exclusive
63928 դիտում

50 գլոբալ հայերը. Արթուր Մարտիրոսյան

Մեդիամաքս-ն այսօր գործարկում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը`յուրաքանչյուր շաբաթ ներկայացնելու ենք մեկ «գլոբալ հայի» դիմանկարը:

Արթուր Մարտիրոսյան
Արթուր Մարտիրոսյան

Մեդիամաքս-ն այսօր գործարկում է «50 գլոբալ հայերը» հատուկ նախագիծը`յուրաքանչյուր շաբաթ ներկայացնելու ենք մեկ «գլոբալ հայի» դիմանկարը:

Ի՞նչ ենք հասկանում` «գլոբալ հայ» ասելով: Դրանք ծագումով Հայաստանից կամ նախկին ԽՍՀՄ-ից հայ մարդիկ են, որոնք ապրում են արտասահմանում, հասել են հաջողությունների, սակայն լայն հասարակությանը հայտնի չեն: Մեր նպատակն է ներկայացնել “մարդկային պատմություններ”` պատմել ոչ միայն նրանց աշխատանքային հաջողությունների, այլեւ կենցաղի, ընտանիքների մասին:

Նախագծի գլխավոր գործընկերն է Երեւանի կոնյակի գործարանը, որի Արարատ ապրանքանիշը ներկայանում է որպես գլոբալ հայկական բրենդ:


Արթուր Մարտիրոսյանը ծնվել է 1963 թվականին Թբիլիսիում` անգլերենի ուսուցչուհու եւ ավիացիայի ինժեների ընտանիքում: Ապրում է Բոստոնում: Բանակցային գործի մասնագետ է: Աշխատում է որպես ավագ խորհրդատու CM&Partners ընկերությունում:

Արթուրն ունի երեք երեխա: Ավագ դուստրը 27 տարեկան է: Սովորել է Երեւանում, հաճախել է հայկական դպրոց, բուհն ավարտել է ԱՄՆ-ում, ամուսնացած է: Արթուրն ունի նաեւ երկվորյակներ` տղա եւ աղջիկ, նրանք 16 տարեկան են:


1983 թվականին ընդունվեցի Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի թարգմանչական բաժինը: Այդ տեղն ընդունվելը հեշտ չէր, այն “ծանոթով” էր: Ես քննությունները հանձնում էի առանց ծանոթությունների, եւ այդ պատճառով ընդունվեցի ոչ միանգամից, Խորհրդային բանակում ծառայելուց հետո:.

Արթուրի ծնողները Թբիլիսիից Երեւան են տեղափոխվել 1988 թվականին, եւ այդ ժամանակվանից ապրում են այստեղ: Ավարտելով ԼՊՀ-ն, նա սկսեց մտածել հետագա անելիքների մասին: 6 ամիս աշխատեց Իթոնում (Անգլիա), եւ ծնողների մոտ վերադարձավ այն ժամանակ, երբ նրանք արդեն Հայաստանում էին:

 
Արթուր Մարտիրոսյանը Թբիլիսիի մանկապարտեզում:

Հայաստանում ես ապրեցի ընդամենը կես տարի եւ նախկին ԽՍՀՄ-ը լքեցի 1991 թվականին: Դեռեւս Թբիլիսիում, ավագ դասարաններում սովորելիս, երազում էի ընդունվել ՄՄՀՊԻ (Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ) եւ դառնալ դիվանագետ, սակայն մեր ընտանիքը կուսակցական մարմիններից երաշխավորագրեր ստանալու հնարավորություն չուներ: Ես պատահաբար իմացա, որ կարելի է գործերը հանձնել ամերիկյան բուհեր: Քննությունները պետք էր հանձնել Մոսկվայում, ես հատուկ գնացել է Պողպատի եւ ձուլվածքների ինստիտուտ, որտեղ հանձնեցի GRE, TOEFL քննությունները: Փաստաթղթերն ուղարկեցի 6 համալսարաններ, ինձ ընդունեցին դրանցից հինգում: Միջազգային հարաբերությունների ուսուցման ամենահետաքրքիր ծրագիրը ներկայացրել էր Յելի համալսարանը:


Արթուր Մարտիրոսյանը` դպրոցի շրջանավարտ:

Յելից Արթուրին ուղղված պաշտոնական փաստաթղթեր եկան... Ամերիկայի Հայկական Ասամբլեայի երեւանյան գրասենյակի ֆաքսին. դա ֆաքսի միակ համարն էր, որը կարողացել էին գտնել ամերիկացիները: Չմոռանանք, որ 1991 թվականն էր, դեռեւս գոյություն ուներ Խորհրդային Միությունը:


Յելի համալսարանն ամբողջովին վճարեց իմ ուսման համար: Ավելին, ես նույնիսկ գումար էի ստանում, որը բավարարում էր բնակարան վարձելու եւ սնվելու համար: Ինձ դասավանդում էին հակամարտությունների ուսումնասիրության եւ անցումային հասարակությունների լավագույն մասնագետները` Ռոբերտ Դալը, Խուան Լինցը, Բրյուս Րասեթը եւ ուրիշներ: Այդ մարդիկ համաշխարհային մեծության «աստղեր» են:


Արթուր Մարտիրոսյանը`Յելի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ

Արթուր Մարտիրոսյանը Յելի համալսարանի հայաստանցի առաջին ուսանողն էր: Նրան թվում էր, որ մեկնում է Ամերիկա կրթություն ստանալու եւ վերադառնալու համար, սակայն ճակատագիրն այլ կերպ դասավորվեց:


Հարվարդում ինձ առաջարկեցին հետխորհրդային տարածքի խորհրդատուի աշխատանք: Այդ տեղին հավակնում էր 25 մարդ: Ես անցա հարցազրույցների մի քանի փուլ, վերջին փուլում մնացինք երեքով` ես եւ երկու ամերիկացիներ` Հարվարդի շրջանավարտներ, որոնք ԽՍՀՄ մասնագետներ էին եւ հետագայում լավ կարիերա ունեցան: Ի վերջո, ընտրեցին ինձ, եւ դա մեծ հաջողություն էր, քանի որ սկսեցի աշխատել Հարվարդյան բանակցային մեթոդաբանության հիմնադիրներից մեկի, բանակցային գործընթացի «գուրու» Ռոջեր Ֆիշերի հետ: Գրեթե 12 տարի ես աշխատել եմ նրա հետ Վրաստանի, Բալկանների եւ Մերձավոր Արեւելքի հակամարտությունների թեմաներով: Դա ֆանտաստիկ դպրոց էր: Հետ նայելով, հասկանում եմ, որ պրոֆեսիոնալ աճի եզակի հնարավորություն էի ստացել:


Արթուր Մարտիրոսյանը`Յելի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ֆուտբոլային թիմի ավագ:

Արթուրի պետերբուրգցի համակուրսեցիները նրան աշխատանք էին առաջարկում նաեւ Ռուսաստանում: Նա խոստովանում է, որ եթե այն ժամանակ համաձայներ, այսօր, թերեւս, հարուստ մարդ կլիներ: Սակայն նա չի ափսոսում ընտրության համար: Նրան շատ ավելի հետաքրքիր էր, օրինակ, օգնել բանակցություններ վարել պաղեստինցիներին եւ իսրայելցիներին:

Մենք ելնում էինք նրանից, որ երկու կողմերն էլ պետք է խոսեն մեկ բանակցային «լեզվով»: Իսրայելական կողմին հարկ չկար երկար համոզել. ամեն տարի Իսրայելից Հարվարդի համալսարանի Քենեդիի կառավարման դպրոցում սովորելու hամար գալիս է 20 մարդ: Նրանք ստանում են բանակցություններ վարելու մեթոդաբանության գլխավոր գործիքները եւ գիտելիքները: Պաղեստինցիները շատ քիչ էին, հետագայում նրանք ստեղծեցին այսպես կոչված բանակցությունների աջակցության խումբ, որն անմիջականորեն աշխատում է Պաղեստինի ինքնավարության գլխավոր բանակցող Սաեբ Էրեկաթի հետ:


Արթուր Մարտիրոսյանը իսրայելցի եւ պաղեստինցի բանակցողների հետ:

Նա տալիս է նրանց առաջադրանքներ, իսկ նրանք նյութեր են պատրաստում: Սա այն անձնակազմն է, որը մշակում է խնդիրները տեխնիկական կողմերը. Երուսաղեմ, տարածքային հարցեր, փախստականներ, ջրային պաշարներ եւ այլն: Պաղեստինցիները բանակցությունների մեթոդաբանությունը յուրացնելու ավելի մեծ խնդիր ունեն, քան իսրայելցիները: Պաղեստինյան կողմը սովոր է խոսել առեւտրի լեզվով: Ըստ էության, իսրայելցիներն իրենք են նրանց սովորեցրել, օրինակ` 1000 բանտարկյալներին փոխելով մեկ կապրալի դիմաց: Միասնական բանակցային «լեզվի» մշակումը» հակամարտության լուծում չէ, սակայն անհրաժեշտ պայման է նպատակին հասնելու համար:

Բնականաբար, Արթուր Մարտիրոսյանը հետեւում է ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքին: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի դեպքում խնդիրը բարդանում է այն պատճառով, որ կողմերից մեկը` Ադրբեջանը, ելնում է նրանից, որ գոյություն ունի խնդրի լուծում` ոչ բանակցային ճանապարհով:

Մենք տեսնում ենք, որ նրանք զինվում են եւ կարող են փորձել լուծել խնդիրը ռազմական ճանապարհով: Եթե խոսենք բանակցային լեզվով, ապա դա “խաղ է զրոյական արդյունքով”: Նրանք խոսում են ինչ-որ լայն ինքնավարության մասին եւ դրա հետ մեկտեղ պատրաստվում պատերազմի: Նրանց հետաքրքրում է վերահսկողությունը տարածքների նկատմամբ, մեզ հետաքրքրում է նախնիների հողում ապրելու մարդկանց իրավունքը: Իրականում, հարցը մեզ համար լուծված է. Արցախի ժողովուրդն ինքնորոշվել է: Թվում է թե ուժը, տնտեսական բաղադրիչը նրանց կողմն են, բայց դրանք պատրանքներ են: Ամեն ինչ փոխվում է, հայտարարագրված թվերի առավելությունը մարտի դաշտում այլ կերպ է դրսեւորվում: Դա միանգամայն այն լեզուն չէ, որով նրանք պետք է խոսեն հայերի հետ: Փաստորեն, մեզ բավարարում է «ստատուս-քվոն», քանի որ այն ավելի լավն է նրանից, թե ինչ են մեզ առաջարկում բանակցությունների սեղանին, իսկ ադրբեջանական կողմին չի բավարարում ոչ «ստատուս-քվոն», եւ ոչ էլ այն, ինչ առաջարկվում է բանակցություններում: Այս փակուղուց դուրս գալու ելքը միակն է. “բանակցային ջիու-ջիթսու”, այսինքն, անհրաժեշտ է համոզել Ադրբեջանին, որ նրանց այլընտրանքները բանակցություններին` պատերազմը եւ Հայաստանի մեկուսացումը, անհեռանկարային են: Այդ պատճառով մեր ռազմավարական երկարաժամկետ նպատակը կայանում է մրցունակ տնտեսության եւ մարտունակ բանակի ստեղծման մեջ: Միայն այդպես մենք կարող ենք ադրբեջանական կողմին բանակցությունների սեղանին հրավիրել այլ հարթությունում որոշումներ փնտրելու համար` այն է, ինչպե՞ս շարունակել ապրել նույն տարածաշրջանում:


Արթուր Մարտիրոսյանը ռուս եւ չեչեն բանակցողների հետ Հաագայում:

Երբ զրուցում էինք Արթուրի հետ (դա ս.թ. հունվարի վերջում էր), նա մեկնում էր հերթական գործուղման` Կիեւ: Այնտեղ նա պետք է օգներ ընդհանուր լեզու գտնել ամերիկյան Ciscօ կորպորացիայի եւ ուկրաինական կողմի ներկայացուցիչներին: Այնուհետեւ պետք է մեկներ Մոսկվա` բիզնես-քոլեջում միջին եւ բարձր օղակների մենեջերների եւ Մոսկվայի քաղաքապետարանի հետ աշխատելու համար:

Ինձ մոտ միջազգային եւ կորպորատիվ նախագծերի լավ համակցություն է ձեւավորվել: Իհարկե, ավելի լավ “կերակրում” են կորպորատիվ նախագծերը, քանի որ միջազգային նախագծերի վրա տարվող աշխատանքի վճարը շատ ավելի ցածր է: Չնայած, իմ գործընկերները, որոնք շատ ավելի պատկառելի կորպորատիվ պորտֆոլիո ունեն, ձգտում են ավելի շատ աշխատել միջազգային նախագծերում: Պատկերացրեք, երբ մասնագետը, ԱՄՆ-ում կորպորատիվ հաճախորդների հետ աշխատելիս, կարող է ոչ թե վկայակոչել իսրայելցիների եւ պաղեստինցիների բանակցությունների պատմությունը, այլ ներկայացնել նրանց հետ իր անմիջական աշխատանքի փորձը: Դա մեծ առավելություն է տալիս լսարանը գրավելու համար:

Հարցնում եմ Արթուրին. արդյո՞ք բանակցային գործի մասնագետին ավելի հեշտ է լուծել իր կենցաղային, առօրեական հարցերը, քան այն մարդկանց, որոնք չունեն նման գիտելիքներ: Օրինակ, արդյո՞ք նա ավելի հեշտ կհամոզի բանկային աշխատողին վարկ տրամադրելու հարցում, քան ես:

Ինձ հեշտ է այն իմաստով, որ ես համակարգված եմ պատրաստվում այդ բանակցություններին եւ գիտեմ, ինչ եմ անելու, եթե չպայմանավորվեմ նրա հետ: Ռոջեր Ֆիշերը գործածության մեջ դրեց BATNA հապավումը (Best Alternative to the Negotiated Agreement- Ձեռքբերված համաձայնության լավագույն այլընտրանքը): Ինձ հեշտ է, որովհետեւ ես փորձ ունեմ: Երբեմն հատուկ ձգտում ես ստանալ այդ կենցաղային բանակցային փորձը: Երկու տարի առաջ քայլում էի Դամասկոսի “Միդհատ փաշա սուկ” հսկայական փակ շուկայով: Առաջին հարկում խանութների սեփականատերերը նստած սպասում են, թե երբ կմոտենան իրենց, շատ հազվադեպ էին կանչում իրենց մոտ: Եվ ահա ինձ մոտեցավ մարդ, ում խանութը երկրորդ հարկում էր: Նա «որսորդ» էր, քայլում եւ ընտրում էր, թե ում կարելի է կանչել դամասկյան շալերի իր խանութը: Նա գիտեր, որ մյուսների հետ համեմատ թերություն ուներ` երկրորդ հարկը: Եվ իմանալով դա, նա շատ հմտորեն բանակցություններ էր վարում: Առեւտուրը եւս բանակցությունների արվեստ է: Շատ հետաքրքիր եր հետեւել դրան:


Արթուր Մարտիրոսյանը ընտանիքի հետ` դստեր հարսանիքին (2009թ.):

Ավելի դժվար է բանակցություններ վարել ընտանիքում: Փորձում եմ մեթոդաբանություն սովորեցնել երեխաներիս: Երբեմն իրենք են խնդրում ինձ հիմնավորել, թե ինչու եմ «ոչ» ասում: Մյուս կողմից, երբ երեխաները դեռահաս տարիքում են, ավելի ճկուն ուղիներ է պետք փնտրել: Ավելի հաճախ ինձ մոտ դա ստացվում է: Չնայած չեմ կարող ասել, որ միշտ նման արդյունքի եմ հասնում, երբ ասում  եմ «ոչ» եւ դա նեղվածություն չի առաջանում: Մեթոդն ավելի լավ է աշխատում, երբ մարդիկ հասկանում են, որ հարաբերությունները երկարաժամկետ բնույթ են կրում, իսկ մանիպուլյատիվ մեթոդները միայն խարխլում են վստահությունը:


Boston Globe թերթի հոդվածը պատմում է Արթուր Մարտիրոսյանի աշխատանքի մասին Իրաքում (2009թ.):

Արթուր Մարտիրոսյանին մտահոգում է խնդիրը, որին նա հաճախ բախվում է հետխորհրդային տարածքում: Դա բախումն է կարճաժամկետ եւ երկարաժամկետ շահերի միջեւ:


Շատ հաճախ ընտրությունը կատարվում է կարճաժամկետ շահերի օգտին` ի վնաս երկարաժամկետ շահերի: Նման իրավիճակի ականատես հաճախ եմ դառնում: 90-ականներին եւ 2000-ականների սկզբին ամեն ինչ կարճաժամկետության դրոշի ներքո էր: Այժմ իրավիճակը փոքր-ինչ փոխվում է: Ի թիվս այլ հարցերի, դա կապված է նաեւ արժեքների համակարգում տիրող ճգնաժամի հետ: Որքան ավելի շատ նախապատվությունը տանք երկարաժամկետ շահերին, այդքան ավելի շատ հնարավորություններ կունենանք մրցունակ պետություն կառուցելու համար: Ժամանակակից աշխարհում մրցունակությունը հաճախ ենթադրում է ոչ միայն մրցակցություն, այլեւ համագործակցություն, դրան են գալիս բազմաթիվ խոշոր համաշխարհային ընկերություններ: Իսկ դա, իր հերթին, պահանջում է շահերի վերաբերյալ բանակցություններ վարելու հմտություններ, ինչը թույլ է տալիս պահպանել հարաբերությունները եւ բարելավել բանակցությունների արդյունքները: Բրիտանական “Հաթվեյթ” ընկերության հետազոտությունների համաձայն, Ֆորբս 2000 ցուցակի այն ընկերությունները, որոնք ունեին բանակցություններ վարելու համակարգային իրավասություն, ճգնաժամի ժամանակ ունեցել են շահույթի միջինը 40%-անոց աճ, իսկ այդ լիազորությունները չունեցող ընկերությունները կորցրել են շահույթի միջինը մինչեւ 63%-ը:

Մտած՞ում է Արթուր Մարտիրոսյանը երբեւէ Հայաստան վերադառնալու եւ այստեղ ապրելու մասին:

Ես բավականին արագ եմ անցել կարիերային աճի փուլը: Հիմա ինձ լավ են ճանաչում պրոֆեսիոնալ բանակցողների շրջանակներում, եւ երբեմն նույնիսկ կարող եմ ինձ թույլ Fմերժել այս կամ այն առաջարկը: Ահա, վերջերս ինձ առաջարկում էին աշխատել Քաշմիրում: Ըստ էության, այսօր, երբ կա սքայփը, քո գտնվելու վայրն այդքան էլ կարեւոր չէ. քեզ կարող են գտնել աշխարհի ցանկացած կետում եւ աշխատանք առաջարկել աշխարհի ցանկացած կետում:

Քանի դեռ երեխաներս կրթություն են ստանում ԱՄՆ-ում, դա ինձ հետ է պահում Հայաստան վերադառնալուց: Ես ձգտում եմ Հայաստանի հետ որոշ նախագծեր կապել, քանի որ բանակցային գիտելիքների փոխանցումը կարեւոր է մեր պետության համար: Որոշ չափով դա ստացվում է. Հայաստանում ապրում են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք մեզ մոտ Բոստոնում ուսանել են բանակցային գործի հիմնարար սկզբունքները Momentum ծրագրի շրջանակներում:


Momentum ծրագրի մասնակիցները սենատոր Թեդ Քենեդիի հետ:

Momentum ծրագիրը
դոսյե
Momentum ծրագիրը

Ուզում եմ հավատալ, որ կգա ժամանակ, երբ կկարողանամ աշխատել եւ ապրել Բոստոնի եւ Երեւանի միջեւ: Աշխատանքս այնպիսին է, որ շատ եմ ճանապարհորդում եւ ինքս եմ ընտրում, թե ինչ նախագծերով զբաղվել: Երեւի, դա ամենամեծ պրոֆեսիոնալ ձեռքբերումն է. զբաղվել սիրած գործով եւ ունենալ ընտրության հնարավորություն:
 
Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am