Սիրանուշ Օհանյան. «Տու՜ր ինձ քո ձեռքը» - Mediamax.am

2388 դիտում

Սիրանուշ Օհանյան. «Տու՜ր ինձ քո ձեռքը»


Լուսանկարը`


Ամենքիս այս կյանքում տրված է առաքելություն, և այդ առաքելությունը տրված էր դեռևս այն ժամանակ, երբ լույս աշխարհ չէինք եկել, երբ Աստված հուսաշատ ու սրտատրոփ վրձնում էր մեր դեմքերը կյանքի կտավին ու շտապում մեզ ուղարկել այս խարխուլ ու անգութ աշխարհ`մի կաթիլ սեր ու հոգածություն շաղ տալու:

 

Ի խորոց սրտի, իմ ամբողջ էությամբ,խոնարհվում եմ Ձեր առջև, հարգարժան Սայիդա Ղուլամ Ֆաթիմա: Ձեր աչքերը, Ձեր տանջված, բայց օգնության պատրաստ ձեռքերը... այո՜, լավ մարդիկ ոչ թե երկու,այլ տասը ձեռք ունեն` տասն էլ օգնության պատրաստ: Անգամ այսօր, երբ համայն աշխարհը լի է ազատության ու մարդասիրության մասին վերամբարձ խոսքերով ու սկզբունքներով, մեկ է աշխարհում ծփում են չար աչքերը ու քարե սրտերը:

 

Ստրկությու՜ն... այս բառն արտասանելիս անգամ լսում եմ ճիչեր` օգնություն աղերսող ձայներ եմ լսում:Ստրկությունը ոչ այլ ինչ է,քան աղետ,որ դարեր շարունակ խորտակել է մարդկային ճակատագրերը,պղծել մաքրությունը,կոտրել երազանքները ու կտրել մարդկության լուսե հոգու թևերը`դադարեցնելով երջանկության ու անհոգության ճախրանքը:

 

Բռնաբարել կանանց` արատավորելով անաղարտը, պղծել մի վեհություն, որի նման մեկն էլ բերել է քեզ լույս աշխարհ, տվել իր կաթն ու փայփայել:

 

Հարգելի՜ Սայիդա Ղուլամ Ֆաթիմա, Ձեզ գրում է ցաված ազգի, աղետ ու պատերազմ տեսած ժողովրդի մի մասնիկը: Մենք մինչև այսօր էլ զգում ենք մարդկության մյուս սոսկումի` պատերազմի բերած դառը քամին: Մենք միլիոն ու կես հայր ու մայր, քույր ու եղբայր ենք կորցրել, գրեթե ամեն օր դիրքերից մեզ է հասնում մեր եղբայրների մահվան բոթը, ու կարդալով Ձեր աստվածաշնորհ առաքելության մասին` զսպելով անսահման հուզմունքս,ուզում եմ ասել Ձեզ իմ սրտի խոսքը: Իմ հոգու ճիչն է` մնացեք աննահանջ:

 

Վախը բնորոշ է փոքրոգիներին: Քաջ եղեք աստվածային Ձեր առաքելության մեջ, Ձեր կրծքին սեղմեք բոլոր տանջված հոգիներին ու շշնջացեք հույսի բառերը: Մանուկին օրոր երգեք, դեռատի օրիորդին` առաջին սիրո երգը: Դուք ու Ձեզ նման մարդիկ այսօր սթափեցնում են աշխարհին, կոտրում մարդկային մենության քողը ու ստիպում հավատալ, որ իրենց են մեկնված ձեռքեր, որ չեն երկնչում, չեն ծնկում չարի առաջ ու անգամ ճանկռում են սեփական երեսը, բայց մնում են աննահանջ: Երանի՜ ես էլ լինեմ այդպիսի մեկը իմ հայրենիքի համար,որ մեզ`իր զավակներին, գրկած արյուն է լալիս,բայց հավատում է իր արշալույսին: Ու մի օր ես էլ կշշնջամ փրկության ու ուժի բառերը.«Տու՜ր ինձ քո ձեռքը»:

 

Ես կրկին խոնարհվում եմ Ձեր առաջ` հույսով, որ մի օր կհամբուրեմ Ձեր ու թրծավառարանի առջև խոշտանգված աղջիկների ձեռքերը:

 

Օրհնվա՜ծ լինեք:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին