Քաղաքավարության կանոնները եւ երեխաները
6470 դիտում

Քաղաքավարության կանոնները եւ երեխաները


                                                                       Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                              սկսնակ եւ փորձառու ծնողների համար

Ինչպես օգտվել դանակ եւ պատառաքաղից, ինչպես կապել կոշիկի կապիչները, ինչպես դիմել մեծահասակներին՝ երբեմն գիտակցված, երբեմն ինքնաբերաբար մենք սովորեցնում ենք երեխաներին վարվեցողության այս կամ այն կանոնները: Շատ օրենքներ մեզ համար պարտադիր են, շատերը թելադրվում են հասարակության կողմից եւ սոցիալական ճնշման հետեւանքով մենք ենթարկվում եւ ընդունում ենք դրանք: Սակայն ինչու, ինչպես եւ երբ սովորեցնել երեխաներին լինել քաղավարի՝ այս հարցերի շուրջ միշտ չէ, որ մտածում ենք:

Ստորեւ ներկայացնում ենք մի շարք վարվեցողության կանոններ, որոնք ձեր երեխաներին սովորեցնելով՝ դուք կդաստիարակեք ոչ միայն քաղաքավարի, այլեւ երջանիկ, առողջ, ինքնուրույն եւ պատասխանատու երեխաներ:

Բարեւեք միմյանց

Բարեւ, բարի լույս, բարի օր, բարի երեկո, բարի գիշեր, ցտեսություն: Աշխատեք երեխաներին սովորեցնել բարեւել եւ հրաժեշտ տալ՝ դիմացինի աչքերի մեջ նայելով: Խուսափեք մեզանում կարծրացած օտարալեզու տարբերակներից: Փոքր տարիքի երեխաները շատ հաճախ ամաչում են անծանոթ մարդկանց բարեւել: Կարիք չկա նրանց ստիպելու, սակայն հետեւողականորեն առաջարկեք բարեւել եւ քաջալերեք նրանց սեփական օրինակի վրա. «Տես, մայրիկը բարեւում է ...-ին»: Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ ձեւավորեք սովորություն, որ անկախ նրանից, թե ինչով են զբաղված (հեռուստացույց դիտել, համակարգչով խաղալ, տնային աշխատանքներ կատարել եւ այլն), երբ ձեզ հյուր է գալիս կամ միանում է նոր մարդ, մոտենան եւ բարեւեն:

Մարդիկ սոցիալական էակներ են, եւ մեզ համար մեծ նշանակություն ունեն սոցիալական հարաբերությունները: Դիմացինին բարեւելով՝ մենք երեխաների մոտ սովորեցնում ենք նկատել, ուշադրություն դարձնել եւ ընդունել մյուսներին: Պատշաճ բարեւելու սովորությունը հասուն տարիքում մարդկանց դուր գալու եւ առողջ ինքնավստահություն ձեռք բերելու հիմնաքարն է:

Շնորհակալություն հայտնեք

Սովորեցրեք երեխաներին տարբեր առիթներով տարբեր մարդկանց շնորհակալություն հայտնել՝ մայրիկին, հայրիկին, քույրիկին, մորաքույրին, անծանոթներին եւ այլն: Ճաշից հետո՝ համեղ կերակուր պատրաստելու համար, խաղի ժամանակ խաղալիքով կիսվելու, դասերի ժամանակ օգնելու, նվերներ ստանալու եւ այլն: Քաջալերեք երեխային ինքնուրույն հասկանալ, թե երբ եւ ինչու է անհրաժեշտ շնորհակալ լինել:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ երախտագիտությունը նպաստում է երջանիկ լինելուն եւ ունի մի շարք առողջական եւ հոգեբանական առավելություններ (երախտագետ մարդիկ ավելի լավ են քնում, ավելի դիմացկուն են, դպրոցում իրենց ավելի լավ են զգում, ավելի գոհ են իրենց կյանքից եւ այլն):
    
Ներողություն խնդրեք եւ ներեք

Երեխաների մոտ դաստիարակեք հիմնավորված ներողություն խնդրելու, ինչպես նաեւ դիմացինին ներելու սովորություն: Բոլորս էլ ժամանակ առ ժամանակ անում ենք բաներ, որոնց համար այնքան էլ հպարտ չենք: Տվեք երեխային ժամանակ եւ հնարավորություն՝ իր սխալ արարքների կամ վարքի թերացումների համար ներում խնդրելու: Երբեք մի ստիպեք եւ զոռով մի պարտադրեք նրան ասել «կներես»: Ցույց տվեք, որ դուք ակնկալում եք զղջում՝ համբերատար սպասելով երեխայի գիտակցված ներողությանը: Հավասարապես կարեւոր է նաեւ սովորեցնել նրանց ներել դիմացինին:

Ներողամտությունը բերում է հասուն տարիքում ավելի ամուր եւ բավարարված հարաբերությունների, ավելի հեշտ սթրեսից ազատվելուն եւ այլն:
 
Սպասեք

Սովորեցրեք երեխանեին սպասել իրենց հերթին՝ լինի դա տանը, թե դրսում:

Սովորեցրեք, որ երբ մեծահասակները խոսում են, անհրաժեշտ է սպասել, նոր միջամտել (եթե իհարկե արտահերթ բան չի պատահել): Եթե երեխան անհարկի միջամտում է, մի պատասխանեք նրան՝ ուղղակի կարճ, երեխայի աչքերի մեջ նայելով, հանգիստ տոնով ասեք, որ դուք այդ պահին զբաղված եք եւ հենց վերջացնեք, կլսեք նրան: Եթե երեխան նվեր է ստացել շոկոլադ, միասին պահեք, որպեսզի ուտեք ճաշից հետո: Եթե գնացել եք միասին գնումներ անելու, սպասեք հերթի մեջ: Եթե երեխան խաղալիք է նվեր ստացել, աշխատեք անմիջապես չբացել եւ խաղալ, եթե նա դեռ չի կատարել իրեն հանձնարարված պարտականությունները՝ լինի դա տնային աշխատանք, թե սենյակը հավաքել:

Սպասելը եւ հաճույքը/հատուցումը հետաձգելը բերում են հասուն տարիքում հաջողակ լինելու եւ աշխատասիրության:

Հավաքեք ձեր հետեւից

Սկսեք շատ փոքր տարիքից: Նույնիսկ մինչեւ քայլել եւ խոսել սովորելը, երեխային սովորեցրեք հավաքել իր հետեւից: Սկզբում երեխայի հետ միասին, այնուհետեւ թողեք նա ինքնուրուն հավաքի իր իրերը (խաղալիքներ, գրքեր, հագուստ եւ այլն)՝ ուտելուց, մեկ այլ բանով զբաղվելուց, բակ դուրս գալուց առաջ եւ այլն: Հաշվի առեք, որ փոքր երեխաները դանդաղ են հավաքում, այդ պատճառով հատկացրեք բավականաչափ ժամանակ: Ավելորդ եմ համարում նշել, որ եթե ցանկանում եք նմանտիպ վարքը ամրապնդել երեխայի մոտ, անհրաժեշտ է, որ ընտանիքի բոլոր անդամները հետեւեն այս կանոնին:

Սրանով երեխաների մոտ դաստիարակում եք կազմակերպվածություն եւ մաքրասիրություն, ինչպես նաեւ նրանց մոտ ձեւավորում եք սկսած գործը ավարտին հասցնելու սովորություն:

Թույլտվություն հարցրեք

Սովորեցրեք երեխային, թույլտվություն հարցնել ուրիշի իրերը կամ անծանոթ առարկաներ վերցնելուց առաջ: Սա ոչ միայն քաղաքավարության, այլեւ երեխայի անվտանգության պահպանման համար անհրաժեշտ կանոն է:

Պահպանեք օրենքները եւ հետեւեք կանոններին

Հաճախակի խոսեք երեխաների հետ ընդունված օրենքների եւ կանոնների մասին: Բացատրեք, թե դրանք ինչի համար են ընդունված (անվտանգություն, հարգալից վերաբերմունք եւ այլն): Փողոցը անցեք դրա համար նախատեսված տեղում, հետեւեք լուսացույցին: Խուսափեք արգելված վայրերում ծխելուց: Մեքենայով երթեւեկելիս երեխային կապեք ամրագոտիով: Աղբը նետեք աղբամանի մեջ: Տրանսպորտից օգտվելիս սպասեք, որ նախ մարդիկ դուրս գան, հետո նոր նստեք: Հիշեք, որ այսօր մենք դաստիարակում ենք վաղվա քաղաքացիներին:

Երեխան երբ ծնվում է, ընկալում է աշխարհը որպես քաոս: Աստիճանաբար նա այդ քաոսում սովորում է տեսնել օրինաչափություններ եւ իմաստ: Երեխային փոքրուց ծանոթացնելով օրենքին, դաստիարակելով նրա մոտ օրինապաշտություն եւ կարգապահություն, հարգանք օրենքի եւ հեղինակությունների նկատմամբ, մենք ոչ միայն նրանց ապագան ենք բարելավում, այլեւ կատարում ենք հանրօգուտ աշխատանք: Յուրաքանչյուրս իր ներդրումն ունի հասարակության ձեւավորման մեջ, եւ աշխատեք առօրյա կյանքում այս ամենը կիրառել ու երեխաների ուշադրությունը դարձնել դրա վրա:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am