5/10/15. Ռասսել-Ջոնսթոնը, ԱԺ ընտրությունը, Բաքվի «կարճ շալվարը» - Mediamax.am

exclusive
13963 դիտում

5/10/15. Ռասսել-Ջոնսթոնը, ԱԺ ընտրությունը, Բաքվի «կարճ շալվարը»


Սաֆար Աբիեւը եւ Իլհամ Ալիեւը
Սաֆար Աբիեւը եւ Իլհամ Ալիեւը
Սերգեյ Լավրովն ու Էլմար Մՙամեդյարովը
Սերգեյ Լավրովն ու Էլմար Մՙամեդյարովը

Լուսանկարը` REUTERS

Լորդ Ռասսել-Ջոնսթոնը
Լորդ Ռասսել-Ջոնսթոնը

Լուսանկարը` REUTERS

Սաֆար Աբիեւը
Սաֆար Աբիեւը
Սերգեյ Լավրովը
Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS

Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-27

 

«Իրավահավասար բնույթ»

 

«Այսօր հայ-ռուսական հարաբերությունները հիրավի կամավոր եւ իսկապես իրավահավասար բնույթ են կրում», հայտարարել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Իզվեստիա» թերթում մայիսի 22-ին հրապարակված հարցազրույցում:

 

«Վերջին հինգ տարիների ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները դուրս են եկել զուտ քաղաքական շրջանակներից: Դրանք դարձել են էլ ավելի հավասարակշռված եւ փոխադարձ հարգալից»,- ասել էր Քոչարյանը:

 

«Սաֆար Աբիեւը բուլդոզեր չէ»

 

Մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ասել էր, որ «Սաֆար Աբիեւը բուլդոզեր չէ, որպեսզի Հայաստանի տարածքով միջանցք «հարթի»»:

 

Սերժ Սարգսյանն այդպես էր մեկնաբանել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի՝ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ Բաքվում կայացած հանդիպմանն արված հայտարարությունը.

 

«Հայաստանը պետք է միշտ հիշի, որ այսօր եւ վաղը Ադրբեջանը չի համաձայնվելու նրան, ինչին հավանություն էր տվել երեկ: Ադրբեջանը չի ցանկանում ունենալ բաժանված պետություն. ես ի նկատի ունեմ Նախիջեւանը, որը մեր հիմնական հողերից կտրված է: Վաղն այս հարցը բարձրացվելու է»:

Սաֆար Աբիեւը եւ Իլհամ Ալիեւը Սաֆար Աբիեւը եւ Իլհամ Ալիեւը

 

Դիտորդները մտահոգված են

 

Մայիսի 25-ին Հայաստանում կայացան ԱԺ ընտրությունները: Դրանք մռայլվել էին Արարատի մարզի Շահումյան գյուղի ընտրատեղամասում տեղի ունեցած միջադեպով, որի հետեւանքով սպանվել էր մեկ եւ վիրավորվել երկու մարդ:

 

Եվրոպական դիտորդները գտնվում էին Շահումյանի ընտրատեղամասում, երբ այնտեղ կրակ էր բացվել:

 

«Մայիսի 25-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունները բարելավում են հատկանշել վերջերս կայացած նախագահական ընտրությունների համեմատությամբ, սակայն որոշ հիմնական առումներով չեն համապատասխանել միջազգային չափանիշներին»,- ասված էր ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ/ Խորհրդարանական Վեհաժողովի եւ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի համատեղ դիտորդական առաքելության հայտարարության մեջ:

 

ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար Ջովաննի Քեսլերը հայտարարել էր, որ միջնորդները մտահոգված են ձայների հաշվարկման ընթացքում թույլ տրված մեծ քանակությամբ խախտումներով:

 

ԺՀՄԻԳ/ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Ռոբերտ Բերրին հայտարարել է, որ խախտումներ են արձանագրվել միջազգային դիտորդների կողմից այցելված ընտրական տեղամասերի 30 տոկոսում:

Լորդ Ռասսել-Ջոնսթոնը Լորդ Ռասսել-Ջոնսթոնը

Լուսանկարը` REUTERS

ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Լորդ Ռասսել-Ջոնսթոնը կասկածանք էր հայտնել ընտրողների մասնակցության վերաբերյալ Հայաստանի ԿԸՀ տրամադրած տվյալների կապակցությամբ: «Ինձ զարմացնում է, որ ընտրատեղամասերի փակվելուց կես ժամ առաջ ընտրողների մասնակցությունը կազմում էր 43 տոկոս, իսկ քվեարկության ավարտից հետո այն աճեց մինչեւ 51%»,- հայտարարել էր Լորդ Ռասսել-Ջոնսթոնը:

 

Ընտրություններում ձայների 14.25 տոկոսով երկրորդ տեղը զբաղեցրած «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-27

 

Վրաստանի հայկական եկեղեցիների ճակատագիրը

 

Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում հանդիպել էր իր վրաց գործընկեր Լադո Գուրգենիձեին:

 

Կառավարության ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, քննարկել էին Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի իրավաբանական կարգավիճակի հարցը: Տիգրան Սարգսյանը իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի իրավաբանական կարգավիճակի ու հայկական եկեղեցիների դեմ ժամանակ առ ժամանակ Վրաստանում կրոնական եւ աշխարհիկ արմատականների կողմից կատարվող ոտնձգությունների ու սադրիչ գործողությունների վրա: ՀՀ վարչապետը հիշատակել է նաեւ Թբիլիսիի Սուրբ Նորաշեն հայկական եկեղեցու տարածքի ապօրինի պարսպապատման փաստը:

 

Ֆինանսական կենտրոնը՝ Լիբանանից Հայաստան

 

Մայիսի 24-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Դիլիջանում հայտարարել էր, որ արաբական երկրները ցանկություն են հայտնում իրենց ֆինանսական կենտրոնը Լիբանանից տեղափոխել Հայաստան, առաջարկելով համապատասխան օրենսդրական փոփոխություններ կատարել հանրապետությունում:

 

«Հայաստանը կարող է կամուրջ դառնալ Եվրոպայի եւ մահմեդական երկրների միջեւ»,- ասում էր Տիգրան Սարգսյանը: Նա նշում էր, որ արաբական աշխարհի համար ֆինանսական կենտրոն դառնալու համար Հայաստանը պետք է ձեռք բերի  օֆշորային գոտու ուրվագծեր, որտեղ համաշխարհային չափանիշներով շահավետ ֆինանսական ծառայություններ կմատուցվեն:

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վարչապետը նաեւ նշել էր, որ Հայաստանը կարող է դառնալ արժեթղթերի առք ու վաճառքի կազմակերպիչ ԱՊՀ երկրների համար: «ԱՊՀ երկրների արժեթղթերի շուկաների զարգացման հետ մեկտեղ դեռեւս չլուծված է մնում արժեթղթերի` արտասահմանյան շուկաներ դուրս գալու խնդիրը եւ Հայաստանը կարող է բարենպաստ պայմաններ առաջարկել ԱՊՀ-ին արժեթղթերի տեղաբաշխման համար: Հայաստանի շուկա մուտք գործած OMX Group-ը կարող է բեկումնային ծրագրեր իրականացնել»,- ասում էր Տիգրան Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-27

 

«Զայրացնող փաստը»

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին «զայրացնող» էր անվանել Ադրբեջանի քաղաքացիների կողմից «Եվրատեսիլ» մրցույթի ռուսաստանյան մասնակից Դինա Գարիպովայի օգտին տրված ձայների անհետացման փաստը:

 

Հանդես գալով Ադրբեջանի ԱԳ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսում Մոսկվայում, Լավրովը զգուշացրել էր, որ «դա անպատասխան չի մնա»:

 

«Մեր մասնակցից 10 բալ գողանալու փաստը չի ուրախացնում առաջին հերթին այն տեսանկյունից, թե ինչպես է կազմակերպված այդ միջոցառումը: Մենք պայմանավորվել ենք Էլմար Մամեդյարովի հետ, որ նրանից հետո, երբ Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությունը կպարզի սպառիչ բացատրություններ ստանալու օրինական ճանապարհները, մենք կհամաձայնեցնենք մեր համատեղ գործողությունները, որպեսզի այդ վիրավորական գործողությունն անպատասխան չմնա»,- ասել էր Սերգեյ Լավրովը:

Սերգեյ Լավրովը Սերգեյ Լավրովը

Լուսանկարը` REUTERS

Մայիսի 23-ին Ադրբեջանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովն ասել էր, որ «Եվրատեսիլ 2013 մրցույթին կատարված սադրանքի մեղավորները շուտով կհայտնաբերվեն».

 

«Չի կարող պատահել, որ Ադրբեջանում չքվեարկեն Ռուսաստանի օգտին: Ես հստակ գիտեմ, որ ձայները տրվել են, բայց ինչ պատահեց դրանց եւ որտեղ դրանք անհետացան` կբացահայտվի: Հիմա դժվար է ասել, թե ինչ մակարդակով է եղել սադրանքը` միջազգայի՞ն, թե՞ տարածաշրջանային: Այդ հարցում չկա եւ չի կարող լինել Ադրբեջանի մեղքը»,- ընդգծել էր Ասքերովը:

 

«Բարեփոխումների նպատակ չկա»

 

Մայիսի 21-ին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել էր, որ խորհրդարանում ներկայացված՝ կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը «մշուշոտ ձեւակերպումներով հռչակագիր է եւ ապագա չունեցող գործողությունների համալիր»:

 

«Խորհրդարանում վարչապետը խոսում էր մտքի հեղափոխությունից: Դա հերթական դեմագոգիկ հայտարարությունն էր: Իրականում իշխանությունը պատրաստ չէ փոփոխությունների»,- ասում էր Մինասյանը:

 

«Մենք մեծացել ենք»

 

Մայիսի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հասկացրել էր, որ երկրի իշխանությունները չեն հրաժարվի Բաքվում ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը փոխելու մտադրությունից:

 

«ԵԱՀԿ-ում Ադրբեջանի 20 տարիների մասնակցության ընթացքում մենք մեծացել ենք եև այլեւս կարճ շալվար չենք կրում: Նրանք անընդհատ խոսում են օրենքի գերակայության եւ ԵԱՀԿ շրջանակներում առկա բոլոր կանոններին եւ կանոնակարգերին հավատարմության մասին: Սակայն միանգամից դեմ հանդես եկան Ադրբեջանի կողմից գրասենյակի կարգավիճակի փոփոխմանը, չնայած այն հանգամանքին, որ մենք իրավունք ունենք որոշելու, թե ԵԱՀԿ ներկայացուցչության ի՞նչ մակարդակ պետք է ունենան»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 

Արա Թադեւոսյան

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին