5/10/15. Շիրակի ջանքերը, Սարգսյանի 100 օրը, Աբրահամյանի խոստումը - Mediamax.am

exclusive
9519 դիտում

5/10/15. Շիրակի ջանքերը, Սարգսյանի 100 օրը, Աբրահամյանի խոստումը


Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը
Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` REUTERS

Արա Աբրահամյանը
Արա Աբրահամյանը

Լուսանկարը` Ռուսաստանի հայերի միություն

Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը
Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը 2008 թվականին
Սերժ Սարգսյանը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

Սերժ Սարգսյանը 2008 թվականին
Սերժ Սարգսյանը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-22

 

Ժակ Շիրակը «չի կորցրել հետաքրքրությունը»

 

Հուլիսի 17-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը պատրաստ է նախաձեռնություն ցուցաբերել` ղարաբաղյան կարգավորման գործընթացում առաջընթացի հասնելու համար:

 

Մեկնաբանելով հուլիսի 16-ին Փարիզում կայացած Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների հանդիպումը, Վարդան Օսկանյանն ասել էր, որ «Ֆրանսիայի նախագահը չի կորցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ իր հետաքրքրությունը»:

Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը Ժակ Շիրակն ու Ռոբերտ Քոչարյանը

Լուսանկարը` REUTERS

«Ավելին, նա պատրաստ է ջանքեր գործադրել խնդրի լուծմանը սեղմ ժամկետներում հասնելու համար», - նշել էր Հայաստանի ԱԳ նախարարը: Նրա խոսքերով, Ժակ Շիրակը Հայաստանի նախագահին հայտնել էր, որ կանոնավոր կերպով քննարկում է ղարաբաղյան խնդիրը Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ղեկավարների հետ:

 

Մահափորձ Սեդրակյանի դեմ

 

Հուլիսի 22-ի առավոտյան Երեւանում մահափորձ էր կատարվել Էրեբունի համայնքի թաղապետ Մհեր Սեդրակյանի դեմ:

 

Սեդրակյանն ուղեւորվում էր աշխատանքի, երբ նրա ավտոմեքենայի մոտ պայթյուն էր տեղի ունեցել: 52-ամյա Սեդրակյանը վիրավորվել էր եւ տեղափոխվել հիվանդանոց:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-22

 

Նախագահի կոչը

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 18-ին հանդես եկավ քաղաքացիներին ուղղված կոչով` երկրի ղեկավարի պաշտոնում 100 օր գտնվելու կապակցությամբ եւ վստահեցրեց, որ իր կողմից ձեռնարկած բացասական երեւույթների դեմ պայքարը ժամանակավոր բնույթ չի կրելու:

Սերժ Սարգսյանը 2008 թվականին Սերժ Սարգսյանը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Ցավոք, այսօր արվող գործի մասին որոշ մարդիկ խոսում են թերահավատությամբ: Իմ հետեւողականությամբ եմ պատրաստվում շրջել նրանց հոռետեսությունը: Տեղի ունեցողը «անվտանգ երթեւեկության միամսյակ» կամ «մաքուր ձեռքեր» միջոցառումներ չեն: Մեր աշխատանքը չի սահմանափակվելու ոչ մի «հարյուր օրով»: Այս գործելաոճը դարձնելու ենք կյանքի բնականոն նորմ: Համոզված եմ, որ քննախույզ աչքը կնկատի ներքին կյանքում կարեւոր մի շրջադարձ. դեմքով դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացիները, նրա հոգսերն ու հույսերը, նրա բարեկեցության ապահովումն ու մեր նորանկախ երկիրը կառուցելու նրա տեսլականը: Ես ելնում եմ այն գիտակցությունից, որ մենք չունենք գրեթե ոչինչ` բացի մարդուց։ Այդ մարդը Հայաստանի քաղաքացին է, Սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։ Այդ մարդը պետք է լինի ազատ ու կիրթ, մրցունակ ու բարեկեցիկ, օրինակելի` թե՛ իր բարոյական նկարագրով, թե՛ օրինապաշտությամբ»,- ասել էր նախագահը:

 

Աբրահամյանի խոստումը

 

Հուլիսի 19-ին գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ հայտարարել էր հանրապետությունում նոր տնտեսական նախաձեռնությունների իրագործման համար $ 150 մլն ներդրում կատարելու մտադրության մասին:

Արա Աբրահամյանը Արա Աբրահամյանը

Լուսանկարը` Ռուսաստանի հայերի միություն

«Ձեր պաշտոնավարման 100 օրվա դինամիկան հույս է ներշնչում, որ նաեւ մեր մասնակցությամբ մի օր կտեսնենք մեր երազած Հայաստանը` բարեկեցիկ, սոցիալական խնդիրներից ձերբազատված, մրցունակ տնտեսությամբ եւ երաշխավորված կայուն անվտանգությամբ»,- գրում էր Արա Աբրահամյանը:

 

Աբրահամյանի ներդրումների խոստումներն այդպես էլ մնացին թղթի վրա:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-22

 

Դեսպանությունը դեմ է «հակառուսական տրամադրությունների հրահրելուն»

 

Հուլիսի 17-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունն ափսոսանք էր հայտնել այն կապակցությամբ, որ «հուլիսի 13-ին Պոդոլսկ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած եւ 18 կյանք խլած ճանապարհատրանսպորտային պատահարը որոշ անձանց կողմից օգտագործվում է հակառուսական տրամադրություններ հրահրելու համար»:

 

«Բոլորովին անտեղի ենք համարում գործողությունները, որոնք ուղղված են մեծ մարդկային ողբերգությունը նեղ քաղաքական նպատակներով օգտագործելուն եւ ռուս-հայկական հարաբերությունների խաթարմանը: Պատվիրված քաղաքականացված գնահատականներն անընդունելի են: Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը ազգային երանգ չունի, այն կքննվի համակողմանիորեն, մանրամասն, անկողմնակալ եւ առանց էմոցիաների», - ասվում էր ՌԴ դեսպանության հաղորդագրությունում:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին