Նունե Խաչատրյան. Նամակ Ավրորայի հերոսին - Mediamax.am

4288 դիտում

Նունե Խաչատրյան. Նամակ Ավրորայի հերոսին


Լուսանկարը`


Մարդու անունը գծագրում է իր ճակատագիրը.

 

Մատներս սահեցնում եմ ստեղնաշարի վրա՝ մտածելով, թե Ավրորայի հերոսներից ում ուղղեմ նամակս։ Ենթագիտակցորեն  հավաքում եմ Մարգարիտ Բարանկիցեի անունը։ Դե ուրիշ էլ ում․․․ Մի կնոջ, ով ունի նույն անունը, ինչ  մայրս, իսկ որպես մարդասիրության ու նվիրվածության հերոս ուզում եմ հենց Ձեզ հետ զրուցել տիկին Մարգարիտ՝ աչքիս դիմաց ունենալով և՛ Ձեզ, և՛ մորս որպես մայր։ Գիտեի՞ք՝ Ձեր անվան փոխաբերական նշանակությունը․ հազվադեպ, հիանալի և ցանկալի մի երևույթ, որ հենց Ձեզ է նկարագրում։ Գրում եմ, ինչպես կինը կնոջը, կամ աղջիկը մորը, ով ունի կիսվելու և Ձեր նման մարդ տեսակի օրինակն էլ ավելի իրենը դարձնելու կարիքը։ Գրում եմ մեկին, ով կհասկանա, խիզախելուս վախերի մասին…

 

2016թ. ապրիլը գուժեց  պատերազմը

 

Հաշվի առնելով մեր տարածաշրջանը՝ նույնիսկ եղանակի մասին խոսելիս, չի լինում շրջանցել պատերազմի թեման։ Այն նոր հետք է իմ սերնդի համար, անկախության սերնդի։ Հույս ունեինք՝ դրա մասին կկարդանք միայն 1994թ-ի պատմության էջերում՝ թերևս գիտակցելով, որ այդ թվականի հրադադարը վերջին տարիներին կրում է ֆիկտիվ բնույթ։

 

Ապրիլի 2-ի առավոտյան,  ֆեյսբուքն առաջինն էր, ինչի միջոցով իմացա, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով խախտվել է «հրադադարի» ռեժիմը, խախտվել է, ինչպիսին չէր եղել 1994թ.-ից այս կողմ։ Ֆեյսբուքն առաջինն էր, որտեղ կարդացի, մեր առաջին զոհերի մասին և ֆեյսբուքն առաջինն էր, որի միջոցով մի քանի օր անց կարդացի. «հակառակորդի կրակոցից զինվոր է զոհվել, ով փորձում էր վիրավոր ընկերոջը դուրս բերել մարտի դաշտից»... Փորձում էր դուրս բերել վիրավոր ընկերոջը… Հարգելի՛ Մարգարիտ, 20 տարեկան տղան, ով կարող էր խրամուղից դուրս չգալ, ով կարող էր թաքնվել, ով կարող էր մտածել միայն իր կյանքի, երազանքների, առաջիկա 5 տարվա ծրագրերի մասին։ Բայց ոչ, նա մտածեց մեկ ուրիշի մասին, ում հետ, հնարավոր է, նույնիսկ ընկեր չէր…

 

Դուք կհասկանաք, թե ինչ  է պատերազմը՝ նշանակություն չտալով՝ այն քաղաքացիակա՞ն է, թե՞ արտաքին թշնամու հրահրամբ…    

 

Արատավոր պատերազմի հետևանքով շատերի երեխաները մնացին անհեր, հա, անհայր չէ, անհեր, է՜հ… Դուք լավ կհասկանաք նրանց հոգեբանությունը… Ինքներդ գիտեք, որ շատ ցավերի համար չես կարող դիմել հիվանդանոց, որպեսզի ախտորոշեն, որբին չես կարող օրը երկու անգամվա ռեժիմով ուտելուց առաջ մեկ քառորդ դեղահաբ նշանակել… Չես կարող պատերազմի զարկերակն ու արկակոծման տեմպն ախտորոշել, չես կարող սգացող մայրերի համար դարման գտնել… 

 

Մարգարի՛տ, գիտեք, շատերը երազում են պետություն ունենալու մասին, իսկ Աստված շատ չի համարել և մեզ մեկ հողակտորով, մեկ սրտով երկու պետություն է բաժին արել, որտեղ յուրաքանչյուր որբի համար, ցավում է այդ սիրտը, երբ ամեն զինվորի կորուստի համար ցավում է այդ սիրտը, երբ մեր երկրի համար մարդասեր է զինվորը, զոհված կամ վիրավոր զինվորը…

 

Վախերս հաղթահարելու բանաձևը գտա՝ ունենալով Ձեր օրինակը

 

«Որ պատերազմ լինի, չես դիմանա» … Հա՛, չդիմանալու է պատերազմն ու հետևանքները, բայց կարելի է գտնել սեփական բանաձևն ու խիզախելու ցանկությունը… Մարգարիտ, վստահ եմ, որ Ձեր ներքին ուժը, կամեցողությունն ու խիտ ապրումներն են Ձեզ դարձրել այնպիսին, ինչի շնորհիվ Դուք դարձաք մարդասիրության խորհրդանիշ։ Ինչպես, մեր երկիրն է սկսում խրամատաբջջից, այնպես էլ մարդասիրությունը՝ սահմանը պահող զինվորից… Քանի մեր սահմաններն ամուր են, մենք կդիմանանք ու ձեռք կմեկնենք կողքիններին՝ չմոռանալով վարակիչ ժպիտի մասին…

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին