Թինա Հովհաննիսյան. Նամակ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային - Mediamax.am

1997 դիտում

Թինա Հովհաննիսյան. Նամակ Սայիդա Ղուլամ Ֆաթիմային


Լուսանկարը`


Սիրելի Ֆաթիմա, իմ հետագա ողջ կանքում և աղոթքներում հիշելու եմ Ձեզ…

 

Ես՝ հասարակ մահկանացուս, նամակ հղելով Ձեզ՝  մերօրյա  Մայր Թերեզային, արդարության և բարության, սիրո ու գթասրտության  մարմնավորում ստացած աշխարհաքաղաքացուն, անասելի և անպատմելի հուզմունք եմ ապրում, որ կյանքն ինձ հնարավորություն է տվել թեկուզ հեռվից հեռու ճանաչելու Ձեզ: Այսօր  ամբողջ երկրագունդը գլխիվայր շրջված մի մեծ սափորի տպավորություն է թողնում, իսկ մարդիկ այդ սափորում հայտնված կույրերի  և խուլերի են հիշեցնում,որոնցից յուրաքանչյուրը ուրիշի ցավին անտեղյակ է և անտարբեր: Խոր կսկիծով պետք է փաստեմ, որ աշխարհի տարբեր ծայրերում մանկան զրնգուն ծիծաղը վաղուց խլացել է  որդեկորույս մոր լացի մեջ, մայր հողը տնքում է արկերի պարբերական պայթյուններից, մարդկային կյանքը գրոշի արժեք անգամ չունի, հրեշտակի խաղաղությամբ քնած երեխան աչուկները բացում է, ոչ թե մոր, այլ  հրանոթի ձայնից և խիղճն ու սրտացավությունը օտարածին բառեր են միայն:

 

Սիրելի Ֆաթիմա, իմ և Ձեր երկրների առօրյան գուցե խիստ տարբեր է, գիտեմ, որ այն ինչ ստիպված է լինում հաղթահարել ամեն օր յուրաքանչյուր հասարակ պակիստանցի, երբևէ  չեմ կարող հասկանալ այն պարզ պատճառով, որ ես ազատ եմ բառի բուն իմաստով, ես ազատ եմ կայացնելու որոշումներ, ընտրել եմ իմ սիրելի մասնագիտությունը, կյանքս կապել եմ իմ սիրելի մարդու հետ, ազատ եմ իմ հետագա ճանապարհը ընտրելու հարցում :Անշուշտ, մարդու ազատությունը նրա կյանքի գերակա խնդիր է և այն, ինչ Դուք անում եք՝ ազատություն պարգևելով այլոց, միաժամանակ վտանգելով Ձեր իսկ ազատությունը, անվտանգությունն ու կանքը, անխոս վեր է ամեն տեսակ գովեստի կամ երախտիքի խոսքերից, որոնք Դուք պարբերաբար լսում եք: Բայց որպես ցեղասպանություն ապրած ազգի զավակ, ում մանկությունը շատերի նման անցել է նկուղներում պատսպարված, ով բազում գիշերներ քնել է վախից ու սարսափից կուչ եկած,ում հիշողությունը ողողված է թշնամու բարբարոսության և անմարդկության դրսևորման բազմապիսի տհաճ տեսարաններով, հաստատակամորեն կարող եմ ասել,որ այն ցավը, որ այժմ ապրում են պատերազմի  արյունոտ ճիրաններում հայտնված մարդիկ, ես շատ լավ հասկանում եմ: Ստրկություն, պատերազմներ, կոտորածներ…. Այս բոլոր չարիքները հաղթահարելու համար մարդկությանն անհրաժեշտ են սեր ու բարություն  սփռող Ձեզ նման ռահվիրաներ, ովքեր ի տարբերություն մոլորակի բնակչության ճնշող մեծամասնության, ծնվել են, որ լինեն Աստծո սրբազան գործի ջահակիրները, որ մեր աշխարհը տանեն դեպի լուսավորն ու գեղեցիկը,որ միլիոնավոր մարդկանց նեցուկ լինեն՝ դառնալով բոլորի համար հուսի շող,սիրո խարիսխ ու փրկության հավատ: Ես գիտեմ բարին արարելը Ձեր արյան մեջ է, մարդու Ձեր հազվագյուտ տեսակը ուրիշ կերպ ապրել չէր կարող. Դուք ապրում եք  կյանքի ապտակներից հյուծված թշվառների ցավին դարման լիելով,նրանց զրկանքները թեթևացնելով, նրանց վիշտն ու տվայտանքը սեփականը դարձնելով: Անկեղծորեն հիացած և միաժամանակ զարմացած եմ՝ ինչպես եք Ձեր փխրուն ուսերին տանում  այդչափ ծանր բեռը: Ձեր անձնուրացության շնորհիվ բազմաթիվ մարդիկ նորեն հասկացան,որ իրենք էլ մարդ են, ով իրավունք ունի ապրել ազատության մեջ՝ իր սիրելի մարդկանցով շրջապատված, Ձեր գերմարդկային ջանքերի շնորհիվ հազարավոր մանուկների շուրթերը նորից աղեղվել են պայծառ ժպիտով, բազմաթիվ մայրեր նորից իրենց  տաքուկ գիրկն են առել սիրասուն զավակներին,Դուք կյանք եք փրկում և ստիպում մնացածներին դառնալ ավելի լավն ու մարդ մնալ: Ամերիկացի փիլիսոփա  Ռալֆ Ուոլդ Էմերսոնն իր այս տողերը հենց Ձեր մասին են. «Ինչքան մարդու մեջ բարություն, այնքան էլ կյանք կա»: Հիրավի, Դուք կյանքի և բարության ականակիտ աղբյուր եք:

 

Իմ և աշխարհի բոլոր մայրերի, կանանց կողմից ուզում եմ շնորհակալություն հայտնել նրա համար, որ Դուք կաք, ապրում եք և Ձեր գոյությամբ մեր աշխարհն ավելի լավ ու բարի եք դարձնում: Խոնարհվում եմ Ձեր առաջ՝  ցանկանալով Ձեզ նույնքան մեծ և անչափելի երջանկություն, որ Դուք եք տալիս մարդկանց և ուզում եմ, որ ամբողջ աշխարհում ՝ Ձեր հայրենիքից մինչև իմ երկիր, երկինքը լինի խաղաղ, մարդը՝ բարի:

 

Իմ հետագա ողջ կյանքում և աղոթքներում հիշելու եմ Ձեզ…..

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին