Ապացուցողական բժշկություն vs այլընտրանքային բժշկություն
14689 դիտում

Ապացուցողական բժշկություն vs այլընտրանքային բժշկություն


Եթե դուք ջանքեր եք թափում «կոտրելու» ձեր ծանոթների՝ սոդայի կամ մրգերի միջոցով քաղցկեղը բուժելու համոզմունքը, կամ փորձում եք համոզել ապագա մայրերին, որ երեխաներին ժամանակին պատվաստելն անհրաժեշտ ու պարտադիր է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար եւ այլն, ապա ստորեւ բերված խորհուրդներն օգտակար կլինեն ձեզ:

Պե՞տք է արդյոք այլընտրանքային բժշկության կողմնակցին համոզել փոխել կարծիքը

Ինչու՞ են մարդիկ հավատում այլընտրանքային բժշկությանը եւ կենսաբանական ակտիվ հավելումներին: Նախ՝ մարդիկ սովորաբար հիշում են միայն դրական հանգուցալուծումներն ու միշտ հղում անում այս կամ այն դեպքին, երբ մարդը, օգտագործելով նման հավելումներ, բուժվել է, եւ գրեթե միշտ մոռանում են այն դեպքերի մասին, երբ նման բուժումը բացարձակ որեւէ ազդեցություն չի ունեցել: Երկրորդ՝ «պլացեբոյի էֆեկտը» շատ ուժեղ ազդեցություն ունի: Երրորդ՝ ապաքինման վրա կարող են ազդել այլ գործոններ, օրինակ՝ հարբուխն ինքնըստինքյան անցնում է մեկ շաբաթից, բայց հիվանդը հավատում է, որ բուժմանը նպաստել է «հրաշք» դեղամիջոցը, որը նա ընդունում էր զուգահեռաբար:

Նախ` արժե հասկանալ՝ արդյո՞ք բարոյապես ճիշտ է բժշկության, կամ, ընդհանրապես, մարդու եւ աշխարհի մասին մեր պատկերացումները պարտադրել ուրիշներին: Մի կողմից, թվում է՝ յուրաքանչյուրիս անձնական գործն է՝ ինչպես վարվել սեփական առողջության հետ, ինչպես, օրինակ,  հագուստի, երաժշտության կամ քաղաքական հայացքների ընտրությունը: Մյուս կողմից, օրինակ, պատվաստումներից խուսափելը հանգեցնում է երեխաների մահվան, իսկ օստեոխոնդրոզի, անքնության եւ աթերոսկլերոզի դեմ պայքարող «հրաշք» դեղամիջոցները կարող են լրջորեն վնասել դրանք օգտագործողի առողջությանը, ինչպես նաեւ նրա հարազատներին բարդ խնդիրների առջեւ կանգնեցնել։

Խնդիրն այլ կողմ էլ ունի. փորձելով համոզել՝ դուք կարող եք մարդուն զրկել իր համար շատ կարեւոր մի բանից: Նա օգտագործում է այս կամ այն «հրաշք» դեղամիջոցը, որն առնվազն չի կարող օգտակար լինել ըստ նշանակության, սակայն այդտեղ հիանալիորեն կարող է գործել «պլացեբոյի էֆեկտը»: Իսկ միգուցե առանց այս դեղամիջոցի մարդու հիվանդությունը կարող է ավելի երկա՞ր ու ծա՞նր տեւել: Այլ բառերով ասած՝ պետք է մի քանի անգամ մտածել՝ մինչ «հրաշք» դեղամիջոցի անարդյունավետության մասին համոզելը, որին ի պատասխան կարող եք լսել. «Իսկ ինձ այն օգնում է…»: Կարող են լինել դեպքեր, երբ ոչ արդյունավետ դեղամիջոցներով բուժվում են անբուժելի հիվանդները, որոնք գիտակցում են իրենց անբուժելի լինելու հանգամանքը: Նրանք ասում են. «Մենք կխմենք այս դեղաբույսը, իսկ եթե հանկարծ…»: Կան հիվանդներ, որոնք այլընտրանքային բժշկության հետ մեծ հույսեր են կապում, եւ այս պարագայում վնաս է հասցնում ոչ թե խոտաբույսը, այլ այն փաստը, որ նրանք ավելի դժվարությամբ են նախապատրաստվում ապագային:

Ուրեմն, ե՞րբ է կարելի համոզել. երբ մարդը հրաժարվում է արդյունավետ բուժումից հօգուտ այլընտրանքային բժշկության եւ այդպիսով կարող է վնաս հասցնել իր, իր երեխայի կամ հարազատի առողջությանը:

Ինչպե՞ս համոզել

Դուք ցուցադրում եք տարբեր գրաֆիկներ, որոնք ապացուցում են պատվաստումների արդյունավետությունը, հղում եք կատարում ծավալուն հետազոտություններին, որտեղ այլընտրանքային բուժման մեթոդները ոչ մի կերպ չեն ապացուցել իրենց արդյունավետությունը, սակայն միեւնույն է` մարդու օրգանիզմում քաղցկեղ հայտնաբերելուց հետո նրա հարազատները խորհուրդ են տալիս սոդայաբուժության եւ տարբեր մրգերով բուժման կուրս անցնել, կամ սովորական մրսածության դեպքում ոմանք շտապում են հոմեոպաթիկ միջոցներ գնել: Ի՞նչ անել նման դեպքում:

Բժիշկներն ու հոգեբանները խորհուրդ են տալիս նման մարդկանց հետ խոսել տարբեր երեւույթների գիտական մոտեցումների մասին, հստակ փաստերով ներկայացնել այլընտրանքային բժշկության անարդյունավետությունը` նախքան այն պահը, երբ տվյալ մարդը կսկսի կուրորեն հավատալ բուժման այլընտրանքային միջոցներին: Հաստատված է, որ երեխային պատվաստելու մասին որոշում ընդունելիս ծնողները շատ ավելի մեծ ուշադրություն են դարձնում, ասենք, ընկերների կամ հարեւանների կարծիքին, քան բժիշկների ցուցումներին։ Հաճախ մանկաբույժների հորդորները նման մարդիկ կարող են անտեսել։

Մարդկանց մեծամասնությունն առողջությանը վերաբերող հարցերում արմատական ձեւավորված տեսանկյուն չունի, այդ պատճառով էլ կասկածամիտ է: Անփորձ մարդու համար դժվար է տարբերել գիտությունը կեղծ գիտությունից, իսկ ագրեսիվ քարոզչության ազդեցության տակ կարող է ընկնել յուրաքանչյուրը: Դրա օրինակներից է պատվաստումների դեմ համատարած քարոզչությունը, որի ժամանակ օգտագործվում են չապացուցված եւ աղավաղված փաստեր, որոնք խաղում են ապագա ծնողների զգացմունքների հետ:

Ի՞նչ անել, եթե դուք բժիշկ չեք

1.    Հասկանալ մարդուն

Մարդիկ շատ հաճախ են շփոթության մեջ ընկնում, անհանգստանում իրենց երեխաների համար, չեն ուզում, որ նրանք աուտիզմ ունենան: Մարդուն համոզելու համար նախապես անհրաժեշտ է հասկանալ` ինչից է նա հատկապես վախենում: Երբեմն հաջողվում է հասկանալ ամենախորքային պատճառները: Նման մարդկանց հետ վիրավորական կամ մեղադրական տոնով խոսելը խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ: «Այս հարցի շուրջ ես ունեմ իմ տեսակետը, եթե ցանկանում ես, կարող ենք զրուցել» արտահայտությամբ սկսելը կարող է ավելի արդյունավետ լինել:
 
2.    Լինել տեղեկացված եւ պատրաստված

Այլընտրանքային բուժման մեթոդների, պատվաստումների, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) եւ տարատեսակ այլ երեւույթների վերաբերյալ խոսակցությունները շատ են տարածված: Բոլոր փաստարկներն ու հակափաստարկները, մեծ հաշվով, հայտնի են: Այդ պատճառով համապատասխան զրույցից առաջ խորհուրդ է տրվում թարմացնել գիտելիքները եւ կարդալ հայտնի գիտահանրամատչելի ամսագրեր եւ հետեւել գիտության զարգացումներին: Օրինակ, վերջերս պարզել են, որ հոմեոպաթներն իրենց դեղամիջոցների հետ հակաբիոտիկներ են օգտագործում, որի մասին լռում են` չզգուշանալով անգամ այն փաստից, որ բուժվողների մոտ պենիցիլինի նկատմամբ կարող է ուժեղ ալերգիկ ռեակցիաներ առաջանալ:

3.    Չվախեցնել

«Pediatrics» գիտական ամսագրում հրապարակվել է հետազոտություն, որտեղ պատվաստումների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեցող ծնողներին պատմում էին պատվաստումերի մասին չորս տարբեր ձեւերով: Առաջին խմբին տեքստ էին տալիս այն մասին, որ համապատասխան պատվաստում անելու դեպքում կարմրուկով, կարմրախտով եւ խոզուկով հիվանդանալու հավանականությունը նվազում է: Երկրորդ խմբին պատմում էին մի սարսափելի պատմություն, որտեղ պատվաստման հետեւանքով մի երեխա վարակվել է կարմրուկով, ունեցել է 41 աստիճան ջերմություն, որի պատճառով անգամ մահվան վտանգ է եղել: Երրորդ խմբին ցուցադրում էին կարմրուկով հիվանդ երեխաների նկարներ: Չորրորդ խմբին ներկայացնում էին գիտական հետազոտություններ, որոնք հերքում էին պատվաստումների եւ աուտիզմի միջեւ կապը: Արդյունքում այն ծնողները, որոնք բացասական էին վերաբերվում պատվաստումներին, չփոխեցին իրենց կարծիքը, ավելին՝ երկրորդ եւ երրորդ խմբի կանանց մոտ պատվաստումների դեմ եղած տրամադրություններն էլ ավելի ամրապնդվեցին:

4.    Խոսել անկեղծ

Պետք չէ աղավաղել փաստերը եւ լռել գիտական մոտեցման թերությունների կամ բացթողումների մասին, ինչպես, օրինակ, չարժե խուսափել պատվաստումների հնարավոր կողմնակի ազդեցությունների մասին պատմելուց: Պետք է նախազգուշացնել, որ վտանգ միշտ էլ կա, գոյություն չունի կախարդական փայտիկ, որը թափահարելով՝ կարող ես ասել․ «Ձեր երեխան երբեք չի հիվանդանա կարմրուկով»: Կարող եք խոսել նաեւ այն մասին, որ պատվաստման որոշ դեղամիջոցներ կարող են այնքան էլ ապահով չլինել, քանի որ վտանգ կա, որ այն կարող է դեղամիջոցի կեղծ տարբերակը լինել:

Կարելի է ուղղակի ներկայացնել վիճակագրություն` պատվաստումից առաջ ու հետո երեխայի հիվանդանալու հավանականության վերաբերյալ. շատ կարեւոր է ծնողի հետ անկեղծ լինել ու ձեռք բերել նրա վստահությունը:

Ինչպե՞ս խոսել մարդկանց հետ, որոնք վստահ են իրենց իրավացիության հարցում

Շատ դժվար է համոզել մարդկանց, որոնք կուրորեն հավատում են հակագիտական տեսություններին: Որոշ բաներ շատ դժվար է ընդունել զուտ հոգեբանորեն: ԳՄՕ-ներն արդյոք վտանգավո՞ր են մարդու առողջության համար: Շատ մարդիկ վստահ են, որ ԳՄՕ-ներն առողջությանը մեծ վնաս են պատճառում, նման մարդկանց հետաքրքիր չեն պատրաստման մեթոդաբանությունը եւ գիտական հետազոտությունները, տվյալ դեպքում չհիմնավորված համոզմունքներն ավելի վստահելի են թվում:

Այստեղ հոգեբանական նուրբ գործոն կա․ եթե մարդն ինչ-որ հարցում խիստ համոզված տեսակետ ունի, ապա այդ տեսակետը զգում է որպես իր անհատականության մաս եւ հետագայում նկատում է այդ հարցում միայն իր իրավացիության հաստատումները, բայց ոչ հերքումները: Ավելին, եթե մարդուն ոչ զգուշորեն ստիպեք հրաժարվել իր տեսակետներից, այդ համոզմունքները հետագայում գուցե ավելի արմատական դառնան։ Հետեւաբար, պետք է հնարավորինս զգույշ լինել: Խորհուրդ է տրվում խոսակցության ժամանակ մեջբերել այնպիսի տեսակետներ, որոնք էապես չեն հակասում դիմացինի համոզմունքներին:

Փորձը ցույց է տալիս, որ ժամանակին երեխաների պատվաստելուն դեմ եղած ծնողներին հետագայում այդ տեսակետը վերանայելու հարցում մեծապես օգնել են այն հարազատները, որոնք պարբերաբար պատմել են պատվաստման կարեւորության մասին, ինչպես նաեւ կոմպետենտ մանկաբույժները, որոնց ճիշտ խորհրդատվությունը նման դեպքերում շատ կարեւոր է: Ավելին, այդ ծնողների կարծիքի փոփոխման վրա մեծ ազդեցություն է թողել նաեւ ճիշտ ընտրված գրականությունը:

Ի՞նչ կարող են անել բժիշկները

Բժիշկներն ինչպե՞ս կարող են շփվել այն հիվանդների հետ, որոնք կուրորեն հավատում են հակագիտական տեսություններին: Շատ կարեւոր է նման դեպքերին հանգիստ վերաբերվել եւ չդատապարտել դիմացինին: Բժիշկը պետք է իմանա, թե հիվանդն իր հայեցողությամբ ինչպիսի խոտաբույսեր ու կենսաբանական հավելումներ է օգտագործում. դրանք կարող են լրջորեն ազդել բժշկի կողմից նշանակվելիք դեղերի արդյունավետության վրա:

Հիվանդները սովորաբար վախենում են խոսել այդ ամենի մասին, քանի որ կարծում են` բժիշկների մեծ մասը կտրուկ ու չոր կարձագանքի, այդ իսկ պատճառով բժիշկները պետք է հնարավորինս չեզոք լինեն ու փորձեն հանգիստ զրույց վարել, եւ եթե անգամ այլընտրանքային բժշկությունը որեւէ կերպ չի խանգարում ապացուցողականին, համակերպվել այդ մտքի հետ եւ քայլեր չձեռնարկել հակառակում համոզելու ուղղությամբ:

Հայտնի է նաեւ, որ ծնողները ցանկանում են լսել մանկաբույժների սեփական փորձառության մասին, մասնավորապես` բժիշկներն ինչպես են իրենց երեխաներին պատվաստել եւ պաշտպանել նրանց վտանգավոր հիվանդություններից:

Հայաստանում եւ աշխարհում հակագիտական տեսությունների լայն տարածման հիմնական պատճառներից մեկն այն է, որ վերջինիս կողմնակիցները շատ ավելի ակտիվ ու լսելի են լինում, քան ապացուցողական բժշկության հետեւորդները: Դրա համար ցանկալի է, որ ապացուցողական բժշկության ջատագովներն ավելի ակտիվ լինեն եւ հիմնավորված փաստարկներով համոզեն իրենց շրջապատող մարդկանց հակագիտական տեսությունների վտանգավորության մասին: Բժիշկները նույնպես, հնարավորության դեպքում, պետք է հանրայնացնեն ոլորտի վերաբերյալ արժանահավատ տեղեկատվություն, ծնողներին տրամադրեն օգտակար կայքերի հղումներ, խորհուրդ տան գիտահանրամատչելի գրականություն, եւ այլն: Նման տեղեկությունների տարածման եւ հանրայնացման հարցում առողջապահության ոլորտի պատասխանատուների, հիմնադրամների, ՀԿ-ների ու լրագրողների դերակատարումը նույնպես շատ կարեւոր է:

Ի՞նչ պետք է անեն եւ ինչ չանեն լրագրողները

Փիլիսոփայության եւ քաղաքականության մեջ միեւնույն հարցի վերաբերյալ կարող են երկու իրարամերժ տեսակետներ լինել: Երբ մենք խոսում ենք գիտության մասին, ապա այնտեղ տվյալ իրողությունը կա´մ ապացուցված է, կա´մ` ոչ: Ապացուցված է, որ պատվաստումներն երեխաների մոտ աուտիզմ չեն առաջացնում, սակայն դեռեւս 15 տարի առաջ այս հարցում կային հակադիր կողմեր, եւ ոմանք վստահ էին, որ նման վտանգ առկա է, ոմանք` ոչ: Այսօր ապացուցված է, որ նման խնդիր իրականում գոյություն չունի:

Ինչ վերաբերում է լրագրողներին, ապա այլ ոլորտներում ընդունված՝ հակադիր տեսակետների հավասարակշիռ ու համակողմանի լուսաբանման սկզբունքին սովոր լրագրողները գիտությանը, տվյալ դեպքում` բժշկագիտությանը վերաբերող թեմաները ներկայացնելիս չպետք է շտապեն «հավասարակշռություն» պահպանել, եթե մի կողմում ակտիվ են հակագիտական կամ կեղծ գիտական հայացքներով մարդիկ։ Թե ինչպես տարբերել գիտությունը կեղծ գիտությունից, իրենց գործի մասնագետներին հակագիտական շառլատանությունով զբաղվողներից՝ արդեն հենց իր՝ լրագրողի մասնագիտական կոմպետենտությանը վերաբերող հարց է. լավ լրագրողը երբեք չի շփոթվի նման հարցերում։

Ցավոք, քիչ չեն այն դեպքերը, երբ լրագրողները հարցազրույցներ են վերցնում ինքնակոչ բժիշկներից եւ բժշկական կրթություն չունեցող ակտիվիստներից, որոնք պնդում են, որ պատվաստումն աուտիզմի առաջացման պատճառ կարող է հանդիսանալ: Արդյունքում «սենսացիոն» նյութ է ստացվում, որը հանրության շրջանում մեծ տարածում է գտնում՝ առաջացնելով ծնողների կասկածամտությունն ու դրդելով նրանց սխալ քայլերի: Կամ զանազան կայքերում գրում են արդեն մի քանի անգամ հիշատակված՝ իբր սոդայով կամ միրգ-բանջարեղենով քաղցկեղ կամ այլ ծանր հիվանդություններ «բուժելու» վերաբերյալ նյութեր։ Արդյունքում շատերը կարդում են դա եւ ապարդյուն ինքնաբուժությամբ զբաղվելով՝ բաց թողնում իրական բուժում ստանալու հնարավորությունը։

Հետազոտություններից մեկում հաստատվել է, որ հանրության շրջանում այն տպավորությունը, թե հակագիտական տեսության շուրջ մասնագետներն իրարամերժ կարծիքներ ունեն, ավելի վտանգավոր է, քան բուն հակագիտական տեսությունը: Այդ պատճառով էլ լրագրողները պետք է զգուշորեն մոտենան նման դեպքերին եւ հարցազրույցի համար ընտրեն կոմպետենտ մասնագետների, որոնք կներկայացնեն գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն: Անչափ կարեւոր է, որ այսպիսի նուրբ թեմաների վերաբերյալ նյութեր պատրաստող լրագրողները ոլորտի մասին բավարար գիտելիքներ ունենան եւ շարունակաբար աշխատեն իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ, հստակ գիտակցեն, որ իրենց հրապարակումները կարող են մարդկանց վրա եւ´ շատ դրական, եւ´ շատ մեծ բացասական ազդեցություն ունենալ: Պետք է ուղղակի հետեւել բարեխղճության տարրական կանոններին:

Արմեն Արմոս Մարտիրոսյանը բարեգործական մի շարք նախաձեռնությունների հեղինակ է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am