Իրական սպառնալիքն աղքատությունն  է
6019 դիտում

Իրական սպառնալիքն աղքատությունն է


2016 թվականը կարեւոր տարի էր Լիդիան Արմենիայի համար: Գրեթե 11 տարի տեւած երկրաբանահետախուզական աշխատանքներից հետո մենք սկսեցինք Ամուլսարի ծրագրի շինարարությունը: Ամփոփելով իրադարձություններով լի տարին, ծրագրի համար այս նոր փուլում, ուզում եմ խոսել այն մասին, թե ինչու եմ վստահ, որ Ամուլսարի ծրագիրն ունի հսկայական նշանակություն:

Երեւանում շատերի համար սա ընդամենը հանքի կառուցում է: Մեզ համար՝ Լիդիան Արմենիայում եւ Ամուլսարի հարակից համայնքներում, սա երկար սպասված իրադարձություն է, որը նշանակում է հսկայական փոփոխություն: Փոփոխություն, որին հարյուրավոր մարդիկ սպասել են ավելի քան 10 տարի, փոփոխություն, որն ունի բոլոր նախադրյալները վերափոխելու տարածաշրջանի տնտեսությունը, տեղի բնակչության ապագան եւ, ճիշտ մոտեցման եւ համապատասխան քայլերի դեպքում, նաեւ՝ Հայաստանի ներդրումային միջավայրը:

Կարեւորը՝ մարդիկ են

Տարիներ առաջ, երբ մենք՝ մի խումբ երկրաբաններով սկսեցինք  հետազոտություններն Ամուլսարում, ունեինք շատ սահմանափակ ռեսուրսներ եւ դեռեւս չգիտեինք, թե ինչ արդյունքի կհասնենք: Գնդեվազ համայնքում հայտարարեցինք հանքաքարի նմուշների տեղափոխման համար պարկերի պատրաստման մրցույթ: Գնդեվազ համայնքի երիտասարդ բնակիչ Վահան Մկրտչյանն առաջարկեց իր ծառայությունները՝ ունենալով ընդամենը մեկ կարի մեքենա: Այսօր՝ ավելի քան 7 տարվա համագործակցությունից հետո, Վահանը Գնդեվազում ունի կարի արտադրամաս՝ 8 աշխատակցով եւ տեքստիլի խանութ՝ Ջերմուկում: Այսօր նա մատակարարում է համազգեստ Ամուլսարի ծրագրին, եւ ընդլայնել է բիզնեսը՝ վարագույրներ ու սպիտակեղեն մատակարարելով Ջերմուկի հյուրանոցներին: 2 տարի առաջ Գնդեվազում ծնվեց Վահանի երկրորդ երեխան՝ Շուշանիկը:

2012թ., երբ Ամուլսարի ծրագրի շինարարությունը անորոշ ժամանակով հետաձգվել էր թույլտվությունների ուշացումների պատճառով, Գորայքից Արտուշ անունով մի երիտասարդ մոտեցավ ինձ, հետաքրքրվեց աշխատանքի հնարավորություններով, ասաց, որ պատրաստվում է արտագաղթել, եթե աշխատանք չգտնի: Նա նոր էր ավարտել ուսումը ԵՊՀ քիմիական ֆակուլտետում: Ես չգիտեի, թե երբ կկարողանանք շարունակել ծրագիրը, բայց պատասխանատվություն ստանձնեցի եւ խորհուրդ տվեցի չգնալ երկրից եւ սպասել հնարավորությունների: Այսօր Արտուշն աշխատում է Լիդիան Արմենիայի երկրաբանական լաբորատորիայում Գորայքում եւս 12 գորայքցի երիտասարդ տղաների եւ աղջիկների հետ: Ամեն անգամ տեսնելով նրան Գորայքում՝ իր ընտանիքի հետ՝ այնպիսի բավարարություն եմ զգում, որ որեւէ այլ աշխատանք չէր կարող պարգեւել: Անցած 10 տարվա ընթացքում մենք ականատես ենք եղել մի քանի տասնյակ այսպիսի պատմությունների: Ամեն անգամ, երբ այս համայնքներում երեխա է ծնվում, երիտասարդ է վերադառնում արտագաղթից, մի նոր փոքր բիզնես է բացվում, մենք ավելի ենք ոգեշնչվում մեր գործով: Լիդիան Արմենիայի աշխատակիցների համար Ամուլսարը պարզապես կառուցվող հանք չէ: Մեզ համար սա համայնքներում կենսակերպի ահռելի դրական փոփոխության հնարավորություն է:

Թվերի հետեւում մարդիկ են

Երբ մենք խոսում ենք 1300 ուղղակի աշխատատեղի մասին շինարարության փուլում եւ 700 մշտական աշխատատեղի մասին հանքի շահագործման ընթացքում, Երեւանում շատերի համար դրանք ընդամենը թվեր են: Երբ մենք ասում ենք, որ Ամուլսարի ծրագրում ամեն ուղղակի աշխատատեղը կստեղծի 4-5 անուղղակի աշխատատեղ, դա հնչում է որպես պարզ վիճակագրություն: Իրականում այս թվերի հետեւում մարդիկ են, ընտանիքներ եւ ճակատագրեր: Մենք խոսում ենք գորայքցի Արտուշի եւ գնդեվազցի Վահանի նման հարյուրավոր երիտասարդների մասին, ովքեր ավելի լավ կյանքի հնարավորություն կունենան իրենց հայրենիքում:

2008-2016թթ. ընթացքում Լիդիան Արմենիան Գորայքի, Սարավանի եւ Գնդեվազի համայնքային բյուջեներ վճարել է 3.3 միլիոն ԱՄՆ դոլար՝ որպես հողի վարձակալության վճար: Սա միայն թվեր չեն: Սա նշանակում է նոր ջեռուցման համակարգ գյուղի դպրոցի համար, որպեսզի երեխաները ստիպված չլինեն վերարկուներով նստել դասասենյակում, սա նշանակում է խմելու ջրի համակարգի վերանորոգում, որպեսզի մարդիկ մաքուր ջուր ունենան: Այս թվերի հետեւում  Ամուլսարի հարակից համայնքների համար հարյուրավոր այլ կենսական նշանակության խնդիրների լուծում է, ի շնորհիվ այն բանի, որ 11 տարի առաջ մի խումբ երկրաբաններ հայտնաբերեցին Ամուլսարի հանքը, եւ այսօր այն դարձել է երկրի խոշորագույն ներդրումային ծրագիրը:

Կան մարդիկ, ովքեր ունեն անկեղծ մտահոգություններ: Բայց կան նաեւ մարդիկ, ովքեր անձնական դրդապատճառներից ելնելով, ինչպիսիք են ագահությունը, նախանձը, անձնական բիզնես շահերը եւ այլ պատճառներ՝ գործում են Ամուլսարի ծրագրի դեմ ինչպես հրապարակայնորեն, այնպես էլ կուլիսների հետեւում: Ես միշտ ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք այդ մարդիկ զգում են պատասխանատվություն այս համայնքների նկատմամբ: 370 միլիոն ԱՄՆ դոլարը պարզապես թիվ չէ, սա այն ներդրումն է, որը բերում է Ամուլսարի ծրագիրը: Այս ծրագիրը համայնքների համար հնարավորություն է փոխելու կյանքի որակը՝ տնտեսական անկման եւ արտագաղթի պայմաններում: Մենք՝ Լիդիան Արմենիայում անձնական պատասխանատվություն ենք զգում ամեն ինչ անելու, որ այս ներդրումից համայնքները շահեն առավելագույնը:
 
Այս կապակցությամբ մի կարճ խորհուրդ. կարիք չկա մարդկանց հանքարդյունաբերությամբ վախեցնելու: Պատշաճ, ժամանակակից հանքարդյունաբերությունը բոլորովին վախենալու չէ: Սարսափեցնող են աղքատությունն ու հուսահատությունը:

Ժամանակակից հանքարդյունաբերությունը վախենալու չէ

Ես որեւէ պարագայում չեմ թերագնահատում այն մարդկանց անկեղծ մտահոգությունները, ովքեր քիչ հավատ ունեն անվտանգ հանքարդյունաբերության նկատմամբ: Սա հասկանալի է, հաշվի առնելով հասարակությունում վստահության պակասը, ընդհանուր առմամբ, և հետխորհրդային շատ երկրներում՝ այդ թվում նաեւ Հայաստանում,  հանքարդյունաբերության վատ ժառանգությունը: Այս տարիների ընթացքում մենք բերել ենք հարյուրավոր գիտական հիմնավորումներ այն մասին, թե ինչու Ամուլսարը կլինի մարդկանց եւ ջրային ռեսուրսների, այդ թվում Ջերմուկի եւ Սեւանի, համար անվտանգ հանք: Ես այստեղ չեմ անդրադառնա տեխնիկական հիմնավորումներին, քանի որ դրանք հասանելի են մեր տասնյակ հոդվածներում եւ հարցազրույցներում:

Խոսեմ պարզ բառերով եւ օրինակներով: Հանքարդյունաբերությունը Կանադայի եւ Շվեդիայի տնտեսությունների ողնաշարն է: Դժվար է պատկերացնել, որ հանքարդյունաբերությունը կարող էր գոյություն ունենալ Շվեդիայում, եթե այն անխուսափելիորեն աղտոտեր հողն ու ջուրը, օդն ու մարդկանց տներն ու սնունդը: Ժամանակակից հանքը կարող է աշխատել ժամանակակից հագուստի ֆաբրիկայի նման. բոլոր գործընթացները կարող են կառավարվել այնպես, որ աղտոտիչները չարտահոսեն շրջակա միջավայր եւ գործընթացը վերահսկվի ինժեներական լուծումներով: Այս ամենը պահանջում է աշխատանք, գիտելիքներ եւ ռեսուրսներ:

Լիդիանն առաջինն էր Հայաստանում, որ իրականացրեց Բնապահպանական եւ սոցիալական ազդեցությունների գնահատում, որը կազմված է ավելի քան 5500 էջից, որի վրա ծախսվել է 6 միլիոն ԱՄՆ դոլար եւ ավելի քան 6 տարի: Նորից կրկնեմ՝ սա հերթական թիվ չէ: Սա նշանակում է լավագույն հայաստանյան եւ միջազգային գիտնականների տարիների աշխատանք: Հանքը պետք է նախագծվի եւ կառուցվի՝ հաշվի առնելով շրջակա միջավայրի յուրաքանչյուր առանձնահատկություն, ապահովելով առավելագույն պաշտպանություն եւ այսպես ենք մենք աշխատում եւ աշխատել նույնիսկ շինարարության մեկնարկից շատ առաջ: Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ վստահեցնել, որ սա ամենածավալուն բնապահպանական հետազոտությունն է, որը երբեւէ կատարվել է Հայաստանում: Հաջորդ 5 տարվա ընթացքում մենք ներդնելու ենք 5,7 միլիոն ԱՄՆ դոլար «Ջերմուկ» ազգային պարկի ստեղծման համար, որը Հայաստանում եւ տարածաշրջանում երբեւէ իրականացված կենսաբազմազանության պահպանման խոշորագույն ծրագիրն է:  Հատկանշական է, որ բնապահպանական այս ահռելի աշխատանքն իրականացվում է հանքարդյունաբերական ընկերության կողմից:

Շատերը հարցնում են, արդյոք հնարավոր է իրականացնել «ճիշտ» հանքարդյունաբերություն Հայաստանում: Անկախ նրանից, թե որտեղ է հանքը կառուցված՝ համապատասխանությունը միջազգային չափանիշներին սահմանվում է ոչ թե ծրագրի աշխարհագրական դիրքով, այլ հանքը կառուցող ընկերությամբ եւ այն ներկայացնող միջազգային բաժնետերերի պարտավորությամբ: Սա հենց Լիդիանի դեպքն է: Եթե մենք կրկնենք ֆատալիստական կարծրատիպերը՝ «դա հնարավոր չէ անել Հայաստանում», դա իսկապես երբեք հնարավոր չի դառնա: Իմ համոզմունքնը հետեւյալն է՝ եթե դա հնարավոր է Շվեդիայում, ուրեմն հնարավոր է նաեւ Հայաստանում: Մենք դա այժմ իրականացնում ենք Ամուլսարում:

Լիդիանում են աշխատում Հայաստանի լավագույն բնապահպան-գիտնականներից մի քանիսը եւ մեզ հետ համագործակցում են առաջատար բնապահպանական փորձագետներ ամբողջ աշխարհից: Ես բնապահպան չեմ, ես երկրաբան եմ, բայց հավատում եմ, որ ինչպես ես՝ որպես Հայաստանի քաղաքացի, սրտացավ եմ իմ հայրենիքի եւ այն մարդկանց համար, ում հետ աշխատել եմ տարիներ շարունակ համայնքներում, այնպես էլ սրտացավ է մեր պրոֆեսիոնալ բնապահպանական թիմը: Նրանք ունեն համապատասխան գիտելիքներ, կարողություններ եւ վճռականություն՝ ծրագրի ամենաբարձր մակարդակով իրականացման համար:

Մեկ այլ պատմություն: Մեզ մոտ 2 երիտասարդ երկրաբաններ էին աշխատում՝ Ռուբենը եւ Գոռը: Երկուսն էլ ավարտել էին Երեւանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետը: 2015թ. նրանք ինձ խնդրեցին տեղափոխել իրենց բնապահպանական բաժին: Ասացին, որ իրենք հատուկ սեր  ունեն բնապահպանության նկատմամբ եւ հետեւելով մեր բնապահպանական թիմի աշխատանքներին՝ հետաքրքրություն ունեն բնապահպանական կառավարման նկատմամբ: Որպես երկրաբան, որն անվերապահորեն սիրում է իր մասնագիտությունը, ինձ համար սա տարօրինակ խնդրանք էր: Բայց մարդիկ մեր ամենակարեւոր արժենք են, եւ մենք որոշեցինք նրանց հնարավորություն տալ: Տեղական եւ միջազգային լավագույն մասնագետների հետ մոտ մեկ տարվա աշխատանքային վերապատրաստումից հետո, այժմ նախկին երկրաբաններ Ռուբենը եւ Գոռը դարձել են մեր բնապահպանական թիմի անփոխարինելի անդամներ: Ես ամեն անգամ մեծ հպարտություն եմ զգում՝ տեսնելով նրանց աշխատանքը մեր փորձառու բնապահպան մասնագետների առաջնորդությամբ:

Եվս մեկ պատմություն մարդկանց մասին: Ես վստահ եմ, որ Սփյուռքում շատերը հիմնավոր պատճառներ ունեն կասկածով վերաբերվելու որոշ հայաստանյան իրողություններին: Բայց կան դեպքեր, երբ Հայաստանը «պաշտպանելու» կարիք չկա: Դրանց թվում է նաեւ հանքարդյունաբերությունը, որի դեմ պայքարում են Սփյուռքի  որոշ ներկայացուցիչներ: Ժամանակակից հանքարդյունաբերությունը, եթե այն  պատշաճ է իրականացվում, վախեցնող չէ: Այն իրականացվում է Նեւադայից մինչեւ Կոլորադո՝ ԱՄՆ-ում, եւ Ալբերտայից մինչեւ Բրիտանական Կոլումբիա՝ Կանադայում,  որտեղ ապրում են սփյուռքահայերից շատերը եւ ես անձամբ եղել եմ նման բազմաթիվ հանքերում:

Աղքատությունը միակ բանն է, որի դեմ մենք պետք է համատեղ պայքարենք, եւ պայքարի լավագույն միջոցը ներդրումներն են, ոչ թե՝ բարեգործությունը:

Մենք Լիդիանում ունենք Սփյուռքի մասնակցության մեր պատմությունը: Մասնագիտացված շինարարական թիմը, որը կառուցում է Ամուլսարի հանքը, Կանադայից է: Շինարարական թիմում ունենք երկու սփյուռքահայ ինժեներ՝ Մհերը՝ ԱՄՆ-ից եւ Ալանը՝ Կանադայից: Այսօր նրանք այն թիմի մի մասն են, որը կառուցում է ժամանակակից հանքարդյունաբերական ծրագիր իրենց հայրենիքում: Նրանք միայն Ամուլսարի հանքը չէ, որ կառուցում են: Նրանք մասնակից են Հայաստանում իրական փոփոխություններին եւ ես հատկապես շնորհակալ եմ այս երիտասարդներին, որ որոշել են այս կերպ օգտակար լինել իրենց հայրենիքին:

Ներդրումները երկինքից չեն ընկնում

Եկեք խոսենք փաստերով՝ Հայաստանը այն երկիրը չի, որի վրա է աշխարհի բոլոր հանքարդյունաբերական ընկերությունների «աչքը», հակառակ հայտնի առասպելին, որը սիրում են կրկնել շատ հասարակական կազմակերպություններ: Կանադական Ֆրայզեր ինստիտուտն իրականացնում է 600 հանքարդյունաբերական ընկերությունների տարեկան հարցում, պարզելու  համար, թե որ երկրներ են ամենահարմարը աշխատելու համար: Հանքարդյունաբերության համար լավագույն երկրների ցանկը գլխավորում են Շվեդիան, Ֆինլանդիան, Կանադան, Ավստրալիան: Այո՛, հանքարդյունաբերական ընկերությունները եւ նրանց ներդրողները ցանկանում են աշխատել այն երկրներում, որտեղ կա կայացած դրական փորձ, կանխատեսելի օրենսդրություն եւ կայուն աշխարհաքաղաքական իրավիճակ: Եկե՛ք ընդունենք, որ Հայաստանը դեռեւս նման պետությունների շարքում չէ եւ հսկայական ջանքեր են պահանջվել այս ներդրումը Հայաստան բերելու համար:

Երբ մենք սկսեցինք Ծրագիրը, ինչպես ցանկացած հանքարդյունաբերական ընկերություն, մենք պետք է այն ներկայացնեինք միջազգային շուկայում՝ երկրաբանահետախուզական աշխատանքները շարունակելու եւ հետագայում հանքը կառուցելու համար ներդրումներ գտնելու նպատակով: Տասնյակ միջազգային կոնֆերանսների եւ էքսպոների ընթացքում մենք ներկայացրել ենք ներդրողներին ոչ միայն Ամուլսարի ծրագիրը, այլ նաեւ Հայաստանը եւ վստահեցրել, որ այն ապահով երկիր է ներդրումների համար: Ներդրումային շուկաներից Ամուլսարի ծրագրի միջոցով Հայաստան ուղղորդված յուրաքանչյուր լուման հսկայական աշխատանքի արդյունք է: Այն շարունակաբար իրականացվում է նաեւ այսօր ընկերության ղեկավարության կողմից, որ ներկայացնում է Հայաստանը հարյուրավոր միջազգային համաժողովներում: Սրանք հեշտ փողեր չեն եղել: Այսօր, որպես ընկերության ներկայացուցիչ, ես կարող եմ հպարտ լինել, քանի որ յուրաքանչյուր դոլարը, որ մենք ներգրավել ենք, նշանակում է հարակից համայնքների համար աշխատատեղեր, սոցիալական օգուտներ եւ զարգացման հնարավորություններ:

Այսօր Ամուլսարը խոշորագույն ներդրումային ծրագիր է՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Եվրոպայի խոշոր ներդրումային ֆոնդերի եւ բանկերի մասնակցությամբ: Անցած տարի մենք ապահովեցինք հիմնական ֆինանսական փաթեթը ծրագրի շինարարության համար՝ ամերիկյան 2 խոշոր ֆոնդերից: Ֆինանսավորումը վերջնականապես հաստատվեց 2016թ մայիսին՝ Հայաստանի համար շատ ծանր ապրիլից հետո:

Հզոր տնտեսություններ կերտում են ներդրումները: Երկիրը պետք է լավ ներդրումային մթնոլորտ եւ հավասար բիզնես հնարավորություններ ստեղծի ներդրումներ գրավելու համար: Այդպես են ամրանում տնտեսությունները: Մենք՝ որպես հասարակություն, պետք է  խրախուսենք ներդրումները եւ նրանց, ովքեր բերում են ներդրումներ: Հասարակությանը օգուտ տալու համար բիզնեսը պետք է շահութաբեր լինի, իսկ բիզնեսի եւ հասարակության շահը՝ ներառյալ բնապահպանական հավասարակշռությունը, պարտադիր չէ, որ հակասեն իրար:

Ամուլսարը շատ տեսանելի ծրագիր է ներդրումային շուկաներում՝ ոչ միայն հանքարդյունաբերական ոլորտին: Հայաստանը հայտնի է պոտենցիալ ներդրողներին այլ բնագավառներում եւս՝ Ամուլսարում ներգրավված խոշոր  ընկերությունների շնորհիվ: Ներդրումային շուկան շատ զգայուն է հաջողությունների եւ անհաջողությունների նկատմամբ, եւ Ամուլսարի հաջողությունը կդառնա Հայաստանի ներդրումային պատմության վառ օրինակը: Սա այն է, ինչ ես եւ մեր թիմը ցանկանում ենք մեր երկրի համար:

Հայաստանը իմ երկիրն է: Այն հարյուրավոր երկրաբանների, քարտեզագրողների, ինժեներների, տնտեսագետների, սոցիալական եւ բնապահպանական մասնագետների երկիրն է, ովքեր աշխատում են Ամուլսարի ծրագրում: Մենք բոլորս ավելի քան վստահ ենք, որ կարեւոր աշխատանք ենք կատարում այն երկրի համար, որը սիրում ենք: Մենք բոլորս ցանկանում ենք տեսնել այն փոփոխությունը, որն Ամուլսարի ծրագիրը նոր ստանդարտների հետ միասին բերում է հանքարդյունաբերության ոլորտ, եւ այն փոփոխությունը, որը բերում է ծրագիրը որպես խոշոր միջազգային ներդրում:

Հանքարդյունաբերության ոլորտում եւ ընդհանրապես տնտեսության մեջ ձեւավորված ներկայիս ստատուս քվոն այն իրողությունը չէ, որ մենք՝ որպես հասարակություն, պետք է ձգտենք պահպանել: Փոփոխությունը կենսական նշանակություն ունի եւ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է ինքը որոշի, ուզում է արդյոք աջակցել փոփոխությանը, թե ուզում է պահպանել այսօրվա իրողությունը:

Հայկ Ալոյանը «Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրենն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am