Երշիկ թե՞ անկախություն - Mediamax.am

Երշիկ թե՞ անկախություն
12046 դիտում

Երշիկ թե՞ անկախություն


Ամանորից անմիջապես առաջ ինձ հրավիրեցին բանավեճի «Արմնյուզ» հեռուստաալիք: Հաղորդման թեման էր՝ Հայաստանի անդամության հավանականությունը դեռեւս վիրտուալ Եվրասիական միությանը, որին արդեն հասցրել են դեմ արտահայտվել ԵՄ պաշտոնյաները:

Նրանց մոտ, ովքեր նախատոնական ցայտնոտում հասցրել են դիտել հաղորդումը, կարող էր տպավորություն ստեղծվել, թե ես դեմ եմ Հայաստանի ու Ռուսաստանի մերձեցմանը: Իրականում ես կողմ եմ մերձեցմանը, բայց հենց Ռուսաստանի, այլ ոչ թե ինչ-որ ուտոպիական վիրտուալ կառույցների հետ: Վստահ եմ, որ դա եւս մեկ փորձ է հարություն տալ Խորհրդային Միությանը, այս անգամ՝ ինչ-որ ընդհանուր տնտեսական շահերի հիման վրա: Վստահ եմ, որ այդ կառույցը, նախևառաջ, պետք չէ հենց Ռուսաստանին. կծախսվեն հսկայական միջոցներ, իսկ օգուտը կլինի նույնքան, որքան, ասենք, ԱՊՀ-ից: 

Իմ կարծիքով, Խորհրդային Միությունը կամ նմանօրինակ որեւէ կառույց վերստեղծելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման, թեկուզ այն պարզ պատճառով, որ նախկին խորհրդային հանրապետություններին արդեն չեն միավորում նույնիսկ ընդհանուր մշակութային ու հասարակական արժեքները: Այո, հնարավոր է, Հայաստանում ու Տաջիկստանում շատերը դեռ ծիծաղում են «Операция Ы»-ի ֆիլմի վրա, բայց չմոռանանք, որ 1991 թվականից ի վեր հետխորհրդային բոլոր երկրներում արդեն մեծացել են մի քանի սերունդներ, ովքեր ԵՐԲԵՔ չեն ապրել Խորհրդային Միությունում, եւ Լենին կամ Ստալին անունները նրանց ոչինչ չեն ասում: Նույնիսկ չեմ պատկերացնում, թե ո՞ր ուժը կարող է միավորել իրենց ձգտումներով այնքան տարբեր երկրներին, ինչպիսիք են Հայաստանն ու Թուրքմենստանը: Միգուցե հենց ինքը ուժը, բայց մի՞թե կարելի է հետ շրջել պատմության անիվը, մի՞թե հնարավոր է XX դարասկզբի սցենարի կրկնություն եւ կայսրության վերածնունդ նոր կերպարով:
 
Չեմ ժխտում, որ 1991 թվականին Հայաստանն անկախություն ստացավ շատ հեշտությամբ, «նվեր»: Բայց հետագա տարիները՝ լի զրկանքներով, զուգորդված Ղարաբաղի համար պատերազմով, հսկայական թվով մարդկանց արտագաղթով կամ նույնիսկ փախուստով, լիովին «հատուցեցին» այդ նվերի դիմաց: Հայաստանի հնարավոր անդամակցումը Եվրասիական միությանը նշանակում է հրաժարում այն ամենից, ինչը ձեռք ենք բերել վերջին երկու տասնամյակների ընթացքում, նշանակում է ընկրկում դեպի անցյալ, բայց ոչ թե այն անցյալը, երբ երշիկը խանութում արժեր մեկուկես ռուբլի, սակայն վաճառվում էր «տակից», այլ այն քաոս ու անորոշություն, երբ բոլորը նստում եւ սպասում էին, թե ինչպիսին կլինի հերթական կարգադրությունը Մոսկվայից: Կամ Աշգաբադից, եթե հանկարծ որոշվի, որ Եվրասիական միության մայրաքաղաքը լինելու է հենց այնտեղ…

Մեկ անգամ եւս կրկնեմ. ես կողմ եմ Ռուսաստանի հետ առավելագույն մերձեցմանը, սակայն բացառապես հորիզոնական հարաբերություններին՝ ինչպես հավասարը հավասարի հետ, եղբայրը եղբոր հետ: Դրա համար հարկավոր չեն ինչ-որ անհասկանալի կառույցներ ու կազմակերպություններ, երկկողմ փաստաթղթերը լիովին բավարար են: Եթե Հայաստանի իշխանությունները ցանկանում են ցույց տալ իրենց անսահման սերը Ռուսաստանի նկատմամբ, նրանք կարող են մտածել ինչ-որ միակողմանի քայլեր, օրինակ, ՌԴ քաղաքացիների իրավունքների հավասարեցումը Հայաստանի քաղաքացիների իրավունքներին կամ որեւէ այլ բան: Ինչու՞ կամավոր դառնալ վասալ, կամ ի՞նչ կտա դա «տիրոջը»: Ի՞նչ ունի Հայաստանը, ինչը Ռուսաստանը չի կարող պարզապես գնել:

Այդ համատեքստում կցանկանայի հիշատակել մի պատմություն, որը հսկայական ազդեցություն ունեցավ իմ աշխարհայացքի վրա: 

1999 թվականին ինձ զանգահարեց մեր լավ ընկեր Մարկ Գրիգորյանը եւ ասաց, որ ռուսաստանյան «Մեմորիալ» կազմակերպությանը Հայաստանում հարկավոր է մի մարդ, ով կարող է հավաքել ԽՍՀՄ ժամանակաշրջանի այլախոհների ու քաղբանտարկյալների կենսագրական տվյալները: Ես համաձայնեցի ու շատ շուտով դարձա «Արեւելյան ու Կենտրոնական Եվրոպայի այլախոհների բառարանի» համահեղինակը՝ մի գրքի, որը դեռեւս լույս է տեսել միայն լեհերեն լեզվով (ռուսերեն տարբերակը տպագրման փուլում է): Նույն տարում, Ալեքսանդր Դանիելի շնորհիվ, ինձ հիանալի հնարավորություն ընձեռվեց փորփրել «Մեմորիալի» արխիվը, որտեղ քիչ չէին հետաքրքիր փաստերը հայ այլախոհների մասին: Հաջորդ երեք տարիներին ես հսկայական քանակությամբ տեղեկություններ հայթայթեցի Հայոց Ազգային շարժման մասին, կազմեցի ավելի քան 50 տեղեկանքներ Հայաստանի այլախոհների վերաբերյալ՝ սկսած 1960-ական թվականներից, ծանոթացա այնպիսի մարդկանց հետ, ովքեր նույնիսկ չեկիստական ճնշումների պայմաններում չէին վախենում խոսել Հայաստանի անկախության մասին: Նրանց՝ այդ հերոսների հետ շփման փորձի մասին կպատմեմ ուրիշ անգամ, իսկ հիմա հիշեմ մեկ այլ դրվագ: 2000 թվականին հրավեր ստացա այցելելու «Պերմ-36» քաղաքական ռեպրեսիաների պատմության թանգարան, որը գտնվում է ռուսական խուլ գյուղերից մեկում՝ Կուչինոյում (Պերմի երկրամասի Չուսովսկոյ շրջանում): Այդ թանգարանը հիմնադրվել է ВС-389/36 ուղղիչ-աշխատանքային ճամբարի տեղում, որտեղ իրենց պատիժն են կրել խորհրդային, այդ թվում` նաեւ հայ քաղբանտարկյալների մեծ մասը:

1972թ. հուլիսի 13-ից, երբ մորդովական ճամբարներից այստեղ բերեցին առաջին քաղբանտարկյալներին, մինչեւ 1987թ. դեկտեմբերի 29-ը, երբ ներում ստացավ քաղբանտարկյալների մեծ մասը, «Պերմ-36» ճամբարով են անցել հարյուրավոր «հատուկ վտանգավոր պետական հանցագործներ»: Իսկ ճամբարի հատուկ ռեժիմի տարածքի պատժախցում՝ ստեղծված 1980 թվականին, շուրջօրյա փակ խցերում, պահվում էին «հատկապես վտանգավոր ռեցիդիվիստները»՝ «հատուկ վտանգավոր պետական հանցագործների» թվից. նրանք, ովքեր արդեն դատապարտվել էին խորհրդային պետության դեմ հանցագործության համար, կրել էին պատիժը, բանտից դուրս գալուց հետո կրկին ձերբակալվել էին նմանատիպ հանցագործության համար: Այն, ըստ էության, ամենախիստ ու դաժան բանտն էր ԽՍՀՄ-ում «զարգացած սոցիալիզմի» ժամանակահատվածում եւ այդ ժամանակ երկրում միակ հատուկ ռեժիմի ճամբարը քաղաքական բանտարկյալների համար: Հենց այստեղի մեկուսարանում է մահացել, իսկ որոշ տվյալների համաձայն՝ սպանվել է ուկրաինացի մեծ բանաստեղծ Վասիլ Ստուսը:

Կուչինոյում հանդիպեցի հատուկ ռեժիմի տարածքի մի քանի նախկին կալանավորների, որոնց հաջողվել էր գոյատեւել այդ անմարդկային պայմաններում` ուկրաինացի Վասիլ Օվսիենկոյին ու լիտվացի Բալիս Գայաուսկասին: Չգիտեմ՝ նրանք այժմ կենդանի՞ են (հուսով եմ՝ ողջ են ու առողջ), բայց հիշում եմ նրանց հետ զրույցներս: Շատ լավ հիշում եմ Օվսիենկոյի պատմությունն այն մասին, որ երբ 1988 թվականի վերջին նրանք վերադարձան Ստուսի աճյունի հետեւից, որպեսզի այն մեծարանքով վերաթաղեն Ուկրաինայում, հայտնաբերեցին, որ նախկին բանտարկյալներից մեկի գերեզմանը դատարկ է: Ինչպես պարզվել է հետագայում, դեռ 1988 թվականի սկզբին, առանց տեղի իշխանությունների թույլտվության, ճամբարի երբեմնի բանտարկյալներ Աշոտ Նավասարդյանն ու Վարդան Հարությունյանը, ինչպես նաեւ նրանց ընկերներից մեկը, գիշերը գաղտնի արտաշիրմել են Իշխան Մկրտչյանի դին, ում կախված էին գտել 1985թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Արտաշիրմումը նկարահանվել էր տեսախցիկով. այդ եւ այլ տեսագրությունները ես գտա եւ նվեր ուղարկեցի Թանգարանին:    

Բայց այդ մասին չէի ցանկանում պատմել: 16 տարատեսակ արգելքներ էին բաժանում  այդ բանտի կալանավորներին հարաբերական ազատությունից: Փշալարը, երեք մետրանոց պատերը, հոսանքալարը, հսկիչները շներով, աշտարակները հրացանակիրներով. այդ ճամբարից փախչելն անհնարին էր: Բայց ի՞նչ էին արել այդ մարդիկ, ի՞նչ մեղք էին գործել, որ նրանց պետք էր այդպես մեկուսացնել հասարակությունից: Նրանք ընդամենը խոսում էին ազատության մասին, երազում էին իրենց երկրների անկախության մասին, ցանկանում էին, որպեսզի իրենց ազգերն իրավունք ունենան ինքնուրույն որոշել՝ ուր գնալ ու ինչի ձգտել: Այսօր դժվար է դրան հավատալ, բայց այն ժամանակ՝ նախորդ դարի 80-ական թվականներին, ԽՍՀՄ-ի գերուժեղ իշխանությունն իսկապես կարծում էր, թե այդ մի բուռ այլախոհներն իրական վտանգ են ներկայացնում, եւ նրանց հարկավոր է մեկուսացնել…  

Կարծում եմ՝ խոսքի ազատությունը անկախ Հայաստանի իրական նվաճումներից մեկն է, իսկ ինքը անկախությունը՝ հայ ժողովրդի բազմադարյա երազանքը: Կատարված երազանքը: Եվ ոչ մի երշիկով այն չես փոխարինի…

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է, ԵՊՀ դասախոս:           
  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին