Մենք եւ մեր ֆեոդալիզմը - Mediamax.am

Մենք եւ մեր ֆեոդալիզմը
7368 դիտում

Մենք եւ մեր ֆեոդալիզմը


Եթե որպես հիմք վերցնենք դարաշրջանների խորհրդային դասակարգումը, ապա եւ Ռուսաստանը, եւ մեծ մասամբ Հայաստանը ապրում են ֆեոդալական կարգերի ներքո: Մեզ շրջապատող ժամանակակից սարքերը, հեռուստատեսությունը, հասարակության ընդհանուր զարգացման մակարդակը խաբուսիկ տպավորություն են ստեղծում, թե մենք կապիտալիստական երկիր ենք: Սակայն դա խաբկանք է, քանի որ գերիշխող տնտեսական գործոնը ոչ թե շուկան է, այլ ռեսուրսը:

Հակիրճ բացատրեմ, թե ինչ ի նկատի ունեմ, եւ թե դա ինչպիսի հետեւանքներ ունի մեր քաղաքական ու տնտեսական ապագայի համար:

Երբ Մարքսն ու Էնգելսը, իսկ նրանցից հետո նաեւ Լենինը պատմությունը նկարագրում էին որպես տնտեսական ֆորմացիաների հերթափոխ, նրանք մի փոքր խորամանկում էին: Երբեք, ոչ մի ժամանակաշրջանում մաքուր ֆորմացիա չի եղել: Միշտ եղել է տարբեր տնտեսական հարաբերությունների ինչ-որ խառնուրդ:

Ֆեոդալական Հայաստանի ժամանակահատվածում, երբ հողը պատկանում էր իշխաններին (մեզ համար բարենպաստ տարիներին նույնիսկ թագավորներ ենք ունեցել), եւ բոլոր պատմական նախանշաններով տիրում էր բացարձակ ֆեոդալիզմ, կային քաղաքներ, որտեղ վարպետներ էին աշխատում ու ստեղծում էին ապրանքներ, որոնք վաճառվում էին ազատ շուկայում: Բայց դա եղել է գոյատեւելու, այլ ոչ թե հարստանալու միջոց: Այն ժամանակները ֆեոդալական էին, քանի որ զուտ տնտեսական առումով հողը ամենամեծ եկամուտն էր ապահովում եւ այն ընդլայնելի էր: Այսինքն, նվաճելով նոր հողեր՝ կարելի էր ավելացնել եկամուտները: Ունենալով եւ ընդլայնելով այդ ռեսուրսը՝ կարելի էր հարստանալ, հետեւաբար, քաղաքական իշխանություն ձեռք բերել: Պետք է նկատել, որ եղել են ազգեր, որոնք երբեւէ ֆեոդալիզմի ուղիով չեն անցել: Օրինակ, քոչվորները: Նրանք այդպիսի ռեսուրս չեն ունեցել, եւ նրանց համար գոյատեւման եղանակը անասնապահությունն էր, իսկ հարստանալու միջոցը՝  կողոպուտը:

Հետագայում տեխնոլոգիաների զարգացումը Եվրոպայում հանգեցրեց նրան, որ իրավիճակը փոխվեց. եվրոպացիները սովորեցին ընդլայնել արտադրությունը եւ այն դարձավ հարստանալու միջոց, թեեւ մի բավական երկար ժամանակահատված հողի տնօրինումը շարունակում էր մրցակցել արտադրության հետ: Բայց հետո արտադրությունն, այնուամենայնիվ, հաղթեց, եւ մենք «ֆորմացիաների փոփոխության» ականատեսը եղանք: Պարզ ասած, իշխանության եկան կապիտալիստները՝ մարդիկ, ում ձեռքում կենտրոնացված էր հարստությունը:

Այսպիսով, այն, ինչը կոմունիզմի դասականները մեկնաբանում էին որպես պատմական գործընթաց, իրականում կարելի էր բնութագրել շատ ավելի պարզ. իշխանության միշտ  գալիս են այն մարդիկ, ովքեր տիրապետում են հարստացմանը տանող տնտեսական մեխանիզմներին: Այլ կերպ ասած, իշխանությունը ծառայում է նրանց, ովքեր ամենահարուստն են երկրում: Իսկ բազմազան գաղափարական շղարշներն
անհրաժեշտ են զուտ նրա համար, որպեսզի իշխանությունը գաղափարական ճիշտ «ճակատամաս» ունենա` իր նախատիպի հետ քիչ ընդհանրություններ ունեցող հին հունական ժողովրդավարության ժամանակակից կրկնօրինակը, կամ էլ մշտապես անհասանելի կոմունիզմի գաղափարները: Թագավորներն ընտրվում էին Աստծո կողմից, ժողովրդավարական իշխանությունն իբրեւ թե ընտրվում է ժողովրդի կողմից: Անձամբ ես առաջինին ավելի շատ եմ հավատում, քան երկրորդին:

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ո՞րն է կապիտալիզմի ու ֆեոդալիզմի սկզբունքային տարբերությունը, այսինքն, գործեր կատարող մարդկանց իշխանության տարբերությունը հող ունեցող մարդկանց իշխանությունից: Էությունն այն է, որ ֆեոդալիզմը ռեսուրսի իշխանությունն է, այսինքն, ձեր առաջնային խնդիրը արտադրության կազմակերպումը չէ, ձեր խնդիրը կայանում է նրանում, որպեսզի հսկողություն ձեռք բերեք ինչ-որ ռեսուրսի նկատմամբ (հող, նավթ, խողովակ, ճանապարհ եւ այլն) եւ հարստանաք այլ մարդկանց աշխատանքի հաշվին:

Այժմ, տեսական եւ պատմական նախապատրաստումից հետո, վերադառնանք Հայաստանին ու մեր իրողություններին: Եկեք հարցնենք ինքներս մեզ՝ Հայաստանում ո՞րն է արագ հարստանալու ամենահեշտ տարբերակը: Արտադրությամբ զբաղվե՞լը: Իհարկե՝ ոչ. արտադրությունը Հայաստանում մեծամասամբ շահավետ չէ, առավել եւս, մեծահարուստ դառնալու միջոց չէ: Հայաստանում հարստանալու համար անհրաժեշտ է վերահսկողություն ձեռք բերել ինչ-որ ռեսուրսի նկատմամբ: Այդ պատճառով Հայաստանը ֆեոդալական երկիր է 21-րդ դարում: Ժամանակակից ֆեոդալներին մենք «օլիգարխ» ենք անվանում, բայց նկատենք, որ նրանք էապես տարբերվում են կապիտալիստական օլիգարխներից: Վերջինները տնօրինում են տնտեսության մեծ հատվածներ, որոնց շահերը պաշտպանում են: Մեր օլիգարխները վերահսկում են ռեսուրսը:  

Ո՞րն է ժամանակակից եւ պատմական ֆեոդալի սկզբունքային տարբերությունը: Ինչո՞ւ ենք մենք ռոմանտիկ ընկալում հնագույն ժամանակների իշխաններին ու ասպետներին եւ հակակրանքով ենք վերաբերվում ժամանակակից ֆեոդալներին: Պատճառը շատ պարզ է. նախկին ֆեոդալը մարդկանց կարիքն ուներ: Առանց գյուղացիների հողը անապատի կվերածվեր եւ ոչինչ չէր տա: Թշնամին, որը զավթում էր քո հողը, առաջին հերթին սպանում կամ վտարում էր գյուղացիներիդ, այրում էր նրանց տները, ավերում էր արոտավայրերը ու ոչնչացնում էր բերքը՝ մարդկանց մատնելով սովի ու մահվան: Դրանով նա քեզ զրկում էր տնտեսական հենքից, հարստանալու հնարավորությունից: Այդ պատճառով էլ այն ժամանակվա ֆեոդալները ստիպված էին վտանգել սեփական կյանքը, որպեսզի պաշտպանեն գյուղացիներին, նրանց համար ապաստաններ էին ստեղծում ամրոցների տեսքով եւ հոգ էին տանում նրանց մասին: Ժամանակակից ֆեոդալներին մարդիկ պետք չեն: Վերջիններս նրանց համար լավագույն դեպքում քայլող դրամապանակներ են: Այդ պատճառով մեր բոլոր խնդիրներն ու հոգսերը նրանց համար միայն քամի են պատուհանից այն կողմ: Նրանք ցինիզմ են տածում մեր նկատմամբ, եւ այդ պատճառով մենք նրանց չենք սիրում: Բայց ինչպիսիք իշխանությունը ձեւավորող մարդիկ են, այնպիսին էլ իշխանությունն է:  

Դուք կհարցնեք. դեպի լավը փոխվելու հույս կա՞: Խնդիրն այն է, թե ինչը մենք կհամարենք լավը մեզ համար: Որպեսզի իշխանությունը ծառայի ժողովրդին, գերիշխող տնտեսական ուժը պետք է ժողովրդի կարիքն ունենա՝ որպես հարստանալու միջոցի: Մեզ անհրաժեշտ են նոր ժամանակների ասպետներ, ովքեր կպայքարեն մարդկանց համար: Կտեսնե՞նք մենք արդյոք նրանց: Այո, իհարկե, եւ դա միայն ժամանակի խնդիր է: Իսկ այն մասին, թե ինչպես դա տեղի կունենա, կխորհենք առաջիկա սյունակներից մեկում:

Արամ Փախչանյանը “Այբ” կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին