5/10/15. Սարգսյանի հրավերը Գյուլին, Պուտինի, Օբամայի եւ Օլանդի կոչը - Mediamax.am

exclusive
5111 դիտում

5/10/15. Սարգսյանի հրավերը Գյուլին, Պուտինի, Օբամայի եւ Օլանդի կոչը


2013թ. G8-ի գագաթնաժողովի մասնակիցները
2013թ. G8-ի գագաթնաժողովի մասնակիցները

Լուսանկարը` REUTERS

ՌԴ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարները 2013թ. G8-ի գագաթնաժողովում
ՌԴ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարները 2013թ. G8-ի գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS

Դենիել Ֆրիդը
Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-24

 

Հայ զինվորականները պատրաստ են մեկնել Բաքու

 

Հունիսի 20-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարի օգնական Մուրադ Իսախանյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Ադրբեջանում անցկացվելիք Cooperative Best Effort-2004 զորավարժություններին:

 

Նա նշել էր, որ Հայաստանն իր զինծառայողներին կգործուղի Ադրբեջան, եթե համապատասխան հրավեր ստանա ՆԱՏՕ-ի հրամանատարության կողմից:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-24

 

Ֆրիդը Ադրբեջանին կոչ է անում «խուսափել գայթակղությունից»

 

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը հունիսի 18-ին հայտարարել էր, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները «կարեւոր քայլ են կատարել»` համաձայնելով ղարաբաղյան կարգավորման բանակցությունները շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակած «Հիմքային սկզբունքների» հիման վրա:

 

Ելույթ ունենալով հունիսի 18-ին «Կովկաս. սառեցված հակամարտություններ եւ փակ սահմաններ» լսումներին, Դենիել Ֆրիդը նաեւ ասել էր.

Դենիել Ֆրիդը Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` REUTERS

«Ադրբեջանի` նավթից ու գազից ստացված եկամուտները շարունակում են հետեւողականորեն աճել, մենք շարունակում ենք այդ միջոցները ներկա ու ապագա սերունդների օգտին խելամիտ օգտագործելու կոչ անել երկրի ղեկավարությանը: Մենք հույս ունենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը կխուսափի այն գայթակղիչ մտածելակերպից, թե ռազմական գործողությունները վերսկսելը կենսունակ տարբերակ է: Մենք հայտնել ենք մեր անհանգստությունն ադրբեջանցի որոշ պաշտոնյաների համառ ռազմատենչ հայտարարությունների կապակցությամբ»:

 

«Ֆուտբոլային դիվանագիտության» մեկնարկը

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 23-ին Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր, որ դիտարկում է իր թուրք պաշտոնակից Աբդուլլա Գյուլին Երեւան հրավիրելու հնարավորությունը:

 

«Առաջիկայում ես մտադիր եմ նոր քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունները խթանելու ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, ես կհրավիրեմ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլին Երեւան` միասին դիտելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը»,- ասել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ.  2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-24

 

Պուտինի, Օբամայի եւ Օլանդի հայտարարությունը

 

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հունիսի 18-ին ընդունել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ համատեղ հայտարարություն, նշելով, որ «ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքների կբերի տարածաշրջանի բնակչության համար եւ կհանգեցնի մարդկային կորուստների, ավերածությունների, փախստականների թվի ավելացման, ֆինանսական հսկա կորուստների»:

 

«Մեր կշարունակենք աջակցել հակամարտող կողմերին կայուն եւ խաղաղ կարգավորմանը հասնելու հարցում: Մենք մեր խորին ափսոսանքն ենք հայտնում այն կապակցությամբ, որ կողմերը, փոխանակ փորձելու լուծումներ փնտրել` հիմնված փոխադարձ շահերի վրա, շարունակել են փորձել ստանալ միակողմանի արդյունքներ:

ՌԴ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարները 2013թ. G8-ի գագաթնաժողովում ՌԴ, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ եւ Ֆրանսիայի ղեկավարները 2013թ. G8-ի գագաթնաժողովում

Լուսանկարը` REUTERS

«Մենք հստակ համոզված ենք, որ վերջին չորս տարիների ընթացքում մեր երկրների կողմից արված հայտարարությունների դրույթները պետք է դառնան հակամարտության արդար եւ ամուր կարգավորման հիմքը: Այդ դրույթներն անհրաժեշտ է դիտարկել իբրեւ անքակտելի ամբողջություն, քանի որ մեկ դրույթին նախապատվություն տալու ցանկացած փորձը բացառում է հավասարակշռված որոշում կայացնելու հնարավորությունը

 

Հորդորում ենք բոլոր կողմերի ղեկավարներին եւս մեկ անգամ հաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին»,-ասվում էր Վլադիմիր Պուտինի, Բարաք Օբամայի եւ Ֆրանսուա Օլանդի՝ G8 գագաթաժողովի շրջանակներում ընդունված հայտարարության մեջ:

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ ՌԴ, ԱՄՆ եւ Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը «կարող է խթան հանդիսանալ բանակցային գործընթացում առաջընթացի համար, եթե Ադրբեջանի ղեկավարությունը ճիշտ ընկալի եռանախագահ երկրների կողմից արված շեշտադրումները»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին