Կոռուպցիան Ռուսաստանում - Mediamax.am

Կոռուպցիան Ռուսաստանում
8129 դիտում

Կոռուպցիան Ռուսաստանում


Շարունակելով նախորդ թեման` ինչպես եւ խոստացել էի, խոսենք Ռուսաստանում առկա կոռուպցիայի բարձր մակարդակի մասին, որի համար մշտապես մեղադրվում են ներկայիս իշխանությունները : Ենթադրվում է, որ իշխանությունների կողմից ստեղծված կառույցը հիմնված է կոռուպցիոն մեխանիզմների վրա եւ ի վիճակի չէ գոյատեւել առանց դրա:

Չեմ պատրաստվում արդարացնել ներկայիս իշխանությունների անկարողությունը` դիմադրելու կոռուպցիային: Ցավոք, խնդիրը հռչակագրերից այն կողմ չանցավ: Սակայն պատճառը, որ կոռուպցիան արմատապես ներծծվել է իշխանությունների կառույցում, Վլադիմիր Պուտինի 10-ամյա ղեկավարման սահմաններից դուրս է: Եկեք վերադառնանք նախորդ դարի կեսին, ինչպե՞ս էին գործերն ընթանում այն ժամանակ:

Ինչպես գիտենք, Խորհրդային Միությունում գործում էր բաշխման համակարգ: Բարիքը ստեղծվում էր ժողովրդի կողմից եւ բաշխվում պաշտոնյաների կողմից` սկզբունքների ինչ-որ համակարգի հիման վրա: Դրամն այս համակարգում երկրորդական դեր էր խաղում. կային բազմաթիվ բարիքներ, որոնք հնարավոր չէր ձեռք բերել դրամով, կամ էլ դրանց գինը չէր համապատասխանում դրանց իրական արժեքին: Նման մոտեցումը լիովին համապատասխանում էր կոմունիզմի գաղափարախոսությանը, որտեղ դրամը պետք է դադարեր որեւիցե դեր խաղալ բարիքների բաշխման գործում: Նախագծելով նման համակարգ` Կարլ Մաքսը եւ իր հետեւորդները հաշվի չէին առել մեկ կարեւոր հանգամանք. հնարավոր չէ մշակել բարիքների բաշխման համակարգ կյանքի բոլոր դեպքերի համար: Դա զարմանալի չէ. Մարքսի ժամանակ անապահով մարդկանց առօրյան այնքան աղքատիկ էր, որ նրանց միջեւ անհրաժեշտ ապրանքների բաշխման խնդիրը թվում էր ռուդիմենտար եւ քննարկման ոչ արժանի:
 
50-ականների կեսին ԽՍՀՄ-ում իրավիճակն այլ էր: Արդյունաբերական շրջանը հանգեցրեց արտադրության բուռն աճին, ինչն առաջացրեց ապրանքների բազմազանություն: Բացի այդ, սկիզբ դրվեց ետարդյունաբերական ժամանակաշրջանին, որտեղ մարդկանց մտավոր աշխատանքի ապրանքները սկսեցին ավելի մեծ դեր խաղալ: Բարիքների նման լայն ոլորտի բաշխումը պահանջեց բարդ համակարգի ստեղծում, սակայն նույնիսկ դա արդյունավետ չէր բոլոր դեպքերի համար: Այդ պատճառով էլ անխուսափելիորեն առաջացավ բյուրոկրատական կամայականություն: Կամենում էին իշխանությունները, թե ոչ, նրանք ստիպված էին պաշտոնյաներին իրավունք տալ որոշ դեպքերում ինքնուրույն որոշել՝ ում տալ եւ որքան: Այսպիսով` հիմք դրվեց  համակարգված կոռուպցիային: Բայց եթե սկզբում պաշտոնյաները դեռ զգուշանում էին պատժող առաջնորդի կերպարից, ապա աստիճանաբար բոլորին պարզ դարձավ, որ վախենալու պատճառ չկա: 70-ականների կեսերին ստեղծվեց մի իրավիճակ, երբ նույնիսկ կիրթ մտավորականն ամոթ չէր համարում տուն բերել մի բուռ ռադիոմասեր, ամառանոցի համար խողովակ կամ մի շիշ մաքուր սպիրտ: Ընդհանուր առմամբ, բաշխման ընդհանուր կաթսայից վերցնում էին բոլորը, ով որքան կարող էր տանել:
 
Եթե դիտենք ԽՍՀՄ-ի այն ժամանակվա լանդշաֆտը, պարզ է դառնում, որ որքան ցածր էր սոցիալիզմի ենթակառուցվածքի կազմակերպման մակարդակը, այնքան ավելի շատ էր կոռուպցիան հասնում մինչեւ ստորին կառույցներ եւ տեսանելի դառնում բոլորի համար: Կայսրության ծայրամասերում ոստիկանության ցանկացած աշխատակցի կարելի էր կաշառել, այն դեպքում, երբ Մոսկվայում կամ այլ խոշոր քաղաքներում ստիպված էին ազնվորեն վճարել տուգանքը` դրա հետ մեկտեղ ստանալով վկայականի “դակում”: Բայց դա չի նշանակում, որ Մոսկվայում կոռուպցիա չկար: Պարզապես “ստորին շերտը” ընդգրկված չէր դրանում: Բարիքները բաշխվում եւ վերաբաշխվում էին ավելի բարձր մակարդակով, եւ մարդիկ ակտիվորեն վաճառում էին բարիքների օգուտները` փոխելով մեկ բարիքը մյուսով: “Թատերական” կերակրամանը հնարավորություն էր տալիս լուծել դեֆիցիտ ապրանքների խնդիրը: Գործուղումների ժամանակ լավ հյուրանոցում տեղավորվելը փոխանակվում էր առանց հերթի ավտոմեքենա ձեռք բերելու օգնության հետ: Եվ այդպես շարունակ: Իշխանությունը գնում էր պաշտոնյաների հավատարմությունը` հնարավորություն տալով օգտվել “կերակրամանից”: ԽՍՀՄ իշխանությունների ողջ համակարգը հիմնված էր կանոնավորված կոռուպցիայի վրա: Անշուշտ, իշխանությունը ստեղծել էր նաեւ բոլոր հնարավոր վարագույրները եւ կանոնավոր կերպով իրականացնում էր բարիքների զանգվածային բաժանում, որպեսզի հասարակ ժողովուրդն իրեն չզգա անտեսված եւ չբողոքի:

Այդ պատճառով էլ խոսակցություններն այն մասին, որ կոռուպցիան վերջին ժամանակների “ձեռքբերում է”, առնվազն միամտություն են: Ռուսաստանը ժառանգել է այն ԽՍՀՄ-ից, որտեղ դա օրինականացված էր: Ներկայիս իշխանությունները ստիպված են շարունակել գնել պաշտոնյաների հավատարմությունը` արտոնելով մուտքը դեպի բարիքներ, քաղաքական կայունության ապահովման եւ պետության ամբողջականության համար: Նախկին բաշխիչ համակարգը գործ ուներ պետական /իսկ դա նշանակում է՝ ոչ ոքի/ սեփականության հետ, իսկ բարիքների հասանելիության ներկայիս համակարգն
իրավունք է տալիս բաշխել ուրիշի սեփականությունը, ինչը հասարակության մեջ դիտվում է ավելի ցավալի, սակայն ոչ զանգվածային բողոքներ եւ մերժումներ առաջացնելու աստիճան: Իսկ քանի դեռ դա այդպես է, կոռուպցիան երկրում շարունակելու է բարգավաճել:

Կան բազմաթիվ գաղափարներ, ինչպես պայքարել ներկայիս իրավիճակի դեմ: Սակայն այդ հիվանդության բուժման պարզ ձեւեր չկան. դա քրոնիկ վիճակ է, տեւում է շատ վաղուց եւ տվել է խոր մետաստազներ: Կոռուպցիան իրականություն է, որի մեջ նախկին ԽՍՀՄ-ի բոլոր պետությունների քաղաքացիները ստիպված են ապրել դեռ շատ երկար: Հատկապես դա վերաբերում է Ռուսաստանին` իր ծավալներով եւ բարդություններով:

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին