Մարգարիտա Վարդանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

858 դիտում

Մարգարիտա Վարդանյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Ես էլ ձեզնից մեկն եմ: Մեկիդ անունով եմ նման, մյուսին նրանով, որ հայրս էլ էր բժիշկ: Երրորդին գուցե ճակատի ձևով կամ քայլվածքի փութկոտությամբ: Չորրորդին բացարձակ նման չեմ, բայց երևի շատ կուզեի…

 

Կարդալով ձեր մասին, ևս մեկ անգամ դիտելով տեսաշարը՝ առաջին զգացումը շնորհակալություն հայտնելու անզուսպ պոռթկումն էր. հանդուրժողականության, սիրո, մարդկայնության մաքրամաքուր դրսևորման ու բյուրեղացած տեսակի համար: Հետո հասկացա, որ իմ ու ձեր միջև անջրպետ կա, որի անվանումը «շնորհակալություն» է: Շատ ենք տարբեր… դուք անում եք այն, ինչ ես էլ կարող եմ անել, բայց դրա փոխարեն ես ընդամենը շնորհակալ եմ ձեզ: Որովհետև ես ձեզնից մեկը չեմ… այդչափ քաջ չեմ կամ հանդուրժող, պարզապես երախտապարտ եմ ձեզ… Երախտագետ լինելը ճիշտ է, երախտապարտ մնալը՝ ծանր:

 

Մարդկանց համար դուք հերոսներ եք: Նրանք հիանում են ձեզնով, հուզվում, օրինակ բերում երեխաներին: Ձեր առօրյան, ապրելակերպը մեզ սխրանք է թվում: Այդ հիացմունքն ամրապնդում է հավատն ու վստահեցնում, որ վաղն էլ ենք ապրելու: Ապրելու ենք այն մարդկանց շնորհիվ, ում վեհորեն կոչում ենք հերոս, և, ում քաջության ստվերում շարունակում ենք ծվարել:

 

«Հերոս» նշանակում է՝ լինել մեկը հազարավորներց… Վիրաբույժներ շատ կան, բայց Թոմը մեկն է: Ստրկությունը դատապարտողները շատ են, բայց Սայիդան՝ եզակի: Հոգևոր հովիվների բազմության մեջ մի Հայր Կինվի, իսկ ծնողազուրկ երեխաների կողքին՝ մի Մագարիտ: «Սասնա Ծռեր»-ին ոգևորող ու կարեկցողներին էլ էին շատ, բայց հաց տարավ միայն Արթուրը…

 

Չսիրեցի «հերոս» բառը: Հակասական իմաստ ունի: Թվում է փայլուն ու շենշող, իրականում ներծծված է վշտով ու տառապանքով: Փրկվածների կողքին բազում չապրված կյանքեր կային՝ անփառունակ, բայց հերոսական վախճանով: Դրանք կարող էին և չլինել, եթե Հայր Կինվին, Մարգարիտ Բարանկիցեն կամ բժիշկ Քաթինան միայնակ չլինեին իրենց բռնած գործում: Եթե նրանց կողքին այնքան մարդ լիներ, որ հերոսանալու կարիք չլիներ բնավ:

 

Թող էլ երբեք հերոսներ չլինեն…

 

Շնորհակալ եմ, որ այսօ՛ր դա հասկացա:

 

Թող բժիշկների գիշերային հերթապահությունն անցնի խաղաղ ու անգործ: Ամեն երեխա լսի ի՛ր մոր օրորոցայինը, իսկ տղամարդը լինի միայն ի՛ր կնոջ հերոսը: Ու, թող մայրերը հերոսանան բազմազավակությամբ, այլ ոչ՝ հերոս որդիներով:

 

Ես առայժմ մի տղա ունեմ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին