Վերջին օրերին ֆեյսբուքի ընկերներիս գրառումներում հաճախ տեսնում էի «Ավելի վատ ա լինելու» վերտառությամբ մի տեսանյութ. ամեն անգամ, երբ այն հայտնվում էր` ներքին ընկճվածություն էի ապրում եւ չէի անցնում հղումով:
Ի վերջո ֆեյսբուքում համառորեն գովազդվող այդ տեսանյութին ծանոթանալու հետաքրքրասիրությունը հաղթեց հերթական վատ «մեսիջը» չբացելու համառությանս: Պարզվեց ֆիլմ է, որը ինչպես նկարագրված էր սինոփսիսում, բարձրաձայնում է երեւանաբնակ երիտասարդների խնդիրները:
Մի կողմ թողնելով ֆիլմում հասակակիցներիս հնչեցրած մտքերն ու դրանց վերլուծությունը (սովորական խնդիրներ, որ ունենում են բոլոր մարդիկ, հատկապես` այդ տարիքում), ասեմ, որ այն ուղերձը, որ գալիս էր ամեն օր եւ փորձում տեղավորվել ենթագիտակցությանս մեջ, ինձ անկեղծորեն զայրացրեց: Եվ զայրացրեց այն պատճառով, որ երիտասարդ մարդկանց խնդիրներն ամփոփված էին «ավելի վատ ա լինելու» ուղերձի մեջ:
Երիտասարդ տղաներ ու աղջիկներ պատմում էին խնդիրների մասին` հիասթափված, հոգնած, խամրած աչքերով. կար մեկը, ով վստահ պնդում էր, որ իշխանությունն իրենից գողացել է արվեստը: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է իշխանությունը գողանալ արվեստը: Եթե նկարչից գողանան վրձինները, ներկապնակն ու կտավը, նա կնկարի թղթի վրա, կնկարի, օրինակ, ածուխով: Որովհետեւ արվեստը նրա ներսում է, իսկ մարդու ներսում եղած բաները գողանալ հնարավոր չէ:
Ինձ զայրացրեց այն, որ երիտասարդները, ովքեր կյանքի ամենավառ փուլում են, ովքեր պետք է ունենան երազանքներ եւ այդ երազանքները կյանքի կոչելու ուղիներ որոնեն, բարձրացնում են խնդիրներ, որոնց արդյունքը, ըստ մեզ հղված «մեսիջի», «ավելի վատ ա լինելու»-ն է:
Ինչո՞ւ եմ ես ընդդիմանում այդ մտքին, որովհետեւ չեմ կարծում, որ այս երկրի ապագան` երիտասարդությունը, պետք է համարի, որ ոչինչ չի կարող լավ ընթացք ունենալ եւ համակերպվի վատի հետ:
Ինքս ունենում եմ հիասթափություններ, որոնք համառորեն ինձ ներքեւ են հրում, որոնցից հետո երկար ժամանակ փակվում եմ իմ ներսում եւ կտրվում արտաքին աշխարհից, փորձաքարին դնում ես-ս ու շարունակ «քրքրում» ինձ: Ինքս էլ անհաջողություններ ու խնդիրներ եմ ունենում, որոնցից հետո զայրանում եմ, նեղանում աշխարհից, մարդկանցից, ինձանից: Բայց ամեն անգամ, երբ հետ եմ նայում եւ ինքս ինձ ասում, որ «սա չէր այն, ինչին արժանի եմ ես, ես սրա համար չեմ ապրում կյանքս», ներքին ինչ-որ ուժ բռնում է ուսերիցս ու ինձ բարձրացնում վեր: Այդ ուժն իմ երազանքներն են, որոնցից ես չեմ հրաժարվում նույնիսկ ամենածանր պահերիս:
Դուք կարող եք նեղանալ իշխանություններից, ձեր ընտանիքից, սիրելի մարդուց, ընկերներից, բայց ինքներդ ձեզանից երկար նեղացած ապրելու իրավունք չունեք: Կարեւոր բանը, որ պետք է հասկանա մարդը` ոչ ոք ոչինչ իրեն պարտական չէ: Ոչ ոք պարտավոր չէ սիրել եւ հոգ տանել, ոչ ոք պարտավոր չէ խնամել եւ խնայել ձեզ: Եթե դուք ինքներդ չսիրեք ձեզ, եթե դուք չհամարեք, որ լավագույնին եք արժանի, դուք կմնաք հիասթափված, ստվերում, ընդհատակում` ձեր բաժին կյանքը խեղդելով ատելության, հիասթափության, ալկոհոլի ու ծխախոտի մեջ:
Ես չեմ զայրանում ֆիլմից ու հնչած մտքերից: Հակառակը, ես կողմ եմ, որ երիտասարդները բարձրաձայնեն իրենց խնդիրները: Բայց չի կարելի ասել, որ ավելի վատ է լինելու եւ չպայքարել լավագույն լուծումների համար: Դու կարող ես սայթաքել հազար անգամ, բայց եթե ներսումդ ապրող մարդը հավատում է իր ուժերին, նա կանի իր լավագույնը` ոտքի կանգնելուց եւ «հագուստը թափ տալուց» հետո: Թույլ մի տվեք, որ փոշի նստի ձեր երազանքների վրա եւ խամրեցնի դրանք:
Մի վախեցեք հավակնոտ լինել, մի վախեցեք լավագույնի ձգտումից: Թույլ մի տվեք, որ արտաքին աշխարհն` իր կեղտով, հաղթանակի ձեր նկատմամբ: Եթե դուք այսօր չանեք քայլն ավելի լավ ապրելու, ձեր փոխարեն դա, վստահաբար, չեն անելու ոչ իշխանությունները, ոչ ծնողները, ոչ ընկերները: Նրանք կարող են լսել ձեզ, խորհուրդներ տալ, բայց գործել պարտավոր եք դուք: Եթե անգամ չհաջողվի, եթե անգամ կոտրեն ձեր թեւերն ու նետեն անդունդը, հիշեք այն անտեսանելի ուժին, որը միշտ կարող է ձեզ վերեւ բարձրացնել:
Ձեզ նման ես էլ ամեն օր բախվում եմ բազմաթիվ խնդիրների, բայց ապրածս տարիների ընթացքում սովորել եմ մեկ բան` ոչինչ ինձ չի հաղթի, եթե ես թույլ չտամ: Ես չեմ ծալի ծնկներս ու չեմ խոնարհվի, քանի դեռ երազանքներ ունեմ:
Ամեն ինչ ավելի լավ է լինելու:
Մարի Թարյանը Մեդիամաքսի լրագրող է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: