Կրթություն ստանալու երեխայի իրավունքն ու «3D» մոդելը - Mediamax.am

Կրթություն ստանալու երեխայի իրավունքն ու «3D» մոդելը
6167 դիտում

Կրթություն ստանալու երեխայի իրավունքն ու «3D» մոդելը


- Բոլո՜ր նրանց, ում որ հոգին վառվում է վառ,
- Բոլո՜ր նրանց հոգիներին արեւավառ,

Ողջույն, ողջու՜յն․․․

Հնամաշ, հաստ ու կոշտ կազմով գիրքն ավելի է տաքանում ձեռքումս։ Ես ձայնիս դողը լսում եմ, որովհետեւ դասարանում լռությունը պինդ է՝ սով տեսած կնոջ ձեռքի պես։

Ես շունչս հետ եմ բերում ու նայում  վեր։ Մի զույգ աչքերի փոխարեն ինձ նայում են երեքը։ Մինչ ես կարդում էի, յոթերորդ դասարանի Անդրանիկին են միացել Մխիթարն ու Յուրին՝ իններորդ ու տասներորդ դասարանցի։

Թողել են իրենց հանձնարարություններն ու աթոռները քաշել, եկել, նստել դասարանի կենտրոնում, որտեղ ես Անդրանիկի հետ Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմն եմ կարդում։ Փորձում եմ չտեսնել նրանց կրակված աչքերն ու մի փոքր հանդիմանանքով ասում եմ․

-Ինչու՞ ձեր հանձնարարությունը չեք կատարում, ինչու՞ եք այստեղ։

Մխիթարն ասում է․

-Որովհետեւ էդ, որ կարդում եք, ավելի հետաքրքիր ա։

Ժպիտս մի կերպ եմ թաքցնում։

Յուրին էլ մի կողմից է վրա պրծնում․

-Ճիշտ ա, թույլ կտա՞ք մենք էլ լսենք։

Թույլ եմ տալիս։ Մի քիչ երջանիկ՝ կրակ թափվող նրանց աչքերով, մի քիչ նեղսրտած
նրանից, թե ինչպես կարելի է այսպես․․․

Այսպես․սա եռակոմպլեկտ դասարան է։

Վերնագրում գրված 3D-ն էլ, ցավոք, թեթեւ հեգնանք է։

Դասարանը բաղկացած է երեք տարբեր դասարաններից, իմ դեպքում՝ 7-րդ, 9-րդ եւ 10-րդ դասարանցիներից։ Դու ունենում ես 45 րոպե եւ երեք թեմա, որոնք պետք է բացատրես երեք տարբեր մարդկանց․միաժամանակ։

Անդրանիկի թեման ածականն է։ Դասարանում գտնվող բոլոր իրերին հատկանիշներ ենք մտածում։

Անդրանիկը թվարկելով հասնում է ընկեր Վարդանյանին։

Ասում եմ՝

-Իսկ ընկեր Վարդանյանը իրանի՞շ գոյական է, թե անձնանիշ։

Անդրանիկը ամաչելով ծիծաղում է, թե՝ հատուկ։ Հա, բա՝ ի՞նչ։

Յուրին այդ ընթացքում գրում է իր ինքնուրույն աշխատանքը՝ բարդ վարժություններով թեստային, Մխիթարը դիտում է տեսանյութ։ Դու պետք է հասցնես Անդրանիկին բացատրել՝ ինչ է ածականը, Յուրիի հետ ուղղագրությունից խոսես, Մխիթարի կյանքը մի քիչ էլ բարդացնես քո բարդ նախադասություններով… Դու պետք է հորինես այնպիսի հանձնարարություններ, որոնք կատարելու ընթացքում աշակերտներդ միմյանց չեն խանգարի։

Իսկ Յուրին ամբողջովին աչքեր դարձած փորձում է հուշել իր նախորդ տարվա անցածը, Անդրանիկն ականջի պոչով Մխիթարի թեման է լսում, Մխիթարը ուրախանում է Յուրիի պատասխաններով...
 
Ես, իհարկե, ամեն օր որոշում եմ, թե 45 րոպեում ո՛ր աշակերտը ինչով պետք է զբաղված լինի, ես նախօրոք կազմում եմ երեխաների գրաֆիկը, խաղեր եմ մտածում, սակայն մեր դպրոցներում այս ամենն անելը, մեղմ ասած, ընդունված չէ։ Եվ գիտե՞ք, թե ինչպես է սովորաբար կազմակերպվում եռակոմպլեկտ դասարաններում դասապրոցեսը․ուշադրության կենտրոնում հայտնվում է միայն այն երեխան, ում դեռ առաջին դասարանից կպցրել են «գերազանցիկի» կամ «լավ սովորողի» պիտակը, իսկ մնացածի համար ժամանակից մնում է ընդամենը հնգական րոպեում «դասը փոխելը»․ վերջ։ Այն դեպքում, երբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ են ճնշող մեծամասնությունը, այն դեպքում, որ դպրոցում՝ դասի ընթացքում մի բան սովորելը երեխայի միակ հնարավորությունն է։

Մխիթար․ երբ առաջին անգամ մտանք դպրոց, զգուշացրին, որ Մխիթարը, դե...ոնց ասեմ, թույլ եւ ուշ հասկացող երեխա է։ Իսկ իրականում ուղղակի երեխան երբեք նախադասություններ ինքնուրույն չէր կազմել, դաս չէր պատմել։


Մխիթարը
Լուսանկարը՝ Ն. Վարդանեան

Վստահ էր, որ չի կարող։ Սկսեցինք գրատախտակին նկարել մեր կարդացած նախադասություններն ու դասը պատմել ըստ նկարների։

-Մխիթար, մահացած թագավոր ինչպե՞ս էինք նկարում։

Մխիթարն արագ-արագ նկարում է թագ, վրան՝ կոտրված մեխակ։

-Իսկ սպանված թագավորն ինչպե՞ս նկարենք։

Մխիթարը քորում է գլուխը, ժպտում։ Ասում եմ՝ նկարիր, դուխով։ Մենք դասարանում «Խոսիր հայերեն» արկղ ունենք, որի մեջ ենք գցում դասարանում հնչած ոչ հայերեն բառերը,բայց կա մի բառ, որ դուխով օգտագործում ենք․արդեն երեւի հասկացաք, որ այդ բառը «դուխով» բառն է։ Երևի, ես ընդունված կարգերին համապատասխան հրաշալի ուսուցչուհի չեմ, բայց ինձ համար ավելի կարեւոր է, որ աշակերտներս դուխով սովորեն, դուխով խոսեն հայերեն, լինեն դուխով, քան խոսեն սովետական ֆիլմերի ձայնով ու ոսկեղենիկ հայերենով։

Մխիթարը հայտնագործություն արած դեմքով ու երջանկությունից շողալով նկարում է՝ թագ, մեխակ եւ մկրատ։ Մեր քարտերի արկղում ավելանում է եւս մեկ կանաչ քարտ Մխիթարի անունով։ Նկարը բացատրում են Անդրանիկն ու Յուրին՝ մկրատը իբր, որ ուրիշն ա կտրել մեխակն ու դրել թագին։

Եվ այսպես՝ ամեն դասին մեկ նկար-հուշում ավելի քիչ։ Այնքան, որ ընդամենը երկու ամսից Մխիթարն առանց հուշումների կարճ տեքստ էր պատմում։

Յուրի․ Աշակերտներին հարցնում եմ՝ ինչու՞ ենք անցնում այս առարկան։

-Որ իմանանք, -թոթվում են ուսերը։

-Ինչու՞ իմանաք,- ուսերն ավելի խորն են թոթվում։


Յուրին
Լուսանկարը՝ Ն. Վարդանեան

Հաջորդ օրը պաստառի վրա գրում եմ աշխատանքի ընդունման դիմում՝ բազմաթիվ տառասխալներով։ Փակցնում եմ գրատախտակին։ Առաջին երկու-երեք րոպեում ուշադրություն չեն դարձնում։ Ինձ պարտված եմ զգում։

Մի քանի րոպեից Յուրին անվստահ հարցնում է․

- Ընկեր Վարդանյան, բա տնօրեն բառը «ո»-ով ա գրվու՞մ։

Ուրախ-ուրախ հանում եմ կարմիր մարկերներն ու տալիս նրանց։ Ուղղում ենք բառերը, ուսուցիչների նման խաչ քաշում սխալի վրա, գրում ճիշտը։

-Հըն, եթե դուք ընկերության տնօրեն լինեիք, ես այսպիսի սխալներով դիմում գրեի, կընդունեի՞ք ինձ աշխատանքի։

-Ո՜չ,- ոգեւորվում են բոլորով։

-Դե, Յուրի, ասում ես՝ ինչու՞ ենք սովորում ճիշտ հայերեն գրել։

Երբ երեխան գիտի՝ ինչ է անում եւ ինչու, ոչ մի դեպքում չես կարող նրան շեղել գրագետ ու խելացի լինելու ցանկությունից։ Դու ամեն դասին պիտի պարզապես կարողանաս կապել նոր գիտելիքի հոսքն իրեն պետքական ընդհանուրի հետ։ Ու վերջ։ 

Անդրանիկ․ Եռակոմպլեկտ դասարանիս ամենափոքրն Անդրանիկն է։ Երազում է մեղվապահ դառնալ։ Այս գյուղում ինձ հանդիպած առաջին տղամարդն է Անդրանիկը, ով իր երազանքը կապում է գյուղի ու գյուղատնտեսության հետ։ 13-ամյա տղամարդը։


Անդրանիկը
Լուսանկարը՝ Ն. Վարդանեան

Ես դասերին ոչինչ չեմ պարտադրում, բայց մենք ունենք համատեղ կազմած կանոններ, որոնք խախտելու դեպքում մեր նպատակները կարող են չիրականանալ։ Անդրանիկը մոռացել էր հանձնարարությունների տետրը․խախտել էր պարտաճանաչ լինելու կանոնը։

Երեխաները բարոյախրատական տեքստեր չեն սիրում։ Դասամիջոցին մնացինք դասարանում, միասին հաշվեցինք, թե մեկ փեթակ ունենալու դեպքում քանի՞ տարում կարող ենք ունենալ 150-ը, ամեն տարի մեր գյուղի համար ի՞նչ կարող ենք անել, ինչքա՞ն օգուտ ունենալու դեպքում կարող ենք ֆուտբոլի դաշտ կառուցել, ի՞նչ անուն կարող է ունենալ գյուղի արտադրած մեղրը։

Եվ միայն երեք նախադասություն այն մասին, թե ինչքան կարեւոր է, որ ինքը, որպես մեղվապահ եւ ձեռնարկատեր, լավ կրթություն ստանա։

Անդրանիկն էլ երբեք տանը չի մոռանում իր տետրը, չի մոռանում հանձնարարությունները, իսկ երբ չի հասցնում, գալիս ու ասում է, միասին ենք անում։

Նրանք բոլորը հատուկ վերաբերմունքի եւ ուշադրության կարիք ունեն։ Քիչ է անգամ 45 րոպեն։ Իսկ ես, ահա, ամեն օր 45 րոպեն բաժանում եմ երեք մասի։

Ու արդեն հինգ ամիս է, որ չեմ հասկանում՝ եթե մեկ աշակերտ է դասարանում, ես նրան ավելի կա՞րճ պետք է բացատրեմ, ի՞նչ է՝  աշակերտների քանակից թեմայի ծավալը փոքրանու՞մ է։

Եթե երեխան ապրում է Վաղազին անունով անհայտ գյուղում, եթե երեխայի բախտը չի բերել ու հասակակիցներ չունի, պետք է լավ կրթություն ստանալու հույսե՞ր անգամ չունենա։ Հերիք չէ՞ մասնագետների պակասը, ինչու՞ պետք է երեխային գիտելիք չտված՝ զանգը հնչի։ Որովհետեւ քեզ ունես 45 րոպե ծրագրի համար, որը երեք անգամ 45 րոպե է պահանջում։

Առաջին ամսում ես այլընտրանք էի գտել․կպարապեմ դասերից հետո։ Բայց...

Իմ բոլոր աշակերտները դասերից հետո աշխատում են, հայրիկներին են օգնում, տուն են պահում։ Ես դասերից հետո դժվարանում եմ պահել երեխաներին, որովհետեւ մեկի կովն է կորել, մյուսի տան պատն է կիսատ, երրորդի տանը փոքր երեխա կա, չորրորդը փայտ պետք է ջարդի...

Ես դժվարանում եմ իմ աշակերտներին ասել «գալը պարտադիր է» արտահայտությունը, որովհետեւ դեռ առաջին դասին ես ասել եմ նրանց՝ ինձ համար ձեր լավ մարդ լինելն ավելի կարեւոր է։ Ամենակարեւորն է։ Որովհետեւ ես հպարտանում եմ նրանցով, երբ տեսնում եմ՝ ինչպես են օգնում իրենց ծնողներին։ Որովհետեւ ես լացից խեղդվել եմ այն օրը, երբ աշակերտներս արկղերով միրգ էին հավաքել անտառից ու մեջքներին դրած բերում էին, բերում էին՝ վաճառելու, վաճառելու ու դեղեր գնելու վերջերս վիրահատված իրենց քրոջ համար, որ նույնպես իմ աշակերտն է։

Երբ նոր էի դասի գնում, որոշել էի տպել ու ինձ հետ տանել կրթության իրավունքի մասին օրենքից հատված։ Հետո ամաչեցի։ Ու դեռ ամաչում եմ։ Քանի դեռ մենք ունենք դպրոցներ, որտեղ երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններ կան, որտեղ իմ աշակերտը երբեք չի ստանալու այնպիսի կրթություն, որին արժանի է, որի իրավունքն ունի, որի իրավունքը ես եկել ու պաշտպանում եմ։ Որովհետեւ եթե ես հասարակ տպիչ չունեցող իմ դպրոցի պայմաններում մինչեւ լույս կարող եմ ձեռքով հետաքրքիր թեստ կազմել, եթե կարող եմ դանդաղագույն ինտերնետի պայմաններում տեսանյութ ներբեռնել ու տանել ինձ հետ ինտերնետ չունեցող դպրոց, եթե ես կարող եմ ու պարտավոր եմ անել ամեն ինչ, որ աշակերտս դասամիջոցներն էլ օգտագործելով ինչ-որ չափով գիտելիք ստանա, մնացածը չեն անելու։ Ու չեն անելու, որովհետեւ, որովհետեւ վատը չեն, չար չեն, պարզապես իրենց երբեք, որեւէ մեկը չի ասել, որ իրենք պաշտպանում են երեխայի՝ կրթություն ստանալու իրավունքը։ Անգամ ծնողներին դա չեն ասել։ Ու չգիտեմ՝ մինչեւ ե՞րբ պիտի ապրենք կրթությունը սենյակի ամենահեռավոր անկյունը խցկած, մինչեւ ե՞րբ է հնարավոր լինելու չգնահատել մեկ երեխային։ Ու գնահատել նրանց միայն պատերազմի ժամանակ․չէ՞ որ պատերազմող երկիր ենք։

Ես երազում եմ, որ իմ Յուրին փրկարար դառնա, ես երազում եմ, որ իմ Անդրանիկը մեղվապահ դառնա, ես երազում եմ, որ Մխիթարս դառնա խելացի ու լավ սպա։ 

Ես երազում եմ կարողանալ պաշտպանել այս երեխաների կրթություն ստանալու իրավունքը։ Ցավոք, հիմա միայն դա անել կարողանում եմ 3D ձեւաչափով...

Նարինէ Վարդանեանը լրագրող է, ներկայում դասավանդում է Արցախում:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին