Ղարաբաղյան համախտանիշ. 20 տարի անց - Mediamax.am

Ղարաբաղյան համախտանիշ. 20 տարի անց
16919 դիտում

Ղարաբաղյան համախտանիշ. 20 տարի անց


Պատանդներն արդեն ազատության մեջ են, և նրանց կյանքին ոչինչ չի սպառնում, կրքերը հանդարտվել են, գործընթացը վերածվել է դանդաղահոս, քրոնիկ անհեթեթության, և բարձրաձայն մտորումներով արդեն ոչ մի բանի չես վնասի։

Այս մտորումները գրի առնելուն ինձ ոգեշնչեց իմ դասընկեր Արա Թադևոսյանը, և նա իր գործն արեց։ Փորձեմ ես էլ իմն անել, սակայն փոքր-ինչ այլ դիտանկյունից։ Հիմքեր ունեմ ենթադրելու, որ այս օրերին գործ ունենք խորապես անուշադրության մատնված ղարաբաղյան համախտանիշի հետ, որը վերաճել է շեղված վարքագծի ագրեսիվ ձևի։ Այդ մասին ճիշտ կանեին լրատվամիջոցներով խոսեին հոգեբանները, սակայն նրանք խիստ զբաղված են պատի «ավարային» ժամացույցի «ուրախ» պատկերները  մեկնաբանություններով։ Ստիպված եմ՝ ինքս:

Ինչ-որ սխալ բան սկսեցի նկատել այն ժամանակից, երբ ինձ որսացի այն մտքի վրա, որ սկսում եմ առանձնացնել ինձ պատերազմի վետերանի իմ կարգավիճակից: Ձևական մի տող թողեցի պաշտոնական կենսագրությանս մեջ (այն էլ անուղղակիորեն՝ պարգևների մասին), փակեցի պահարանում մարտական գործողությունների մասնակցի վկայականս և գրքիս 3 օրինակը հանձնեցի Հանրային գրադարան՝ միամտորեն կարծելով, թե հուսալիորեն թաքցրել եմ այն ամենը, ինչն ինձ համար իսկապես արժեքավոր է և կարևոր, այն ամենից, ինչը սկսել էր մահացու վտանգ ներկայացնել դրա համար։

Խնդրի խորությունը պայմանավորված էր տարիքով, որում ես ու ընկերս հայտնվել էինք պատերազմի դաշտում՝ գրոհային ստորաբաժանման շարքերում. բոլոր դիմանկարները, դեպքերը, նույնիսկ գույներն ու բույրերն այն աստիճան խորն էին տպավորվել հիշողության մեջ՝ իրենց մաքրությամբ և կատարելությամբ, որ սարսափելի դարձավ այդ ամենը վերագնահատել և խմբագրել նոր՝ հետպատերազմյան իրողությունների համատեքստում։ Իսկ իրողությունները թողնում էր լավը ցանկանալ, քանի որ ավագ ընկերների մեծամասնությունը փնտրում և չէին գտնում իրենց նոր աշխարհում, որը հանկարծակի այլ էր դարձել, ուր այլևս չկային ընդհանուր նպատակներ և գաղափարներ, ուր բոլորը ցրվեցին իրենց նոր խրամատներում՝ համաձայն նոր կենսակերպի և զանազան արժեքային կողմնորոշիչների և հետաքրքրությունների։

Հայտնվեցին կուրծքը ծեծող խաբեբաներ և «շորափոխներ»՝ «կոոպերատիվ» մեդալիկներով, կախազարդերով և նշանիկներով (չէ՞ որ, միևնույն է, ոչ ոք չի հասկանում, թե ինչ է այնտեղ կախված և ինչի համար. փայլում է՝ լավ է) առիթով և անառիթ գոռացող իրենց բացառիկության մասին, քանի որ «արյուն են թափել»։  Սողացողներ երևան եկան, ովքեր մոռանալով մարտական եղբայրության մասին, գլուխների վրայով սկսեցին վերևներ ձգտել՝ կորցնելով, դեն նետելով նախկին արժեքները կամ փոխելով նորերով։

Մնացածներից մեկը հեռացավ, մյուսը հարբեցողությամբ տարվեց և սկսեց ջանադրաբար խղճալ ինքն իրեն, մեկը վերադարձավ նախկին զբաղմունքին, մյուսն իր մեջ ուժ գտավ ինչ-որ նոր և ստեղծագործական բանով զբաղվելու, մյուսն էլ այդ ուժը չգտավ և մնաց 92-ում։

Վրա հասած «վայրի կապիտալիզմը» անխուսափելի սոցիալական շերտավորմամբ սրեց անարդարության՝ առանց այդ էլ լարված զգացումը։ Սնկի պես աճեցին բազմապիսի կուսակցություններ և շարժումներ, որոնց համար վետերանները համեղ պատառ դարձան։ Շատերի տեխնոլոգիաները նման էին առաջնորդի պաշտամունքով, մեծ առաքելության գաղափարով, գերազանցության և բացառիկության զգացումով աղանդավորության։ Հեղինակավոր ատրիբուտ դարձավ բազմապիսի վետերանների և դրանց նմանակող «միությունների» և «դաշինքների» ստեղծումը (պետությունը ոչ մի պաշտոնական մարմին չստեղծեց), որոնք, իրար խոսք կտրելով, փնովում ու մեղադրում էին մեկմեկու ինքնակոչության մեջ, չափվում էին մարտական վաստակներով՝ հաճախ անցնելով հայհոյանքի և ծեծկռտուքի, հասարակության վզին փաթաթելով «արդարության և զարգացման» մասին իրենց նեղմիտ տեսլականը։ Հասարակությունն էլ նայում ու զզվում էր այնքան ժամանակ, մինչև «ազատամարտիկ» բառը, իրենց գրոշանոց շահերից կառչած վետերանների և սղալած տականքների ջանքերով վերջնականապես չկորցրեց իր սրբազան իմաստը։

Ինչ-որ պահից ինձ համար էլ նողկալի դարձավ, և մի անգամ` մարտնչած ավագ ընկերների հետ հանդիպման ու «կյանքի մասին» անխուսափելի վեճի ժամանակ, երբ նորից ու կոկորդ բռնած բոլորը սկսեցին մեղադրել ու վիրավորել միմյանց վերջին խոսքերով, ես հասկացա. աննշան բացառություններով (նրանք իմ վերջին հույսն են. հույս ունեմ նրանք ինձ կհասկանան ընթերցելիս) ես այլևս ոչ մեկի վրա չեմ կարող հավասարվել, նրանցից ոչ ոք այլևս մեծություն չեն ինձ համար,  և նրանք այլևս այն մարդիկ չեն, որ հպարտություն ու հիացմունք էին առաջացնում։ Նրանք արդեն ուրիշ, անծանոթ և անհասկանալի մարդիկ էին` անկախ այն բանից, թե ով` ինչի համար էր պատրաստ միմյանց կոկորդ կրծելու։ Եվ իմ սերն իրենց նկատմամբ արդեն ինչ-որ անհասանելի հեռու-հեռուներում է…

Այս նորերը իրենք իրենց հետ հաշտ չեն, նրանք ոչինչ չեն ավելացրել իրենց կերպարին և երբեմնի լուսավոր էությանը։ Ավելին, շարունակում են կտրել և դուրս նետել գարշահոտություն արձակող կտորտանքներ` ի ուրախություն նորահայտ ֆեյսբուքյան շակալների և բացահայտ ոչնչությունների, որ հնարավորություն են ստացել  բարբաջել, պարսավել և աղտոտել ամեն բան իրենց ճանապարհին (աղբամորեխներ) և կրակին յուղ լցնելու նպատակով` «ինչքան վատ, այնքան լավ» սկզբունքով։ Եվ որքան էլ դա սրբապղծորեն հնչի, ինձ համար հեշտ կլիներ, եթե նրանք այն ժամանակ զոհվեին` իրենց մասին թողնելով միանշանակ և լուսավոր հիշողություն։ Վերջինը ես ասացի բարձրաձայն։ Դրա համար վզիս չհասցրեցին, բայց և չխրախուսեցին…:

Այսօր ՊՊԾ գնդում գտնվողներից շատերը վստահ են, որ վերադարձել են իրենց՝ 92 թվականի «ես»-ին: Նրանք կրկին իրենց համար հարմար ու սովորական կերպարի մեջ են՝ զինվորական հագուստով, ինքնաձիգը ձեռքին: Նրանք հավատում են, որ ծառայում են իրենց իդեալներին ու հատուկ առաքելություն ունեն, կրկին պահանջված են, ուշադրության կենտրոնում են, ոգևորության մեջ են... Այդ զգացումն ինձ ծանոթ է, և ես ոչ մի բանի հետ չեմ փոխի համազգեստս ու ինքնաձիգս... բայց... արդեն 2016 թվականն է, ՊՊԾ գունդը հակառակորդի բլինդաժ չէ, զոհված գնդապետը (ով նույնպես վետերան էր)  հակառակորդ չէ. և ուզես, թե չուզես՝ աշխարհը փոխվել է...

Ինչպիսիք կլինեն (հերթական անգամ) վերադարձն ու համակերպումն օբյեկտիվ իրականության հետ, չգիտեմ,  բայց դա անխուսափելի է, ու մենք ստիպված ենք ապրել այդ գիտակցմամբ:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին