Ժամանակն է խոսել Սփյուռքի մասին - Mediamax.am

Ժամանակն է խոսել Սփյուռքի մասին
13191 դիտում

Ժամանակն է խոսել Սփյուռքի մասին


«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովը Երեւանում ինքնին կարեւոր է. այն աշխարհի հայերի համար միմյանց հանդիպելու առիթ է: Արդեն իսկ ռեկորդային 2017 թվականից հետո այն տուրիզմի ոլորտի համար եւս մեկ խթան կհանդիսանա: Այնուամենայնիվ, համաժողովը միայն կարճաժամկետ օգուտ կբերի: Մինչ շատերը բարձրացնում են Հայաստանում եւ Սփյուռքում մտավորականներին ամենից շատ հուզող հարցը՝ Հայաստանից արտագաղթը եւ դրա արդյունքում առաջացող ժողովրդագրական խնդիրը, որը զարմանալիորեն ընդգրկված չէր քննարկումների օրակարգում, ես կպնդեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները խնդրահարույց կմնան, քանի դեռ մենք չենք անդրադառնում առկա ուժերի անհավասարակշռությանը երկու կողմերի միջեւ:

Հայաստանի անկախացումից ի վեր առաջացած բնական անհավասարակշռությունը կողմերի ասիմետրիկ բնույթի արդյունքն է: Մի կողմից ունենք պետություն, որում առկա է իշխանության կենտրոնացում, մի քանի քաղաքական առաջնորդների ձեռքում գտնվող բյուրոկրատիա եւ որոշումներ կայացնելու գործառույթ: Մյուս կողմից, ունենք հինգ մայրցամաքներում ապրող բազմաթիվ համայնքներ, որոնք բաղկացած են տարբեր սոցիալական դասերից, կրթական հիմքերից եւ քաղաքական հայացքներից: Սփյուռքը կազմված է քաղաքական խմբերից, եկեղեցիներից, ասոցիացիաներից, ակումբներից եւ անհատներից, որոնք ունեն իրենց հայեցիության տարբերակված փորձառություններ եւ հարաբերություններ Հայաստանի հետ: Մինչ Երեւանը տառապում է մի քանի հոգու ձեռքերում իշխանության (թե քաղաքական եւ թե տնտեսական ռեսուրսների) գերկենտրոնացումից, Սփյուռքը տառապում է առաջնորդության պակասից, ինչն ավելի է դժվարացնում առկա կառուցվածքային խնդիրները:

Անհավասարակշռությունը խորացել է Սփյուռքի ներսում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով. մի շարք պատերազմների եւ աղետների արդյունքում ամբողջական համայնքներ Մերձավոր Արեւելքից տեղահանվեցին  Հյուսիսային Ամերիկա: Օրինակ՝ նախկինում Սփյուռքը կենտրոն ուներ Լիբանանի խոշոր համայնքային ենթակառուցվածքներում: Պատերազմը (1975-1990թթ.) լիբանանահայերի կեսից երկու երրորդի տեղահանման պատճառ դարձավ: Երբ Հայաստանը անկախ պետություն դարձավ, Սփյուռքն այլեւս կենտրոն չուներ:

Ուժերի հետագա բեւեռացումն առաջացավ երկու կողմերի անիրատես ակնկալիքների եւ քաղաքական սխալների պատճառով: Սփյուռքի կուսակցությունները հայաստանյան քաղաքական զարգացումների մասին պատկերացում չունեն, սակայն հավակնում էին առանցքային դեր խաղալ: 1988-ին Սփյուռքի երեք կուսակցությունները հանդես եկան կոչով ընդդեմ Երեւանում ձեւավորված ազգային շարժման` այդ կերպ ցույց տալով Հայաստանի եւ Սովետական Միության քաղաքականության մասին գիտելիքների պակասը:  Չնայած դրան, երկու տարի անց նրանք թեկնածուներ առաջադրեցին, որոնք մրցում էին հանրապետության գլխավոր քաղաքական պաշտոնին տիրանալու համար:

Նմանապես, Երեւանի քաղաքական էլիտան դիտարկել է եւ շարունակում է դիտարկել Սփյուռքը որպես դրամական միջոցների աղբյուր (համաժողովի օրակարգում ընդգրկված ներդրումների եւ զբոսաշրջության վերաբերող հարցերը դրա ապացույցն են), այլ ոչ թե ռազմավարական գործընկեր: Դրամական միջոցների հոսքը Սփյուռքից շարունակում է թուլացնել սփյուռքը, հանդիսանալով նրա բազմաթիվ ձախողումների, այդ թվում` Երեւանի ռազմավարական գործընկեր չդառնալու պատճառը: Երեւանում տարբեր վարչակազմեր փորձել են տարբեր քաղաքականություն վարել: Սփյուռքի նախարարության հիմնումը խոստումնալից էր, սակայն ամենն ավարտվեց սոսկ PR-ի գործառույթով: Խնդիրը իշխանության մեջ գտնվող անհատների եւ նրանց գաղափարների մեջ չէ, այլ պայմանավորված է Հայաստանի ղեկավարների դասակարգային բնույթով. նրանք կոմպրադոր կապիտալիստներ են, որոնք կուտակում են հարստությունը եւ պահպանում են իշխանությունը բնական ռեսուրսների շահագործման (հանքարդյունաբերության) եւ ներմուծումից գոյացող օգուտների միջոցով:

Արա Սանջյանը նշել էր օրակարգում արտագաղթի թեմայի բացակայության մասին անգամ այն դեպքում, երբ 1992-2016 թվականների ընթացքում 1 միլիոն 63 հազար մարդ լքել է երկիրը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը իր ելույթում անդրադարձավ արտագաղթի խնդրին `ասելով.«Հայաստանը դատարկվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում»: Բայց եթե անկախությունից ի վեր Հայաստանից մեկ միլիոնից ավելի մարդ հեռացավ, ապա մաթեմատիկորեն դա նշանակում է, որ Սփյուռքը նույնքան թվաքանակով աճել եւ ստացել է հսկայական խթան: Այսպիսով, ինչպե՞ս կարող ենք բացատրել այն հանգամանքը, որ սփյուռքը մաշվում է այս զանգվածային արտագաղթի ֆոնին:

Նույնիսկ Հայաստանի անկախացումից առաջ Սփյուռքը կանգնած էր նոր զանգվածային մարտահրավերների առջեւ: Ամբողջական համայնքներ տեղահանվեցին: Նրանք հիմնականում 1915 թ. Ցեղասպանության վերապրողներն էին, որոնք պայքարում էին նոր կյանք եւ նոր համայնք կառուցելու համար: Նրանք ստիպված եղան եւս մեկ անգամ հրաժարվել այդ ամենից, կրկին մեկնել նոր երկրներ եւ կրկին սկսել մի պայքար, որը մեծ անհատական եւ հավաքական ջանքեր էր պահանջում: Դեռ ավելին, նոր մարտահրավերներ ավելացան. հայեցիության երկու ցուցանիշները՝ եկեղեցին եւ լեզուն, քայքայվում էին: Դա մի շրջան էր, երբ Ղարաբաղյան շարժումը, 1988 թ. երկրաշարժը, Հայաստանի անկախությունը, ղարաբաղյան պատերազմը գրավեցին Սփյուռքի ուշադրությունը եւ ռեսուրսները դեպի հայրենիք: Սփյուռքից Հայաստան ուղարկված յուրաքանչյուր դոլար վերցվել էր Սփյուռքին այդքան անհրաժեշտ կառույցների համար նախատեսված գումարներից: Սա է պատճառը, որ Սփյուռքի ինստիտուտները աղքատ են, անփոփոխ եւ փոշոտ: Նաեւ մեկ միլիոն միգրանտներ եկան Հայաստանից: Որոշ երկրներում նրանք արագ ինտեգրվեցին տեղական սփյուռքի համայնքներին, որոշ վայրերում էլ, ինչպիսիք էին Հյուսիսային Ամերիկայի քաղաքները, ինտեգրման մարտահրավերը դեռ առկա է: Սփյուռքից Հայաստան եկող օգնությունը գին ունի. մի քանի տասնյակ հայկական դպրոցների փակումը՝ նորերի բացման փոխարեն, թերթերի լուծարումը, սպորտային ակումբների, մշակութային կենտրոնների շենքերի վաճառքը եւ այլն:

Հավանաբար, ամենաողբերգական երևույթը Ռուսաստանի եւ Ուկրաինայի աճող համայնքների համար ենթակառուցվածքներ (դպրոցներ, թերթեր) հիմնելու ձախողումն է: Թեեւ մեծ թվով հայեր գաղթեցին Հայաստանից, ինչպես նաեւ Վրաստանից, Ուզբեկստանից եւ Թուրքմենստանից դեպի Ռուսաստան, այդ նոր համայնքները հիմնականում չունեն անհրաժեշտ հաստատություններ՝ հայկական մշակույթը նոր սերնդին փոխանցելու համար:

Կարիք կա՞ հիշեցնել Սփյուռքի եւ նրա ապագայի կարեւորությունը: Հայության գրեթե երկու երրորդը ապրում են Հայաստանի սահմաններից դուրս: Այնուամենայնիվ, հայաստանցիների մեծամասնությունը` թե Հայաստանում եւ թե արտերկրում ապրողները, որեւէ ազդեցություն չունեն Երեւանում որոշումների կայացման գործընթացների վրա:

Սփյուռքը պետք է իմանա, թե միասին ինչ ենք կարող եւ ինչ չենք կարող անել Հայաստանում: ՀՅԴ-ն, պնդելով, որ կառավարության մաս է կազմում, մեծ ազդեցություն չի ունեցել Հայաստանի ազգային, քաղաքական կամ սոցիալական օրակարգի վրա: Հիշո՞ւմ եք, թե ինչպես Երեւան-Անկարա ֆուտբոլային դիվանագիտության շրջանակներում Սերժ Սարգսյանը մեկնեց Սփյուռքի համայնքներ` զրուցելու երկու արձանագրությունների մասին, որոնք արդեն իսկ կազմված էին: Ոչ էլ ՀԲԸՄ-ն էլ դադարեցրեց արտագաղթը`Սփյուռքում դպրոցները փակելով եւ կենտրոնացնելով իր ջանքերը Հայաստանի զարգացման վրա:

Նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում ընդգծել է Սփյուռքի դերը Հայաստանի ժողովրդագրական խնդիրը լուծելու եւ ներդրումներ կատարելու հարցում: Իրաքի եւ Սիրիայի փորձը ցույց է տալիս, որ մի երկիր, որը գործազրկության ու արտագաղթին առնչվող հսկայական խնդիրներ ունի, չի կարող խոսել ներգաղթի մասին: Ինչ վերաբերում է Հայաստանում կապիտալ ներդրումներ կատարելուն, ապա վերջին 25 տարիների ընթացքում մի քանի հաջողակ պատմություններ են եղել, բայց շատ են նաեւ դառը անհաջողությունները: Հայաստանում ներդրումներ կատարած շատ սփյուռքահայեր խաբվեցին եւ գումարներ կորցրեցին: Մինչ իրենց տեղացի գործընկերները Հայաստանի արդարադատության համակարգում արտոնյալ պայմաններ էին վայելում, սփյուռքահայ ներդրողները պարբերաբար խտրական վերաբերմունքի են արժանանում: Չի լինի ներգաղթ առանց աշխատաշուկայի վերականգնման, առանց իշխող դասակարգի, որն իր գումարները վաստակում է ոչ թե ներմուծումից, այլ արտահանումից: Առանց դատական համակարգի շտկման Սփյուռքից ներդրումներ չեն լինի: Սփյուռքի կազմակերպությունները կարող են աշխատել հայաստանյան քաղաքական դաշտի բարեփոխման ուղղությամբ, ներկայացնելով Սփյուռքի շահերը Երեւանում եւ այդ կերպ դառնալով Հայաստանում բարեփոխումներ սատարող ուժը:

Եթե ցանկանում ենք, որ Սփյուռքը կայուն լինի, պետք է ներդրումներ անենք Սփյուռքում: Երիտասարդացած Սփյուռքը կարող է օգնել Հայաստանին երկարաժամկետ հեռանկարում, կարող է բազմակարծության ձայն դառնալ  իշխանության կենտրոնացման քաղաքական մշակույթում: Վերջին 25 տարիների ընթացքում Հայաստանն ու նրա կարիքները գերակշռում էին Հայաստան-Սփյուռք երկխոսության մեջ: Այժմ եկել է Սփյուռքի մասին խոսելու ժամանակը:

Վիգէն Չըթըրեանը գրող եւ լրագրող է:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին