Ինչպես ենք ծառայում “ստվերին” - Mediamax.am

Ինչպես ենք ծառայում “ստվերին”
9204 դիտում

Ինչպես ենք ծառայում “ստվերին”


Մեր իրականության մեջ բազմաթիվ անախրոնիզմներ /աննորմալություններ/ կան, որոնք արմատավորվել են տարիներ առաջ, եւ չնայած ժամանակները փոխվում են, բակում 21-րդ դարն է, դրանք չեն շտապում “լքել” մեզ եւ դառնալ պատմություն: Բուն թեմային անցնելուց առաջ մի հարց տամ. հնարավոր համարո՞ւմ եք, որ խանութում շաքարավազ գնելիս հավելյալ 100 դրամ տաք վաճառողուհուն, որ “լավ լցնի”: Ո՞չ: Իսկ բենզին լցնելիս մի 500 դրամ ավել դնե՞լ լիցքավորողի գրպանը, որ “լավ լցնի”: Առաջին հայացքից հիմար հարցեր եմ տալիս, չէ՞: Բայց հիմա անցնեմ բուն թեմային, եւ դուք կհամոզվեք, որ ամեն ինչ շատ լուրջ է:

Հայաստանի ավտոտրանսպորտի մոտ 70%-ը որպես հիմնական վառելիք օգտագործում է բնական գազ: Այն զգալիորեն ավելի էժան է, քան բենզինը եւ վառելիքի այլ տեսակները: Կարելի է ասել, որ վառելիքի հենց այդ տեսակին ենք մենք պարտական, որ տարիներ շարունակ ուղեւորափոխադրումների գինը շարունակում է ամենաէժաններից մեկը մնալ աշխարհում: Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի ավտոպարկը կես միլիոնից ավել միավոր ունի: Դա նշանակում է, որ առնվազն մոտ 300 հազար մեքենա հենց գազն է օգտագործում որպես վառելիք, որի կեսից ավելին՝ Երեւանում: Գազով երթեւեկող մեքենաների աճը բերել է գազալցակայանների թվի աճին, ու այսօր դրանք պինդ օղակով շրջապատել են մայրաքաղաքը: Այսօր չեմ ուզում խոսել այն մասին, թե ում են դրանք պատկանում, չնայած համոզված եմ, որ, ինչպես եւ այլ դեպքերում, պատահական մարդիկ այդտեղ չկան: Խոսքս անախրոնիզմներից մեկի ՝ գազի լիցքավորողին տրվող օրինականացված կաշառքի մասին է:

Այդ մասին քչերն են խոսում, բայց գիտեն անխտիր բոլոր վարորդները. գազալցակայանում երկու անգամ ես վճարում, առաջինը՝ բուն գազի դիմաց, ապա՝ 400-ից 600 դրամ լիցքավորողին՝ “լավ լցնելու համար”: Այս “բարի ավանդույթը” առաջացել է դեռ տարիներ առաջ եւ մեծ հաջողություն է վայելում նաեւ հիմա: Իսկ ի՞նչ կպատահի, եթե դու հանկարծ հրաժարվես վճարել լիցքավորողի ծառայության համար: Քանի որ հենց նա է լցակայանի “աստվածը”, ենթադրում եմ, որ այդ դեպքում նա պարզապես “լավ չի լցնի”, եւ ձեր վառելիքը ժամանակից շուտ կավարտվի: Հիմա ամենակարեւորը. ի՞նչ է նշանակում “լավ լցնել”, եւ ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ “լավ են լցրել”: Իրականում այդ պահին դա հասկանալը գրեթե անհնար է. լցակայանների մեծ մասում բացակայում է որեւէ ցուցիչ, մի մասում էլ երեւում է միայն լիցքավորված գազի ճնշման ցուցիչը: Խնդիրն այն է, որ լիցքավորվող գազը “նստելու” ունակություն ունի, այսինքն, պարտադիր չէ, որ լցակայանում ձեր տեսած թիվը կես ժամ անց նույնը լինի, շատ ավելի հավանական է, որ այն կպակասի: Իսկ թե որքան, այ հենց դրանից էլ կախված է տվյալ գազալցակայանի համբավը. չէ՞ որ բոլոր կայանները պարտավոր են միեւնույն քանակն ապահովել: Իսկ այդպե՞ս է դա, թե՝ ոչ, կարող ենք իմանալ Հայաստանի ինտերնետային խոշորագույն ավտոպորտալի՝ Auto.am-ի ֆորումում ծավալվող քննարկումներից՝ http://forum.auto.am/index.php?t=msg&goto=40072&&srch=gazi+zapravka#msg_40072:

Նույնիսկ թռուցիկ ընթերցելով ֆորումի գրառումները՝ կհասկանաք, որ միեւնույն գումարի դիմաց տարբեր լցակայաններում կարելի է ձեռք բերել տարբեր քանակի վառելիք, ընդ որում տարբերությունը կարող է հասնել մինչեւ 20%-ի: Արդյո՞ք սա ազդակ չէ մեր համապատասխան մարմինների համար, որպեսզի պարզեն, թե ում գրպանում է “հայտնվում” տարբերությունը: 

Հիմա վերադառնանք այդ օրինականացված կաշառքին՝ 500 դրամին. այդ գումարը, բնականաբար, չի հարկվում, այն չի նշվում հարկային հաշվետվություններում, նաեւ՝ պաշտոնական վիճակագրությունում: Եթե ենթադրենք, որ միջին մեքենան գազ է լցնում շաբաթական 1 անգամ (իրականում՝ ավելի հաճախ), ապա ստացվում է, որ միայն Երեւանում գազի ստվերային շրջանառությունը ամսական կազմում է… առնվազն 300 միլիոն դրամ: Տարվա կտրվածքով՝ մոտ 4 միլիարդ: Տարեկան մոտ 10 միլիոն դոլար չհարկվող միջոցներ միայն Երեւանում: Միամիտ կլինի կարծել, թե այդ գումարը բաժին է հասնում հենց լիցքավորողներին: Ենթադրում եմ, որ աշխատանքի ավարտին նրանք գլուխները կախ տանում հանձնում են այդ գումարը լցակայանների տերերին: Հակառակ դեպքում բոլոր լիցքավորողները միլիոնատեր կլինեին, իսկ երեխաները կերազեին լցակայանում լիցքավորող աշխատել, երբ մեծանան:

Կա՞ արդյոք ելք: Իհարկե, կա. դա բաշխիչ աշտարակով գազալցակայաններն են, որոնք կան արդեն նաեւ Երեւանի արվարձաններում՝ Զովունիում, Չարբախում, Նորագավիթում, Քասախում: Ի տարբերություն հների՝ դրանք շատ ավելի անվտանգ են, այստեղ գազը արդեն “սառեցված” են լցնում, եւ հաճախորդը տեսնում է ցուցատախտակի վրա թե լիցքավորվող գազի քանակը, թե վճարվելիք գումարը: Եվ ոչ մի “լավ լցնելու” գումար՝ ամեն ինչ թափանցիկ է եւ ազնիվ: Պե՞տք է արդյոք սրանից հետո նշել, որ այդպիսի կայանների մոտ հսկայական հերթեր են առաջանում. մարդիկ ուզում են վճարել ապրանքի համար այնքան, որքան այն արժե:

ՀՀ կառավարության տեղեկատվական կենտրոնի “Հրապարակում” հաղորդաշարը 2012թ. փետրվարի 3-ի իր ծրագրում անդրադարձել է խնդրին՝ շեշտը դնելով ավելի շուտ անվտանգության նկատառումների վրա http://www.gov.am/am/hraparakum/item/255/: Հաղորդման հեղինակները նշում են, որ, կառավարության որոշման համաձայն, բոլոր գազալցակայանները պետք է աշտարակ տեղադրեին դեռեւս մինչեւ 2011 ապրիլի 1-ը, սակայն այս տարվա փետրվարի դրությամբ հանրապետության 370 լցակայանից միայն 167-ն էին դա արել, իսկ մյուսները շարունակում են հաճույքով տուգանքներ վճարել տեսչությանը, բայց աշտարակ այդպես էլ չեն տեղադրում: Վերեւում ներկայացված հաշվարկը պարզ ցույց է տալիս, որ, իսկապես, գազալցակայանների տերերին շատ ավելի ձեռնտու է տարեկան մի քանի անգամ տուգանք վճարել, քան բաշխիչ աշտարակ եւ նոր սարքավորումներ տեղադրել, եւ դա ամենեւին էլ պայմանավորված չէ այդ սարքավորումների թանկությամբ: Խոսքը միլիոնավոր դոլարի ստվերային եկամտի մասին է, եւ ոչ ոք սեփական կամքով դրանից չի հրաժարվի: Իսկ ունի՞ կառավարությունը այդքան կամքի ուժ, որպեսզի պարտադրի կայանների տերերին փոխել գործելաոճը: Եթե հաշվի առնենք, որ հաղորդումը կոչվում է “Վերջին զգուշացում գազալցակայաններին”, իսկ ֆուտբոլում վերջին զգուշացմանը կարմիր քարտ է հետեւում, ապա կարելի է եզրակացնել, որ զգուշացումը հասցեատերերին չի հասել, եւ մենք դեռ երկար ժամանակ շարունակելու ենք ծառայել այդ անախրոնիզմի պահպանմանը:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին