Նոր ղեկավարներ` նոր տնտեսության համար - Mediamax.am

Նոր ղեկավարներ` նոր տնտեսության համար
6856 դիտում

Նոր ղեկավարներ` նոր տնտեսության համար


Ինչպիսի՞ն է Հայաստանի ապագան: Պատասխանի համար հարկավոր է ետ գնալ դեպի անցյալ: ԽՍՀՄ-ում Հայաստանն առաջին դիրքերում էր բարձրագույն կրթություն ունեցող եւ գիտության ասպարեզում աշխատող մարդկանց թվի հարաբերական (բնակչության մեկ շնչին բաժին ընկնող) ցուցանիշով:

Եւ ի՞նչ, կհարցնեք դուք: ԽՍՀՄ-ում ոչինչ հենց այնպես չէր արվում: Խելացի մարդիկ այն ժամանակ պարզել էին, որ դա տեղի բնակչության տնտեսապես ամենաարդյունավետ կիրառությունն է:

Այժմ իրավիճակն առավել եւս նման հետեւությունների կոչ է անում: Դա են թելադրում համաշխարհային տնտեսության մարտահրավերները, միջազգային մրցակցությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը: Այսպիսով, մեր բնակչությունը մոտ ապագայում հիմնականում վաստակելու է ուղեղով:

Դա շատ լավ է, բայց մեզ հարկավոր կլինեն ղեկավարներ, ովքեր կկազմակերպեն այդպիսի աշխատանքը: Այս հոդվածը նրանց համար է, ովքեր ցանկանում են ղեկավարել խելացի մարդկանց: Նաեւ խելացի մարդկանց համար է, ովքեր ցանկանում են իրենց համար ընտրել լավ ղեկավարների:

Ինչպիսի՞ն է դասական ղեկավարի կերպարը դասական արդյունաբերության մեջ: Դա «պետն» է, ով ասում է, թե ինչ պետք է անել: Որտեղի՞ց նրան հրահանգելու իրավունք: Այն բխում է նրանից, որ արտադրության միջոցների սեփականատերը նրան իրավունք է տվել տնօրինել իր սեփականությունը, իսկ դուք ընկալվում եք որպես այդ սեփականության (սարքավորում, գործիք) անխուսափելի հավելվածը, որն ըստ նախատեսված տեխնոլոգիայի պետք է անհրաժեշտ արդյունք տա: Արդյունքը ստանդարտ է, դրա որակը հեշտությամբ վերահսկվում է, հենց դա է անում պետը (անձամբ կամ ենթակաների միջոցով)` ընդունելով ձեր աշխատանքը:    

Գիտելիքի տնտեսության մեջ այդպիսի մոտեցումը չի գործում: Նախ, սեփականությունն այնտեղ հիմնականում նվազագույն դեր է կատարում: Շատ կամ քիչ զարգացած երկրներում այն համադրելի է ամսական աշխատավարձի հետ: Այդ պատճառով ղեկավարը ոչ մի սեփականության չի տնօրինում: Շատ հաճախ դա առհասարակ նրա խնդիրը չէ: Այդպիսի տնտեսություն կառուցելու ողջ արժեքը հանդիսանում է իրենց աշխատանքը կատարելու մարդկանց ցանկության եւ ունակությունների հանրագումարը: Որոշակի իմաստով ստացվում է, որ ղեկավարը ենթականերին ավելի քիչ է հարկավոր, քան ենթակաները ղեկավարին: Վերջինս չի կարող հրամայել, նա պետք է խնդրի: Ինչո՞ւ: Քանի որ միայն ձեզանից է կախված, թե ինչպես եւ ինչպիսի ժամկետներում կկատարեք աշխատանքը, որը երբեւէ ստանդարտ չի լինում, եւ ի սկզբանե առհասարակ հասկանալի չէ, թե ի՞նչ է հարկավոր անել: Ու եթե ղեկավարն իր համար լավ ենթականեր է ընտրել, ապա նրանք շատ ավելի լավ են գիտակցում, թե ինչպես պետք է կատարեն այդ աշխատանքը, թեկուզ միայն այն պատճառով, որ ավելի երկար ժամանակ են ունեցել տվյալ խնդիրը լուծելու համար: Այդ պատճառով գիտելիքի տնտեսության մեջ ամեն ինչ տեղերով փոխվում է. ոչ թե ենթականերն են ծառայում ղեկավարին, այլ ղեկավարը` ենթականերին:

Ղեկավարը նշանակվում է սեփականատիրոջ կողմից որպեսզի ենթակաների համար ապահովի աշխատանքային առավելագույն հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք լինեն առավելագույնս արդյունավետ եւ կայացնեն ճշգրիտ որոշումներ իրենց աշխատանքում: Անկասկած, ղեկավարը նույնպես պետք է սեփական որոշումներ կայացնի, նա պետք է առաջնորդ լինի, թիմին օգնի առաջ շարժվել եւ խնդիրներ լուծել: Երբեմն նրան հանձնարարվում է նաեւ ենթակաների մասնագիտական ուսուցումը: Բայց սոցիալական գերազանցության, հրամաններ արձակելու տարրն առհասարակ անհետանում է: Դրա փոխարեն ի հայտ է գալիս ծառայությունը:

Ղեկավարության հարացույցի նման փոփոխությունը բացարձակ անսպասելի է եւ շատերի կողմից ընկալվում է որպես լուրջ խնդիր: Այն երկրներում, ուր սոցիալական բուրգեր են տիրում, դա լուրջ խնդիրների է հանգեցնում:

Մենք եւս պետք է լուծենք այդ խնդիրը: Մենք նույնպես, ցավոք, հակված ենք ուղղահայաց սոցիալական դերակատարություններին եւ այնքան էլ լավ չենք ընկալում ղեկավարի` որպես իր ենթակաների մոտ ծառայող անձի հայեցակարգը: 

Այդ հայեցակարգը հատկապես կարեւոր է, եթե մենք հավակնում ենք նորարարությունների ազգ լինելու: Նորարարությունը միշտ ծնվում է գաղափարներից եւ դրանց բախումներից: Որպեսզի գաղափարները ստեղծվեն, աճեն եւ միահյուսվեն, ղեկավարները պետք է ստեղծեն հատուկ միջավայր, որում իրենց աշխատակիցները տրամադրված կլինեն ստեղծել նորն ու հետաքրքիրը:

Նորարարությունները չեն ապրում այն աշխարհում, որտեղ ինչ-որ մեկը հրամայում է: Դրանք թիմային աշխատանքի արդյունք են` բաղկացած բազմաթիվ անձանց ներդրումներից, նրանց մտքի թռիչքից եւ ստեղծագործությունից: 

Նոր տնտեսության մեջ տեղ գտնելու համար մենք պետք է փոխվենք, ընդ որում` շատ արագ: Նախկին սոցիալական կաղապարները պետք է մնան անցյալում: Ահարկու հայացքով, ցմփոր «մեծ բոսս»-ին պետք է փոխարինի խելացի եւ համեստ, բայց միաժամանակ վճռական եւ նպատակասլաց մարդը, ով պատրաստ է ծառայել ոչ միայն իր ընկերությանը, այլեւ իր ենթականերին:   

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին