1023 դիտում

Հրաչուհի Եփրեմյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Տուն, ընտանիք, աշխատանք… Թվում  է, թե  մեզանից  յուրաքանչյուրի  կյանքը, անկախ  սեռից, տարիքից, ազգային  պատկանելիությունից, ընթանում  է  միանման, բնական, ինչ-որ  տեղ  նաև  միապաղաղ  հունով: Սակայն  ի՞նչ  կանոն, որը  չունենա  իր  բացառությունները: Այդպիսի  մի  բացառություն  էլ  ընդհանուրից  նաև  Դուք  եք, մի  բացառություն, ով  հույս  է  ներշնչում, որ  ամեն  ինչ  դեռ  կորած  չէ, մարդկության  մեջ  դեռ  մնացել  է  մարդկություն, դեռ  կան  այնպիսիք, ովքեր  պատրաստ  են  ռումբերի  տեղատարափի  ներքո  մարդկանց  օգնել, բուժել, բուժել  ոչ  միայն  դեղորայքով, բժշկական  պարագաներով, այլ  նաև  զուտ  ներկայությամբ, որ  կաս, չես  լքի, չես  թողնի, չես  մոռանա…

Եթե  նկատեցիք, անուն  չեմ նշում, քանզի  ինքս  էլ  չգիտեմ`  ինչպես  Ձեզ  դիմել. Պարո՞ն, բժի՞շկ, թե՞…Թե  պարզապես  Մարդ, Մարդ  մեծատառով, ով  իր  տեսակով  շատերի  և  անձամբ  ինձ  համար  օրինակ  է, օրինակ  լավատեսության, հավատի, մեծ  և  անծայրածիր  սիրո:

Մի  տեսակ  վստահություն  է  մեջս  արթնացել, և  ցանկանում  եմ  հավատալ  մարդկանց, հավատալ  այն  ապագային, որը  մեզ  է  սպասում  և  լի  է  Ձեզ  պես մարդկանցով, հավատալ  ներկայի  հստակ  ու  կայուն  լինելուն, հավատալ   անցյալի գեղեցիկ  պահերի  անմոռանալի  հուշ  դառնալուն:

Շնորհակալ  եմ, Թոմ  Քաթինա, որ  հնարավորություն  ունեցա  Ձեզ  հետ  ծանոթանալու, շնորհակալ  եմ  Ձեզանից  լավատեսությամբ  և  ամեն  ինչին  հավատով  վերաբերվելու  կարողությամբ  «վարակվելու» համար:

Շնորհակալ  եմ, Մեծ  Մարդ, իմ  և  այն  750 000 բնակչի  անունից, ում  կողքին  եք  հիմա, ում  համար  մթության  մեջ  հույսի  միակ  փարոսն  եք  հանդիսանում: Երբեք  չհուսալքվեք, քանզի, ինչպես  Դուք  եք  նշում, հուսալքությունն  է  մարդու  գլխավոր  թշնամին:

Մենք  Ձեր  նման  մարդասեր, անձնազոհ  և  մեծ  հավատով  լի, իրենց  գործին  նվիրյալ  մարտիկների  կարիք  ունենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am