Սեպտեմբեր 26, 2016
«Չարը տանող» քեռի Արայիկը
7534 դիտում

«Չարը տանող» քեռի Արայիկը


Պատերազմը, քեռուս սեւ մորուքն ու վարդագույն քաղցր բամբակը երկու տարեկան հասակիցս մնացած կցկտուր հիշողություններից են: Պատերազմի մասին ոչինչ չգիտեի, մենակ էն, որ քեռին կանաչ ու սեւ համազգեստ էր հագել ու գնացել, ես կարոտում էի նրան: Պատերազմը գող էր, ով մեզանից առեւանգել էր քեռուն, ով ինձ բերում էր էդ տարիքում ամենասիրածս բանը՝ վարդագույն քաղցր բամբակը:

Բայց նույնիսկ պատերազմը չկարողացավ հաղթել, առաջին բանը, որ արել էր քեռին տուն վերադառնալիս, քաղցր բամբակ վերցնելն ու ինձ մոտ գալն էր: Ու ոնց էր սիրտս թպրտում, երբ դեղին ավտոբուսը կանգնեց փողոցին մոտ գտնվող մեր տան դիմաց, կանաչ-սեւ շորերի ու մորուքի հետեւում թաքնված տղամարդուն միանգամից ճանաչեցի, հետո տեսա ձեռքի վարդագույնն ու քեռուս մեծ, սեւ աչքերը: Մենք հաղթել էինք պատերազմը, քեռին ինձ նորից քաղցր բամբակ էր բերել:

***

Տարիներ անց տատիկենց տանը հաճախ էր հայտնվում նույն սեւ մորուքն ու կանաչ-սեւ համազգեստը: Մյուս քեռուս ընկերը պատերազմում շատ բան էր թողել: Հենակներով այդ տղամարդն այդպես էլ հագից չէր հանում համազգեստն ու չէր ազատվում սեւ մորուքից: Երբեք չեմ հարցրել, թե ինչու է այս մի քեռին դեռ պատերազմի հագուստով ապրում, ինչու է քայլում հենակներով: Էդ հարցերը չէին աղմկում մեջս, որովհետեւ այդ քեռին ժպտում էր ամենասիրուն ժպիտով, որովհետեւ անկախ դեմքին դաջված կռիվներից, մեծ աչքերը միշտ փայլում էին:

Բամբ ձայնով էր ծիծաղում: Խոսքի մեջ անընդհատ կրկնում էր՝ «չարդ տանեմ»: Սովոր էի, որ պիտի ասեն՝ «ցավդ տանեմ», բայց այս քեռին ցավ շատ էր տեսել, հավանաբար, բայց այս քեռին հասկացել էր, երեւի, որ չարը տանողները քիչ են: Այս քեռին որոշել էր, որ ինքը պիտի լինի չարը տանողը: Անսովոր էր փոքրիկ ականջներիս լսել, թե ինչպես է մի ոտքից կաղող, զինվորի շորերով ու սեւ մորուքով տղամարդը ամեն անգամ չարը տանում: Բայց հավատում էի, որ կարող է: Ամեն անգամ, երբ գալիս էր տատիկենց տուն, վազում էի՝ գոռալով. «Չարը տանող քեռին եկավ, չարը տանող քեռին եկավ»:

***

Ուսանողական տարիներին համալսարանում ինչ-որ միջոցառում էր: Հայաստանի անկախությանը նվիրված լուսանկարների գիրք էին նվիրել մեզ: Հաստ, մեծ գրքում հազարավոր նկարներ էին՝ պատերազմի դաշտից ու պատերազմից հետոյի Հայաստանի տարբեր վայրերից: Էջերն էի թերթում, երբ մեկ էլ թարմ տպված թղթի հոտերի արանքում լսեցի մանկությունումս թողած ծիծաղը: «Չարը տանող» քեռին ժպտում էր գրքի էջից՝ ատամները լայն բացած, պսպղուն աչքերով, բռունցք արած:

-Մամ, գիրք եմ նվեր ստացել, նկարների մեջ քեռու ընկերոջ՝ Արայիկի նկարն էլ կա:

-Հա, էդ հայտնի նկար ա, ինքը կռվել ա պատերազմում, հայկական Չէ Գեւարա էին ասում: Կբերես գիրքը, տանք քեռուն:

***

Մոտ մեկ տարի առաջ աշխատանքից հետո անցնում էի Ազատության հրապարակով: Հանրահավաք էր: Որոշեցի պտտվել մարդկանց մեջ: Զինվորի շորերով փոքրիկը միանգամից գրավեց ուշադրությունս, քայլեցի նրա մոտ: Երբ հասա նրան, ուսերի վրա նկատեցի տղամարդու ձեռքեր: Կիսաժպիտս միանգամից ամբողջությամբ բացվեց՝ աչքերս վերեւ բարձրացնելուն զուգահեռ:

-Բարեւ Ձեզ: Ո՞նց եք: Սամվելի քրոջ՝ Նունեի աղջիկն եմ:

-Բարեւ բալես: Վայ, էս ինչքա՞ն ես մեծացել չարդ տանեմ: Մաման ո՞նց ա:

Զրուցում էի «չարը տանող» քեռու հետ՝ մեկ նայելով նրա փոքրիկին, մեկ սպիտակած մազերին ու մտահոգ աչքերին: Բայց ժպիտը նույնն էր, նույնը…

***

-Էդ տղերքից մի քանիսը վիրավոր են, վիրահատել են: Տեսնես Արայիկը ո՞նց ա:

Առավոտյան աչքերս բացեցի մամայի ձայնից: Տատիկի հետ էր խոսում հեռախոսով: Միանգամից սիրտս սկսեց արագ բաբախել: Վերջին օրերի զսպվածությունս կարծես սկսեց թուլանալ, զգացումնքներս տեղի տվեցին.

-Մենակ թե բան չպատահի, մենակ թե «չարը տանող» քեռուն ու նրա ընկերներին բան չպատահի…  Հետո ո՞վ պիտի չարը տանի:

Ես խաղաղություն եմ ուզում:
 
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am