Թուրքիայի եւ ԻՊ-ի արյունոտ դաշինքը - Mediamax.am

Թուրքիայի եւ ԻՊ-ի արյունոտ դաշինքը
3763 դիտում

Թուրքիայի եւ ԻՊ-ի արյունոտ դաշինքը


Միջազգային ամենահայտնի լրատվամիջոցներում լուրերի հիմնական թողարկումները բացի Էբոլայից վերաբերում են Թուրքիային սահմանակից սիրիական Քոբանի քաղաքում Իսլամական պետության զինյալների ու սիրիացի քրդերի միջեւ ընթացող մարտերին: Ինչպես գիտենք, կոալիցիա է ստեղծվել Իսլամական պետության դեմ պայքարելու համար: Կոալիցիոն ուժերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ավիահարվածներ են հասցնում Իրաքում եւ Սիրիայում տեղակայված իսլամիստ ահաբեկիչների օբյեկտներին (այնինչ սիրիական հակառավարական ուժերը նշում են, որ այդ հարվածները սպասելի արդյունքներ չեն տալիս, բացի այդ՝ զոհվածները հիմնականում խաղաղ բնակիչներ են): ԱՄՆ-ն եւ միջազգային մի շարք կառույցներ կոչ են անում Թուրքիային ակտիվ ռազմական գործողություններով հանդես գալ Սիրիայում ԻՊ զինյալների դեմ պայքարում: ԻՊ-ին ֆինանսապես, մարդկային ու ռազմական ռեսուրսներով աջակցության համար Թուրքիայի հասցեին մեղադրանքներով հոկտեմբերի 7-ին փողոց դուրս եկած քրդերը թուրքական մի շարք քաղաքներ վերածեցին քաղաքացիական պատերազմի իսկական դաշտի. արդյունքում 40 սպանված եւ հարյուրավոր վիրավորներ: Բնականաբար, Թուրքիան անկարգությունների ու չարտոնված երթի մասնակիցներին տվեց ամենակոշտ պատասխանը, ինչին հաջորդեց PKK-ի գրոհայինների ճամբարների ռմբակոծումը:

Չմոռանամ ավելացնել, որ թուրքերը շտապել են քրդական անկարգություններում եւս հայկական հետք տեսնել:

Փորձենք հասկանալ, թե ինչ կատարվեց Թուրքիայում եւ ինչ իրադարձությունների կարող ենք ականատես լինել:    

Իր իսկ անվտանգությունից ելնելով՝ Թուրքիան Քոբանիի հետ սահմանի վրա տանկեր տեղակայեց՝ մինչ ԻՊ զինյալները մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա բլուրի վրա ամրացնում էին իրենց սեւ դրոշը: Թուրքիան համաձայնեց նաեւ իր ռազմաբազաները տրամադրել սիրիական հակակառավարական ուժերին մարզելու համար, սակայն հրաժարվում է ուղիղ հակամարտության մեջ մտնել ահաբեկչական կառույցի հետ: Ինչպես մեզ հետ զրույցում նկատեց թուրքագետ Գեւորգ Պետրոսյանը, Թուրքիային ձեռնտու է ԻՊ-ի գոյությունն ու ակտիվ դերակատարությունը, քանի որ ԻՊ-ը քրդերին համարում է իր թշնամին: Հետեւաբար, ԻՊ-ը նաեւ Իրաքում քրդական գործոնի թուլացմանն է նպաստում, հետեւաբար, Թուրքիայի սպասողական քաղաքականությունը Սիրիա ներխուժելու պարագայում միանգամայն հասկանալի է. որքան ձգձգվի ԻՊ-քրդական բախումը, այնքան կթուլանան քրդերը: Թուրքիան եւ ԻՊ-ն ունեն եւս մեկ ընդհանուր թշնամի՝ Բաշար ալ Ասադը, հետեւաբար` դժվար թե պաշտոնական Անկարան Սիրիա ներխուժի մինչեւ ԻՊ-ի զգալի հաջողությունների գրանցումը: Չմոռանանք, որ Թուրքիայի համար առաջնահերթ նպատակը Ասադի տապալումն է, ոչ թե ԻՊ-ի դեմ պայքարը:

Բացի ԻՊ-ի հետ ընդհանուր շահերից, լուրեր են պտտվում, որ թուրքական գաղտնի ծառայությունների անդամները ԻՊ-ի կազմում այժմ Քոբանիում կռվում են քրդերի դեմ: Այս նկարում պատկերված են Քոբանիում քրդերի կողմից սպանված ԻՊ-ի զինյալները, որոնք, պարզվում է, Թուրքիայի գաղտնի ծառայության աշխատակիցներ են:


Լուսանկարը՝ http://themuslimissue.wordpress.com կայքից

Քրդական գործոնից բացի, Թուրքիան ԻՊ-ից բավականին ցածր գներով նավթ է գնում, ինչպես նաեւ ԻՊ-ն իր նավթը Թուրքիայի տարածքով է արտահանում:

Թուրքիայի կողմից ԻՊ-ին աջակցելու մասին ակնարկեց Բայդենը: Դիվանագիտության լեզվով դա ապտակ էր Թուրքիային: Մեղմ ասած, ԱՄՆ-ը հիշեցրեց Թուրքիային իր տեղը: Միեւնույն ժամանակ, Թուրքիայում իսլամիստական–պահպանողական բնույթ կրող կայքում հոդված է հրապարկվում այն մասին, որ Թուրքիան պիտի աջակցի ԻՊ-ին՝ քրդերի հետ պայքարում, հատկապես որ Թուրքիայի բնակչության մի ստվար զանգված համակրում է Իսլամական պետությանը (սովորաբար իսլամական-պահպանողական ուղղվածություն ունեցող կազմակերպություններն ու կայքերը ֆինանսավորվում են պետության կողմից):

Թուրքիայի տարածքում վերապատրաստվելու մասին են հայտնել նաեւ հորդանանա-սիրիական սահմանին ձերբակալված գրոհայինները: Լուրեր կան նաեւ, որ Թուրքիայի տարածքում եւս ԻՊ-ը գործող մասնաճյուղ ու համակիրներ ունի: Թուրքիա – ԻՊ համագործակցության մասին տեղեկություններ են սկսել հայտնվել արեւմտյան որոշ լրատվամիջոցներում եւս: Պարզ է, որ սա Արեւմուտքի կողմից Թուրքիայի դեմ կիրառվող ճնշման բանաձեւի մի մասն է: Թուրքիան հրաժարվում է կոալիցիոն ուժերին տրամադրել Ինջերլիկի ռազմաբազան՝ ԻՊ-ի դեմ ռազմական օդային հարվածներ իրականացնելու եւ սեփական զորամիավորումներով վերոնշյալ կառույցի դեմ պայքարելու համար:

Եվ այսպես, ստացվում է, որ իր իսկ ծավալած խաղի պատճառով Թուրքիայի համար բավականին վտանգավոր իրավիճակ է ստեղծվում հենց երկրի ներսում: Առաջին պատճառը քրդական գործոնն է: Ինչպես նշում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, PKK-ն ցույց տվեց, որ մի քանի ժամում Թուրքիայում կարող է քաոս ստեղծել (քրդերը փողոց դուրս եկան PKK-ի եւ մյուս քրդական կուսակցությունների կոչից հետո): Քրդերի ու թուրքերի միջեւ շուրջ երկու տարի տեւած փխրուն հրադադարն արդեն կարող ենք ավարտված համարվել: Չնայած այս դեպքում եւս թուրքերն ունեն շատ կարեւոր առավելություն՝ քրդերի առաջնորդ Օջալանը թուրքական իշխանությունների ձեռքում է, հետեւաբար՝ թուրքերը կկարողանան իրենց համար շահավետ համաձայնության գալ քրդերի հետ:   

Երկրորդ՝ առավել վտանգավոր ու հետագայում նաեւ անվերահսկելի վտանգը Թուրքիայում ԻՊ-ի առկայությունն է, որն արդեն իսկ բավական է մեր տարածաշրջանն եռացող արյունալի կաթսայի վերածելու: Թուրքիայում ԻՊ-ի առկայությունն անպայման կհանգեցնի իսլամիստական ուժերի ու քրդերի բախման, ինչպես նաեւ հայերի, լազերի, ու ազգային այլ խմբերի դեմ հարձակումների: Դա, ամենայն հավանականությամբ, կարող է հանգեցնել այսօրվա Թուրքիայի մասնատման. նման զարգացումների դեպքում մասնատում կսպառնա նաեւ Սիրիային ու Իրաքին ու շղթայական ձեւով կտարածվի Կովկասի որոշ արհեստական պետական ձեւավորումների վրա: Տարածաշրջանը կընկնի քաոտիկ ու անվերահսկելի վիճակի մեջ:

Բացի Թուրքիայի ներսում ծավալվող իրադարձությունները թուրք ջիհադդականներն ամենայն հավանականությամբ կորոշեն կամ իսլամացնել, կամ էլ պատժել իրենց սահմանակից անհավատներին, այսինքն՝ մեզ, իրանցիներին, վրացիներին, Կովկասյան ազգերին… Շարունակությունը թողնում եմ Ձեզ:

Թե բոլոր հակամարտություններին անմիջական մասնակցությունից ինչ պտուղներ կքաղեն ինքը՝ Թուրքիան եւ մեր տարածաշրջանը, պարզ կլինի արդեն մոտ ապագայում:   

Հայկանուշ Ալոյանը լրագրող-վերլուծաբան է, ուսումնասիրում է տարածաշրջանային խնդիրներ եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին