Կարմեն Խաչատրյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2250 դիտում

Կարմեն Խաչատրյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Անապատացած խիղճ… Երբեմն նայում ես մարդկանց, նրանց տեսքին, արարքներին, իրարու հանդեպ արտահայտած ատելությանը, և մի պահ  մտածում, իսկ ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում բանական էակը:  Մի՞թե դա մենք ենք…   Բանական… Երևի նշանակում է մտածող, իսկ ի՞նչ ենք մենք մտածում, երբ սկսում ենք սպանել կանանց, երեխաներին, նրանց աչքերում ապրող հույսը և անհոգությունը… Դա բանական չէ, դա կենդանական է…

 

Երբ նայում եմ տատիս աչքերին, այնքան պատկառանք եմ զգում, արժեքներ, երբ խոսում է իր ծնողների, պապերի ու տատերի երկրից, արցունքն աչքերին ուզում է գոնե գեթ մեկ անգամ տեսնել իր հարազատ հողը, հայրենի հողը, որը ոչ միայն իր մեջ պահում է  գերդաստանային հիշողություններ, այլ նաև արբած է  արյան  մեծ հետքով,  նրա տատերի, պապերի, ծնողների արյան  հետքով: 

 

Երբ նայում եմ տատիս աչքերին  այնքան ցավ եմ տեսնում,  մանկան լացի ճիչ եմ լսում, աղերսանք ու պաղատանք եմ լսում, գթության փնտրտուքի հույս եմ տեսնում…  Հեռվից  մեր ազգային երգի  առյուծական հոգու  և  բույնը ավերակ գտած Կոմիտասյան կռունկի երգնեմ լսում:

 

Անապատում, մայրամուտի հետ  անավարտ  կորչած հույսի ու հավատի  ուրվականներին եմ տեսնում, ովքեր այդպես էլ չհասկացան, թե ի՞նչ էին արել, ու՞մ էին արել,  ո՞ր մեղքի համար, ինչու՞ այդքան  անգութ ու դաժան:  Ուզում եմ գրկել, սփոփել, ասել. «Տա՛տ, մի օր անպայման  խիղճը կհաղթի, արդար կդատվի, մանկան անհոգ ճիչ կլսվի», բայց չեմ ասում: Չէ, ես վատատես չեմ, ուղղակի չեմ ուսում ստել  այդքան դառնություն տեսած և որբ մեծացած տատիս, ով մինչ այսօր իր մոր ու հոր  գուրգուրանքին կարոտ է մնացել, ով երգում է  իր կամացուկ ու մեղմ ձայնով «Երթանք մեր երգիրն անուշ» և զուգահեռ լալիս, քանի որ յաթաղանից սպանված ճիչը խլացնում է՝ նրա կարոտը  մորմոքող երգի հնչյունները:  

 

Ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրը, ով իրեն համարում է մտածող, բանական, գթա, սիրի,  օգնի, ժպտա, հավատա, հուսա, հարգի, նեցուկ լինի, բարի ու  կամեցող լինի, որպեսզի կարողանա գոնե իր շուրջը փոխել, փոխել անփոխելի թվացող դաժանությունն ու  էգոիստությունը: Ուզում եմ,  տատս վստահ լինի, որ իր երեխաների, թոռների ու ծոռների աչքերը  էլ չեն ապրելու եղեռն, ականջները էլ չեն լսելու մահվան ճիչ,  ուզում եմ աշխարհը  մաքրվի մեղքից  ու ապրի հավերժ…

 

Վերը նշված հոգուս հանգիստը խլող և հուզականությանս հագուրդ տվող մտքերը ցանկացա կիսել Ձեզ հետ՝ սիրելի, հարգելի և ընդօրինակելի մարդ՝ Մարգարիտ Բարանկիցե: Մի մարդու հետ, ում պատկանում են հետևյալ խոսքերը. «Ես աշխարհի քաղաքացի եմ, ես մեծ ընտանիքի՝ ամբողջ մարդկության մասն եմ»: Ձեր պատմությունը, կենսագրությունը և հերոսական ու մարդասիրական քայլերը ինձ  ևս մեկ անգամ նոր  կյանքի շունչ առնելու հույս ներշնչեցին: Ես համոզված եմ, քանի դեռ Ձեզ նման մարդիկ փոքր քայլերով, սեր և կարեկցանք տածելով կարող են արձանագրել մեծ հաղթանականեր ոճրագործությունների դեմ, իմ երազանքը, խաղաղ աշխարհ և անհոգ մանկան աչքեր տեսնելու, կարող է ապրել  և հուսալ: Չէ որ ինչպես դուք եք ասել. «Սերը վեր է բոլոր արգելքներից։ Նույնիսկ եթե մենք ոչինչ չունենք, մենք կարող ենք պարգևել խինդ ու քնքշանք»: Իսկ ներկա քաղաքակրթությունները տիեզերական հավասարակշռություն ձեռք բերելու համար հենց այդ երկու հատկանիշի կարիքն ունեն՝ սիրո և քնքշանքի: Շնորհակալություն, որ դուք կաք, շնորհակալություն, որ սովորեցնում եք սիրել …

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին