Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել (մաս 1) - Mediamax.am

Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել (մաս 1)
21275 դիտում

Իմ հարազատի մոտ քաղցկեղ են հայտնաբերել. ի՞նչ անել (մաս 1)


Քաղցկեղն աշխարհում ամենատարածված հիվանդություններից է: Մենք գրեթե ամեն օր լսում ենք նման դեպքերի մասին։ Համացանցը ողողված է օգնության խնդրանքներով: Քաղցկեղ կարող է հայտնաբերվել նաեւ մեր հարազատի մոտ, եւ այդ ժամանակ հարց է առաջանում՝ ի՞նչ անել նման դեպքերում, ինչպե՞ս խոսել նրա հետ, ինչպե՞ս օգնել:

Սրանք հարցեր են, որոնք հուզում են նման իրավիճակում հայտնված անձանց: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ավելի լավ կողմնորոշվել եւ հնարավորինս արդյունավետ օգնել հիվանդին:

1.    Ինչպե՞ս խոսել առողջական լուրջ խնդիր ունեցող մարդու հետ, ինչպե՞ս ընտրել բառերը

Սա ամենեւին հեշտ բան չէ: Երբ ձեր մտերիմի (հարազատի կամ ընկերոջ) մոտ առողջական լուրջ խնդիր են հայտնաբերում, հաճախ շատ դժվար է լինում մտքերը հստակ ձեւակերպել, ընտրել ճիշտ բառեր, խոսել այդ խնդրի մասին՝ փորձելով օգնել հարազատին: Պարզ է, որ նման դեպքերում ճիշտ մոտեցման համընդհանուր կիրառելի մեթոդ գոյություն չունի, յուրաքանչյուր դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում` հաշվի առնելով տվյալ մարդու անձնային առանձնահատկությունները եւ այլ հանգամանքներ:

Թերեւս ավելի ճիշտ կլինի նախապես պատրաստել ինչ-որ հարցեր եւ թեմաներ, որոնց շուրջ կարելի է խոսել, այնուհետեւ կողմնորոշվել՝ ըստ հարազատի՝ տվյալ պահին ունեցած տրամադրության: Ոմանք ցանկանում են հիվանդության մասին մանրամասն պատմել, խոսել սեփական զգացողությունների ու վախերի մասին. այս դեպքում պետք է լսել եւ չընդհատել: Ուրիշներն էլ կցանկանան շրջանցել հիվանդության թեման եւ ուղղակի խոսել առօրյա թեմաներից. այս դեպքում պետք է հարգել ու փորձել հիվանդությանը վերաբերող հարցեր չտալ:

Համացանցում առկա են մեծ թվով գրքեր, հոդվածներ եւ տեսանյութեր, որտեղ այս նուրբ թեմայի վերաբերյալ հնարավոր է բազմաթիվ օգտակար խորհուրդներ գտնել:
Օրինակ, կարող եք ընթերցել Լետտի Կոտտին Պոգրեբինի «Փորձություն հիվանդությամբ. ինչպե՞ս շփվել, պահպանել հարաբերությունները եւ օգնել հարազատին» օգտակար գիրքը։

2.    Կա՞ն այնպիսի ձեւակերպումներ, որոնք չարժե օգտագործել

 «Ինչպե՞ս ես». նման դեպքերում այս հարցը հիմնականում տրվում է այնպիսի հնչերանգով, կարծես ասելիս լինենք․ «Գիտեմ, որ լուրջ հիվանդ ես, բայց կարող ես խոսել հետս, պատմել ամեն ինչ»։ Մինչդեռ, եթե հիվանդն այդ հարցին պատասխանի ընդունված «լավ», «շատ լավ» կամ «նորմալ» բառերով, իսկ դուք շարունակեք ձեր ճշգրտող հարցերը, ապա անհարմար դրություն կարող է ստեղծվել։

Վերը հիշատակված գրքի հեղինակն առաջարկում է հետեւյալ այլընտրանքային հարցերը եւ արտահայտությունները․ «Գործերդ լա՞վ են», «Ուրախ եմ քեզ տեսնել», «Ի՞նչ ես զգում» եւ այլն:

Բոլոր անցանկալի հարցերը եւ դատողությունները կարող են գրգռել հիվանդին: Օրինակ, երբեք չի կարելի աթեիստ մարդու հետ խոսել գործած մեղքերի մասին, որոնք իբր թե քաղցկեղի առաջացման պատճառ են հանդիսացել, եւ այն մասին, որ ապաքինման համար պետք է անպայման աղոթել: Չի կարելի նաեւ դիմացինին կշտամբել. «Այս ամենը քո ծխելու հետեւանքն է», «Այս հիվանդությունն առողջությանը չհետեւելու արդյունք է» եւ այլն: Այս ամենը կարող է հիվանդ մարդուն հավելյալ սթրեսի ենթարկել. պետք է հնարավորինս զերծ մնալ նման իրավիճակներից:

Անթույլատրելի է հիվանդին խորհուրդ տալ դիմելու ոչ ավանդական բժշկության օգնությանը, փորձել տարբեր մրգերի եւ նյութերի օգնությամբ (հակագիտական մեթոդներով) ինքնաբուժությամբ զբաղվել (վառ օրինակը «սոդայաբուժությունն» է), վերջինս կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:

Մի´ կարդացեք նման վերնագրերով նյութեր՝ «Քիմիաթերապիան ցեղասպանություն է մարդկության դեմ», «Քաղցկեղը բուժվում է սոդայով» կամ «Յուրաքանչյուր տնտեսուհի իր ձեռքի տակ ունի քաղցկեղի դեմ պայքարի միջոց»:

Այս թեմայի շուրջ առաջարկում եմ ընթերցել Սյունե Սեւադայի հեղինակած նյութը:

Միշտ հիշե՛ք, որ բժշկությունը մեկն է:

3.    Ինչպե՞ս կարող եմ օգնել

Սկզբում պետք է ուղղակի օգնության պատրաստակամություն հայտնել. «Կարո՞ղ եմ ինչ-որ բանով օգնել», «Ինչո՞վ կարող եմ օգնել»: Միշտ կան բազմաթիվ գործեր, որոնց հարցում կարող եք օգտակար լինել, օրինակ՝ երեխաներին մանկապարտեզ կամ դպրոց տանել, հիվանդի համար ինչ-որ համեղ բան պատրաստել, տան մաքրությունը պահպանել, դեղերը գնել եւ այլն:

Ցանկալի է հիվանդի համար այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ նա քիչ թե շատ մոռանա իր հիվանդության մասին, փորձել այնպիսի պայմաններ ստեղծել, որ նա հնարավորություն ունենա զբաղվելու իր սիրելի գործով, հոբբիով, այն ամենով, ինչով զբաղվում էր մինչեւ հիվանդությունը: Որքան էլ տարօրինակ հնչի, որոշ դեպքերում բավական արդյունավետ է հենց հիվանդին դիմել որեւէ հարցով օգնելու խնդրանքով, այդ դեպքում նա իրեն ավելի օգտակար ու պիտանի կզգա:

Քաղցկեղ ունեցող բարեկամի տուն այցելելիս ցանկալի է նրան նախապես զգուշացնել այդ մասին: Թե ինչքան է պետք մնալ նրա տանը, ընդհանուր առմամբ որոշում է հենց հիվանդը, պետք է ուղղակի հնարավորինս ուշադիր ու նրբանկատ գտնվել հիվանդի հետ շփման ժամանակ: Այդ մասին կարելի է նաեւ ուղղակիորեն հարցնել նրան:
 
Եթե հիվանդը ձեր հարազատն է, այլ ոչ ուղղակի ծանոթը, կարող եք փնտրել հայաստանյան եւ արտասահմանյան լավագույն ուռուցքաբաններին, կապ հաստատել եւ հիվանդի հետ միասին խորհրդակցել նրանց հետ: Բժիշկները հիվանդությունը եւ դրա հետագա հնարավոր զարգացումները նկարագրելու համար սովորաբար բարդ տերմիններ ու հասկացություններ են օգտագործում․ եթե դուք որոշակի գիտելիքներ ունեք այդ ոլորտում, ձեր օգնությունը պետք կգա:

Նման ծանր հիվանդությունների դեպքում խիստ կարեւոր է միաժամանակ ունենալ մի քանի լուրջ մասնագետների կարծիքներ, ցանկալի է նաեւ, որ դրանցից մեկը լինի միջազգային հեղինակություն ունեցող մասնագետի կարծիք: Նման բարձր որակավորում ունեցող մասնագետի գտնելու հարցում, հավանաբար, կարող են օգնել հիվանդին բուժող բժիշկները, ոլորտում գործող հիմնադրամները, կամ էլ նման բժիշկների հետ կարող եք կապ հաստատել այդ երկրներում ապրող ձեր հարազատների ու ընկերների օգնությամբ: Համացանցում առկա են նաեւ բազմաթիվ կայքեր, որոնք հնարավորություն են տալիս կապվել տարբեր երկրների բժիշկների հետ, սակայն հիշե՛ք՝ ինչպես այդ եղանակով, այնպես էլ մտերիմների միջոցով կապ հաստատելու դեպքում պետք է հնարավորինս զգույշ լինել, քանի որ խաբվելու եւ ոչ կոմպետենտ մասնագետի հետ խորհրդակցելու հավանականությունը փոքր չէ:

Հաջորդ երկու մասերում կխոսեմ այնպիսի ռեսուրսների մասին, որտեղից կարելի է քաղցկեղի վերաբերյալ արժանահավատ տեղեկություններ ստանալ, կներկայացնեմ քաղցկեղի բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ գտնելու հնարավոր եղանակները, կնշեմ հայաստանյան եւ միջազգային բարեգործական կազմակերպությունների եւ բարեգործական գործունեություն ծավալող անձանց տվյալները, որոնց օգնությամբ հնարավոր կլինի բուժման համար անհրաժեշտ գումարը հավաքել:

Սույն հոդվածը գրելիս ոգեշնչվել եւ օգտվել եմ https://meduza.io ռուսական առաջատար լրատվական կայքի «Разбор» բաժնում հրապարակված՝ մեր հայրենակցուհի Դարիա Սարկիսյանի պատրաստած նյութից:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Լուսանկարը՝ Էդգար Հարությունյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին