3787 դիտում

Էթերի Այվազյան. Նամակ Ավրորայի հերոսին



Մարգարիտ Բարանկիցեին

Երբ փոքր էի, կարծում էի, որ 21-րդ դարն առաջընթացային և անհոգ դար է լինելու: Իմ մանկական պատկերացումներում պատերազմները, բռնությունը, ստրկությունն ու խտրականությունը տեղ չունեին 21-րդ դարում: Սակայն... Հակառակ տեխնոլոգիական առաջընթացին՝ իմ ընկալմամբ մարդկությունը չի գրանցում բարոյական զարգացում:

Մենք ապրում ենք մի խառնաշփոթ իրականության մեջ, որում չարանալու համար առավել բարենպաստ պայմաններ կան: Հարգելի՛ Մարգարիտ, վստահ եմ՝ կհասկանաք ինձ, եթե ասեմ, որ դժվար է չունենալ ատելության զգացողություն, երբ ընտանիքիդ անդամներն իրենց վրա կրում են պատերազմի ու ջարդերի հետքերը, երբ ապրում ես այն մտքով, որ ցանկացած պահի կրկին կարող ես առերեսվել պատերազմին: Իհարկե, հասունանալու հետ մեկտեղ ատելության զգացողությունը որոշակիորեն ձևափոխվում է, բայց չի վերանում: Պիտի խոստովանեմ, որ իմ մեջ կան որոշակի «կապանքներ», որոնք երբեմն թույլ չեն տալիս հոգեպես և մտոք հասնել բարձրագույն կետի ու դրսևորել ինձ արժեքավոր կերպով:

Ծանոթանալով Ձեր պատմությանը՝ սկսեցի հասկանալ նկարագրածիս պատճառները: Դուք այն մարդկանցից եք, ով համախմբում է «տարբեր»-ը՝ լինի ռասսա, ազգություն, թե կրոն: Սակայն մեկ այլ «միջոց» ինձ առավել ուժեղ է թվում. Դուք փոխակերպում եք դաժանությունը:  Ձեզ ուզում են սպանել, իսկ Դուք գտնում եք փրկվելու ու փրկելու միջոցը: Եվ դա բոլորովին էլ առաջինը սպանելու միջոցը չէ, և ոչ էլ փրկվելը՝ փրկելու համար: Դուք նախ փրկում եք, որ փրկվեք (շարունակելով փրկել): Կարծում եմ՝ հենց սա է այն պատնեշը, որը պետք է քանդել մարդկայնությունը հասկանալու և այն զգալու համար, ատելության ու թշնամանքի զգացողությունը վերափոխելու ու վերացնելու համար: Սա՛ ես բացահայտեցի և սրա՛ն պիտի ձգտեմ հասնել Ձեր օրինակով: Հույսս է, որ չպիտի մենակ մնամ այս ճանապարհին: 

Հարգելի՛ Մարգարիտ, դուք՝ Ավրորայի հերոսներդ, ձեր անշահախնդիր գործունեությամբ ու նվիրվածությամբ փրկվածների համար դարձել եք «արշալույս». գեղեցիկ  մի «արշալույս», որ սկիզբ է դնում նոր, բարի  ու գիտակցված օրվան ու կյանքին:  Մյուսներիս համար դարձաք մարդասիրության իրական օրինակ, ստիպեցիք վերանայել մեր մոտեցումներն ու արթնացրիք մեր մեջ «մարդուն»:  Եվ հենց ձեր օրինակով պիտի փորձենք ապրել, որ ապրեցնենք:

Շնորհակալ եմ:

Մեծագույն հարգանքով՝

Էթերի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am