«Ինչո՞ւ են կանայք ավելի աշխատասեր, քան տղամարդիկ» - Mediamax.am

 «Ինչո՞ւ են կանայք ավելի աշխատասեր, քան տղամարդիկ»
4806 դիտում

«Ինչո՞ւ են կանայք ավելի աշխատասեր, քան տղամարդիկ»


                                                                     Հոդվածաշար ներկա եւ ապագա,
                                                          սկսնակ եւ փորձառու ծնողների համար

«Ինչո՞ւ են կանայք ավելի աշխատասեր, քան տղամարդիկ». ներողություն եմ հայցում նման «ոչ գիտական» եւ «սկանդալային» եզրահանգման համար, բայց խոստանում եմ՝ այս ամենը հիմնավորված է: Մնացեք ինձ հետ եւ կհամոզվեք ինքներդ:

Մաս 1-ին. Հայկ

Սկսենք սկզբից՝ մեր ազգի ամենանվիրական երազանքից՝ տղա երեխա ունենալուց:

Եվ այսպես ընտանիքում ծնվել է տղա՝ Հայկը: Բոլորի համար էլ հենց սկզբից պարզ է, թե ինչ խելոք երեխա է Հայկը, ինչ արագ եւ հեշտ է նա ընկալում ամեն ինչ, ինչ լավ է շախմատ խաղում, ինչ լավ ապագա է նրան սպասվում, ինչ մեծ հաջողությունների է նա հասնելու… Հայկը մեծանում է՝ անվերջ իր խելքի եւ տաղանդի մասին գովեստի խոսքեր լսելով: Ամեն անգամ խնջույքների ժամանակ Հայկին կանչում են եւ հատուկ նրա կենացն են խմում՝ նրա փայլուն խելքի ու պայծառ ապագայի համար:

Հայկի առօրյան մինչեւ դպրոց գնալը բավականին ազատ է, նրան ծնողները թույլ են տալիս զբաղվել իրեն հետաքրքրող բաներով, հեռուստացույց է դիտում, բակում ընկերների հետ է խաղում: Հայկը դպրոց է գնում արդեն տառերը սովորած՝ վստահ իր ուժերին, համոզված, որ ինքը դասարանում ամենալավ սովորող աշակերտն է լինելու:
Հայկի ուսուցչուհին, թեեւ դժգոհում է նրա ձեռագրից, բայց միաժամանակ փաստում է՝ Հայկը փայլուն տվյալներ ունի: Դպրոցի առաջին տարիները Հայկն անցկացնում է բավականին անհոգ՝ տնային աշխատանքների վրա համարյա ջանք չթափելով եւ շարունակում է մնալ այն նույն խոր համոզմանը, որ ինքը շատ խելացի է:

Միջին դպրոցում Հայկը հանդիպում է դժվարությունների: Ծնողներին հաճախ կանչում են դպրոց, Հայկը էլի իրեն անկարգ է պահել, դասերը լավ չի սովորում՝ ախր որ ուզի կարող է, խելք ունի, միայն թե աշխատասիրությունն է պակասում: Տանը տնային աշխատանքներ անելը դառնում է իսկական մղձավանջ՝ հայրն անընդհատ բարկանում է եւ վերջիվերջո՝ ձեռք քաշում: Մայրը համբերատար փորձում է բացատրել, համոզել, երբեմն նույնիսկ կաշառել եւ սպառնալ:

Հայկը այսպես ծնողների հետ կռիվ տալով մի կերպ ավարտում է դպրոցը, ընդունվում է բուհ, բարեհաջող ավարտում, անփորձանք ծառայում է բանակում, հետ գալիս: Ծնողներն իր համար մի հարմար հարսնացու են աչքի տակ պահած լինում, նա էլ տեսնում հավանում է՝ ամուսնանում եւ սրտի թրթիռով սպասում իր տղա երեխային: Բայց այս ամբողջ ժամանակ Հայկն ունենում է ներքին անբավարարվածության անհանգիստ մի զգացում, կարծես թե ինչ-որ բան պակասում է իր կյանքում ու չի թողնում, որ ինքը լիովին երջանիկ լինի: Միգուցե, երբ տղա ունենա, նրա միջոցով լրացնի այդ բացը: Միգուցե իր տղան իրենից ավելի խելացի կլինի:

Մաս 2-րդ. Անի

Հայկն ունի մի քույրիկ՝ Անի: Անին շատ անուշ ու բարի աղջիկ է: Բոլորը նրան շատ են սիրում, բոլորը գիտեն, թե Անին ինչ լավ է բանաստեղծություններ արտասանում: Խնջույքների ժամանակ Անիին կանչում են, որ իր քաղցրիկ ձայնով արտասանի եւ բոլորի հոգիները լցնի հիացմունքով: Անին, հաղթահարելով իր բնածին ամաչկոտությունը, արտասանում է ու վերջացնելուն պես՝ արագ վազում իր սենյակ՝ չլսելով անգամ իր հասցեին հնչած գովասանքները: Անին սիրում է խաղալ իր տիկնիկներով, բայց մայրիկն անընդհատ նրան կանչում է իրեն օգնելու՝ սեղան է դնում, փոշիներն է սրբում, օգնում է հավաքել Հայկի թափթփած խաղալիքներ, մի փոքր մեծանում է, մայրիկի ղեկավարությամբ սովորում է ճաշ պատրաստել եւ շատուշատ աղջկան վայել այլ պարտականություններ՝ դե ինքը աղջիկ է, վաղը մյուս օրը հարս է գնալու, հո ընտանիքին խայտառակ չի անի: Անիին սովորեցնում են, որ պետք է աշխատել ոչ միայն տանը, այլ նաեւ հյուր գնալիս՝ կերար վերջացրեցիր, օգնիր տանտիկնոջը հավաքել սեղանը, առաջարկիր լվալ ափսեները եւ այլն:

Անին գնում է դպրոց մի տեսակ անվստահության զգացումով՝ տեսնես ինչպես կլինի, տեսնես ինչ է այդ դպրոցը: Ախր Հայկի գործը հեշտ է՝ խելք ունի եւ փայլուն տվյալներ՝ իսկ ինքը ամաչկոտ Անին է, ոնց պիտի հաղթահարի դպրոցում առաջացած խնդիրները: Անին դպրոցում սովորում է գերազանցիկ՝ փայլուն ձեռագրով: Ընդունվում համալսարան, ավարտում է կարմիր դիպլոմով եւ երեխա ունենալու թաքուն երազանքով (իրեն մանկուց սովորեցրել են՝ աղջկա առաքելությունը տղամարդուն զավակներ պարգեւելու մեջ է):

Անիին ամբողջ ժամանակ մի բան է զարմացնում՝ այդ ինչպես եղավ, որ գերազանցիկը ինքն էր, երբ Հայկը իրենից խելացի է: Երեւի իր բախտը բերել է: Լավ ոչինչ, Հայկը հաստատ ավելի բարձր աշխատավարձով աշխատանք կճարի եւ այդտեղ է, որ կերեւա նրա տաղանդը: Դե իսկ եթե իր բախտը նորից բերի, ինքը կամուսնանա Հայկի կուրսեցու հետ (ում Անին վաղուց է համակրում է), արդեն կարող է էլ չմտածել ոչնչի մասին՝ ամուսինն ամեն ինչի մասին կհոգա՝ ապահովված ընտանիքից է:

Մաս 3-րդ. Քերոլ Դվեկ

Սիրելի ընթերցող, մի պահ եթե նայենք մեր շուրջը, կտեսնենք որքան շատ են Հայկերն ու Անիները: Կտեսնենք, որ բոլորս էլ ինչ-որ չափով որպես Հայկ ու Անի ենք մեծացել: Բոլորս էլ ինչ-որ չափով մեր երեխաներին Հայկ ու Անի ենք դաստիարակում: Բայց սա մեր պատմությունն է, եւ այն կարող է տարբերվել Հայկի ու Անիի ճակատագրերից:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ հաջողության հասնելու համար առաջին գրավականը ոչ թե փայլուն խելքն է ու տաղանդը, այլ աշխատասիրությունը: Եկեք միասին դաստիարակենք աշխատասեր եւ ջանասեր երեխաներ, եկեք միասին երեխաների մոտ զարգացնենք այսպես կոչված «աճի մտածելակերպ»: Այս տերմինը առաջարկել է Ստենֆորդի համալսարանի դասախոս հոգեբան Քերոլ Դվեկը՝ ուղեղը մկան է, որը կարիք ունի անընդհատ մարզվելու: Փայլուն մտավոր տվյալներ ունենալը (ինչպես որ կան երեխաներ, որոնք բնածին փայլուն ֆիզիկական տվյալներ ունեն) քիչ է, պետք է անընդհատ աշխատել այն օգտագործելու, զարգացնելու եւ կատարելագործելու համար:

Հայկին փոքրուց ներշնչում են, որ նա շատ խելացի է. դրա շնորհիվ նրան շատ բաներ հեշտ են տրվում, բայց մոռանում են սովորեցնել ջանասիրության կարեւորության ու անհրաժեշտության մասին: Խելքը շնորհ է, որի համար անհրաժեշտ է պատասխանատվություն կրել՝ ավելի խելոք ես ծնվել, ուրեմն մյուսներից ավելի շատ ջանք պիտի թափես՝ ավելի շատ բանի է քեզ տրված հասնել: Անիին ընդհակառակը՝ քիչ են գովում, շատ են աշխատացնում, եւ նա ինքնստինքյան դառնում է ջանասեր:

Վերջաբան

Դեռ 100 տարի առաջ մարդիկ հաց ունենալու համար վար ու ցանք էին անում: Դեռ 100 տարի առաջ, մենք` հայերս, ապրում էինք համայնական կենցաղով, եւ ընտանիքի ներսում թե՛ մեծերը, թե՛ փոքրերն ունեին իրենց դերը: Ամեն Աստծո օր, անկախ տարիքից ու սեռից, յուրաքանչյուրն անցնում էր իր պարտականությունների կատարմանը: Տղամարդիկ վարուցանք էին անում, տղա երեխաներն օգնում էին նրանց, կանայք զբաղվում էին տնային գործերով՝ աղջիկներն էլ նրանց էին օգնում: 100 տարի է անցել, ու բարքերը փոխվել են՝ այսօր շատ քչերն է, որ վարուցանքով են ապրում: Ժամանակները փոխվել են՝ մարդիկ աշխատում են տնից հեռու՝ լինի դա գրասենյակ դիմացի շենքում, թե օտար երկրում:

Երեխան ծնվում է, հիմնականում մայրն է, որ մնում է տանը եւ նրան մեծացնում: Գնում է մանկապարտեզ՝ շրջապատված է միայն կանանցով, գնում է դպրոց՝ հիմնականում կանանցով: Երեխան մեծանում է 16 տարի հիմնականում չտեսնելով, թե ինչպես են տղամարդիկ անցկացնում  իրենց օրվա մեծ մասը: Եթե մայրիկն էլ է աշխատում, նա չի տեսնում, թե մայրն ինչ է անում աշխատանքի վայրում (չնայած կանանց դերի մասին ընդհանուր պատկերացում ունի), բայց գոնե տեսնում է՝ ինչով է մայրը զբաղվում տանը՝ աշխատանքից հետո՝ ճաշ է պատրաստում, տունն է կարգի բերում, լվացք ու արդուկ անում եւ այլն: Ամռանը բոլորս էլ ականատես ենք լինում՝ ինչպես են մեր մայրիկներն անթիվ-անհամար մուրաբաներ եփում, չրեր պատրաստում, պահածոներ փակում եւ պատրաստվում ձմռանը (իհարկե, գնալով այս կանանց թիվը նվազում է, բայց միեւնույն է նրանք կան ու շատ են): Շատ քիչ կանայք կարող են գլուխ գովել, որ ամուսիններն իրենց օգնում են կենցաղային հարցերում (չնայած այս թիվը օր օրի ավելանում է, բայց միեւնույնն է, քիչ է): Հիմնականում հայրերն աշխատանքից հոգնած գալիս են տուն, եւ հանգստանում են՝ հեռուստացույց են դիտում, թերթ կարդում, նստում պատրաստի սեղանի առջեւ, ուտում, վեր կենում եւ լավագույն դեպքում՝ իրենց ափսեն տանում խոհանոց ու լվանում:

Սա երեխաների համար ստեղծում է մի իրականություն, որտեղ նրանք կանանց աշխատելիս տեսնում են, իսկ տղամարդկանց՝ ոչ: Այն, որ հայրիկները քրտինք թափելով փող են աշխատում աշխատավայրում, նրանց համար վերացական է ու բավարար չէ տղամարդկանց աշխատասիրության չափերը հիմնովին պատկերացնելու համար: Երեխաների մոտ տղամարդու դերի մասին պատկերացումները մնում են դատարկ, ու եթե աղջիկ երեխաների մոտ այդ դատարկությունը լցվում է զանազան  մանր-մունր «աղջկական» գործերով, ապա տղաների մոտ նույնիսկ դա չի լինում, քանի որ տղաներին ճաշ եփելն ու տունն ավլելը վայել չէ: Ահա թե ինչու կանայք հիմնականում ավելի աշխատասեր են, քան տղամարդիկ:

Այս իրականությունը փոխելու համար բոլորս միասին պիտի աշխատենք եւ բոլոր Հայկերին ու Անիներին օրինակ ծառայենք՝ փոքր տարիքից տղա եւ աղջիկ երեխաներին հավասար տնային պարտականություններ տալով: Կոչ եմ անում նաեւ բոլոր տղամարդ ընթերցողներին՝ աշխատանքից հետո կամ առաջ կամ առավել եւս եթե չեք աշխատում, օրինակ ծառայեք ձեր երեխաներին՝ ավելի շատ օգնեք ձեր կանանց եւ ընտանիքի կենցաղի կարգավորման հարցում նրանց հետ հավասարաչափ մասնակցություն բերեք: Այդ ժամանակ միայն կարող ենք վստահ լինել, որ մեր երեխաները՝ անկախ նրանից տղա, թե աղջիկ, կմեծանան էլ ավելի աշխատասեր:

Վանենի Վարդանյանը MSc, MA հոգեբանության մագիստրոս է, հոգեբան է աշխատում Դիլիջանի Կենտրոնական դպրոցում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին