Ապագայի մարդն ազատ մարդն է - Mediamax.am

Ապագայի մարդն ազատ մարդն է
10666 դիտում

Ապագայի մարդն ազատ մարդն է


Արամ Փախչանյանը իր վերջին սյունակում անդրադարձել է Հայաստանի ու աշխարհի զարգացման հեռանկարներին: Քանի որ հոդվածում արտահայտված հիմնական մոտեցումներին այլ տեսանկյունից եմ նայում ու զարգացումը կապում եմ այլ գործոնների հետ, որոշեցի մի քանի միտք արտահայտեմ:

Արամ Փախչանյանը տնտեսության զարգացումը կապում է կրթության բարեփոխման` ճարտարագետների եւ այլ կերտարար մասնագիտությունների ներկայացուցիչների շատանալու հետ: Իրականում մրցունակ տեխնոլոգիաներ ու ապրանքներ մշակելու համար կարեւորը ոչ թե է մասնագետների առկայությունն է, այլ այդ հասարակարգում գործող խաղի կանոնները, որոնք շահագրգռում են անհատին նորարարությամբ զբաղվել: 

Վերը նշվածի համար հետաքրքիր օրինակներ են Սթիվ Ջոբսը, ով հանդիսանում է Apple ընկերության հիմնադիրներից մեկը: Նա նույնիսկ բարձրագույն կրթություն չի ստացել: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հեռացել է համալսարանից ու զբաղվել բիզնեսով: Կամ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, ով եւս բարձրագույն կրթությունը թողել է եւ ստեղծել համաշխարհային ազդեցություն ունեցող բիզնես: Այս հսկա ընկերությունները ստեղծվել են, քանի որ սեփականության իրավունքը շահագրգռել է մարդկանց գնալ նման քայլերի: Կրթությունը այստեղ ունի մինիմալ գործոնի դերը, եթե ոչ զրոյական:

Եվս մի հետաքրքիր օրինակ: Իտալիայի ամենազարգացած շրջանում, որը համարվում է Էմիլիա-Ռոմեյնան, բարձրագույն կրթություն ստացած մարդիկ կազմում են բնակչության 46 տոկոսը, իսկ ամենաթերզարգացած շրջանում, որը համարվում է Կալաբրիան, բարձրագույն կրթություն ստացած մարդկանց թիվը կազմում է 45 տոկոս: Սա ցույց է տալիս, որ կրթություն զարգացման գլխավոր գործոն չի կարող հանդիսանալ, եթե մարդուն շահագրգռող ինստիտուտներ չկան:

Հեղինակի հետ համաձայն եմ, որ կապիտալիզմը այսօր կանգնած է ճգնաժամի առաջ, սակայն այն ավելի շատ կարիք ունի բարեփոխվելու: Կապիտալիզմի հիմնական խնդիրը հարստության բեւեռացումն է հասարակություններում, բայց կապիտալիզմի երկու սկզբունք` սեփականության իրավունքը եւ ազատ շուկաները, մնալու են մարդկության զարգացման կարեւոր գործոն:

Հեղինակը նաեւ փորձում է մարդու վերագիտակցում ու բնույթի փոփոխություն տեսնել ապագայում: Ժամանակին Արեւմուտքում մի շարք մասնագետներ փաստարկում էին հետինդուստրիալ հասարակությունում մարդու բնույթի փոփոխության մասին: Նրանք ասում էին, որ մարդը ավելի «բարի» կլինի ու արժեքային փոփոխություններ տեղի կունենա: Սակայն այսօր աշխարհում ավելի շատ հակամարտություններ կան, քան` 1980-ականներին:

Իսկ Վիքիփեդիայի նման նախագծերի օրինակներ աշխարհը միշտ էլ տեսել է: Մայր Թերեզան նույնիսկ բիզնես շահ չհետապնդելու տեսանկյունից ավելի մեծ աշխատանք է կատարել` իր ցանցի միջոցով ծառայելով հիվանդներին եւ աղքատներին: Եվ նույնիսկ նա չէր կարող իր նպատակին հասնել, եթե բիզնես-շահ հետապնդողները ժամանակին չլինեին ու նվիրատվություն չկատարեին իր ստեղծած ֆոնդին:

Վիքիփեդիայի նման նախագծերը չեն կարող ավելի շատ լինել, քան բիզնես շահ հետապնդողները, որոնք էլ հիմնականում ապահովելու են հասարակության առաջընթացը:

Իրականում հասարակությունների զարգացումը կախված է նրա անդամներին ընձեռված ազատություններից: Արեւմուտքում հաջողված երկրները ոչ թե կրթություն են զարգացրել կամ լայն նախագծեր են ստեղծել, այլ մարդուն ազատություն են տվել: Այդ ազատությունները վերաբերվել են հասարակության հնարավորինս լայն շերտերին: Դրա արդյունքում մարդը այդ ազատությունների շրջանակում հետապնդելով իր սեփական շահը կարողացել է նաեւ հանրօգուտ ապրանքներ ու ծառայություններ ստեղծել: Եվ շատ դեպքերում այդ մարդկանց մի մասը բարձրագույն կրթություն չի ունեցել:

Արմեն Գրիգորյանը “Ժողովրդավարություն հանուն զարգացման” ՀԿ-ի նախագահն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին