5/10/15. Հարությունյանը Ստամբուլում, բողոքի նոտա Վրաստանին - Mediamax.am

exclusive
7662 դիտում

5/10/15. Հարությունյանը Ստամբուլում, բողոքի նոտա Վրաստանին


Միքայել Հարությունյանը
Միքայել Հարությունյանը

Լուսանկարը` Sputnik Armenia

Արմեն Սարգսյանը՝ դատավճիռը կարդալու օրը
Արմեն Սարգսյանը՝ դատավճիռը կարդալու օրը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սուրբ Նորաշեն եկեղեցին
Սուրբ Նորաշեն եկեղեցին
Տիգրան Սարգսյանը
Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-18

 

Հարությունյանը Ստամբուլում

 

Նոյեմբերի 14-ին Հայաստանի Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը Եվրոպայում ՆԱՏՕ-ի Հյուսիսային հրամանատարության գլխավոր հրամանատարի հրավերով ժամանել էր Ստամբուլ՝  Allied Action-2003 զորավարժությունների VIP-օրվան մասնակցելու նպատակով:

Միքայել Հարությունյանը Միքայել Հարությունյանը

Լուսանկարը` Sputnik Armenia

Դա ՀՀ Զինված ուժերի բարձրաստիճան ներկայացուցչի առաջին այցն էր Թուրքիա, որի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ:

 

Ավիավթար Սուդանում

 

Նոյեմբերի 17-ին Սուդանում An-12 ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել էին Հայաստանի չորս քաղաքացիներ:

 

Ինքնաթիռի անձնակազմի հրամանատար Սամվել Մկրտչյանը, երկրորդ օդաչու Տիգրան Պետրոսյանը, ղեկապետ Նշան Հովհաննիսյանը եւ բորտինժեներ Հովհաննես Կրունչոյանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) աշխատակիցներ էին:

 

«Սարիա» ընկերությանը պատկանող ԱՆ-12 բեռնատար ինքնաթիռը պայթել էր օդում, երբ պատրաստվում էր վայրէջք կատարել Վաու քաղաքում:

 

Դատավճիռ Արմեն Սարգսյանին

 

Նոյեմբերի 18-ին գործարար Արմեն Սարգսյանը դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանությունը կազմակերպելու համար: Տիգրան Նաղդալյանի սպանությունն անմիջական իրականացնողը՝ Ջոն Հարությունյանը, եւս դատապարտվեց 15 տարվա ազատազրկման:

 

Արմեն Սարգսյանը, որը Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրն է, իրեն չճանաչեց Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու:

Արմեն Սարգսյանը՝ դատավճիռը կարդալու օրը Արմեն Սարգսյանը՝ դատավճիռը կարդալու օրը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մի քանի տարի անց նա ազատ արձակվեց համաներմամբ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-18

 

«Շատ մեծ քայլ առաջ» 

 

Նոյեմբերի 15-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «շատ մեծ քայլ առաջ» էր անվանել այն փաստը, որ Մոսկովյան հռչակագրում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն արձանագրել են «մադրիդյան փաստաթղթի» գոյությունը:

 

«Յուրաքանչյուր կողմն ունի իր բողոքները մադրիդյան փաստաթղթի հատկապես այն մասերի նկատմամբ, որտեղ շարադրված են փոխզիջումային պատկերացումները  երեք-չորս հարցերի շուրջ առկա տարաձայնությունների վերաբերյալ: Սակայն այն փաստը, որ հայկական եւ ադրբեջանական կողմերը նախագահների մակարդակով արձանագրել են փաստաթղթի առկայությունն ու դրա հիման վրա աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը, շատ մեծ քայլ է առաջ»,- ասել էր Սերգեյ Լավրովը:

 

«Միմյանց աչքերով»

 

Նոյեմբերի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Երեւանում ասել էր, որ «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները փորձում են ղարաբաղյան կարգավորման գործընթացին նայել միմյանց աչքերով, եւ դա նպաստում է երկու երկրների առաջնորդների միջեւ փոխադարձ հարգանքի աճին»:

 

Բողոքի նոտա Վրաստանին

 

Նոյեմբերի 18-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր, որ Հայաստանի ԱԳՆ-ն Վրաստանի դեսպանից բացատրություն է պահանջելու Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եկեղեցու տարածքում գտնվող գերեզմանների պղծման փաստի առնչությամբ:

Սուրբ Նորաշեն եկեղեցին Սուրբ Նորաշեն եկեղեցին

 

Բացի այդ, նշել էր կառավարության ղեկավարը, հայկական կողմը հանդես կգա պաշտոնական բողոքի նոտայով:

 

«Այդպիսի գործողությունները չեն համապատասխանում երկխոսության մթնոլորտին, որն առկա է երկու երկրների նախագահների միջեւ», - հայտարարել էր վարչապետը:

Տիգրան Սարգսյանը Տիգրան Սարգսյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Տիգրան Սարգսյանը հույս էր հայտնել, որ վրացական կողմը արագ կարձագանքի տեղի ունեցածին եւ կկանխի դժգոհությունները Վրաստանի հայկական համայնքի շրջանում:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին