Հայկ Դավեյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1370 դիտում

Հայկ Դավեյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Ողջու՜յն, տիկին Մարգարիտ:

 

Դիմեցի Ձեզ անունով, քանզի Ձեր անվան մեջ այնքան հարազատ բան զգացի, հայերենում Ձեր անունը խորհրդանշում է բնության ամենաթանկարժեք քարերից մեկը: Ամենաթանկարժեք, ամենաբարի, ամենասիրող… Սիրել բայի գերադրական աստիճանն անգամ չի բավականեցնում ներկայացնելու իմ պատկերացումները Ձեր մասին:

 

Բա՛րև Ձեզ, ես Հայկն եմ, և Դուք իմ հերոսն եք:

 

Երկու տարի առաջ էր, երբ առաջին անգամ կարդացի Ձեր մասին: Ես սկսնակ պատմության ուսուցիչ էի ու որոշել էի, որ 11-րդ դասարանին Հայոց Մեծ Եղեռնի ներկայացումից զատ, ես պետք է նաև ներկայացնեմ աշխարհում կատարված այլ ցեղասպանություններ ևս (Ռուանդա, Դարֆուր, Բուրունդու, Հոլոքոստ և այլն): «Միայն զգալով ուրիշների ցավը, մենք կարող ենք ուրիշներից պահանջել զգալու մերը» կարգախոսով ես սկսեցի պատրաստվել: Սահմռկեցուցիչ էր այն ամենն, ինչ կարդում էի աշխարհում տեղի ունեցած ցեղասպանությունների մասին` մարդկային դաժանության աներևակայելի սանդղակներ: Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ցեղասպանությունները մարդկության կողմից երբևէ իրագործած ամենամեծ ամոթն են:

 

Այսպիսի համոզմունքներով ես ներկայացրեցի փոքրիկ դասախոսությունն ուշիմ լասարանիս: Եվ, ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ արձագանք ես ստացա դասարանից: Ոչինչ չասող հայացքներ կամ, գուցե, ես չէի ուզում նկատել այդ հայացքներում ասելիքը՝ «Ինչ-որ մարդիկ, ինչ-որ մի տեղ մահացել են, ամեն օր են մարդիկ զոհվում»: Սա գիտակցելն էր ինձ համար ամենասարսափելին, մի՞թե եղեռնի միջով անցած սերնդի ժառանգներից այսպիսի արձագանք էր պետք ակնկալել: Դասն ավարտեցի հուզված, գուցե հիասթափված… Արդյո՞ք հենց այսպիսինն է լինում վերաբերմունքը օտարների կողմից, երբ նրանք լսում են հայոց ցեղասպանության մասին:

 

Մտորումներս ահագնանում էին. մի՞թե մեր առօրյան մեզ կենցաղային այնպիսի ցածր աստիճանի է իջեցրել, որ ուրիշի ցավի հանդեպ այդքան անտարբերություն է ձևավորվել նոր սերնդում: Իսկ գուցե ե՞ս էի մտածելով երեխաների մասին չափազանց զգուշավոր ներկայացրել չարիքը: Չփորձելով մեղքը գցել սերնդի վրա, փորձեցի այլ մեղավորներ փնտրել, ի վերջո հասկացա որ մեղքն իմն էր, անհրաժեշտ էին այլ մեթոդներ. անդունդի խորությունը պատկերացնելու համար, անհրաժեշտ էր ո՛չ թե իջնել այդ անդունդը, այլ նայել նրան ժայռի կատարից: Թշվառությունը հասկանալու համար պետք է այն համեմատել մեծահոգության հետ, իսկ ծայրահեղ անգթությունը հասկանալու համար պետք է տեսնել անսահման մարդասիրությունը:

 

Եվ  չհանձնվելով` շարունակեցի փնտրտուքներս ու առաջին անգամ կարդացի Ձեր մասին: Անհնար է նկարագրել, թե ինչ մեծ ոգևորություն ապրեցի տեսնելով, որ Ձեզ պես մարդիկ դեռ կան աշխարհում, որ նրանք չեն անհայտացել գեղարվեստական գրականության էջերում, մարդիկ, ովքեր չեն կորցնում իրենց մարդկային հատկանիշներն անկախ շուրջը տիրող անմարդկայնություններից:

 

Սխալս շտկելու հաստատակամությամբ նախաձեռնեցի դասախոսությանս երկրորդ փորձը, ինքս հասկանում էի, որ այն վճռորոշ է լինելու կա՛մ ինձ, կա՛մ իմ պատկերացումների համար: Այս անգամ չէի խոսելու կոտորածներից, քաղաքական հայտարարություններից, ներազգային կրքերից… Խոսելու էի միայն մի կնոջ մեծահոգությունից, իսկ մնացած ամենը՝ վերջինի համատեքստում: Դուք իմ վերջին փրկության օղակն էիք, որից ես անհուսորեն կառչեցի և ի վերջո գտա ափը:

 

Ինձ մոտ ստացվեց:

 

Մենք քննարկեցինք Ձեր կյանքի դրվագները, հերոսությունները, մարդասիրությունն անգամ թշնամու նկատմամբ: Այդպիսի դեմքեր, այդպիսի աչքեր ես դեռ չէի տեսել, իսկ աչքերը չեն ստում, Ձեր կատարած գործերը մարդկային ամենաբարի էության արտահայտությունն են: Էությունն այդ իրականում կա բոլորիս մոտ, սակայն հենց Դուք եք Ձեր գործունեությամբ մեր մեջ արթնացնում մարդկային այն ասպեկտները, որոնց բացակայության պարագայում է, որ մարդկությունը կանգնում է հերթական ամոթի առջև: Վստահ եմ, ինչքան ժամանակ էլ որ անցնի, Ձեր սերը մնալու է երկրի վրա և դրական էներգիայի նման միշտ փոխակերպվելու է բարի արարքների:

 

Դուք այդուհետ նաև իմ աշակերտների հերոսն եք: Մենք լիահույս ենք, որ երբևէ ամբողջ աշխարհը կդառնա խաղաղության տուն:

 

Երախտապարտ եմ այն մեծագույն օգնության համար, որ ես ստացա Ձեզանից: Թույլ տվեք լուռ խոնարհվել ու մտովի համբուրել Ձեր ձեռքը, հուսամ` նամակս երբևէ կհասնի Ձեզ՝ անկախ ամեն ինչից, ուրախ եմ, որ կարողացա կուտակված ասելիքս ինչ-որ կերպ արտահայտել, հուսալով, որ այն Ձեզ կհասնի:

 

Իմ թանկագին հերոս` տիկին Մարգարիտ Բարանկիցեին:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին