5/10/15. «Օսկանյանի գործի» փակումը, «Չենք վճարելու 150 դրամ» - Mediamax.am

exclusive
8809 դիտում

5/10/15. «Օսկանյանի գործի» փակումը, «Չենք վճարելու 150 դրամ»


Հայկ Մարությանը
Հայկ Մարությանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ցուցարարները եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը
Ցուցարարները եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Վարդան Օսկանյանը
Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-26

 

«Մտահոգություն» եւ «հիասթափություն»

 

Հուլիսի 23-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերը «հիասթափություն» եւ «մտահոգություն» էր հայտնել Հայաստանի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշման կապակցությամբ, որի արդյունքում «Ա1+» եւ «Նոյյան Տապան» հեռուստաընկերությունները զրկվեցին եթեր վերադառնալու իրավունքից:

 

Հուլիսի 25-ին ԵԱՀԿ-ում նախագահող Նիդերլանդները եւս մտահոգություն էին հայտնել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշման կապակցությամբ:

 

«Այն փաստը, որ երկու հեռուստաընկերությունները մեկ տարուց ավել է զրկված են եթերի հնարավորությունից, մտահոգություն է առաջացնում Հայաստանի հեռարձակվող ԶԼՄ-ների բազմակարծության վերաբերյալ», - ասված էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանին ուղղված ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Դաան Էվերթսի նամակում:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-26

 

Գյուլ. որոշում դեռեւս չկա

 

Հուլիսի 23-ին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Կարսում ասել էր, որ Անկարայում դեռեւս որոշում չի կայացվել՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով իր՝ Երեւան այցելելու վերաբերյալ:

 

«Նախեւառաջ ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանի նախագահին հրավերի համար: Մենք դեռ որոշում չենք ընդունել: Մեր քաղաքականությունը պարզ է՝ մենք ցանկանում ենք բարիդրացիականություն եւ համագործակցություն՝ տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ: Առկա խնդիրները պետք է լուծում ստանան, մենք ցանկանում ենք տարածաշրջանը կայուն տեսնել», - ասել էր Թուրքիայի նախագահը:

 

Արարատ Զուրաբյանը ազատ է արձակվել

 

Հուլիսի 29-ին՝ «Մարտի 1»-ի դեպքերի առիթով հարուցված քրեական գործով մեղադրվող Հայոց Համազգային Շարժման (ՀՀՇ) ղեկավար Արարատ Զուրաբյանը ազատ էր արձակվել՝ երկրից չբացակայելու ստորագրությամբ:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-26

 

«Օսկանյանի գործը» փակվեց

 

Հուլիսի 24-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը հայտնել էր ՀՀ նախկին ԱԳ նախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։ 

 

ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված էր.

 

«Վարդան Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է  անձնական նպատակներով՝ դա դիտարկելով որպես գործարքի իր մասնաբաժին»։

 

Հաղորդագրության մեջ նաեւ նշված էր, որ Օսկանյանը պատրաստակամություն է հայտնել վճարել դրանից առաջացող, հարկային մարմնի կողմից հաշվարկված, հարկային պարտավորության գումարը՝ 20 140 324 դրամի չափով։

 

Նույն օրը հայտարարություն էր տարածել նաեւ Վարդան Օսկանյանը.

 

«Այս ամենի մեջ ամենակարեւորն այն է, որ ինձ առաջադրված «փողերի լվացման» եւ «փողերի յուրացման» երկու ծանր մեղադրանքները, ինչի արդյունքում ինձ զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, հանցակազմի բացակայության պատճառով չեն կարողանում ապացուցել եւ ստիպված են լինում այլ ճանապարհներով գործը կարճել:

 

Ասեմ, որ ես որեւէ խոստովանություն չեմ արել:

 

Եթե առաջնորդվենք ԱԱԾ-ի տրամաբանությամբ, ապա ստացվում է, որ հնարավոր է, օրինակ, հափշտակել պետական բյուջեի միջոցներ, դրանք համարել անձնական եկամուտ, դիմել համապատասխան պետական մարմիններին եւ խնդրել այդ գումարների մասով կատարել հարկային պարտավորությունները, եւ քրեական գործը կարճվի:

Վարդան Օսկանյանը Վարդան Օսկանյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Իմ նկատմամբ քրեական գործ հարուցելու առաջին օրվանից ես ասել եմ, որ Ջոն Հանթսմանի կողմից ինձ վստահված Սիվիլիթաս հիմնադրամի օգտագործման համար նախատեսված գումարից ոչ միայն ոչ մի լումա չի չարաշահվել, այլեւ իմ կողմից այդ գումարի կառավարման արդյունքում դրան ավելացել է ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար:

 

Իմ եւ Սիվիլիթաս հիմնադրամի դեմ սկսված եւ ավելի քան մեկ տարի տեւած գործընթացի հետ կապված դատողությունները թողնում եմ հանրությանը», - ասել էր Վարդան Օսկանյանը:

 

«Գերազանց արդյունք»

 

Հուլիսի 24-ին Եվրոպական Միությունն ու Հայաստանը ավարտեցին բանակցություններ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին, որը հանդիսանում էր Ասոցացման համաձայնագրի անբաժան մասը:

 

Երեւանում կայացած բանակցությունների 7-րդ փուլում կողմերը համաձայնության էին եկել առանցքային կետերի շուրջ:

 

Անկախ հետազոտության համաձայն, որը վկայակոչում էր ԵՄ-ն, ԽՀԱԱԳ-ի շնորհիվ երկարաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսությունը տարեկան պետք է ստանար լրացուցիչ 146 մլն եվրո` ՀՆԱ-ն ավելացնելով 2.3 %-ով:

 

ԵՄ Բարձր Ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու Հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն համատեղ հայտարարության մեջ ողջունել էին ԵՄ-Հայաստան բանակցությունների «գերազանց արդյունքը»:

 

«Սա չափազանց դրական փաստ է, ու մենք ակնկալում ենք նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը նոյեմբերի 29-ին Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում եւ այնուհետեւ ստորագրել համաձայնագիրը տեխնիկական ընթացակարգերն ավարտելուց հետո», - ասված էր հայտարարության մեջ:

 

Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետեւանքով Ասոցացման համաձայնագիրը չստորագրվեց:

 

«Չենք վճարելու 150 դրամ»

 

Երեւանում բողոքի լայնածավալ ակցիաներ էին սկսվել՝ հասարակական տրանսպորտի ուղեվարձը 100-ից 150 դրամ դարձնելու քաղաքապետարանի որոշման դեմ:

 

«Չենք վճարելու 150 դրամ, վճարում ենք 100 դրամ» շարժման մասնակիցները պահանջում էին «պատասխանատվության ենթարկել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` 6 օր շարունակ Երեւան քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվող ուղեւորներից ապօրինաբար 150 դրամ գանձելու համար»:

Ցուցարարները եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ցուցարարները եւ Երեւանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հուլիսի 20-ից մի շարք հայտնի մարդիկ իրենց անձնական մեքենաներով անվճար տեղափոխում էին մարդկանց՝ այդ ձեւով իրենց դժգոհությունը արտահայտելով տրանսպորտի թանկացման դեմ: Freecar եւ Carpool նախաձեռնություններին մասնակցում էին դերասան Հայկ Մարությանը («Կարգին Հայկո»), «Արարատ» ամսագրի գլխավոր խմբագիր Ալեն Սիմոնյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանը, դերասան Սերգեյ Դանիելյանը, երգիչ Արթուր Իսպիրյանը, Vitamin ակումբի տղաները եւ այլ հայտնի մարդիկ:

Հայկ Մարությանը Հայկ Մարությանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել էր.

 

««Վերջին օրերին ուշիուշով հետեւել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին եւ, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի» ։

 

«150 դրամն էլ բավարար չէ լիարժեք արդյունքի համար, սակայն այս դեպքում էլ տնտեսվարողների պահանջած սակագինը զսպել ենք՝ հաշվի առնելով, որ այն սոցիալապես խոցելի խմբերի համար սոցիալական լրացուցիչ բեռ կլինի։ Մեր քաղաքականությունը նորացված շարժակազմ ունենալն է, ապա նաեւ վճարման միասնական համակարգի ներդնումը, որը հնարավորություն կտա արտոնություններ տրամադրել սոցիալական որոշ խմբերի, ինչպես նաեւ ուսանողներին»,- նշել էր քաղաքապետը: 

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ի վերջո, հուլիսի 25-ին Տարոն Մարգարյանը հայտարարեց, որ կասեցնում է տրանսպորտի վարձը թանկացնելու որոշումը:

 

2018թ. հուլիսին Հայկ Մարությանը եւ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երեւանի քաղաքապետի թեկնածուների թվում են։

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին