Ժողովրդավարության ճգնաժամը եւ «մեր գլխի ճարը» - Mediamax.am

Ժողովրդավարության ճգնաժամը եւ «մեր գլխի ճարը»
6280 դիտում

Ժողովրդավարության ճգնաժամը եւ «մեր գլխի ճարը»


Վերջերս դեպքերի բերումով հանդիպեցի հոլանդացի մի գործարարի, որը զբաղվում է տարատեսակ հետազոտություններով՝ ներառյալ ընտրությունների արդյունքների կանխատեսումը։ Քանի որ նրա ընկերության կանխատեսումները հիմնականում հաստատվել են, բավական լուրջ համբավ ունի իր երկրում։ Գերմանիայի վերջին ընտրությունների հետքերով՝ խոսեցինք եվրոպական ժողովրդավարության մասին, եւ նրա ախտորոշումը շատ պարզ էր՝ այն կործանվում է։

Պատճառը, որը նա ներկայացրեց, իսկապես համոզիչ էր։ Տեխնոլոգիաների շնորհիվ մարդիկ շատ ավելի իրազեկված են (կամ կարծում են, որ իրազեկված են), քան նախկինում։ Սա հանգեցնում է ավելի շատ հարցերի շուրջ սեփական կարծիք ունենալուն։ Բազմակարծության աստիճանը կտրուկ աճել է։ Դրա հետ մեկտեղ՝ մարդիկ հեռացել են արժեքներից, որոնց շուրջ կարող էին համախմբվել, եւ գնացել են դեպի իրողություններ, որտեղ զանազանությունը շատ ավելի մեծ է։ Արդյունքում որեւէ կուսակցություն այլեւս ի վիճակի չէ զգալի քանակի մարդկանց տեսակետները ներկայացնել։ Ցանկացած մարդ կարող է իր համար կարեւոր հարցում հարել մի կուսակցության տեսակետին, մեկ այլ հարցում՝ այլ կուսակցության, եւ այլն։

Կուսակցությունները, փորձելով ընդլայնել իրենց ընտրողների շրջանակը, գնում են տարատեսակ վտանգավոր քայլերի՝ դաշինքներ կազմելով գաղափարապես հակադիր կուսակցությունների հետ, դիմելով պոպուլիզմի, փորձելով համադրել իրենց ծրագրերում տրամաբանորեն իրար հակասող գաղափարներ։ Այդ խաղերն էլ ավելի են բարդացնում առանց այն էլ բարդ իրավիճակը` ավելի է նվազում քաղաքական գործիչների արդեն բավական ցածր վարկանիշը, գլուխ են բարձրացնում ծայրահեղական կամ նեղ գաղափարներ, որոնց մեջ մարդիկ տեսնում են ամրություն եւ հետեւողականություն՝ ի տարբերություն մնացածների թմրեցնող եւ անորոշ դիրքորոշումների։

Այս գործընթացը բերում է նրան, որ աճում է խորհրդարաններ մտած տարօրինակ եւ հաճախ զավեշտալի կուսակցությունների քանակը, ինչը բերում է կառավարությունների ճգնաժամի: Օրինակ, Հոլանդիայում արդեն կես տարի է՝ չեն կարողանում կառավարություն կազմել: Անգամ եթե կազմեն, այն, հավանաբար, աշխատունակ չի լինի։

Զրուցակիցս առաջարկել էր իր բարձրաստիճան ընկերներին դիտարկել ուղիղ ժողովրդավարության կիրառման հնարավորությունը՝ երբ նախագահը եւ խորհրդարանն առանձին են ընտրվում, բայց պիտի լեզու գտնեն միմյանց հետ, այլապես ստիպված կլինեն հարցնելու ժողովրդի կարծիքը։ Սակայն ինքն էլ խոստովանեց, որ այսօրվա քաղաքական էլիտան նման քայլի չի գնա, քանի որ առանց հեղափոխության՝ պատրաստ չէ հանձնել փաստացի իշխանությունը ժողովրդին։ Ընդհակառակը՝ գնալով այն ավելի է մեկուսանում, կտրվում է ժողովրդից եւ հակադրվում նրան։

Սա նշանակում է, որ եվրոպական ինքնակառավարման մոդելի ներկայիս տարբերակը դեռ որոշ ժամանակ կմնա հոգեվարքի վիճակում։ Ժամանակակից ժողովրդավարությունն առաջացավ կապիտալիզմի պահանջով եւ ճգնաժամի մեջ ընկավ կապիտալիզմի հետ միասին, ինչը զարմանալի չէ։ Ի վերջո, Մարքսի այն միտքը, որ կապիտալիզմը գոյատեւում է մարդկանց զանգվածային շահագործման շուրջ, իր բովանդակությամբ մոտ է իրականությանը։ Սակայն ժամանակները փոխվել են՝ համակարգի եւ կազմակերպված զանգվածների փոխարեն առաջնայինը վերստին դառնում է մարդը։ Այս ամենը հաշվարկված չէ կիրառվող քաղաքական կառավարման համակարգերում, ինչը պատճառ է դառնում իրար հետեւող սուր ճգնաժամերի։ Դրանց շարքը վաղ թե ուշ կբերի ծայրահեղ լարման, եւ եթե չգտնվեն համարձակ քաղաքական ուժեր, որոնք կձեռնարկեն վաղուց հասունացած քաղաքական եւ հասարակական բարեփոխումներ, հետեւանքները կարող են շատ տխուր լինել։

Մենք դեռ այս ճանապարհի սկզբին ենք՝ այս պահին ընդօրինակելով այն համակարգը, որն այլ երկրներում արդեն ճգնաժամ է ապրում։ Դեռ որոշ ժամանակ կկարողանանք հետեւել այլոց եւ նրանց փորձից պտուղներ քաղել։ Բայց վաղ թե ուշ ստիպված կլինենք «մեր գլխի ճարը տեսնել»։

Արամ Փախչանյանը «Այբ» դպրոցի տնօրենն է եւ ABBYY ընկերության փոխնախագահը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին