5 հարց ֆեյքերի դեմ օրինագծի հեղինակներին - Mediamax.am

5 հարց ֆեյքերի դեմ օրինագծի հեղինակներին
8145 դիտում

5 հարց ֆեյքերի դեմ օրինագծի հեղինակներին


Վերջերս զվարճալի դեպք պատահեց. ծանոթներիցս մեկը խնդրեց “լայքել” Ֆեյսբուքում մի առեւտրային կազմակերպության էջը: Իմ պատասխանին, որ սկզբունքորեն նման էջեր չեմ “լայքում”, ասաց. “Ինչո՞ւ՝ կողքից աքաունթ չունե՞ս”: Եվ այդպես էլ չհավատաց, որ չունեմ եւ երբեք էլ չեմ ունեցել որեւէ ֆեյք:

Ինչո՞ւ եմ սա պատմում: Անանուն եւ կեղծ օգտատերերն աչքիս լույսը չեն, միշտ դեմ եմ եղել դրանց գրառումների վերահրապարակմանը ԶԼՄ-ներում: Ավելին, այն կայքերը եւ թերթերը, ովքեր դա անում են, ԶԼՄ չեմ համարում: Մյուս կողմից, չեմ հասկանում քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնողներին, որոնց թվում են իմ կողմից շատ հարգված մի քանի պատգամավորներ: Եվ քանի որ արդեն մի քանի օր ինձ մեղադրում են հարցը խեղաթյուրելու, սխալ մեկնաբանելու համար, լրագրողին պատշաճ ոճով փորձեմ հեռակա կարգով նրանց իմ հարցերն ուղղել: Եվ խոստանում եմ սպառիչ պատասխաններ ստանալու դեպքում կանգնել նրանց կողքին եւ պայքարել հանուն այդ օրենսդրական փոփոխությունների ընդունման: Ահավասիկ.

1. Ինչպե՞ս է դատարանը, վիրավորված անձը կամ ԶԼՄ-ն պարզելու կամ ապացուցելու, որ այս կամ այն օգտատերը կեղծ է, եթե ամերիկյան “Ֆեյսբուք” կորպորացիան նման տեղեկություն է տրամադրում միայն համապատասխան երկրի համապատասխան իրավապահ կառույցի (ասենք՝ ոստիկանության) գրավոր հարցման դեպքում, այն էլ միայն այն դեպքում, երբ տվյալ անձը կասկածվում է ԾԱՆՐ հանցագործություն /սպանություն, ահաբեկչություն եւ այլն/ կատարելու մեջ, եւ հարցումը կատարված է ԱՄԵՐԻԿՅԱՆ օրենսդրության համաձայն, իսկ վիճակագրության համաձայն դա միայն դեպքերի չնչին մասն է:

2. Արդյո՞ք ֆեյքերի միջոցով զրպարտանքն ու վիրավորանքը զուտ հայկական երեւույթ է, եւ եթե ոչ, ապա Եվրոպայի Խորհրդի անդամ քանի երկիր է համանման օրենք ընդունել եւ կիրառում: Եթե նման երկիր, նման փորձ չկա, չե՞ք վախենում արդյոք, որ օրինագիծը կարժանանա ԵԽ փորձագետների բացասական գնահատականի եւ կորակվի որպես արտահայտվելու ազատությունը սահմանափակող:

3. Արդյո՞ք գործող օրենքը, սոցիալական ցանցերի կարգավորումները եւ ՀՀ դատարանների եւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի ընդունած պրեցեդենտային որոշումները բավական չեն հարցին պատշաճ լուծում տալու համար:

4. Ձեր հարցազրույցներում դուք բազմիցս նշում եք, որ օրենսդրական փոփոխությունների գաղափարը ծագել է շուրջ մեկ տարի առաջ եւ որ դրանց նախապատրաստական աշխատանքներին մասնակցել են պատգամավորներ բոլոր խմբակցություններից: Նման միասնականությունը չի կարող չուրախացնել, սակայն ցանկալի է իմանալ, թե ժուռնալիստական ո՞ր կազմակերպության, հաստատության կամ անհատ փորձագետի հետ եք խորհրդակցել նման գործ նախաձեռնելուց ի վեր:

5. Արդյո՞ք ընդամենը մի քանի կայքի պատասխանատվության կանչելու համար պետք էր նման նախաձեռնություն ցուցաբերել եւ դեմ տրամադրել ամբողջ ժուռնալիստական հանրությանը, եթե դուք բոլորդ հրաշալի գիտեք՝ ովքեր են կանգնած այդ կայքերի ետեւում եւ ում պատվերն են կատարում, առավել եւս որ նրանցից շատերը ձեր գործընկերներն են:

Ճանաչելով օրենսդրական նախաձեռնության հեղինակներից շատերին, համոզված եմ, որ սկզբունքորեն նրանք լավ բան են ուզում անեն, բայց, ինչպես ասում են, “դժոխքի ճանապարհը եւս բարի մտադրություններով է կառուցված”: Խորհրդարանում եւ կառավարությունում կան բազմաթիվ մարդիկ, ում անունն արատավորվում է, պատիվն ու արժանապատվությունը՝ վիրավորվում նույն այդ ֆեյքերի կողմից: Մի մասինը՝ անարդար: Ոչ ոք չի կարող արգելել նրանց պայքարել սեփական համբավի համար, առավել եւս, որ դրա համար բոլոր անհրաժեշտ գործիքներն առկա են: Իմ համոզմամբ, պետք չէ հորինել մեքենայի 5-րդ անիվը, հատկապես եթե չգիտես, թե դրա տակ ով կընկնի:

Դավիթ Ալավերդյանը Մեդիամաքսի գլխավոր խմբագիրն է եւ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիաների դասախոս:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին