Ճանապարհ դեպի «կենտրոն» - Mediamax.am

Ճանապարհ դեպի «կենտրոն»
7433 դիտում

Ճանապարհ դեպի «կենտրոն»


Մի քանի օր առաջ սփյուռքում բնակվող մի ընտանիք իր ընտանեկան ձեռագիր Ավետարանը նվիրեց Մատենադարանին: Երեւույթը ահավոր հետաքրքրեց: Վեր կացա ու գնացի այդ միջոցառմանը: Ինչ խոսք, մարդիկ, իրոք, նվիրում էին շատ արժեքավոր, միջնադարյան արծաթեկազմ մի ձեռագիր, որը ցանկացած միջազգային աճուրդում լավ էլ կվաճառվեր:

Մտքերի մեջ էի. ի՞նչ են մտածել այս մարդիկ, որ այս գանձը բերել են Հայաստան:

Անգամ, նվիրող կինը իր խոսքում նշեց, որ մտածում էին նվիրել այն Նյու Յորքի, Լոս Անջելեսի կամ որեւէ հեղինակավոր այլ թանգարանի, բայց ի վերջո կանգ առան Մատենադարանի վրա:

Ինչո՞ւ եմ այս նվերի մասին հատուկ գրում: Այս ձեռագիրը, Հայաստան բերելով, գիտակցական մակարդակում տեսանելի է հերթական հեղափոխական քայլը: Սրա եւ նման օրինակ գիտակցված քայլերի արդյունքում է կերտվել եւ կերտվում միանգամայն նոր որակի երկիր:

Հայաստանը մարդիկ ընկալում են իբրեւ «կենտրոն», դրա համար էլ իրենց ամենաարժեքավորը բերում են այնտեղ, որտեղ սովորաբար «ծայրամասից» ավելի ապահով է լինում:

Եթե այս մեծ «կենտրոնի» կերտման գաղափարը մեզանում չլինի, մենք միշտ ապրելու ենք «պրովինցիայում», որտեղ նստած սպասում են, թե ինչ նորություն կլինի «կենտրոնում», որ լավ կամ վատ կերպով կրկնօրինակեն: Իսկ այս ձեռագրի այստեղ լինելը, ուզենք, թե չուզենք, Հայաստանը մոտեցնում է այդ մեծ «կենտրոն» դառնալուն:

Հայրենիքը «կենտրոն» դարձնելը շատ բարդ եւ բարձր գիտակցություն պահանջող գործ է, չնայած լավ օրինակները մեզանում շատ են, որոնց կանրադառնամ այլ առիթներով: Դրանք նյութական զոհաբերությունից ձգվում են մինչեւ անձնական զոհաբերության տիրույթ:

Եթե կարողացանք այս ընկալումը դարձնել կոնկրետ ռազմավարություն, Հայաստանը քաղաքակրթական առումով կհայտնվի մի նոր հարթությունում, չնայած ճանապարհը հեշտ չէ: Այլ կերպ ասած` «Հայրենիքը պետք է «գրավել» եւ կենտրոն դարձնել», ինչպես ասում է իմ ավագ ընկեր Արամը:

Նարեկ Վան Աշուղաթոյանը «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերության հիմնադիր բաժնետերն է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին