Սա ջահելների հեղափոխությունն է - Mediamax.am

Սա ջահելների հեղափոխությունն է
2779 դիտում

Սա ջահելների հեղափոխությունն է


Իսկ գիտե՞ք՝ սա ում հաղթանակն է: Այն երիտասարդի, որը, ծնողներին համոզելով կամ նույնիսկ խաբելով, գնում էր ու պայքարում իր երկրի փողոցներում: Կարող եք համոզել ձեզ, թե արտաքին ուժերի մատն էր խառը, որ եթե Պուտինը չուզեր, հրաժարականը չէր լինի, որ սա դեռ տարիներ առաջ էր ծրագրված Ամերիկայի կամ Եվրամիության կողմից, ու որ բոլորը ծախված են եւ այսպես խնդրեմ՝ շարքը ձգեք: Գո՞ւցե ճշմարտությունը շա՜տ ավելի խորքում է պահված, բայց հիմա դա չէ կարեւորը, որովհետեւ կարեւորը նոր սերնդի փողոց դուրս գալն ու միասնական պայքարելն էր...

 

Նախկին պաշտոնյաններից մեկի՝ վերջին օրերին «ԻՐ գյուղի» մասին խոսելու տոնով ասեմ. սա ՄԵՐ երկիրն է՝ նոր սերնդիս: Ջահելները պայքարեցին այն 10.000 կամ ավելի դրամ վերցնող տատիկ ու պապիկների հետեւանքների դեմ, «Մեկ է՝ ոչ մի բան չի փոխվելու, վերցնեմ փողը, թե չէ» մտածելակերպով մեր ծնողների անտարբերության դեմ: Եթե անգամ քո ծնողը նրանց շարքում չէր, բայց նրանք քո ազգն են ներկայացնում, հետեւաբար քոնն են: Ես դա հասկացա, երբ գերմանուհի ընկերուհիս անցած տարվա խորհրդարանական ընտրություններն ինձ հետ միասին հետեւելիս հարցրեց. ճի՞շտ է, որ ձեր իշխանությունը հաղթել է, որովհետեւ մարդկանց 30 եվրոյի չափ գումար են տվել ու նրանք քվեարկել են իշխանության օգտին: Ես դրա մասին չէի պատմել նրան, նա էր գտել ու կարդացել: Ես երբեք այդքան չէի ամաչել իմ ազգի համար, որովհետեւ սովոր էի միշտ նրա մոտ հպարտանալ ու ազգիս գովալ: Իհարկե, փորձեցի պաշտպանվել, որ մեր 30 եվրոն ձեր 30 եվրոն չէ, այն ավելի մեծ գումար է Հայաստանի համար, երկիրն աղքատ է, մեծ մասը դրա կարիքն ունի, որ գնացել է այդ քայլին, բայց հասկացա, որ ավելի լավ է լռեմ... 

 

Իսկ այսօր երիտասարդները պայքարեցին քվեն ծախելու հետեւանքի դեմ:

 

Հիշեք կադրերը` բացի ուսխորհրդականներից, չկար մի երիտասարդ, որ բռնված լիներ գումար վերցնելիս. բոլոր այն տատիկ-պապիկներն էին, որոնք ապրել էին իրենց կյանքի մեծ մասը խորհրդային տարիներին ու անկախ Հայաստանի ամեն օրն անցկացնում են՝ «հեյ գիտի Սովետ» ժամանակները վերհիշելով ու այսօրվա երիտասարդներիս նոր ապագան իրենց տերչկանգնած քվեի հետ միասին կործանելով: 

 

23.04.2018-ի հաղթանակը Նիկոլինը չէ, մյուս քաղաքական ուժերինը չէ, արտաքին աշխարհի արդյունքը չէ. խորը մտածելու ու երեւակայությանը ուժ տալու փոխարեն՝ առաջնային հիշիր՝ սա ազատ ու անկախ նոր սերունդի հաղթանակն էր, որն ուզում է ապրել ԻՐ երկրում: Սա նույնիսկ հայրենիքից հեռացող այն երիտասարդի հաղթանակն է, որը չի ուզում ինձ նման դրսերն ապրելու ժամանակ ամաչի գերմանացու տված հարցից: Սա իմ ընկերուհու հաղթանակն է, որը չսպասեց մյուս ընկերներին ու մենակ օրեր շարունակ դուրս եկավ փողոց՝ պայքարելու իր նման մյուսների հետ: Իսկ նրա մայրիկն, ամեն անգամ զանգելով, ասում էր՝ տուն արի, զգույշ եղիր, մեկ է բան չի փոխվելու, ուր ես պայքարում, երիտասարդ աղջիկ ես, բա՞ որ քեզ մի բան պատահի....

 

23.04.2018-ին ես առաջինը շնորհավորեցի նրան, որովհետեւ այն առաջնային նրա հաղթանակն էր, որ չլսեց «ոչ մի բան էլ չի փոխվելու» ասող իր մյուս ընկերներին ու հաղթական կարմիր շրթներկով, ամեն անգամ շարժման առաջնորդի կողքին քայլելով, տնեցիքին համոզելով, իր նմանների հետ հասավ ուզածին: 

 

Իսկ ինչո՞ւ եմ հիշել 10.000 դրամները, 

 

որովհետեւ մյուս ընտրություններն արդեն պետք է ուրիշ լինեն, ամեն ինչ պետք է 23.04.2018-ից սկսած ուրիշ լինի, ու ամեն մեկս պետք է աշխատենք դրա վրա, քանի որ հաղթանակի նախադեպն արդեն ունենք: Երիտասարդները հազիվ փոխել են մեծերի անտարբերության ու անհավատության հետեւանքը ու ապացուցել, որ սա ՆՐԱՆՑ երկիրն է: 

 

Սա արդեն այն ջահելի երկիրն է, որը մետրոյի մեջ ընկերների հետ աղջիկներից խոսելու փոխարեն հեռախոսի ինտերնետով ուղիղ հետեւում է զարգացումներին ու հպարտ դուրս գալիս Հանրապետության հրապարակի կայարանում: Իսկ մեծահասակները թող նստեն տանն ու հետեւեն հեռուստատեսային իրականությանը եւ բողոքեն երիտասարդներից, որոնք ամբողջ օրն ինտերնետում են ու կյանքը մեծերի նման լավ չեն պատկերացնում: Մեծահասակների այդքան չսիրած համացանցի շնորհիվ երիտասարդը տեղեկացավ իրավիճակին ու դուրս եկավ փողոց. երբեւէ մտածե՞լ էիք, որ «ջահելների շարժման» մեջ, նոր ինտերնետային դարն իր գործն արեց: «Ազատ, անկախ ուսանողի» ապագան այլեւս չի կարելի ծախել կամ արգելել, որ տանից դուրս գա ու պայքարի: Դասադուլի ու գործադուլի դուրս եկած շատերին իրականում չեն հետաքրքրում շարժման առաջնորդն ու մյուս ուժերը, նրանք ուզում են ապացուցել, որ, այսօր արդեն չպայքարելով ու հնի վրա լացելով, բան չի փոխվելու, փոփոխությունն ազատության մեջ է՝ երիտասարդների ազատության մեջ: 

 

Իսկ նոր սերունդը նոր պատմություն գրեց՝ 23.04.2018: 

 

Այս օրը հասկացանք, որ ամեն ինչն էլ վերջ ունի: Փողոց փակող ու հրապարակում հավաքվողներից յուրաքանչյուրը զգաց, որ հաղթանակի մեջ ունի իր մասնակցությունը, որովհետեւ սա անհատների միասնական հաղթանակն էր: 

 

23.04.2018-ի համատարած հավասար ուրախության մեջ բոլորը հասկացան, որ հույսը չի մարել ու վերջապես պայքարը հաղթեց: Թե ի՞նչ կլինի հետո, գուցե այդքան էլ կարեւոր չէ, որովհետեւ հույսն արդեն վերականգնվել է, դուխը տեղում է, իսկ «մեկ է՝ ոչ մի բան էլ չի փոխվելու» ասողների համար պատասխանն արդեն կա: Նոր սերունդիս համար 23.04.2018-ը հավատի, անկախության, ապացուցելու, պայքարի ու նոր հույսի նախադեպն էր, քանի որ այլեւս գիտակցում ենք՝ «Մենք ենք տերը Մեր երկրի»: 

 

Ամալի Խաչատրյանը Մեդիամաքսի լրագրող է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին