Օտար կյանք, կամ օտարության կորուստները - Mediamax.am

Օտար կյանք, կամ օտարության կորուստները
20464 դիտում

Օտար կյանք, կամ օտարության կորուստները


Այն մասին, որ մեր հայրենակիցները հեռանում են Հայաստանից, չեն խոսում միայն ալարկոտները: Մամուլում ոչ մի անգամ չեմ տեսել այդ երեւույթի պատճառների համակարգված վերլուծությունը, փոխարենը տարբեր մարդկանցից բազմիցս լսել եմ` «որովհետեւ մեր երկիրն է այդպիսին»: Իրական պատճառների մասին մենք կխոսենք հաջորդ սյունակում, իսկ այս մեկը նվիրենք նրան, թե ի՞նչ է սպասվում մեր մարդկանց սահմանից այն կողմ` որ երկիր էլ նրանք մեկնեն:

Եթե դուք երիտասարդ եք եւ միայնակ, տեղափոխվելով այլ երկիր, թվում է, ոչինչ չեք կորցնում: Չէ՞ որ ամենուր կարելի է գտնել հայերի, իսկ շատ հաճախ այնտեղ արդեն ապրում են ձեր ընկերները: Բացի դրանից, չունեք որեւէ սոցիալական պատասխանատվություն, կա նույնիսկ որոշակի անպատասխանատվություն: Բայց բոլոր կորուստները սկսվում են հենց այդ տարիքից:

Առաջին զգալի կորուստը ինքնանույնականացման կորուստն է: Մարդիկ սոցիալական էակներ են, եւ մենք մեզ նույնականացնում ենք այն սոցիումի միջոցով, որի ներկայացուցիչներն ենք: Հայտնվելով օտար միջավայրում` հայը ստիպված է դառնալ ավելի «քիչ հայ» եւ ավելի շատ` իր համար նոր սոցիալական միջավայրի ներկայացուցիչ: Դա անխուսափելի է: Այդպիսի փոխակերրպումը կարող է լինել զվարճալի կամ նույնիսկ հրապուրիչ, եթե այն ժամանակավոր է: Օրինակ, դուք կարճ ժամանակով մեկնել եք Անգլիա եւ փորձում եք ապրել որպես անգլիացի, մտնել նրա «կաշվի մեջ»: Դա կարող է դուր գալ եւ զվարճացնել: Բայց եթե դա ոչ թե ժամանակավոր է, այլ` ընդմիշտ, դուք ինչ-որ բան կորցնում եք: Որպես մարդ, որպես անհատականություն, դուք զրկվում եք շատ կարեւոր մի բանից, որն այլեւս հնարավոր չէ վերադարձնել: Թեեւ, շատ հայեր արտաքնապես նույնիսկ ուրախ են այդ կորստի համար, նրանք ցանկանում են դառնալ «իսկական ամերիկացիներ», նմանվել «իսկական ռուսների»: Նրանք ցանկանում են, որպեսզի իրենց երեխաները խոսեն առանց ակցենտի, ոչնչով չտարբերվեն իրենց տեղացի հասակակիցներից: Նրանք կարծում են, որ դա իրենց ընտրությունն է: Բայց դա այդպես չէ: Դա կոչվում է «ձուլում»: Այն միշտ առանց ցավի է եւ նույնիսկ ցանկալի: Մինչեւ ինչ-որ մի պահ, երբ արդեն ուշ է լինում: 

Բայց այդ առաջին կորստով ամեն ինչ չի ավարտվում: Դուք մեծանում եք, ընտանիք կազմում (կամ մեկնում եք ընտանիքի հետ), ծնվում են երեխաները: Ռուսաստանում կամ այլ երկրներում ապրող հայ երեխաների մեծ մասը հայերեն գրել եւ կարդալ չեն կարող: Նրանք հայերենով չեն մտածում, չգիտեն գրական խոսքը, եւ հայերեն բառերը միջարկում են ռուսերեն բառերով: Նրանց երեխաներն արդեն չեն ճանաչի մայրենի լեզուն եւ շատ հավանական է, որ իրենց համարեն ռուս (ամերիկացի, ֆրանսիացի եւ այլն): Դուք կփորձեք երեխաների հետ խոսել հայերեն, կձգտեք, որ նրանք հետեւեն մեր որոշ ավանդույթներին, իսկ նրանք կընդդիմանան եւ կհամարեն, որ դուք նրանցից եք, ում մասին հարեւանի երեխաները ծնողների խոսքերով ասում են «понаехали тут», եւ կթաքցնեն իրենց ծագումը:

Միգուցե, ձեր բախտը կբերի, եւ հարեւանությամբ կգործի կիրակնօրյա դպրոց, եւ ձեր երեխաներին նպատակաուղղված կսովորեցնեք ձեր լեզուն ու մշակույթը: Մեր հայրենակիցների մի քանի տոկոսը փորձում են դա անել արտասահմանում: Բայց նրանց երեխաները չեն հասկանում, թե ինչի համար պետք է իմանան հայերենը. ծնողները, միեւնույն է, հեռացել են Հայաստանից, քանի որ «այնտեղ վատ է», իսկ իրենց հորաքույրը, հյուր գալով, ամեն անգամ վատաբանում է հայերին եւ ասում, որ իրենց «երկիրը երկիր չէ, եւ ազգը ազգ չէ»: Ինչո՞ւ լինել փոքր, անհեռանկարային, մահացող ազգի ներկայացուցիչ, եթե կարելի է դառնալ մեծ, ուժեղ, հաջողակ ազգի մասնիկը:

Կարծում եք դրանով կորուստներն ավարտվո՞ւմ են: Հնարավոր է, սկզբում փոփոխությունների էյֆորիայից դուք դա չզգաք: Բայց որոշ ժամանակ անց, երբ ամեն ինչ հանդարտվի, կհասկանաք, որ նոր վայրում չկա այն ամենը, ինչն այնքան բնական էր ձեզ համար տանը: Ձեզ շրջապատող մարդկանց առկայության մանր դրսեւորումները, որոնք արդեն սովորական էին դարձել ձեզ համար եւ կարեւոր բովանդակություն էին հաղորդում ձեր կյանքին, կանհետանան: Դրանց փոխարեն ի հայտ կգան ուրիշները` անսովոր եւ օտար ձեր համար, որոնց պետք է սովորեք: Շատ բաների դուք մինչեւ կյանքի վերջը չեք կարող ընտելանալ: Իհարկե, եթե տեղափոխվեք որեւէ հայկական անկլավ, օրինակ, Լոս-Անջելես, ձեզ կարող է թվալ, թե կարելի է այնտեղ ապրել նույն կերպ, ինչպես հայրենիքում: Բայց դա պատրանք է, քանի որ հայերն Ամերիկայում նախեւառաջ ամերիկացիներ են: Եվ դուք բավականին արագ դա կզգաք: Դա ուրիշ աշխարհ է, եւ մարդիկ այնտեղ իրենց պահում են բացարձակ այլ կերպ:

Կարելի՞ է արդյոք, չնայած այս բոլոր կորուստներին, երջանիկ զգալ հայրենիքից դուրս: Այո, կարելի է: Դուք կարող եք ապրել երջանիկ, իրադարձություններով լի կյանքով: Բայց դա չի լինի ձեր կյանքը: Դա կլինի օտար կյանք, քանի որ դուք ստիպված կլինեք օտարանալ ինքներդ ձեզանից: Դուք ստիպված կլինեք դառնալ օտար սոցիումի անդամ, որը ձեզ երբեք չի ճանաչի որպես յուրային, դուք հաճախ ստիպված կլինեք շփվել ձեզ համար օտար մարդկանց հետ, ովքեր ձեզ չեն հասկանում եւ երբեք չեն հասկանա: Դուք ստիպված կլինեք կիսել այդ հասարակության նպատակները, թեեւ դրանք օտար են ձեզ, եւ հպարտանալ նրա պատմությամբ, թեեւ այն ձեր հետ ոչ մի կապ չունի: Դուք կմահանաք օտար մարդկանց շրջապատում եւ կթաղվեք օտար հողում: Դուք կհիշեք հարազատ հողը, սենտիմենտալ արցունք կթափեք եւ կձեւացնեք, որ դուք չեք լքել ձեր հայրենիքը, այլ նա է ձեզ ստիպել հեռանալ: 

Շատերը, ոքեր այժմ հեռանում են Հայաստանից, այդ մասին չգիտեն: Գիտակցումը արագ չի լինում: Կորուստների ծավալը հասկանալի է դառնում ժամանակի ընթացքում:    

Ես Ռուսաստանում ապրում եմ 25 տարի: Ես սիրում եմ այն, նա իմ երկրորդ հայրենիքն է: Բայց, չնայած դրան, ես կրել եմ նույն կորուստները: Եվ, ցավոք, դրանք արդեն ոչնչով չես լրացնի:

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին