Խոսեք երեխաների հետ եւ լսեք նրանց - Mediamax.am

Խոսեք երեխաների հետ եւ լսեք նրանց
9672 դիտում

Խոսեք երեխաների հետ եւ լսեք նրանց


                                                              Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                    սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Շատ հաճախ երեխայի հետ շփվելիս մենք մեզ հաշիվ չենք տալիս, թե ի՞նչ ենք ասում, ինչպե՞ս ենք ասում, ի՞նչ բառեր ենք օգտագործում: Այնինչ խոսքերը մեծ ազդեցություն են ունենում երեխայի զարգացման վրա:

Խոսքը կարելի է բաժանել հետեւյալ տեսակների՝ ուղղակի՝ անմիջապես երեխային ուղղված, եւ անուղղակի՝ ինչը լսելի է երեխայի համար, սակայն ռեսիպիենտը (ընդունողը) անմիջապես նա չէ: Անուղղակի խոսքը լինում է առաջնային՝ կենդանի խոսք, որը լսում է երեխան եւ կարող է իր մասնակցությունն ունենալ (մեծահասակների զրույց, խոսք ուղղված այլ երեխայի եւ այլն), այսինքն, խառնվել խոսակցությանը, հարցեր տալ եւ այլն, եւ երկրորդային՝ անկենդան խոսք՝ հեռուստացույցից, ռադիոյից, համակարգչից եւ այլ սարքերից հնչող խոսքը (չշփոթել հեռախոսով կամ սկայպով խոսելու հետ): Խոսքի ազդեցությունը երեխայի վրա նվազում է ուղղակիից՝ անուղղակի եւ առաջնայինից՝ երկրորդային:

Երեխայի հետ խոսելուց կարող եք առաջնորդվել հետեւյալ սկզբունքներով՝

Խոսքը պետք է լինի պոզիտիվ: Միշտ հիշեք, որ այն խոսքը, որ լսում է ձեր երեխան, ձեւավորում է նրա անհատականությունը: Շատ հաճախ մենք ասում ենք բաներ առանց մտածելու: Օրինակ «Շորդ հագի, որ չմրսես»/ «թե չէ կհիվանդանաս»/ «հեսա կհիվանդանաս»/ «վայ մրսեցիր» / «որ ասում էի, կհիվանդանաս» այս արտահայտությունը փոխարինեք  «Կոճկվիր, որ տաք լինես»: «Հագնվիր, դրսում ցուրտ է»: Հակառակ դեպքում դուք  երեխային ներշնչում եք մրսել եւ ավելի հաճախ հիվանդանալ: Այնինչ պետք է  շեշտել, որ երեխան առողջ է եւ առողջ կմնա:

Երեխաները՝ հատկապես փոքր տարիքի, հումոր եւ փոխաբերական իմաստ չեն ըմբռնում, այդ պատճառով նրանց հետ խոսելիս պետք է խուսափել օգտագործել նման արտահայտություններ. օրինակ՝ «ուտեմ քեզ»:

Զերծ մնացեք երեխային գնահականներ տալուց՝ հատկապես, ոչ մի դեպքում չի կարելի երեխային պիտակել բացասական հատկություններ: Անթույլատրելի են «Դու խոզ ես, դու քո խաղալիքը չտվեցիր ուրիշին» եւ նմանատիպ արտահայտությունները: Նման դեպքում անհրաժեշտ է բարձրաձայնել երեխայի զգացումները («Ես գիտեմ, որ դու այս խաղալիքը շատ ես սիրում/կարեւորում: Արի այնպես անենք, որ երկուսով էլ խաղաք:»)

Անհրաժեշտ է խոսել հստակ, առանց բառերը աղավաղելու եւ առանց երեխայի բարբաջանքը նմանակելու: Հակառակ դեպքում դուք ստիպում եք ձեր երեխային լսել եւ սովորել սխալ հնչյուններ՝ ինչը հետագայում կարող է խոչընդոտ հանդիսանալ նրա խոսքի զարգացման համար:

Ինչքան հնարավոր է քիչ օգտագործեք «չի կարելի» արտահայտությունը: Հիշեք, որ մի բան շատ կրկնելուց, այն կորցնում է իր կարեւորությունն ու ուժը, այդ պատճառով, հստակ որոշեք ինչին եք ասելու ոչ, ինչին՝ այո:

Եթե երեխային արգելում եք ինչ-որ բան անել, ցանկալի է միաժամանակ նաեւ ասել, թե ինչ է կարելի անել: Օրինակ՝ թույլ չեք տալիս, որպեսզի բացի անծանոթի պայուսակը՝ կարող եք ասել, որ կարելի է միայն ձեռք տալ: Այսպիսով` երեխայի պահանջը անծանոթ իրին դիպչելու կհաղթահարվի եւ գայթակղությունը կթուլանա:

Ոչ մի դեպքում չի կարելի երեխաներին անպատվել եւ հայհոյել: Եթե երեխան անթույլատրելի ինչ-որ արարք է գործել, եւ նրան սաստելու անհրաժեշտություն կա, պետք է պախարակել միայն նրա արարքը եւ երբեք ոչ հենց երեխային: Հակառակը, պետք է շեշտել, որ նա շատ խելոք/բարի/լսող/... բալիկ է, սակայն տվյալ արարքը իրեն սազական չէ: Այդպես մեկ անգամ եւս երեխայի գիտակցության մեջ կամրապնդեք նրա դրական կերպար լինելը:

Ոչ մի դեպքում չի կարելի երեխայի վրա գոռալ կամ նրա ներկայությամբ գոռալ: Գոռալը երեխային գցում է սթրեսի մեջ եւ հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երեխաները, որոնց վրա կամ որոնց ներկայությամբ հաճախ են գոռգոռում, հետագայում ունենում են լուրջ հոգեբանական եւ առողջական խնդիրներ:

Անհրաժեշտ է երեխաների հետ խոսել ծնված օրվանից, մինչեւ նրանց խոսքի ձեւավորվելը: Նորածին երեխաների հետ խոսելիս շատ կարեւոր է բացատրել երեխային, թե ինչ է կատարվում նրա հետ եւ շուրջը: Օրինակ՝ շեշտել, որ սոված է, դրա համար է լացում, հիմա կուտի ու կկշտանա: Երբ կերավ եւ կշտացավ, ասել, որ կերար ու կշտացար: Եվ այլն:

Եվ վերջում ամենակարեւորը՝ աշխատեք ավելի շատ լսել երեխային, քան խոսել: Հարցեր տվեք նրան հուզող թեմաներով եւ նրա տված հարցերին անմիջապես մի պատասխանեք: Երեխային ժամանակ տվեք մտածելու եւ ինքնուրույն պատասխան գտնելու համար:

Տնային հանձնարարություն՝

Երեխայի արթուն եղած ժամանակ ձայնագրեք նրա շուրջը հնչող ձայները մոտ կես ժամ տեւողությամբ: Այնուհետեւ լսեք ձայնագրությունը եւ դուրս բերեք ամենահաճախ հանդիպող արտահայտությունները: Եթե դրանք մտնում են վերը նշված կետերից որեւէ մեկի մեջ, փորձեք գտնել դրանց այլընտրանքային տարբերակներ՝ ինչպես ասել նույն բանը ավելի արդյունավետ եւ երեխայի համար բարենպաստ ձեւով: Այս սկզբունքներին հետեւելով, դուք էլ կարող եք առաջարկել նոր մոտեցումներ հաճախ ասվող նախադասություններին:

Հ. Գ. Հոդվածում ներկայացված արտահայտությունները վերցված են իրական կյանքից: 

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին