Սոնա Տոնականյան. Անհետացած արևածաղկի սերմերի և մրջյունների Աստծո մասին - Mediamax.am

6865 դիտում

Սոնա Տոնականյան. Անհետացած արևածաղկի սերմերի և մրջյունների Աստծո մասին


Լուսանկարը`


Զրույց անհետացած արևածաղկի սերմերի և մրջյունների Աստծո մասին

 

Հայր Բերնարդ Կինվիին:

 

- Պապի, արևածաղիկ են ասում, որովհետև արևի՞ են նման:

 

- Չէ, արևածաղիկ են ասում, որովհետև նրանք գլուխները միշտ դեպի արևն են թեքում:

 

Տասը տարեկան էի, չհավատացի պապիս ու հետևեցի արևածաղիկների հայացքին. ամենափոքրերը երկինք էին նայում՝ արևին, իսկ խոշորները կշտացել ու գլուխները կախել էին: Վազքով մոտեցա գլուխը գրեթե գետնին խոնարհած արևածաղկին:

 

- Պապի, արևը հողի վրա՞ է, տես համարյա գետնին է ընկել, - պապս մոտեցավ, վերցրեց արևածաղկի ծանր գլուխը ձեռքի երկու շարժումով, կտրեց չորացած արմատից և բավականին ծանր գլուխը ձեռքերիս մեջ թողեց ու հեռացավ:

 

Դաշտի տափակ քարի վրա լցրեցի արևածաղկի սև սերմերը, շատ-շատ էին: Որոշեցի նրանցով պատկերներ ստեղծել և գնացի թղթեր բերելու, որպեսզի սպիտակ թղթի վրա սև սերմերով նոր կյանքեր ստեղծեմ: Մինչև թղթերը ձեռքիս վերադարձա, քամին քշել էր գրեթե ամբողջը: Հավաքեցի ինչքան կարող էի: Տխրեցի, որովհետև հազիվ կեսը կարողացա հավաքել: Ինձ թվաց գետնից հավաքած սերմերին փրկել եմ, խնամքով պատկերներ ստեղծեցի և սերմերը սոսնձեցի թղթի վրա: Յուրաքանչյուր պատկերի անուն տվեցի, կրոն, բնավորություն, ճաշակ, անհատականություն.   բոլորին միավորողը արևն էր: Պատկերները խնամքով դասավորեցի սենյակի պատուհանագոգին, որպեսզի արևին մոտ լինեն: Անցավ ժամանակ, մոռացա նրանց մասին: Երբ մի օր հիշեցի, փնտրեցի և չգտա, քանի որ ինքնամեղադրանքի արժանանալու ուժ չունեի, մտածեցի, որ նրանք էլ իրենց կյանքն ունեն, հո միշտ կողքիս չէին ապրելու, մտածել անգամ չէի ուզում, որ տունը մաքրելու հետևանքով նրանք աղբանում են հայտնվել: Բայց չէի մոռացել ոչ միայն անհետացած կերպարների մասին, այլև սերմերի այն կեսի մասին, որ քամին էր քշել, բայց նրանց համար էլ էի արդարացման բանաձևս գտել՝ քամին հողի մեջ է գցել սերմերը, և դրանք մի օր անպայման հողից դուրս կգան:

 

Հայր Բերնարդ, Ձեր փրկած մարդիկ արևածաղկի սերմերի են նման. մաշկի մուգ գույն ունեն և այդ մուգ գույնի մեջ զարմանալի լուսավոր սպիտակ հոգի կա, դա նրանց` աշխարհի դեմ չչարացած հայացքի մեջ է երևում, իսկ Դուք նման եք այն գյուղացուն, որ ոչ թե քամու նման քշում է արևածաղկի սերմերը, ոչ էլ իր երևակայությունը լցնելու համար կերպարներ է ստեղծում, այլ ցանում, մշակում է միշտ արևներ որոնող արևածաղիկներին:

 

Ներեցեք, որ շատերի նման Ձեզ հերոս չեմ ասում, Դուք ինձ համար հերոս չեք, գուցե ավելին եք, բայց քանի դեռ չեմ հասկացել ովքեր են հերոսները, այդպես չեմ դիմի Ձեզ: Հուշեք ինձ «Սելեկայի» պարագլուխների՞ն էլ էին հերոս ասում, թե´ շատ սպանողն է հերոս, թե´ շատ փրկողը, թե´ հաղթողը, թե´ պարտվողը: Դուք սովորական մարդ եք, ով ուխտ ունի ծառայել Աստծուն, դուք սիրում եք սիրել, և դա այնքան մարդկային է: Հայր Բերնարդ, Դուք հողագործից տարբերվում եք միայն նրանով, որ Ձեզ ընծայված չէ «լավ բերք ստանալու» արդյունքում լիարժեք երջանիկ զգալ, քանի որ սպանդ տեսածները լիարժեք երջանիկ չեն լինելու և երբևէ չեն երջանկանա նաև նրանք, ովքեր աչք են փակում ցավի, զրկանքի, ցեղասպանությունների ու պատերազմների վրա: Գուցե ամեն օր Դուք փառք եք տալիս Աստծուն, բայց այն մարդիկ, որոնց ինքներդ ապրելու նոր հնարավորություն եք տվել, օրհնում են նաև Ձեզ:

 

Հայր Բերնարդ, երբ փոքր էի, մտածում էի` մրջյունների Աստվածն եմ, այդ մասին ում ասում էի, կա´մ ծիծաղում էին, կա´մ ասում՝ չի կարելի: Զարմանում էի, որ ոչ ոք չէր գովաբանում, մի՞թե չէին հասկանում, թե ինչքան դժվար է Աստված լինել, ես հոգ էի տանում մրջյունների համար, չէի թողնում սպանեն նրանց, իսկ սպանողներին պատժում էի, հպարտանում էի նրանց աշխատասիրությամբ, նվիրվել էի և պատասխանատու էի զգում ինձ անգամ նրանց արարքների համար, եթե այսօր էլ տասը տարեկան լինեի, կմտածեի, որ Դուք ոչ թե հերոս եք, այլ նրանց Աստվածը… Բայց Դուք սովորական մարդ եք՝ առաջնորդելու, փրկելու առաքելությամբ…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին