Ուրիշի ցավի, ցինիզմի, փրկվելու եւ ապրելու մասին
4930 դիտում

Ուրիշի ցավի, ցինիզմի, փրկվելու եւ ապրելու մասին


Երթուղայինում թթվածինը գնալով պակասում է: Քիթս ավելի ու ավելի եմ ձգում պատուհանից դուրս, ուսս սեղմվում է ապակու եւ երկաթի արանքում: Նայում եմ ոտքերիս. հոգնածությունից ու շոգից ուռել են, երակներս` պրկվել, թվում է` ուր որ է կպայթեն ու արյունը կհոսի, կլցվի կոշիկներիցս ներս: Երկուսով տեղավորվել ենք նեղ նստարանին. կանգնելու ուժ չունեի, բայց մամայի տարիքի կինն այնքան նիհար էր, որ երկուսով հանգիստ տեղավորվեցինք նեղ նստարանին:

Երթուղայինը մեկ րոպե էլ չկանգնեց Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում: Նախկին Փակ շուկայի մոտ վերջնականապես պակասեց թթվածնի մասնաբաժինս: Դիմացս տարեց ամուսիններն են, կինը վառվռուն աչքերով ամուսնուն ինչ-որ բան է պատմում, ականջակալներս ավելի խորն եմ սեղմում ականջներիս, եթե տարածքը խիստ նեղ չլիներ, հավանաբար, ձեռքերով կփակեի: Հայացքս սահեցնում եմ դիմացս նստածների շարքով ու նկատում շուկայի կանգառից երթուղային բարձրացած կնոջն ու փոքրիկ տղային: Մայրը հոգատարությամբ բռնել է փոքրիկի թաթիկներն ու երթուղայինի ամեն մի շարժման հետ ավելի պինդ է նրան սեղմում իր մարմնին: Փոքրիկի` հետաքրքրությամբ այս ու այն կողմ պտտվող աչքերը ստիպում են ցածրացնել երաժշտության ձայնը:

-Մամա, ինձ մանկապարտեզ չտանես էլ, կարոտում եմ քեզ: Մայրը համբուրում է նրա խուճուճ մազերը: Նրանց խոսակցությունն ականջներումս ընդհատում են ամուսինները: Կնոջ սեթեւեթանքն ուղիղ համեմատական է աչքերի գեղեցկությանը: Հոգնած մկաններս ձգում եմ` կիսաժպիտով պատասխանելու նրա սիրունությանը: Նորից խնամքով հավաքում եմ ժպիտս. անպատասխան մնաց: 

Ականջակալներումս Զեմֆիրայի խռպոտ ձայնն է: Սիրտս սկսում է արագ խփել. շուտով կհասնենք կամրջին: Սիրում եմ կամուրջների վրայով քայլել, ինձ օդերում եմ զգում: Գլուխս կախում եմ` երգը փոխելու: Ուսիս խփվում է իմ նստարանին մի կերպ տեղավորված կնոջ շնչառությունը, կես վայրկյան անց ձայնը ճեղքում է ականջներիս ու ականջակալի միջեւ եղած փակ տարածքը.

-Ուզում ա նետվել: Ինքնասպանություն ա ուզում գործի: Ջահել ա:

Բարձրացնում եմ գլուխս, փրկարարների կարմիր մեքենան փակել է տեսադաշտը: «Ջահել ա» նախադասությունը վերջնականապես փոթորկում է ներսս. ցունամիի սպասեք:

Ուշադրությունս բռնում եւ իրենց կողմն են թեքում ամուսինները: Տղամարդը ցինիկ ժպիտով ատամների արանքից բառեր է նետում: Հանում եմ ականջակալներս:

-Թե ասա` թողեք գցվի, էլի: Ինչ եք եկել, հավաքվել, համոզում եք:

-Երեւի վարկեր ունի: Հազիվ գլուխը կպրծացնի,- կինն է շարունակում` դեմքի ծիծաղը սրելով: Կապույտ աչքերը միանգամից մգվում են, կինը տգեղանում է, կնճիռներն ավելի կախվում: Ինձ հազիվ եմ հետ պահում ատելություն զգալուց, բայց զգացածս հակակրանքը կրկնապատկվում է վերջին նախադասության վրա.

-Էս վերջերս մեկն էլ էր վարկերի պատճառով գցվում: Էկան, համոզեցին, պետությունն էլ վարկերը փակեց: Երեւի ուզում ա ինքն էլ օգտվի,- ծվվացող ծիծաղով ձայնը շպրտվում է դեմքիս: Հայացքս թեքում եմ ինձ հետ նստած կնոջ կողմը, նկատում է մեջս կուտակված բարկությունն ու միանգամից փորձում կանխել ինձ.

-Ջահել ա, ափսոս ա: Ամեն ինչ կանեն, չեն թողնի գցվի:

Դեմքս ավելի եմ ձգում դեպի պատուհանը ու նորից ականջներս խցկում երաժշտությունը: Ձախ աչքիցս քամին արցունքը պոկում ու ցրում է օդի մեջ: Միտքս մի քանի վայրկյանում հազար հարցերով է անցնում` ջահել ա, ի՞նչն ա պատճառը, ինչպե՞ս են համոզելու… Ու ո՞ր պահից այսքան ցինիկ դարձանք: Լավ, ուրիշի ցավին անտարբեր լինելը մի քիչ հասկանալ կարելի է, բայց ծաղրե՞լ…

Եթե հարցերը շարունակվեն, հաստատ գոռալու եմ, այլ տարբերակ չկա մարդկանց լռեցնելու:

Ավտոկայանի մոտ ականջակալներումս նորիցս Զեմֆիրան է միանում: Երջանիկ պատահականություն: Եթե այս երգը հիմա չհնչեր, չէի փրկվելու. …отвези меня пожалуйста к мосту. Ближе, ближе, здесь я дышу.

Ախր կամուրջներն ինքնասպանությունների համար չեն, դրանք այնքան սիրուն են: Լուսաբացին, երբ փողոցները դատարկ են, մարդիկ ու մեքենաները քնած, կամուրջների վրայով կարելի է թռչել. հա հենց թռչել, որովհետեւ դա քայլել չէ, ոտքերդ այնքան թեթեւ են սահում, որ ամենասիրուն ճայերն էլ կնախանձեն ազատ թռիչքիդ:

Փոքրիկ տղան ինձ նորից ստիպում է իջեցնել երաժշտության ձայնը: Տղայի ու մոր խոսակցությունը նույն երթուղայինում է, տարեց ամուսինների հենց կողքի նստարանին:

-Մամ, Երեւանի ծովը շա՞տ խորն ա:
-Ծով չի, բալես: Լիճ ա: Երեւանյան լիճ ա անունը:
-Չէ մամա ծով ա: Ես մանկապարտեզում երեխեքին ասել եմ, որ ամեն օր ծովով եմ գնում: Մամ, համ էլ խաբել եմ իրենց: Ասել եմ` նավ ունեմ, մինչեւ կենտրոն նավով եմ գալիս: Հավատացել են:
-Չի կարելի խաբել, վաղը կպատմես ճիշտը:
-Է, մամ: Թող մի քիչ երազեմ էլի: Համ էլ, երբ մեծանամ, նավ կառնի ինձ պապան: Նավաստի եմ դառնալու:
-Բայց մենք ծով չունենք, էդ ո՞նց ես նավաստի դառնալու, որտե՞ղ:
-Մամ, դու որ ինձ քնելուց առաջ հեքիաթներ ես պատմում, դրանք իրակա՞ն են, չէ, ինչ-որ մեկի գլխում իրական են եղել: Իմ ծովն ու նավն էլ իմ գլխում են իրական:

Ու ինչքան եմ ուզում գրկել էս փոքրիկին, իրեն ասել, որ հա` մենք ծով ունեք, քո նավն էլ իրական է: Չդադարես երազել փոքրիկ, չդադարես ապրել…

Չդադարես ապրել: Նորից վերադառնում եմ կամուրջի մոտ: Չդադարես ապրել, լսո՞ւմ ես, մարդ: Չհամարձակվես քեզ ցած նետել, չկոտրես քո բաժին կյանքը:

-Չէ, շատ էմոցիոնալ ես,- սաստում եմ ինքս ինձ:

Կանգառում իջնելիս ոտքերս նորից հիշեցնում են հոգնածության ու ցավի մասին: Ինձ հազիվ քարշ եմ տալիս վերելակ: Բացում եմ դուռը, բարեւում մամային ու մտնում սենյակ: Մի ժամ անշարժ պառկելուց հետո վերցնում եմ հեռախոսս ու բացում ԱԻՆ-ի կայքը:  Ոչինչ չկա: Ժամը մեկ թարմացնում եմ, մինչեւ 11:30-ին հայտնվում է լուրը.

«Հունիսի 15-ին, ժամը 18.12-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից: Փրկարարները, ոստիկանների հետ համատեղ, կանխել են Խ. Հ.-ի (ծնված 1985 թ.) ինքնասպանության փորձը»:

Եթե էդ պահին չափեին ժպիտիս երկարությունը, Գինեսի գրքում էին գրանցելու: Փրկվեց: Փրկվեցինք: Ապրեցինք:                                                                                                                                                                         
 
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am