5/10/15. Հանդիպում Ժնեւում, Ալիեւի մահը, Դավութօղլուն Երեւանում - Mediamax.am

exclusive
8455 դիտում

5/10/15. Հանդիպում Ժնեւում, Ալիեւի մահը, Դավութօղլուն Երեւանում


Հեյդար Ալիեւի մարմինը ժամանել է Քլիվլենդից
Հեյդար Ալիեւի մարմինը ժամանել է Քլիվլենդից

Լուսանկարը` REUTERS

Լեւոն Զուրաբյանը
Լեւոն Զուրաբյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեթ Դավութօղլուն Երեւանում 2013թ. դեկտեմբերի 12-ին
Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեթ Դավութօղլուն Երեւանում 2013թ. դեկտեմբերի 12-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-16

 

Առաջին հանդիպումը Իլհամ Ալիեւի հետ

 

Դեկտեմբերի 11-ին Ժնեւում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ 2003 թվականի հոկտեմբերի 15-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրված Իլհամ Ալիեւի առաջին հանդիպումը:

 

Հանդիպումից հետո Ռոբերտ Քոչարյանն ասել էր.

 

«Մեր առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում: Մենք փորձեցինք վերլուծել բանակցային գործընթացում ստեղծված նոր իրավիճակը, փորձեցինք հիշել այն, ինչ Հայաստանը եւ Ադրբեջանը քննարկել են վերջին մի քանի տարիների ընթացքում: Ես բավարարված եմ մեր զրույցի անկեղծության մակարդակով»:

 

Իլհամ Ալիեւը, իր հերթին, ասել էր.

 

«Նախկինում ես չեմ մասնակցել բանակցային գործընթացին: Գտնում եմ, որ այսօր կարծիքների շատ օգտակար փոխանակում տեղի ունեցավ: Մենք քննարկեցինք այն, ինչ եղել է անցյալում, գնահատականներ տվեցինք: Ես դրական եմ համարում մեր հանդիպման փաստը, եւ սրանում որոշակի հաջորդականություն կա: Կարծում եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները կնպաստեն ավելի մեծ անկեղծությանը: Հայաստանը եւ Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի լուծումը գտնելու անկեղծ ձգտում ունեն»:

 

Հեյդար Ալիեւի մահը

 

Դեկտեմբերի 12-ին ամերիկյան Քլիվլենդ քաղաքի կլինիկայում 80 տարեկան հասակում մահացավ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւը:

 

Հեյդար Ալիեւը բուժում էր անցնում Թուրքիայում 2003 թվականի հուլիսից, իսկ օգոստոսին նրան տեղափոխել էին Քլիվլենդ: Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի պետական հեռուստատեսությամբ կարդացին Հեյդար Ալիեւի դիմումը ժողովրդին, որում նա հայտարարել էր, որ հանում է իր թեկնածությունը՝ հօգուտ որդու:

Դեկտեմբերի 14-ին Ալիեւի մարմինը Քլիվլենդից տեղափոխվեց Բաքու:

Հեյդար Ալիեւի մարմինը ժամանել է Քլիվլենդից Հեյդար Ալիեւի մարմինը ժամանել է Քլիվլենդից

Լուսանկարը` REUTERS

Հեյդար Ալիեւի հուղարկավորությանը, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին, ներկա էին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն եւ երկրի ժամանակավոր նախագահ Նինո Բուրջանաձեն, Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչման, Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-16

 

 «Մադրիդյան սկզբունքներին լրացումներ գոյություն չունեն»

 

Դեկտեմբերի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել էր, որ «մադրիդյան սկզբունքներին լրացումներ գոյություն չունեն, եւ հակառակը պնդող բոլոր հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում»:

 

Նալբանդյանի խոսքերով, կարգավորման բանակցությունների ընթացքում կարող են կատարվել առանձին տեխնիկական առաջարկություններ, որոնք չի կարելի դիտարկել որպես փոփոխություններ կամ լրացումներ միջնորդների առաջարկած սկզբունքներին:

 

ՀԱԿ-ը պատժամիջոցների կողմնակից է

 

Դեկտեմբերի 16-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) համակարգող Լեւոն Զուրաբյանը կողմ էր արտահայտվել Եվրոպայի Խորհրդի կողմից Հայաստանի իշխանությունների նկատմամբ քաղաքական պատժամիջոցների կիրառմանը:

Լեւոն Զուրաբյանը Լեւոն Զուրաբյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Զուրաբյանն ասել էր, որ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգից ակնկալում է այնպիսի զեկույց, որը «համարժեք կլինի Հայաստանում ստեղծված իրավիճակին»:

 

ՀԱԿ համակարգողը նշել էր, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին նամակներ են ուղարկվել, որոնցում ներկայացված է Հայաստանի ընդդիմության դիրքորոշումը «Հայաստանի իշխանությունների կողմից ԵԽԽՎ-ի 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջների չափազանց անբավարար կատարման վերաբերյալ»:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-16

 

Դավութօղլուն Երեւանում

 

Դեկտեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը իր թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուի հետ, որը Երեւան էր ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին մասնակցելու համար:

Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեթ Դավութօղլուն Երեւանում 2013թ. դեկտեմբերի 12-ին Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեթ Դավութօղլուն Երեւանում 2013թ. դեկտեմբերի 12-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հանդիպումից հետո նախարարները հայտարարություններ չէին արել: Նրանք նաեւ չէին շփվել լրագրողների հետ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին