Երկու Հայաստան - Mediamax.am

Երկու Հայաստան
20366 դիտում

Երկու Հայաստան


Հայաստանը գնալով բաժանվում է երկու «ենթաերկրի»: Խուճապի մատնվելու կարիք չկա: Իրականում սա շատ կարեւոր եւ օգտակար գործընթաց է: Որպեսզի հասկանանք, թե ինչո՞ւ, դիմենք մեկ այլ երկրի օրինակին:

Ուկրաինայի դեպքերի սկզբնակետում իմ ֆեյսբուքյան շրջապատը բացահայտ նախանձում էր. «Տեսեք է, մարդիկ ինչ համարձակ պայքարում են, ինչպես են իշխանություններին պարտադրում իրենց կամքը»: Որոշ ժամանակ հետո եկավ սթափությունը, եւ նախկին նախանձը վերածվեց զուսպ եւ ծանր սպասման՝ ինչո՞վ կավարտվի այս ամենը: Դժվար թե մեզանում շատերը ցանկանային, որպեսզի նման դեպքերը Հայաստանում կրկնվեին: Ո՞րն է այն դժգույն իրողության պատճառը, որը հասցրել է Ուկրաինան տնտեսական կործանման եւ քաղաքական սուր ճգնաժամի եզրին:

Պատճառն այն է, որ ներկայիս իրականության մեջ ամեն երկիր պետք է ունենա իր գոյատեւման բանաձեւը եւ իմաստը: Նախկինում, երբ մարդաքանակն եւ հողատարածքն էին տնտեսական գոյատեւման հիմնական գրավականները, երկրները գոյանում էին տարածքային սկզբունքով, եւ սահմանները ձեւավորվում էին կամ բնական արգելքների երկայնքով, կամ անընդհատ պատերազմների արդյունքում: Հողի համար կրած մարդկային կորուստները սրբացնում էին սահմանները եւ պայքարը դրանց համար դառնում էր ժողովրդի գոյության կարեւոր իմաստներից մեկը:

Ներկայումս հողատարածքի համար պայքարն համարյա անիմաստ է դարձել, ու վաղուց արդեն սահմանագծերի շուրջ վեճերն ավելի շատ ներքին քաղաքական բնույթ են կրում, քան իրական միջպետական խնդիր են հանդիսանում: Իսկ պատերազմները վերածվել են դիվերսիոն պայքարի, երբ սահմանը խախտելու փոխարեն ներքին սուր քաղաքական պայքար է հարուցվում թշնամի երկրում, որը զինված հակամարտության է բերում, եւ դրա միջոցով երկրին քաղաքական եւ տնտեսական ծանր հարված է հասցվում: Սիրիայի ճգնաժամը դրա փայլուն օրինակն է: Ուկրաինան մեկ այլ օրինակ դարձավ:

Իհարկե, հողը հեշտությամբ ոչ ոք չի հանձնում, սակայն այն չէ, որ այլեւս պայմանավորում է ժողովրդի զորությունը եւ երկրի տնտեսական վիճակը:

Այսպիսով, միայն հողատարածքի շուրջ միավորվելն ինքնըստինքյան ոչ տնտեսական, ոչ էլ պաշտպանական կամ քաղաքական խնդիրներ չի լուծում: Աղքատ եւ հարուստ մարդկանց մեկ ընդհանուր գաղափար եւ նպատակ պետք է միավորի: Ուկրաինան դրա միանշանակ ապացույցն է՝ լինելով տարածքի եւ մարդաքանակի առումով բավականին հզոր երկիր (նախկին ԽՍՀՄ-ում այն երկրորդն էր Ռուսաստանից հետո տնտեսական զարգացման բոլոր չափանիշներով), ԽՍՀՄ փլուզումից 23 տարի անց չի կարողանում կայանալ: Չի կայանում հենց այն պատճառով, որ բացի իր տարածքից եւ որոշ չափով ազգային միասնությունից, այն ուրիշ իմաստավորում չի գտնում: Այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչպես կընթանա երկրի նոր իշխանությունների կազմավորման գործընթացը, եւ ինչպիսի զարգացում կստանա հեղափոխությունը, որը բացահայտ ազգամոլական երանգ ունի: Սակայն պարզ է, որ ամբողջապես վարկաբեկված իշխանությունների վերացումը անմիջական արդյունքի չի բերի, քանի որ երկրի առաջ ծառացած խնդիրներն ահավոր են, եւ դրանց լուծման պարզ միջոց չի երեւում: Եվ չկա մի գաղափար, որը մարդկանց համախմբվելու եւ երկիրը առաջ մղելու համար ուժ կտա: Նաեւ առաջնորդ չկա, որը կկարողանա միավորել մարդկանց եւ ուղղորդել նրանց:

Վերադառնանք Հայաստանին: Մինչեւ հիմա մենք շարժվում ենք գրեթե նույն ճանապարհով, ինչ Ուկրաինան` ընթանում ենք դեպի ապագա առանց հասկանալու, թե ո՞ւր ենք գնում ու ինչու:

Դոստոեւսկին գրել է՝

Если нации небудут жить высшими, бескорыстными идеями и высшими целями служения человечеству, а только будут служить одним своим "интересам", то погибнут эти нации несомненно, окоченеют, обессилеют и умрут.

Ուկրաինացիների շնորհիվ մենք կարող ենք հիմա սթափ գիտակցել, թե ո՞ւր է բերում անիմաստ գոյության ճանապարհը: Միայն տարածքի պահպանման եւ ազգի գոյատեւման խնդիրներով տարված, մենք դատապարտված ենք վաղ թե ուշ ընկնել նման քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի գիրկը: Ընթացքը մոտավորապես նույնն է լինելու՝ քաղաքական պայքարների ելեւէջների մեջ ընկած, առանց համախմբող գաղափարի եւ տնտեսական որեւէ նվաճումների, ցանկացած իշխանությունից դժգոհ, օլիգարխների քաշքշուկների զոհ դարձած, մենք անխուսափելիորեն քաղաքական եւ տնտեսական ճգնաժամի մեջ ենք հայտնվելու: Որքան տնտեսական վիճակը սրվի, այնքան ավելի համառորեն եղած իշխանությունը կձգտի ամեն կերպ պահպանել իր դիրքերը, քանի որ սուղ տնտեսական ռեսուրսների վրա իշխելու իրավունքը կյանքի եւ մահու պայքարի առարկա կդառնա: Այդ պայքարը հեշտությամբ կարող է ներքին սուր հակամարտության վերածվել, իսկ արտաքին թշնամիների «բարեփոխումներին» ուղղված կոչերը եւ գաղտնի քաղաքական խաղերը միայն կհրահրեն այդ գործընթացը:

Այս ամենից խուսափելու համար ամեն երկիր եւ ազգ պետք է իմաստներ փնտրի, միավորվի դրանց շուրջ, եւ արագ զարգացման միջոցներ հայթայթի դեպի ազգի ընդհանրական նպատակները:

Հզոր ազգերը հստակ իմաստներ ունեն: Մենք էլ պետք է գտնենք դրանք: Խնդիրն այն է, որ այդ իմաստավորումը հնարավոր չէ գտնել ժամանակակից Հայաստանում, քանի որ այն ընդամենը նախկին ԽՍՀՄ-ից պահպանված բեկոր է, որն աշխարհում իր սեփական առաքելությունը չի գտել:

Սակայն մի բան մեզ տարբերում է Ուկրաինայից: Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս արդեն կազմավորվել է մարդկանց մի զգալի բազմություն, որոնք գիտակցում են խնդիրը: Նրանք հետեւողականորեն, հաճախ համագործակցելով, կառուցում են այն «զուգահեռ» Հայաստանը, որը պետք է դառնա ապագա երկրի հիմքը: Այդ Հայաստանը շատ է տարբերվելու ներկայիս երկրից: Դժբախտաբար, Ուկրաինայում նման մարդիկ քանակ չկազմեցին եւ ուժ չդարձան:

Ո՞րոնք են այդ նոր երկրի ուրվագծերը: Առաջին հերթին, այն պետք է ժամանակից, բազմակողմանի զարգացած տնտեսություն ունենա: Բազմակողմանի ասելով, պետք է ի նկատի ունենալ, որ բոլոր ուղղություններով զարգանալու հնարավորություն մենք չունենք: Ոչ միայն այն պատճառով, որ երկիրը տարածական շրջապատման մեջ է: Ժամանակակից ինքնապարփակ տնտեսություն ունենալը, ուր ներկայացված են արդի կյանքի պայմաններ ստեղծելու համար անհրաժեշտ բոլոր տեսակի արտադրությունները, ծառայությունները եւ առաքման համակարգերը, պահանջում է առնվազն 350 միլիոն բնակչություն: Նման բնակչությամբ ընդամենը մի քանի երկիր կա աշխարհում, եւ անգամ այդ երկրներում տնտեսության բոլոր ճյուղերն առկա չեն:

Այնպես որ մենք պետք է մասնագիտանանք մի քանի սկզբունքային ուղղությամբ: Ի դեպ, այս իմաստով Ռուսաստանի հետ մաքսային դաշինքի մեջ մտնելը իր դրական եւ բացասական կողմերն ունի: Սակայն դրա մասին պետք է առանձին խոսել, այլապես այս սյունակը չափից դուրս կերկարի:

Եթե պիտի մասնագիտանանք, մասնագետներ են պետք լինելու. որակյալ եւ ճկուն, նորին արագ համակերպվող կադրեր: Ապագա Հայաստանի հիմնաքարերից մեկը որակյալ, միջազգային մակարդակից բարձր որակի կրթությունն է, եւ ինքնակրթվելու միջավայրի ստեղծումը: Միջազգայինից բարձր, քանի որ այլապես չենք կարողանա այլ երկրներին հասնել եւ անցնել: Տնտեսական մրցակցությունում հաղթելը բարգավաճման գլխավոր նախապայմանն է: Նոր գերժամանակակից կրթօջախների ստեղծումը եւ նոր հետաքրքիր միջազգային կրթական համագործակցության ծրագրերը հույս են ներշնչում, որ մոտակա ժամանակներս մենք կրթության ոլորտում լուրջ առաջխաղացում կունենանք:

Որակյալ կադրեր ստանալու համար մենք պետք է նաեւ կարողանաք Հայաստան բերել արտասահմանում հաջողության հասած հայերին: Դրա համար էլ արդեն կարեւոր քայլեր արվել են:

Եվս մի սկզբունքային նախապայման՝ մենք պետք է արագ ինտեգրվենք միջազգային տնտեսական համակարգերի մեջ: Դրան տանող ճանապարհը ոչ թե միջազգային դաշինքներ կքնելն է, այլ հետաքրքիր եւ ապագա ունեցող ընկերություններ ստեղծելն է եւ դրանք միջազգային մեծ ընկերություններին վաճառելը: Ժամանակի ընթացքում նաեւ կարող ենք ունենալ սեփական մեծ ընկերությունները, սակայն այս պահին Հայաստանում գտնվող կապիտալի ծավալները թույլ չեն տալիս միջազգային շուկայում ինքնուրույն արագ աճել եւ ամրապնդվել: Այս գործընթացի խթանման համար մի քանի կարեւոր քայլեր արդեն արված են, բայց դեռ շատ անելիք կա:

Դանդաղ, բայց վստահ, հին Հայաստանի իրականության մեջ խմորվում է նոր Հայաստանը: Ե՞րբ է երկիրը տեղափոխվելու այդ նոր իրականություն: Դժվար է ասել: Բայց գործընթացը, հետզհետե հասունանալով, կարագանա, երբ պահը գա: Ստեղծվելիք նոր իրականությունը միայն այն դեպքում կկայանա, երբ այն կկարողանա ձգողական կենտրոն դառնալ ժողովրդի եւ հիմնական տնտեսական ուժերի համար: Ունենալով տնտեսական զորություն եւ ժողովրդի հավանությունը, նոր Հայաստանի ներկայացուցիչները կտնօրինեն երկիրը: Ներկայիս իշխանությունը պետք է դիտարկել որպես անցումային: Մնում է միայն հուսալ, որ այդ անցումը կկայանա ավելի շուտ, քան Հայաստանը կհայտնվի սուր տնտեսական ճգնաժամի շեմին: Այլապես վերափոխումը կլինի ստիպված, ցավագին եւ զգալի կորուստների կհանգեցնի:

Արամ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի հիմնադիրներից է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին