Աղվան Ասոյան. Նամակ Ավրորայի հերոս Բեռնարդ Կինվիին - Mediamax.am

3509 դիտում

Աղվան Ասոյան. Նամակ Ավրորայի հերոս Բեռնարդ Կինվիին


Լուսանկարը`


Բարև:

 

Հետաքրքիր է՝ ինչ է զգում անպատում մենակ մնացածը, երբ ամեն քայլափոխի, ամեն վայրկյան գլխիդ վրա ջուր է կաթում` կըտ-կըտ: Ցնդելու բան է երևի: Բայց խելագարության հասցնողը ոչ կտկտոցն է և ոչ էլ գլխիդ վերևում խոնավության զգացումը: Ահավոր է, որ զգում ես մի բանի ներկայությունն, ինչն իրականում գոյություն չունի: Կամ էլ թե չէ գոյություն ունի, հենց քթիդ տակ, հենց գլխիդ վերևում, դրա կարիքը զգում ես  ամենից շատ: Բայց չէ եղբայր, դա արդեն տեր ունի, ու շատ վաղուց: Հաճախ նա թքած ունի, դու դրա կարիքն ունես թե չէ:

 

Լավ, շատ չերկարացնեմ, երևի սկսեմ: Չնայած ամեն անգամ ինչ-որ բան սկսելիս մի զզվելի զգացում կրծում է ողնաշարս: Չգիտեմ ինչ, բայց մի բան մի տեսակ էն չի:

 

Առաջ, երբ ես դեռ շատ փոքր էի, մարդիկ էդպես անտարբեր չէին: Համաձայն եմ հաճախ ծայրահեղության էր հասնում, բայց դե կարողանում էիր թացը չորից տարբերել: Իսկ հիմա: Լավ անցանք, արդեն իրոք շատ եմ խոսում: Մի տեսակ կասկածում եմ, որ էսքանից հետո կշարունակեն կարդալ: Մի ցնդած հարևան ունեինք: Ինձ շատ էր սիրում: Հիշողությամբ չեմ փայլում, բայց էդ մարդը շատ է տպավորվել մեջս: Հինգ տարեկան էի, ամեն օր մի հատ բոմբիմբոմ էր առնում ու գալիս մանկապարտեզ, որ ինձ տուն տաներ: Դա իր մենաշնորհն էր: Չգիտեմ ծնողներիս ոնց էր համոզել, բայց մանկապարտեզից ինքն էր տուն բերում: Ու ամբողջ ճանապարհին խոսում էր: Ես, իհարկե, շատ ուշադիր չէի լսում, քանի որ էդտեղ թագավորը նորին մեծություն բոմբիմբոմն էր: Էնպես էր խոսում, կարծես մի փիլիսոփայի հետ ուզում էր կյանքի իմաստը հասկանար: Բայց խոսքերից մեկը լավ է տպավորվել: Ասում էր. “Կյանքն էլ է էդպես, մի մեծ մաղ է, ու վերջում միայն վառված ու խոշոր հատիկներն են մնում: Թվում է, թե թափելու ենթական են, բայց քչերն են գիտակցում, որ հենց դրանք են ընտրյալները”: Երևի ճիշտ էր, երևի չէ: Չգիտեմ:

 

 

- Լսիր, ինչի ես ինձ միշտ հետ պտտում:

 

- Քո պրոգրեսը կործանում է բերում: Ամեն օր սկսում ես կացինդ ճոճել մարդկանց պարանոցին: Մարդիկ թքած, մարդ էլ չի մնացել: Հասկանում ես, ամեն ինչ սկսել ես արժեզրկել, ինչ-որ բան սխալ է ընթացել, հիմա քեզ հետ պտտելով, փորձում եմ գտնել, թե որտեղ է սխալը:

 

- Համա թե ապուշն ես, գիտես: Բայց մեկ-մեկ մտածում եմ, որ աշխարհը քեզպեսների կարիքը շատ ունի:

 

-Աշխարհն առանց այն էլ լիքն է ապուշներով:

 

- Չէ: Դու իսկական ապուշ ես: Ամեն ինչ տեսնում ես էնպես, ինչպես պետք է լինի: Բայց ախր, նույնիսկ սրճարանում, երբ մատուցողին նույնիսկ սուրճի ամբողջ բաղդրատոմսն ես թելադրում, և թվում է, թե ուր-որ է քո ուզած սուրճն ես խմելու, միևնույնն է, մատուցելուց  վերջում գոնե մի քիչ թափվում է ափսեի մեջ:

 

- Գիտես, թեև ապուշ եմ, բայց հասկացել եմ մի կարևոր բան: Սլաքներդ հետ պտտելով հարցը չենք լուծի: Խնդիրը մեր մեջ է: Մենք` մարդիկս, եթե դեռ հնարավոր է մեզ այդպես անվանել, դադարել ենք մեր սեփական մեղքերն ընդունելուց, ընկալելուց, հասկանալուց, ամաչելուց: Գիտես, չափազանց հեշտ է ամեն ինչում Քեզ մեղադրել. “Խառը ժամանակներ են” և բոլոր հարցերը փակված են: Մենք պարզապես կամ դադարել ենք, կամ էլ շատ քիչ ենք հավատում:

 

-Ում, կամ ինչին?

 

- Աստծուն, ինքներս մեզ, ինչու չէ, նաև դիմացինին:

 

- Աստծուն և մերձավորին դեռ հասկանալի է, սակայն ինչ է նշանակում ինքներս մեզ: Ընդհակառակը, դուք  չափից ավելի ինքնավստահ եք դարձել, հենց դա է պատճառը, որ չեք հավատում թե Աստծուն և թե, առավել ևս, դիմացինին: Շուրջդ նայիր: Քամակից վառված փայտի կտոր հանելը բժիշկների համար մառազմից սովորական առօրեայի է վերածվել: Ոնց որ մի նոր Բաբելոն լինի, և կործանումը մոտ է, նույնիսկ ուշանում է:

 

Նրանք դեռ երկար կխոսեին, սակայն մեր ապուշը քնեց, էնպես միանգամից, որ թվաց, թե հանկարծամահ եղավ: Քնեց ու իր զրուցակցին թողեց մտքերի մեջ: Ի դեպ նա առաջինն էր, որ ՆՐԱՆ ստիպեց մտածել: ՆՐԱՆ, ամեն ինչի տիրոջը, յուրաքանչյուր վերքի լավագույն բժշկին, ամենապրաֆեսիոնալ պատմիչին ստիպեց մտածել իր ասածների շուրջ ինչ-որ մի ապուշ, հասարակ, ամենասովորական, ես կասեի Դոստոևսկուց էլ դասական  ապուշ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին