Իմպրեսիոնիստական սերունդը
4010 դիտում

Իմպրեսիոնիստական սերունդը


Ես դիմում եմ իմ սերնդի մարդկանց, որոնք ծնվել են նախորդ դարի 60-անների վերջում կամ 70-աններին։ Եկեք վերհիշենք, որ մենք շատ էինք տարբերվում մեզ նախորդող սերնդից։ Մենք ավելի ճկուն էինք, ավելի անկաշկանդ, հեշտ էինք հարմարվում փոփոխություններին, մեր սերունդը շատ ավելի զանազանություն ուներ, ավելի խայտաբղետ էր։ Հավանաբար, դրա պատճառը «ազատ» 60-աններն էին: Դրանք կազմավորեցին մեր ծնողների աշխարհայացքը, որոնք, սակայն, մտան այդ շրջան արդեն որպես կայացած մարդիկ, իսկ մենք դարձանք այդ շրջանի պտուղը։

Եկա այս մտքերին, երբ վերջերս մտածում էի նոր սերնդի մասին, որն այսօր ձեւավորվում է դպրոցներում։ Այն շատ տարբեր է մեզանից, եւ այդ տարբերությունները, դարձյալ, շատ ակնհայտ են։

Մենք ավելի ընդհանրական մտածողություն ունեինք։ Մեզ համար տրամաբանությունը կարեւոր էր՝ մեզ կարելի էր համոզել տրամաբանելով։

Նոր սերունդը մեծ ուշադրություն է դարձնում իրավիճակներին։ Իրենց համար շատ ավելի կարեւոր է իրավիճակի անմիջական ընկալումը։ Տրամաբանությունը երկրորդական է։ Իրենք կարող են երկար քննարկել իրենց վերաբերմունքը այս կամ այն երեւույթին, եւ այդ հուզական զգացողության մեջ կգտնեն բազմապիսի երանգներ, որոնք մեզ համար անհասանելի են եւ շատ հաճախ՝ անհետաքրքիր։

Իրենց խոսակցությունները հիմնականում ոչ թե իրադրությունների մասին են, այլ այդ իրադրությունների նկատմամբ իրենց վերաբերմունքի։ Պատմողական արվեստը իրենց ուժեղ կողմը չէ, իրենց աշխարհայացքը շատ ավելի իմպրեսիոնիստական է՝ անորոշ ուրվագծերով, կտրտված, սակայն՝ հարուստ եւ գունեղ երանգներով։

Մեր մանկության տարիներին գիտությունը հիմնական նորությունների աղբյուրներից մեկն էր։ Այսօր գիտությունը հասարակության մեջ ծառայողական դեր ունի։

Երիտասարդների ճնշող մեծամասնությունը չի մտաբերի անգամ մեկ ժամանակակից գիտնականի անուն։ Փաստացիորեն դա նշանակում է, որ ստույգ գիտությունը ձեւավորվող հասարակության պահանջ չի հանդիսանում։ Ժամանակակից երիտասարդները ընդհանրապես կարիք չեն զգում որեւէ ստույգ իմացության, բացի այն ոլորտից, որով անմիջականորեն զբաղվում են։ Մնացածում իրենք բավարարվում են մշուշոտ պատկերացումներով։

Այս ամենի հետեւանքով կտրուկ փոխվել են երիտասարդների ընկալման սկզբունքները։ Իրենց հնարավոր չէ որեւէ բան սովորեցնել՝ ուղղակի պատմելով: Դրանից իրենք ոչինչ չեն յուրացնի։ Եթե ցանկանում եք, որ ձեր ասածը տեղ հասնի, պիտի հուզական գործոն ավելացնեք։ Իրենք ընկալում են, երբ անդրադառնում ես իրենց զգացմունքներին, երբ մասնակից են գործողությանը, երբ դրա «մեջն են»։ Նրանք սովորեցնելու համար պետք է իրենց մեջ լինել, ոչ թե իրենց դիմաց։

Ինչո՞ւ է այդպես ստացվել՝ շատ հետաքրքիր հարց է։ Իմ պատկերացմամբ, պատճառն այն է, որ երիտասարդները այդպես են արձագանքում տեղեկատվական տարափին եւ ժամանակակից հասարակարգի գերռացիոնալ գործելաոճին։ Իրենք իրենց իռացիոնալ աշխարհն են ստեղծում, ուր զգացմունքները ավելի կարեւոր են, քան դրանք հարուցող իրողությունները։ Գնալով ավելի եւ ավելի շատ եմ սիրում իրենց այդ աշխարհը, եւ ինձ թվում է, որ ապագայում ամեն բան շատ կտարբերվի այսօրվա իրականությունից։ Մի նոր իրականություն է ձեւավորվում, որը ստեղծում է իրեն հատուկ մարդու տեսակ։

Ելնելով այդ իրականության մշուշոտ ուրվագծերից, այն բավականին պայծառ է եւ գունեղ։ Կամ էլ ես եմ չափազանց լավատես։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am