Իմ առաջին քարոզարշավը - Mediamax.am

Իմ առաջին քարոզարշավը
5651 դիտում

Իմ առաջին քարոզարշավը


2012 թվականի մայիսի 4: 24 ժամից կավարտվի նախընտրական պայքարը:

Հետաքրքիր ամիս ստացվեց: Ընտրարշավին առաջին անգամ մասնակցելն ինձ շատ դասեր տվեց: Ճանաչեցի եւ՛ սրտնեղածների անբարոյության անսահմանությունը, եւ ընկերների անսահման բարոյական աջակցության ուժը: Մարդկային որակների դասերից բացի, ավարտվող ընտրարշավն այլ դասեր եւս թողեց:

Թե՛ «ժառանգության», թե՛ «Ազատ դեմոկրատների» գործընկերներիցս շատերի գնահատականով, ում համար այս ընտրարշավն առաջինը չէր, այս քարոզարշավը համեմատաբար ազատ էր ու աոանց նախկինում ընտրությունները մշտապես գետնին հավասարեցնող շատ խոչընդոտներից՝ ընդդիմության հանրահավաքներին ժամանողների ավտոբուսների առջեւ ճանապարհ արգելափակելուց ու զանգվածային լրատվամիջոցների բերանը փակելուց, մինչեւ բռնաճնշումներ ու թեկնածուների ջարդ: Որպես վերլուծաբան փորձեմ քննարկել այս ձեռքբերումը: Չեմ կարծում, թե պատճառը «արտաքին ճնշումն» է, չէ որ այն միշտ էլ եղել է: Ավելի շատ, կամ ավելի քիչ, սակայն եղել է միշտ:

Կարծում եմ, որ ականատեսն ենք քաղաքական մշակույթի փոփոխության երեւույթի: Սրանում արդեն դժվար է կասկածել, քանի որ անցնող ընտրարշավը դրա լիարժեք վկայությունն է: Վստահ եմ, որ քաղաքական մշակույթի այս փոփոխությանը հասել ենք առաջին հերթին «Ժառանգության» մեծ դերակատարմամբ: Փորձեմ հիմնավորել:

Նախորդ հինգ տարիներին իշխանության պատասխանատվությունը ստանձնած կոալիցիոն գործընկեր-կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը չէին կարող ինքնուրույն հասնել նման փոփոխության: Ինչու՞: Քանի որ հենց սրանք էին, ինչպես նաեւ նախկինում արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, որ տարիներ շարունակ կերպարանավորել են, միս ու արյուն են տվել քաղաքական պայքարի այն մշակույթին, որի պատանդն էր մի ողջ պետություն երկու տասնամյակ շարունակ: Հենց այս քաղաքական ուժերն էին, որ քաղաքական անհանդուրժողականությունն ու պայքարի կոշտ միջոցները կատարելության աստիճանի հասցրին եւ մարտի մեկյան արհավիրքի տեսքով երկիրն ու հասարակությունը հասցրին անդունդի առաջ: Իշխող ուժերի կողմից քաղաքական մշակույթի փոփոխությանը հավատալը համարժեք կլիներ հավատալ Մյունհաուզենին, ով պնդում էր, թե մազերից բռնած ճահճից օդ է հանել իրեն ու հետն էլ՝ ձիուն: Որքան կուզես հավատա, որքան կուզես ներշնչիր մարդկանց, որ քո խոսքը գործ է, մազերիցդ բռնած օդ չես հանի ոչինչ՝ միայն մազերդ, մարդկանց ի ցույց դնելով լերկ գագաթդ:

Քաղաքական մշակույթի նման փոփոխության չէր կարող բերել իշխող կոալիցիայի մի անդամ կուսակցություն, որն ընտրարշավի բոլոր օրերին առավոտից երեկո աջ ու ձախ «մկների ժողովի» հայտնի հերոսի պես հայտարարում էր, թե իշխանություն անձամբ իրեն հարկավոր չէ, թե իշխանությունն իրեն պիտի տան իր արժանիքների համար եւ ժողովրդից վստահության քվե խնդրելու փոխարեն պահանջում էր ընտրել ամենաարժանավորին, իմա՝ իրեն: Կատարած գործերի համար արձան են կանգնեցնում եւ փողոց անվանակոչում՝ հետմահու: Արձանին աշխատանքի չեն ընդունում: Ոչ էլ ամենամեծ հերոսի անունով անվանակոչված փողոցի անունը տալով փողոցն իրեն-իրեն կասֆալտապատվի: Խորհրդարանական աշխատանքի ընդունում են աշխատանք կատարելու ունակ, աշխատանք՝ վստահություն խնդրող թեկնածուին:

Քաղաքական մշակույթի փոփոխության չէին կարող բերել նաեւ պայքարում կուրացած, պայքարն ինքնանպատակ դարձրած, հանուն պայքարելու պայքարողները: Քաղաքական այն ուժերը, որոնք բազմիցս հայտարարել են, թե իրենց նպատակը երրորդ հանրապետությունը կազմաքանդելն է չէին կարող արարել նորը: Արարումն ամենօրյա տքնաջան աշխատանք է: Քանդողն արարել չի կարող: Ինչպես արարել, այդպես էլ կարգին չսովորեցին նրանք, ովքեր կոչված էին խորհրդային համակարգը կազմաքանդելու:

Ժողովրդավարական քաղաքական մրցապայքարի նոր մշակույթ կարող էր ձեւավորել միայն առողջ, հաստատակամ, ընտրողի վստահությունը մեջքին, իշխանության սխալները գտնող, մտածող, այլընտրանքային ուղիներ մատնանշող, ընտրողի շահին հետեւողականորեն հետամուտ քաղաքական ուժը: Իսկ այդպիսին եղել եւ մնում է բացառապես «Ժառանգությունը»: «Ժառանգության» վեց հոգանոց թիմը հինգ տարի շարունակ, տարին 365 օր, շաբաթը յոթ օր, օրվա ցանկացած ժամի եղել է այսպիսին ու մնալու է այսպիսին: Ժառանգության վեց հոգանոց փոքր, սակայն կուռ թիմը Ազգային ժողովում բերեց թարմ միտք, համոզիչ խոսք եւ սթափեցնող ոգի: Խորհրդարանի համար աղետալի պահերին, երբ Ազգային Ժողովի, առանց այն էլ իշխող կոալիցիայի պատգամավորների անխոնջ ջանքերով գետնին հավասարեցված հեղինակությունը կարող էր ընկնել գետնից էլ ցած, հենց «Ժառանգության» պատգամավորներն էին, որ սթափության կոչերով չթողեցին խորհրդարանը վերջնականապես ախոռի վերածել: Աշխատելով խորհրդարանում եւ դրա պատերից դուրս «Ժառանգության» վեց հոգանոց թիմը չկարողացավ խանգարել իշխող կոալիցիայի բազմաթիվ կործանարար ու անհիմն նախագծերին, որոնք հանրային շահը զոհում էին հանուն մասնավոր կամ խմբային շահերի: Սակայն «Ժառանգության» թիմը կարողացավ խորհրդարանում եւ մեր հասարակության մեջ կատալիտիկ ազդեցություն ունենալ՝ ազդելով քաղաքական պայքարի բուն ձեւաչափի վրա, ինչն ի վերջո անխուսափելիորեն պիտի հանգեցներ քաղաքական պայքարի մշակույթի փոփոխության:

Եվ այդուհանդերձ չլուծված խնդիրներն անհամեմատ ավելի շատ են, քան քաղաքական պայքարի մշակույթի փոփոխության արդյունքում մեր հասարակության ձեռքբերումները: Դրանք լուծելու ի վիճակի է միայն այն ուժը, որն իր գործունեությամբ եւ իր բերած փոփոխությամբ ապացուցել է իր գործունակությունն ու նպատակների արդարացիությունը: Վստահ եմ, որ այդպիսին Հայաստանի Հանրապետությունում շարունակում է մնալ բացառապես «Ժառանգությունը»:

Թեւան Պողոսյանը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրենն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին