կարեւորագույն պայմանը` աշխատանքային ուժի շուկայում մեր առաջարկները պետք է մրցունակ լինեն: Այսինքն` մեր մարդիկ չպետք է մասնագիտական առումով զիջեն մյուսներին: Դա ավելի հեշտ է հայտարարել, քան ապահովել: Մասնագիտական մակարդակի հասնում են փորձի շնորհիվ, իսկ որտեղի՞ց այն վերցնել:

Երկրորդ գործոնը` մարդկանց արդյունավետության համար անհրաժեշտ է ենթակառուցվածք: Հարկավոր է տարբեր ընկերությունների համագործակցություն, աշխատակիցների որակավորումը բարձրացնելու համակարգ, արդյունավետ իրավական դաշտ եւ այլն:

Այս երկու խնդիրների լուծումն ուժերից վեր է թվում, սակայն առանց դրանց լուծման մենք չենք կարողանա ապահովել Հայաստանի զարգացումը: Դրանք լուծելու դեպքում մենք կսկսենք բարգավաճել: Չլուծելու դեպքում մեզ վաղ թե ուշ կտրորեն: Մեզ համար ավելի հեշտ է, քան չինացիների եւ հնդիկների. շատ ավելի փոքր ծավալների հաշվին մենք կարող ենք ավելի արագ գործել, մեզ ավելի հեշտ է իրականացնել տարբեր ծրագրեր եւ նախագծեր, եւ դրանց ազդեցությունը կարող է շատ ավելի շոշափելի լինել: Դա առաջին դրական պահն է: Երկրորդը, որն ավելի կարեւոր է, այն է, որ մեզ հարկավոր չէ այլ տեղերում փնտրել  պրոֆեսիոնալիզմ եւ փորձ, մենք ունենք դրանք: Աշխարհով մեկ ապրում եւ աշխատում է ավելի քան 7 մլն հայ, որը մեր ազգի 70%-ն է կազմում: Այս մարդկանց մեջ կան բազմաթիվ հաջող գործարարներ, գիտնականներ, պրոֆեսիոնալ մասնագետներ: Պետք է ստեղծել մեխանիզմ, որը հնարավորություն կտա նրանց փորձն ու գիտելիքները ներմուծել Հայաստան:

Այսպիսով` իշխանությունների խնդիրն է ստեղծել ենթակառուցվածք եւ աշխարհի տարբեր անկյուններից հայեր ներգրավել Հայաստանում աճի եւ զարգացման պայմաններ ստեղծելու գործընթացին: Այս երկու խնդիրները փոխկապակցված են: Երբ մարդիկ զգալի հաջողություններ տեսնեն ճիշտ ենթակառուցվածքի ստեղծման գործում, երբ տեսնեն բացառիկ մրցունակ նախագծերի հաջող օրինակներ, նրանք կհավատան Հայաստանի զարգացման համար ջանքեր գործադրելու գաղափարին: Աշխարհով մեկ սփռված հայերը մեծ ցանկություն ունեն տեսնելու հզոր, բարեկեցիկ Մայր Հայաստան: Մեզ հարկավոր է միայն պայմաններ ստեղծել, իսկ ամենակարեւորը` նրանց ներգրավելու մեխանիզմներ՝ նոր, գլոբալ Հայաստան կառուցելու համար:

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին